Մխիթար Սեբաստացու դասերը

Նպատակը կատարմամբ է գեղեցիկ:
Մխիթար Սեբաստացի
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը նշում է իր երիտասարդական տարիքի գագաթնակետը: Իսկ որքանո՞վ ենք մենք որպես համայնք և որպես անհատներ, ՍԵԲԱՍՏԱՑԻ: Սեբաստացի` Մխիթարյան դասերը յուրացնելու և գործնականում կիրառելու տեսանկյունից:
ԴԱՍ ԱՌԱՋԻՆ. Մտքերի և սրտերի միասնություն Սիրո տիրապետության ներքո: Այս նպատակը դրվել է կրթահամալիրի հիմքում: Իրականացումը վայրիվերումներ է ունեցել: Այսօր այն դեռ չվիճարկվող նպատակ է: Եվ ինչքան էլ առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ,առավել դժվար է մտքերի, այս դեպքում` մանկավարժական սկզբունքների, միասնության ապահովումը:
ԴԱՍ ԵՐԿՐՈՐԴ. Արիության, իրատեսության և շրջահայացության ներդաշնակեցում: Արիությունը միշտ էլ կրթահամալիրցիների բնորոշ գիծն է եղել: Արիություն ընդդեմ կաղապարվածության և հարմարվողականության: Բայց այսօր մի՞շտ ենք խրախուսում մեր սաների մտքի և գործի արիությունը: Կասկածում եմ: Իսկ իրատեսությունը, ցավոք, արդեն լքել է կրթահամալիրյան արժեհամակարգի առաջին եռյակը:
ԴԱՍ ԵՐՐՈՐԴ. Մշտապես հսկել, ուղղել, կրթել և ուսուցանել սովորողներին, կարևորելով նաև հանգիստն ու յուրաքանչյուրի տարիքին համապատասխան զիջողությունները: Այստեղ է, որ կրթահամալիրի տնօրեն Տիար Բլեյանը աննահանջ հետևում է աբբահոր պատգամներին: Թե մեզնից յուրաքանչյուրն ինչքանով է յուրացրել այս դասը, թող ամեն մեկը պատասխան տա իր խղճի առջև:
ԴԱՍ ՉՈՐՐՈՐԴ. Պահպանելով սաների մանկական պարզությունն ու անկեղծությունը, այն զուգակցել խորագիտության և ձեռներեցության հետ: Այս ոլորտում մեր հաջողություններն ակնառու չեն;
ԴԱՍ ՀԻՆԳԵՐՈՐԴ. Կարևորել հռետորության և իմաստասիրության դասավանդումը; Այս ուղղություններով ընթացքն արդյունավետ էր, սակայն առարկայական և ենթակայական գործոններն այն կասեցրեցին:
ԴԱՍ ՎԵՑԵՐՈՐԴ. «…. ինչպես որ կրակը կըհալեցնէ մոմը, այնպես ալ մարդկան գովութիւնները կը հալեցնեն և կոչնչացնեն բարի գործերը»(Մխիթար Սեբաստացի): Գուցե՞ այս դասը հնացած է, չգիտեմ: Բայց հարկ համարեցի հիշեցնել:
ԴԱՍ ՅՈԹԵՐՈՐԴ. Միշտ աշխատել ընթանալ ոսկե միջինի ուղով` վեհանձնության հետ խոնարհամտություն, հրամայելու ժամանակ համեստ, խիստ, բայց քաղցրահամբույր, խորագետ, բայց ոչ խորամանկ, պարզ և անկեղծ, բայց ոչ անզգույշ և գաղտնամատնիչ, կիրթ, բայց ոչ կեղծավոր, բարեմիտ,բայց ոչ նվաստախոհ և ծառայամիտ, ու այդ ոգով էլ կրթել սաներին: Այս մանկավարժական երազանքը կկենսագործվի լոկ այն ժամանակ, երբ կդառնա ամենպահյա ուղեցույց; Դեռ այդպես չէ:
ԴԱՍ ՈՒԹԵՐՈՐԴ. Սովորեցնել սաներին դժվարություններ հաղթահարելու արվեստը և ձևավորել այս ուղղությամբ ընթանալու կամք: Այս հարցում կրթահամալիրում առկա են տարակարծություններ: Կարծում եմ, որ Մխիթար Սեբաստացու այս դասը ևս գործնական քննարկման առարկա կդառնա տեսանելի ապագայում:
ԴԱՍ ԻՆՆԵՐՈՐԴ. Սովորողի ընթերցասիրությունը, որ ծնվում է բնածին հետաքրքրասիրությունից, խթանել և դարձնել սովորույթի ուժ ունեցող հմտություն: Եթե դադարենք ձայնակցել վատատեսներին, այդ թվում` շատ ծնողների, ու գանգատվել, թե երեխաները չեն կարդում, և որպես առաջին քայլերից մեկը մեր կարդացածը խորհուրդ տանք նրանց և խրախուսենք, նաև կարդանք նրանց առաջարկածը, ապա կտեսնենք, որ երբեմն մեր ընթերցասիրությունն է կաղում:
Հ.Գ. «Վիճիր քեզանից գիտունի հետ: Մի տխրիր պարտվելու մտքից, քանի որ կշահես իմաստության ճակատամարտը:
Վիճիր քեզ հավասարի հետ, կպարտվես դու, կամ նա, բայց կշահեք իմաստության ճակատամարտը և՛ դու, և՛ նա:
Վիճիր քեզանից քիչ իմացողի հետ, չէ՞ որ օգտակար կարող ես լինել նրան՝ զրուցակցիդ:
Բայց երբեք չվիճես տգետի հետ, չէ՞ որ ոչ մեկդ չեք շահի, ախր..» (Մխիթար Սեբաստացի)

10.11.2014 © Աշոտ Տիգրանյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s