Պատմության դասի բովանդակային և կառուցվածքային փոփոխությունների հարացույցը միջին դպրոցում

Խոսքը բերնիդ մեջ էփի, նոր ասա (հայկական ասացվածք)։

Պատմության, իմա` անցյալի իրականության, իմացության անհրաժեշտության աշակերտական համոզվածության ձևավորումը և պատմության դասերի տեսա – գործնական կիրառման բնածին կարողությունների զարգացումը դպրոցական կրթության առանցքային նպատակներից են:

Վերջիններիս հասնելու մայրուղին դասահարթակի (դասասենյակ, ընթերցասրահ, ներքին բակ, թանգարան, արխիվ, պատմական հուշարձան և տեղանք, վիրտուալ իրականություն և այլք) և փաստերի ու տեսակետների աղբյուրների (ուսումնական ձեռնարկներ, պատմիչների երկասիրություններ, գիտա–հանրամատչելի և գեղարվեստական գրականություն, վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր, արխիվային փաստաթղթեր և այլք) առավելագույն ընդարձակումն է: Ենթադրելի է, որ այսպիսի մոտեցման դեպքում դասի կառուցվածքի փոփոխությունն անխուսափելի է: Որպեսզի սույն փոքրածավալ հոդվածը չվերածվի գիտական ընդարձակ թեզի, համառոտագրենք լոկ երկու օրինակ` 1. Արխիվային փաստաթղթերի ուսումնասիրման ժամանակ դասի գլխավոր կառուցվածքային միավորը դառնում է եզրակացությունների բախումն ու համադրումը; 2. Գիտա–գեղարվեստական աղբյուրների ուսումնասիրման արդյունքների ներկայացման ժամանակ դասի գլխավոր կառուցվածքային միավորը դառնում է սովորողի (սովորողների խմբի) բանավոր խոսքը:

Փակագծերում նշենք, որ վերոշարադրյալ գործողությունների համակարգը նպաստում է սոցիալապես ակտիվ, համագործակցության և մրցակցության ռազմավարության ու մարտավարության մեխանիզմներին տիրապետող անհատականության ձևավորմանը:

Այսպիսով՝ պատմության դասի կառուցվածքային փոփոխությունների հարացույցն ուղղորդված է կրթական տարածքի հետևողական ընդարձակմանը և դրանից բխող` դասագործընթացում կառուցվածքային միավորների զուգորդման տարբերակների բազմապատկմանը և հետազոտական ու ստեղծագործական ակնհայտ ներուժ ունեցող մեթոդների (մտագրոհ, քննարկում–բանավեճ, խմբային հետազոտություն, վերլուծությունների գրավոր և բանավոր ներկայացում, օտարալեզու աղբյուրների օգտագործում և այլն) բացահայտ գերակշռմանը:

Պատմության դասի բովանդակային հիմնախնդիրները քննարկելիս չպետք է մոռանալ երեք կարևորագույն իրողություն` 1. պատմության դասերի իրատեսական յուրացումը և քաղաքականության բազիս դարձնելն ունի ռազմավարական նշանակություն 2. պատմության իմացություն = հասկացությունների սահմանում + օրինաչափությունների էության ըմբռնում + առանձնահատկությունների երկու տարատեսակների` զուտ առանձնահատկություն և օրինաչափությունների դրսևորման առանձնահատկություն, յուրացում + ժամանակագրության իմացություն + այլընտրանքային (ոչ ակադեմիական) տեսությունների ու վարկածների հաշվի առնում + փաստերի աղբյուրների հնարավորինս տարաբնույթություն, տարաուղղվածություն և բազմալեզվություն  3. պատմությունը գրում են հաղթողները:

Եռամեծար իմաստասեր Դավիթ Անհաղթը պատգամել է. «…Եթէ կամի ոք յաղագս իրի ուրուք ճշմարտաբար խորհել և մտածել, պարտ է նախ դիտել զնորին իրի բնութիւնն, այսինքն զսահմանն:…Քանզի որ ոչն գիտէ զսահմանն, վրիպէ յայնցանեացն ամենեցունց, որք հետևիլն բնաւորեցան նորին իրի…..»: Փորձս վկայում է, որ հասկացությունների սահմանման անտեսումը պատմության դասավանդման խոցելի, բայց, ցավոք, տարածված կողմերից մեկն է: Առանց գիտության շենքի քարերի` հասկացությունների, և շաղախի` օրինաչափությունների ու առանձնահատկությունների,  էութենական  իմացության  շեշտադրման, պատմության ուսուցումը լավագույն դեպքում վերածվում է հույզերի դրսևորման: Չժխտելով պատմության զգացմունքային կողմի կարևորությունը՝ հարկ եմ համարում ընդգծել, որ այդպիսի մոտեցման գերակշռությունը հանգեցնում է պատմության դասերի ռոմանտիկական, ազգավնաս և պետականաքանդ աղավաղման:

Որպեսզի սովորողին հասու լինի պատմության դիալեկտիկան, այլ կերպ ասած` պատմական օրինաչափությունների ու առանձնահատկությունների դրսևորումը, էթնոսի, սոցիալական խմբի և անհատի դերը, օգտագործում եմ վարժությունների և խնդիրների համակարգ: Ստորև բերվում են օրինակներ`

  1. Սահմանել «Ինդուստրացում»,  «2-րդ հանրապետություն», «Կոլեկտիվացում», «Պետական ահաբեկչություն», «Խորհրդային մշակույթ», «Միջպատերազմական Եվրոպա», «Մարտիրոս Սարյան», «Պատմական օրինաչափություն», «Քաղաքացիական պատերազմ»,«Ֆաշիստական Իտալիա» հասկացությունները;
  2. Ապացուցել, որ ԽՍՀՄ-ում պետական ահաբեկչությունն անխուսափելի էր:
  3. Համեմատել Խորհրդային և Արևմտյան իրականությունները:
  4. Թվարկել Ճապոնիայի պարտության հիմնական, երկրորդական և երրորդական պատճառները:
  5. Այլընտրանքային պատմություն` Հիտլերը դարձել է նկարիչ և չի զբաղվում քաղաքականությամբ, Ստալինը հանկարծամահ է եղել 1935 թվականին և ԽՍՀՄ-ը էվոլյուցիոն ճանապարհով գնում է դեպի ժողովրդավարություն, Ռուզվելտը չի հաղթել նախագահական ընտրություններում: Ի՟նչ անել, որ 2-րդ աշխարհամարտը կայանա:
  6. Պատմական իրականություն – Նապոլեոն – Կեսար – Ալեքսանդր Մակեդոնացի – ԼենկԹեմուր – Չինգիզ խան – x – y – z = a:
  7.  20-րդ դար+19-րդ դար+նոր գաղափարախոսություններ : հին գաղափարախոսություններ-հնացած գաղափարախոսություններ*x*առաջին աշխարհամարտ=X;
  8. Այլընտրանքային պատմություն`Գերմանիան և ԽՍՀՄ-ը չեն պատերազմում, Ճապոնիան հարձակվում է ԽՍՀՄ-ի վրա, ԱՄՆ-ը չի մտնում պատերազմի մեջ: Երբ կավարտվի պատերազմը: Պատասխանը հիմնավորել:
  9. Ֆրանսիա+Անգլիա+ԱՄՆ – Գերմանիա – Իտալիա + 18-րդ դար= x:
  10. Ապացուցեք կամ հերքեք հետևյալ տեսակետները՝ «Առաջին հանրապետության ստեղծումը հրաշք էր» և «Առաջին հանրապետության կործանումն անխուսափելի էր»;
  11. Դիտած ֆիլմերից ի՟նչ նոր տեղեկություններ ստացաք:  Հերքեք կամ հաստատեք ֆիլմերում արտահայտված տեսակետներից որևէ մեկը:

Այսպիսով, պատմության դասի բովանդակային փոփոխությունների  հարացույցն ուղղորդված է պատմական իրականության եռամիասնական` գիտական, արժեքային և զգացմունքային, կառուցողական գործողությունների դրդող ընկալմանը:

Հազարամյակների խորքից մեզ է հասել Անանուն Իմաստունի խոսքը.«Ուսուցիչն իրականության աշակերտն է»: Հավելենք. «Աշակերտն ուսուցչի զինակիցն է իրականության ճանաչման և        նորացման ճանապարհին»:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s