Երբ գալիս է…հունվարը

Երբ գալիս է…հունվարը
Ե՞րբ են ամփոփվում արդյունքները: Շատերը միամտաբար կարծում են, թե՝ տարեվերջին: Սիրելինե΄րս, արդյունքներն ամփոփվում են, երբ ցանկանում են երկրորդ եսդ, այն գերանդիավորը և վերջապես՝ ղեկավարությունը:
Ահա եկավ «Ես կարողանում եմ» ստուգատեսը:Որպես սկիզբ սահմանում եմ «Կարողություն» և «Հմտություն» հասկացությունները: Մասնակի համընկնումն այլ ձևակերպումների հետ էութենական պատահականության արդյունք է:
Ֆիզիկական, մտավոր կամ հոգևոր գործողություն կատարելու մարդու իմացաբանական-կամային քայլը կոչվում է կարողություն: Ցանկացած ոլորտում և իրավիճակում կարողության մշտական ու արդյունավետ կիրառումը կոչվում է հմտություն:
Իսկ ի՞նչ պետք է կարողանան և ինչու՞մ հմտանան 6-9-րդ դասարանցիները «Պատմություն» առարկայի դասերի արդյունքում:
Միանգամից ընդգծեմ, որ գիտելիքը լոկ միջոց է հմտության ձևավորման մացառոտ (այդ մացառներն հաճախ մեր կենսոլորտի հարազատ անկյունում են ծլում ծաղկում զորանում ) կածանում:
Հիմնարար կարողությունների, օրինակ` լսելու (ավելի ճիշտ` սոցիալական լսողության), առկայության կամ բացակայության բացահայտումը մանուկ ստուգատեսի ատամների համար կարծր է: Իսկ միջնորդավորված, անուղղակի դրսևորումներն առկա են հաջորդ աստիճանի կարողություններում, առավել ևս` հմտություններում:
Խոսենք ավելի պարզ: Համեմատելուկարողություն: Յուրաքանչյուր անհատ ծննդյան օրվանից մինչև մահվան մահիճ, կամա, թե ակամա, այս դաշտում է: Կենցաղային մակարդակում կարծես թե բոլորն ունեն այս կարողությունը: Իսկ այ հանրակրթական մակարդակում…..համեմատել իրադարձությունները և պատմական անհատներին չորսամսյա վարժանքներից հետո կարողանում են ոչ բոլորը: Էլ չեմ խոսում երևույթների համեմատության մասին: Ինչու՞: Երջանիկ կլինեի, եթե միայն ես մեղավոր լինեի իմ «բարդ խոսքով» (չակերտների արանքում բազմիցս լսվածի, ավելի հաճախ` ոչ երեխաների շրթերից, մեջբերումն է):
Միայն պատմությանն առնչվող միակ կարողությունը, որի ներարկմանը ես համառորեն հետամուտ էի` ժամանակագրության կազմումն էր, ավելի ճիշտ` տեքստերից իրադարձությունների կամ կենսագրականների տարեթվերի կանոնակարգված դուրսգրումը: Սրան էլ անդրադարձել էի լոկ Պատմահոր հորդորով` չկա ստույգ պատմություն առանց ժամանակագրության, չնայած նրա մեկ չարչրկված ասույթ «փոքր ածու»-ի մասին, մեր այսօրվա իրականության էթնոհոգեբանական գլխավոր պատճառներից է:
Միջանկյալ մի միտք հայտնեմ. «Հանրակրթական առարկաների դասավանդումը որպես համապատասխան գիտությունների պատմություն արդյունավետ կլինի»:
Հաջորդ կարողությունը, որի արմատավորումն իմ սևեռուն գաղափարն է, հասկացությունների սահմանումն է: Կարող եմ որպես իմ մոտեցման հիմնավորում դիմել Եռամեծարի հեղինակությանը, բայց կբավարարվեմ նրանով, որ մարտահրավեր կնետեմ. «Թող ինձ քարկոծի նա, ով իր կյանքում չի տուժել հասկացության թյուրըմբռնումից, կամ էլ օր է անցկացրել առանց որևէ մեկին, կամ հենց ինքն իրեն որևէ բան հասկացնելու փորձի (օրինակ` ով է ընկերը, ինչ բան է սերը կամ ինչ է նշանակում խաշ ուտել)»:
Ի տարբերություն նախորդի, քչերը չեն համաձայնվի ապացուցելու կարողության անհրաժեշտության հետ: Այստեղ լոկ ընդգծեմ, որ սովորողին որևէ բան ապացուցելու դրդելու արդյունավետ մեթոդ է սադրանքը: Ձևակերպել վիճելի (մեղմ ասած) միտք և տալ հակառակն ապացուցելու իրավունք:
Նկարագրելու կարողությունն առաջին հերթին բառապաշարային հիմնախնդիր է: Սակայն պակաս կարևոր չէ այդ ճանապարհով վերաբերմունքի բացահայտումը: Եթե որևէ մեկը կարծում է, թե քաղաք կամ ճակատամարտ նկարագրելը միայն պատմության խնդիր է, թող իր կյանքից հեռացնի ամենաքիչը` խորապատկերներն ու նրբերանգները:
Ես համոզված եմ. «Եթե բնութագրելու կարողությունը չի վերածվել հմտության, անհատի օրակարգից անբաժան կլինեն հիասթափություններն ու կոնֆլիկտները, հեռանկարում` սոցիալական մենությունը (չեմ կարծում, թե շատերն իրենց հանճար համարեն)»:
Բնությունը (կամ Արարիչը, կամ ծնողական գեները) այնքան շռայլ չէ, որ հետազոտական աշխատանք կատարելը շարքային կարողություն լինի, սակայն հանրակրթության հիմնախնդիրներից մեկը հենց սովորողների այդ շերտի բացահայտումն ու օժտվածության այդ բաղկացուցչի զարգացումն է:
Ստուգատեսի ժամանակ սովորողների ցուցադրելիք կարողությունների թվարկում ավարտեմ թվարկելու կարողության հիշատակմամբ: Սկզբում ինձ թվում էր, թե այդօրինակ առաջադրանքներով, օրինակ` թվարկել նախնադարյան մարդկանց զբաղմունքները և գործիքները, ես կվիրավորեմ երեխաներին: Սակայն պարզվեց…որ ամեն ինչ այնքան էլ պարզ չէ:
Ստուգատեսներն անցողիկ են, կարողությունները` ապագայամետ, հմտությունները` ցմահ (եթե վերջինս կա):

10.01.2015 © Աշոտ Տիգրանյան