Ստուգատեսի մրցանակակիրներ

Գլխավոր մրցանակներ

1․ Վահրամ Թոքմաջյան /դասավանդող/ — «Հասարակագիտական նախագիծ» անվանակարգ

2․ Վահե Ղարիբյան /ավագ դպրոց-վարժարան, 12-րդ դասարան/ — «Հասարակագիտական նախագիծ» անվանակարգ

3․ Մերի Թելունց /ավագ դպրոց-վարժարան, 11-րդ դասարան/  — «Գիտահանրամատչելի հոդված» անվանակարգ

4․ Էդուարդ Հովհաննիսյան / ավագ դպրոց-վարժարան, 12-րդ դասարան/ — «Հրապարակախոսական հոդված» անվանակարգ

Խրախուսական մրցանակներ

1․ Հայկազ Մարգարյան / դասավանդող/ —  «Գիտահանրամատչելի հոդված» անվանակարգ

  1. Արման Երանոսյան / դասավանդող/ -«Հասարակագիտական նախագիծ» անվանակարգ

3․ Հրաչյա Մովսիսյան / միջին դպրոց, 8-րդ դասարան/ — «Թարգմանական հոդված» անվանակարգ

4․ Հարություն Ղազարյան / միջին դպրոց, 7-րդ դասարան/ — «Հասարակագիտական նախագիծ» անվանակարգ

5․ Ալբերտ Ղազարյան / միջին դպրոց, 7-րդ դասարան/ — «Հասարակագիտական նախագիծ» անվանակարգ

6․ Միքայել Կամենդատյան / միջին դպրոց, 7-րդ դասարան/ — «Հասարակագիտական նախագիծ» անվանակարգ

7․ Սոնա Գրիգորյան/ավագ դպրոց-վարժարան, 11-րդ դասարան/  —  «Հրապարակախոսական հոդված» անվանակարգ

8․ Անի Գասպարյան /ավագ դպրոց-վարժարան, 11-րդ դասարան/  — «Հրապարակախոսական հոդված» անվանակարգ

9․ Հռիփսիմե Մելիքյան /ավագ դպրոց-վարժարան, 11-րդ դասարան/  — «Հրապարակախոսական հոդված» անվանակարգ

«Տիգրան Հայրապետյանի օրեր» հասարակագիտական ստուգատեսի ծրագիր

«Տիգրան Հայրապետյանի օրեր» հասարակագիտական ստուգատեսի ծրագիր

Մարտի 16

  1. Հանդիպում Արամ Կարապետյանի հետ՝ որպես Գրիգոր Ջանշյանի «Եղբայրական օգնություն հայերին» գրքի, այլ գրքերի հրատարակիչ (հովանավոր, խմբագիր), ժամը 10:40-11:30
  2. Պատմական գիտությունների թեկնածու Արտակ Մովսիսյանի վարպետության դասը «Նախամաշտոցյան դպրությունը և Մեսրոպ Մաշտոցը» թեմայով, ժամը13:00-14:00

Մարտի 17

  1. Քաղաքացիական ակտիվիստ, հանրային քաղաքականության մասնագետ (ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատուն) Օլյա Ազատյանի վարպետության դասը «Հայ-թուրքական քաղաքացիական երկխոսության գործընթացը 2013թ առ այսօր» թեմայով, ժամը 11:00-12:00
  2. Պատմական գիտությունների թեկնածու, ազգագրագետ Աղասի Թադևոսյանի վարպետության դասը «Քաղաքականություն և մշակույթ» թեմայով, ժամը 11:00-12:00
  3. Քաղաքական մեկնաբան (Լրագիր.am) Հակոբ Բադալյանի վարպետության դասը «Հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարները եւ վտանգները»թեմայով, ժամը 12:00-13:00

Մարտի 18

  1. «Հասարակագիտական ուսուցում և գործունեություն» շնորհանդես, ժամը 11:00-12:00
  2. Հասարակագիտական ընդհանուր պարապմունք
  3. Այցելություն Տիգրան Հայրապետյանի շիրիմին, ժամը 12:30: 13:45
  4. «Տիգրան Հայրապետյան» մրցանակների հանձնում, ժամը 14:00- 15:00

Մարտի 19

  1. «Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամ»-ի համակարգող, հայ-թուրքական հարաբերությունների և Արցախյան հակամարտության հարցերով փորձագետ Թաթուլ Հակոբյանի վարպետության դասը «Հայ-թուրքական հարաբերությունները երրորդ հանրապետության տարիներին» թեմայով, ժամը 11:00-12:15
  2. Տարածաշրջանային փորձագետ, հրապարակախոս-վերլուծաբան Սարգիս Հացպանյանի վարպետության դասը «Հայ-թուրքական հարաբերությունները» թեմայով, ժամը 12:30-13:45
  3. Հետաքննող լրագրող Հարություն Մանսուրյանի վարպետության դասը «Հարցը որպես իմացության գործիք» թեմայով, ժամը 14:00-15:00

«Տիգրան Հայրապետյանի օրեր կրթահամալիրում» հասարակագիտական ստուգատեսի աշխատակարգ

«Տիգրան Հայրապետյանի  օրեր կրթահամալիրում» հասրակագիտական ստուգատեսի աշխատակարգ

                               (նախագիծ)

«Տիգրան Հայրապետյանի  օրեր կրթահամալիրում» հասարակագիտական ստուգատեսը կրթահամալիրի հեղինակային, այլընտրանքային կրթական համակարգի բաղկացուցիչն է, սովորողների և դասավանդողների հասարակագիտական գործունեության լաբորատորիա:

Ստուգատեսի նպատակներն են խթանել սովորողների հետաքրքրությունը հասարակագիտական առարկաների և հիմնախնգիրների նկատմամբ, նպաստել դեռահասների և պատանիների քաղաքացիականացման գործընթացին, բացահայտել օժտված սովորողներին ու ամրապնդել կրթական համագործակցությունը հանրապետության ուսումնական հաստատությունների, ինչպես նաև ոլորտի մասնագետների հետ:

Ստուգատեսը մեկ տարվա աշխատանքի արդյունքների ամփոփում է, անցկացվում է Տիգրան Հայրապետյանի  օրերի շրջանակում, մարտ ամսին:

Ստուգատեսին կարող են մասնակցել նաև այլ կրթական հաստատությունների դասավանդողներ և սովորողներ:

Ստուգատեսը բաղկացած է երկու փոխկապակցված մասից՝ մրցութային (ըստ հաստատված անվանակարգերի) և ուսուցողական (վարպետության դասեր, բաց դասեր, կլոր սեղաններ, հասարակագիտական նախագծերի շնորհանդեսներ):

Մասնակցության հայտերն ընդունվում են մարտի 5-15-ը: Հայտը տեղադրված է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի  կայքի առաջին էջում, «Հասարակագիտական ստուգատես» բաժնում: Կրթահամալիրի դասավանդողներն ու սովորողներն աշխատանքները տեղադրում են իրենց բլոգներում և հայտի համապատասխան տողում տեղադրում հղումը: Իսկ մյուս մասնակիցներն իրենց հայտը լրացնելուց հետո աշխատանքներն ուղարկում են a.tigranyan@mskh.amէլեկտրոնային հասցեին:

Մրցութային հանձնաժողովներում պարտադիր կերպով ընդգրկվում են արտակրթահամալիրային մասնագետներ: Մրցութային հանձնաժողովներն աշխատում են մարտի 9-19-ը:

Ստուգատեսն ամփոփվում է «Տիգրան Հայրապետյան» և անվանակարգային մրցանակների հանձնմամբ ու ամփոփիչ մեդիաուրբաթով մարտի 20-ին:

Հասարակագիտական ստուգատեսի մրցանակային
հանձնաժողովի աշխատակարգ

  1. Հանձնաժողովի անդամներից յուրաքանչյուրը գնահատում է մի անվանակարգով ներկայացված աշխատանքները և ընտրում մրցանակային աշխատանքներ։
  2. Հանձնաժողովի ամփոփիչ նիստում ներկայացվում են մրցանակային աշխատանքները՝ հանձնաժողովի անդամի վերլուծությամբ։
  3. Հանձնաժողովը մրցանակակիրներին որոշվում է համաձայնությամբ:
  4. Ստուգատեսի համակարգողը պարտավոր է ծանոթ լինել ներկայացված բոլոր աշխատանքներին:

Անվանակարգեր

Անվանակարգերին  ներկայացվող պահանջներ

  1. Հրապարակախոսական հոդված

1.1. Հոդվածը պետք է նվիրված լինի ՀՀ-ի արդի հիմնախնդիրներին.

1.2. Ծավալը՝ երկու էջից (A-4 ֆորմատ, sylfaen12 տառաչափս) ոչ պակաս.

1.3. Ներկայացվեն քննարկվող հիմնախնդրի/հիմնախնդիրների/ լուծման տարբերակներ.

1.4. Տեղադրված և քննարկված լինի սոցցանցերում:

  1. Գիտահանրամատչելի հոդված

2.1. Գիտության ցանկացած ոլորտ ընդգրկող տեղեկատվական-վերլուծականհոդված.

2.2. Ծավալը՝ հինգ էջից (A-4 ֆորմատ) ոչպակաս.

2.3. Նվազագույնը մեկ օտար լեզվի օգտագործում:

  1. Հասարակագիտական նախագիծ

3.1. Գտնվի իրականացման փուլում.

3.2. Բացի սովորողներից, դասավանդողներից և ծնողներից, ունենա  նաևայլ շահառուներ.

3.3. Հանրայնացված լինեն մինչ ստուգատեսային փուլի աշխատանքները:

  1. Ստուգատեսի գործընկեր

4.1. Մասնագիտական աջակցություն ստուգատեսին;

4.2. Տեղեկատվական աջակցություն ստուգատեսին;

4.3. Ֆինանսական աջակցություն ստուգատեսին:

  1. Քաղաքացիական ակցիա

5.1. Քաղաքացիական հասարակությանը մտահոգող որևէ հարցին նվիրված ակցիայի կազմակերպում;

5.2. Ակցիայի ընթացքի և արդյունքների հրապարակային (գրավոր կամ աուդիո-վիդեո) վերլուծություն:

  1. Թարգմանական հոդված

6.1. Արտացոլի հասարակագիտական որևէ ոլորտի արդի մակարդակը;

6.2. Ունենա հանրակրթությունում օգտագործվելու հնարավորության հիմնավորում

6.3. Կցված լինի օտար և մայրենի լեզուների մասնագետների դրական կարծիքը:

  1. Փորձի հաղորդում

7.1. Բաց դասի կազմակերպում;

7.2. Մեթոդական հոդվածի հեղինակում;

7.3. Այլոց կողմից փորձի արդյունավետ կիրառում:

Զանգեզուրի գավառի սոցիալ-տնտեսական դրությունը առաջին աշխարհամարտերի տարիներին

Միգուցե արարչին էր հաճո, որ մենք՝ հայերս, չնայած փոքրաթիվ լինելուն,հայտնվենք  այնպիսի մի տարածաշրջանում, որը  կոչվում է Հայկական լեռնաշխարհ և որը մշտապես եղել և կլինի աշխարհաքաղաքական շահերի կիզակետում, և որ հայ ժողովուրդն իր բաժին դերակատարումը կունենա դարակազմիկ գրեթե բոլոր իրադարձություններում: Երբեմն այդ բաժին դերը մեզ՝ հայերիս համար, եղել է անսահման ցավոտ, և այդ անսահման ցավի, կորստի գագաթնակետը եղավ առաջին աշխարհամարտը,  որի արդյունքում մենք ոչ միայն ցեղասպանվեցինք, այլև կորցրեցինք մեր պատմական հայրենիքի մեծագույն մասը: Չխորանալով առաջին աշխարհամարտի ընթացքի և արդյունքների մեջ՝ փորձենք անդրադառնալ Ռուսական կայսրության մաս կազմող Զանգեզուրի գավառի սոցիալ- տնտեսական պատկերին այն դրամատիկ ժամանակաշրջանում, որը կոչվում է առաջին աշխարհամարտ:

Մեծ պատերազմի լուրը Զանգեզուրում,ինչպես անծայրածիր Ռուսական կայսրության բոլոր  հեռավոր,խուլ գավառներներում,ընկալվեց և գիտակցվեց ոչ ամբողջ խորությամբ:Մանավանդ,  որ կարծես թե այն ռուսահպատակ հայկական գավառներն իր մեջ ընդգրկող Կովկասին անմիջականորեն չէր սպառնում: Կայսրության տնտեսական, քաղաքական, մշակութային կենտրոններին այնքան էլ մոտ չգտնվող,երկաթուղուց հեռու Զանգեզուրի գավառը 1914թ օգոստոսը դիմավորեց կյանքի սովորական ռիթմով : Պատերազմն զգացին առաջին հերթին այն օջախներում,որտեղից զորակոչվեցին երիտասարդների առաջին խմբերը:Իսկ զորակոչվողները հարյուրավորներն էին,հազարավորները՝ առողջ, ամրակազմ: Սակայն շուտով պատերազմի հետևանքները դարձան շոշափելի, աստիճանաբար ընդգրկելով կյանքի բոլոր ոլորտները և պատերազմի զրկանքներն իր մաշկի վրա զգաց և´ բանվորը, և´ գյուղացին, և´ աստիճանավորը, և´ մտավորականը: 1914 –ի աշնանը փոխարինելու եկավ 1915-ի ձմեռը, որն իր խստությամբ աննախադեպ էր: Կովկասն արդեն ռազմաճակատի էր վերածվել,իսկ Զանգեզուրը` թիկունքի, դրանից բխող հետևանքներով: Իսկ ինչպիսի՞ն կլիներ Զանգեզուրի դրությունը, մի գավառի, որի աշխարհագրական դիքը այնքան էլ բարենպաստ չէր և որտեղ ձմռանը կյանքը կարծես կանգ էր առնում:«Զանգեզուրը Կովկասի հետ ընկած մի անկյունում գտնվելով չունի մխիթարական ոչ մի բան: Նա զուրկ է հաղորդակցական ճանապարհներից,բարձր դպրոցներից,ընկերություններից, վարկային և սպառողական ձեռնարկություններից, բացառությամբ Նորաշինաքի վարկային ընկերությունից, որ գտնվում է Ղափանում և որ գլխավորն է կենտրոնական մի առաջադեմ քաղաքից:»(«Արև», Բաքու,5 հունիսի,1916թ): Հետևաբար, այս ամենի հետևանքով գավառում չէր կարող զարգանալ տնտեսության առաջատար ճյուղը՝արդյունաբերությունը: Եվ միայն տեղական հումքի առկայության շնորհիվ քիչ թե շատ զարգացած էր պղնձի արդյունահանումը: Այն կենտրոնացած էր Ղափանում և հայտնի էր Ղաթարի հանքեր անունով, որոնք տարածված էին հայաբնակ Կավարտ , Բարաբաթում, Բեխ, Բաղաբուրջ, Վաչագան և թրքաբնակ Ղաթաթ գյուղերի վրա: Այդ հողերի մի մասը պատկանում էր զանազան հանքատերերի, որոնցից աչքի էր ընկնում Կովկասի Արդյունաբերական և Մետաղագործական ընկերությունը:  Արժե թերևս անդրադառնալ գավառի հանքարդյունաբերությանը, որի ավանդույթները գալիս են հազարամյակների խորքից, և որը աշխարհամարտի տարիներին կռվող բանակներին մատակարարում էր զենքի և զինամթերքի համար անհրաժեշտ հումք: Մետաղների մշակումն ու արդյունահանման ծավալները Զանգեզուրի գավառում մեծացան դեռևս առաջին աշխարհամարտի նախօրեին, երբ միջազգային լարվածությունը աճում էր և աշխարհի խոշոր տերությունները նախապատրաստվում էին  մեծ պատերազմի: Ռազմական արդյունաբերության պահանջի հետ մեկտեղ աճում էր նաև պղնձի գինը, իսկ բարձր շահույթի ստացումը խոշոր կապիտալ ներդրումներ կատարելու հնարավորություն էր տալիս:Պղնձի արդյունահանման առյուծի բաժինը պատկանում էր ֆրանսիացիներին, որոնք ուզում էին դուրս գալ Ղաթար-Կավարտ իրենց պատկանող բնակավայրերի սահմաններից և իրավունք ձեռք բերել իրականացնելու հետախուզական որոնողական աշխատանքներ Զանգեզուրի գավառի հարավն ընդգրկող Նուվադի (Նռնաձոր), Ատկզ, Շիկահող, Նորաշենիկ հանքային զանգվածներում: Կարճ ժամկետում կառուցվեցին մեծ արտադրական ծավալներ ապահովող ձուլարան Սյունիքում,  հիդրոէլեկտրոկայան Ջրախորում, ինչպես նաև պոմպակայան և օժանդակ արտադրամասեր: Նորակառույց գործարանի հարևանությամբ աշխատում էր Մելիք -Ազարյանների հարստացուցիչ ֆաբրիկան, որը պատկանում էր Ֆրանսիական Կովկասյան մետալուրգիական ընկերությանը: Այսպիսով՝ տեխնոլոգիական վերազինման շնորհիվ, հանքաքարից պղնձի կորզման ցուցանիշը 1913 թ 70%-ի դիմաց հասցվեց 90%-ի: Առաջին աշխարհամարտի տարիներին մեծ չափով ավելացավ պղնձի արդյունահանումը: Հարկ է նշել,որ Ղափանում ձուլված ամբողջ պղինձը օգտագործվում էր ռուսական բանակի համար զենք ու զինամթերք արտադրելու նպատակով: Հանքարդյունաբերության համար աղետալի եղան 1917 թ.-ին հաջորդած տարիները, երբ համատարած անիշխանության և դրան հետևած հայտնի իրադարձությունների հետևանքով գավառի արդյունաբերական այդ հիմնական ճյուղը հասավ զրոյական մակարդակի: Թվում է և տրամաբանական է, որ տասնամյակների ընթացքում ժամանակի առաջավոր տեխնոլոգիաներով զարգացող հանքարդյունաբերության շնորհիվ Ղափանում պետք է ձևավորվեր քաղաք՝ իրեն բնորոշ կոլորիտով, բայց այդպես չեղավ՝ տարբեր օբյեկտիվ պատճառներով: Միակ քաղաքը, որ լայնատարած Զանգեզուրն ուներ,  Գորիսն է: Բայց ի՞նչ էր ներկայացնում Գորիսն իրենից: «Հեռվից դիտողը անպայման մխիթարական որևէ բան կնկատե, բայց մոտիկուց ծանոթացողը, նրանով հետաքրքրվողը հիասթափվում է և ապշում: Թայֆայականություն, զրկանքներ, անմխիթար վիճակ:»( 8 հունիսի 1915թ. «Արև»):  Դրությունն ավելի է վատթարանում  պատերազմի երկրորդ տարում: Ճնշող մեծամասնությամբ գյուղական բնակչությունից կազմված Զանգեզուրի գավառի բնակչությունը զրկանքներ ու տառապանքներ կրելով մթնեցնում է օրը  հույսով, որ վաղը կթեթևանա կյանքը:Որքան երկարում է  պատերազմը, այնքան տառապանքներ ու զրկանքներ է ծնում այն արհամարված ու ընչազուրկ գյուղացու համար:Իսկ ո՞վ պետք է բավարարի պատերազմի պետքերը, իհարկե` գավառը: Գավառն է տալիս պատերազմին կռվող ուժ՝շարունակաբար ու անտրտունջ: Հասարակ գյուղացին, արհեստավորը իր վաստակած մի  պատառ հացն էր կտրում և ուղարկում ռազմաճակատ: Այդ ամենին գումարվեցին գավառում ամենուրեք տարածված ավազակախմբերը,որոնք գրեթե անպատիժ թալանում և սպանում էին մարդկանց:  Ամբողջ գավառում հայտնի էր ղաչաղ Սուլեյմանը՝ ծնունդով Մուղանի դաշտի գյուղերից: Նա Ղարադաղում հայտնի Ռահիմ խանի աջ թևն էր, և իր նման արյունարբու զինակիցների հետ բուն էր դրել Զանգեզուրի և Նախիջևանի գավառները միմյանց կապող Սալվարթտու լեռան լանջերին: Նա վայելում էր տեղաբնակ թուրքերի աջակցությունն ու համակրանքը, որոնց համար ոչ թե ավազակ էր, այլ հեղափոխական, գրեթե ազատարար:Կարող ենք եզրակացնել, որ այս ամենի հիմքում ընկած էր  նաև ազգամիջյան թշնամանքը: Նա նամակներ էր գրում շրջակա մեծահարուստ թուրքերին և նրանցից գումարներ է պահանջում: Մահվան սպառնալիքի տակ այդ մեծահարուստները գումարներ էին տրամադրում Սուլեյմանին, որն այդ գումարով գնում էր զենքի և ռազմամթերքի բավական պաշար,իր մոտ հրավիրում զենքի ընդունակ երիտասարդների, վարժեցնում նրանց և ինչպես պատմում էին մալականները և սիսիանցի հայերը նրանց թիվը հասնում էր մոտ 40-ի, իսկ համակրողների թիվը 500-ի: Մի ստրաժնիկ պատմում էր, որ նրանց հալածելու համար բավական չէ ունենալ և լեռնային թնդանոթ («Հորիզոն») : Ավազակությունը Զանգեզուրում այնպիսի չափեր էր ընդունել, որ նույնիսկ փորձել են հարձակվել թեմական դպրոցի աշակերտների վրա, որոնք Չանախչի էքսկուրսիայի էին գնացել:Սոցիալական, տնտեսական ծանր վիճակը էլ ավելի ցայտուն է արտահայտվում գյուղում: Գյուղը զրկված էր աշխատող,արարող ձեռքերից: Տղամարդիկ զորակոչի էին ենթարկվել: Տնտեսության հոգսն ընկել էր կանաց, դպրոցահասակ մանուկների և ծերերի ուսերին: Այդ ամենին գումարվել էր հացահատիկի վատ բերքը,տիֆն ու խոլերան, ավազակային հարձակումները, չինովնիկների կամայականությունները:  «Մեղրի, 7-ը  օգօստոսի- Մեր շրջանի մոտիկ  գյուղերն անհաջող բերք ունեցան այս տարի, իսկ վերևի գյուղերը քիչ թե շատ բավարար: Սովի ուրվականն արդեն իր քիթն է ցույց տալից,շատ ընտանիքներ արդեն հաց չունեն:Օրդուբադն էլ հաց բաց չի թողնում:» («Արև»,7 օգոստոսի,1915թ) Գյուղերում տեղ տեղ հինգ վեց ռուբլու է հասնում ցորենի փութը, իսկ գարունը՝ 3-4 ռուբլու: Մեկ այլ դեպքում մարդիկ հուսահատ բողոքում են,որ  տանուտիրություն,դատավարություն չկա , ադմինիստրացիան չի մտնում իրենց  դրության մեջ: Կարծես թե պատերազմական վիճակից օգտվելով,ցարական պաշտոնյաներն ավելի ու ավելի էին կամայական դառնում իրենց գործելաոճի մեջ:  Բերենք չինովնիկի կամայական գործելաոճի  մեկ օրինակ,որը բացահայտում է իրենց պարտականություններում թերացող և հանցավոր անտարբերություն դրսևորող ցարական պաշտոնեության  ողջ պատկերը:Բաքվի <<Արև>>ում տպագրված բաց նամակում՝ուղղված Տաթևի հոգևոր կառավարչության քարտուղար պ Տիգրան Սազանդարյանին, ասվում է. «Ի՞նչ իրավունքով և ու՞մ թույլտվությամբ եք վանքապատկան Խոտ, Շինուհայր, Հալիձոր, Տաթև, Տանձատափ գյուղացիների ձեռքով ամեն տարի վանքի անտառներից պրոտոկոլների սպառնալիքի տակ ձրիաբար տասնյակ սաժեններով փայտեր բերել տալիս ձեր, փոխանորդի համար, մանավանդ այս ժամանակներում, երբ գյուղացիները զրկված են աշխատող ձեռքերից և երբ հոգևոր կառավարչությունը այդ ամենի համար գումար է հատկացնում»: Մարդկանց ամենուրեք հետապնդող բազմաբնույթ հիմնախնդիրներին ավելացավ ևս մեկը,երևի թե ամենասարսափելին՝ տիֆը,խոլերան,ծաղիկը: Ոչ բոլոր գյուղերում կային բուժակներ,էլ չենք խոսում բժիշկների մասին:   Գյուղը փոխվել էր, փոխվել էր գյուղացու մտածելակերպը, աշխարհայացքը: Գյուղն  իր կյանքի ամեն վայրկյանը ապրում էր պատերազմով, շնչում պատերազմով: Նրա օրվա կենցաղի, կյանքի ու  մտածելակերպի ամեն մի ծալքի վրա իր կնիքն էր  դրել պատերազմը և այժմ չկա մի երևույթ,որ այսպես թե այնպես ազդված կամ հետևանք չլինի պատերազմի: Տպագրական խոսքից և մասնավորապես լրագրից խույս տվող հայ գյուղացին  դարձել էր անչափ լրագրասեր,ծարավ մի նոր ու թարմ լուր տվող և փորձության այդ ժամին մի անչափ խորհրդավոր ձայնի ու խոսքի: Եվ երբ ստացվում էր լրագրի հերթական համարը, գյուղն իրար էր անցնում:  Հնարավոր չէ շրջանցել հիշատակելու արժանի հետևյալ իրողությունը՝ Զանգեզուրի գավառի գյուղացին, ով կքված էր հոգսի ու կարիքի  ծանր բեռան տակ և թվում էր, թե բացի հանապազօրյա հացից ուրիշ ոչ մի բանի մասին չպետք է մտածեր, գիտեր թե ինչ է կատարվում իր հայրենիքի արևմտյան մասում:Եվ ավերի ու կոտորածի այդ ահավոր օրերին նա ձեռք մեկնեց իր եղբայրներին՝ գաղթականությանը, որն արդեն լցվել էր Արարատյան դաշտ և դեռ պետք է հասներ Զանգեզուր: ..Եվ նախկին ժամանակներում, հենց իր անմիջական օգուտի համար <<աղքատ եմ>>, <<չունեմ>> և այլ մերժումներով պատասխանող գյուղացին այդ դժբախտ օրերին իր պարզ,իդեալիստական ոգով ավելի լավ է ըմբռնել հայության ապրած ամեն մի վայրկյանի և իր պարտականության կատարումի զգացումը,քան պոռոտախոս բուրժուան և մտավորականության  անգործ մասը: Գրեթե ամեն օր, գավառի այս կամ այն գյուղում հանգանակություն էր կազմակերկվում հօգուտ գաղթականության և կամավորների: «Մեղրի, ընտրվել է գաղթականների օգտին հանգանակություն անելու համար մի մարմին՝բաղկացած 6 հոգուց, որոնցից 3-ը կին և 3-ը տղամարդ: Հանգանակություն լինելու է թե փողով (ամսավճարներ) և թե իրեղեններով»: («Արև»,1915թ, հունիս): Մարդիկ տալիս էին այն, ինչ կարող էին, ով ինչ ուներ: Եվ <հարուստը> և օրվա հացի կարոտը՝ սրտանց և ուրախ: Ժամանակի մամուլը պատկերավոր է նկարագրում այդ ամենը.«Դե կբաշխես ախպեր ջան, ասում է մի քանի տավատեր հարուստ գյուղացին ու մեկնում 2-5 ռուբլին կամ 1-2 փութ ալյուրը: Ամմա,ներողություն կանես, խոխոցս արևը… էսքան ունեմ…ամաչում եմ, որ եսքան եմ տալիս, ասում է ամաչելուց իսկապես կարմրատակած գյուղացին՝մեկնելով իր վերջին կոպեկը  կամ 20-30 ֆունտ ալյուրը»: («Արև», հոկտեմբեր, 1915թ): Հայ ժողովրդի համար այս ողբերգական օրերին եղեռնից փրկված  գաղթականությանն օգնելու հարցում անմասն չմնացին նաև այնպիսի հայտնի գերդաստանների ներկայացուցիչներ, ինչպիսիք Տեր -Ավագովներն էին և Մելիք- Ստեփանյանները: Հատկապես հիշատակելու արժանի է Մելիք -Ստեփանյան գերդաստանը և նրա ամենանշանավոր ներկայացուցիչ Սմբատ բեկը: Ժամանակի լավագույն կրթություն ստացած, Սմբատ բեկ Մելիք-Ստեփանյանը եռանդուն գործունեություն ծավալեց գավառի կյանքի գրեթե բոլոր ոլորտներում՝ հանքարդյունաբերությունից մինչև մանկավարժություն, հասարակական, բարեգործական աշխատանքից մինչև քաղաքականություն: Նա գաղթականությանն օգնություն տալու և կազմակերպելու բազմաթիվ օրինակներ ցույց տվեց: Այստեղ պարտավոր ենք հիշատակել Մելիք-Ստեփանյան գերդաստանի հայտնին օրիորդին՝ Վարսենիկ Մելիք-Ստեփանյանին: Հիրավի գովասանքի և երախտագիտության է արժանի նա՝ իր ժողովրդին անմնացորդ նվիրվելու և անգամ այդ գործի մեջ իր կյանքը զոհաբերելու համար: 1915-ին, երբ գաղթականությունը լցվել էր Էջմիածին և Արարատյան դաշտ,երբ սովից և տարաբնույթ հիվանդություններից մեռնում էին հազարավոր գաղթականներ, նա առաջիններից էր,որ արձագանքեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ 5-րդի կոչին: Վարսենիկը  թողնում է Ս. Պետերբուրգը, ապահով ուսանողական կյանքը և վերադառնում Երևան: Նա հայ որբերի հիվանդանոցում աշխատեց որպես գթության քույր և սովի,զրկանքների պայմաններում,բուժեց,խնամեց հայ երեխաներին: Ցավոք, ճակատագիրն անողոք գտնվեց նրա նկատմամբ: Վարսենիկը վարակվում է տիֆով, ընդհատվում է նրա կյանքը: Նրա խնամած վերջին երեխան վանեցի մի գաղթական տղա էր, որին էլ Վարսենիկը թողնում է իր խնայողությունները:

Կարող է զարմանալի թվալ, որ այս համատարած թշվառությունների ֆոնին Զանգեզուրը կարող էր ապրել նաև հասարակական-քաղաքական,կամ որ ավելի անհավատալի է`մշակութային կյանքով: Մի գավառ, որն իսկապես կտրված էր  Կովկասի մշակութային կենտրոններից և ինչպես նշվեց միակ առաջադեմ քաղաքը Գորիսն էր: Եվ իսկապես. հասարակական կյանքի գոյության և զարգացման համար բավարար պայմաններ գրեթե չկային: Գյուղի այսպես կոչված ինտելեկտուալ երիտասարդությունը ինչպես ասում են քաշվել էր քաղաքները և ապահով վայրերը: Գյուղում մնացել էին միայն մշակները, որոնք նյութապես անապահով էին, բարոյապես` անպատրաստ: Գյուղի սակավաթիվ, լուսավոր անհատները գյուղական ուսուցիչներն էին, որոնք սակայն մեծ մասամբ զորակոչի էին ենթարկվել: Նշենք, որ շատ քիչ մտավորական ուժեր էին կենտրոնացված միայն Ղաթարի հանքերում:Բայց այնուամենայնիվ կարելի է բերել տասնյակ և օրինակներ:Այսպես՝  «1915թ Ղափան,Ղաթարի հանքեր: Մարտի 20-ին շրջանիս հաշտարար միջնորդի հրավերով հանքերն էին եկել հայ և թուրք գյուղացիները՝ նոր տանուտեր ընտրելու:Ընտրություն էր, բայց 400-ից ավելի ձայնավորների կեսն անգամ չկար:Թեկնածուների ցանկ էր պահանջվում, բայց բոլորն էլ լուռ էին: Մի քանի հոգի,իհարկե նախօրոք կազմակերպվելով, առաջարկում են ոմն Սաղաթելի թեկնածությունը, որը զուրկ էր հասարակության վստահությունից, բառիս լայն իմաստով: Գյուղացիներից միայն մեկը՝ Սիմեոն Ղոնյանը, համարձակություն է ունենում ասել.-հաշտարար միջնորդ, տանուտեր ընտրողը մենք ենք ու մեզ համար է ու մենք պետք է նշանակենք և ոչ թե դուք»: (Արև, ապրիլ, 1915թ)

Պատերազմի, սովի  և զրկանքների այդ խավար տարիներին, այնուամենայնիվ, կար,գոյություն ուներ դպրոցը, հատկապես գյուղական դպրոցը: Անշուշտ պետք է անդրադառնալ գավառի  դպրոցների դրությանը հատկապես այդ տարիներին, երբ թվում է թե գոյության կռվից բացի մարդն ի վիճակի չէ ուրիշ բանի մասին մտածելու: Հայ գյուղացին գիտակցում էր, որ ֆիզիկապես աշխատելը և սննդի պահանջները բավարարելը բավական չէ, և հարկավոր է նաև ուսման մասին մտածել:Այդ գիտակցության գրավականն այն էր,որ գավառի գյուղերի մեծ մասն ուներ իր սեփական դպրոցները; Շատ քիչ գյուղեր կային առանց դպրոցների և դրանք էլ  իրենց մանուկներին ուղարկում էին կամ հարևան գյուղերի դպրոցներ, կամ էլ ուրիշ տեղ: Գաղտնիք չէ, բայց պատերազմն ավելի էր բացել գյուղացու աչքերը և կրթության անհրաժեշտությունն ու կարևորությունն ավելի էր զգացնել տալիս:Գավառի դպրոցնեը գոյատևում էին բարերարների շնորհիվ, դրսից ստացվող նպաստներով և տեղական ժողովրդի միջոցներով: Այսպես օրինակ 1916թ սեպտեմբերին գավառի կենտրոն Գորիս քաղաքում Թիֆլիսի թեմի նախկին առաջնորդ Մեսրոպ եպիսկոպոսի ջանքերով ավարտին հասցվեց դպրոցի նոր շենքի կառուցումը,որի արդյունքում, շնորհիվ դպրոցական նոր շենքի հարմարությունների աշակերտների թիվը 95-ից հասավ 210-ի:Նույն Մեսրոպ եպիսկաոպոսը  այլ ծախսերի համար դպրոցին նվիրաբերվեց 1000 ռուբլի, որն այն ժամանակների համար ահռելի գումար էր: Մեկ ուրիշ հիշատակելու արժանի փաստ. գթության քույր Վարսենիկ Մելիք-Ստեփանյանի հիշատակին նրա մայրը և եղբայրները Շրվենանցի և Առաջաձորի դպրոցներին նվիրաբերել են 200-ական ռուբլի, իսկ մյուս բոլոր դպրոցներին 100-ական ռուբլի: Այդ դպրոցները գտնվում էին հետևյալ գյուղերում՝ Վերին Խոտոնան, Սևաքար, Զեյվա, Եղվարդ, Ագարակ, Շիշկերտ, Ծավ. Շիկահող, Գյուտկում, Ճակատեն, Վաչագան, Բեխ, Բաղաբուրջ, Պառաթում, Կավարտ, Վերին Հանդ և որ ամենահետքրքիրն է թաթարաբնակ Զանգիլանի  դպրոցներին: Հիշատակելու արժանի հարյուրավոր փոաստեր կան, բայց թերևս ամենահիշարժանն այն է, որ պատերազմի ժամանակ, երբ գյուղն ապրում էր վաղվա օրվա հույսով, դպրոցի շենք են կառուցում: «Խոտանան,21 հունիսի: Տեղիս ուսուցչի և հոգաբարձության նախաձեռնությամբ սկսվել է գյուղիս ծխական դպրոցի սեփական շենքի կառուցումը:Հայտնում ենք բոլոր նվիրատուներին և գործիս աջակցողներին մեր խորին շնորհակալությունը»:(«Արև»,21 հունիսի,1917թ)

Անշուշտ ամնեն ինչ չէ, որ հարթ էր ընթանում: Պատերազմն իր կնիքը թողեց նաև այս ոլորտում: «Ղափան,11 հոկտեմբեր: Դպրոցական տարվա մի մասն անցնելու վրա է, իսկ Ղափանի շրջանի Ծավ, Շիկահող, Ագարով, Հանդ և այլ և այլ գյուղերի դպրոցները դեռ զուրկ են ուսուցչից: Գավառացիներիս դիմումներն ու խնդիրները հոգացող, լսող չկա:Արդյոք թողնե՞լ դպրոցները փակ, մատաղ սերունդը փողոցներում,այդ մեծ հանցանք կլիներ,կամ թե սկսել նախկին Տեր- Թոդիկեան դպրոցները՝անկարելի է:Մեզ ուսուցիչ է հարկավոր, բայց գավառացիներիս վերջին հույսը դեռ չի մարել:Մենք հրավեր ենք կարդում քաղաքում մնացած ուսուցիչներին՝գալ, մտնել գավառի խուլ անկյունները:Ներկայումս ամենքը պետք է զոհաբերեն:Մատաղ սերունդը գավառում ուսում է պահանջում»: («Արև»,11 հոկտեմբեր,1915թ)

Գավառն անշուշտ մեկն էր Կովկասի փոխարքայությունը կազմող տասնյակ գավառներից, իր ընդհանուր խնդիրներով, սակայն այն, ինչպես ամբողջ Հայկական լեռնաշխարհը, դեռ առաջին աշխարհամարտ կոչված այս արհավիրքին չէ, որ պետք է դիմակայեր:Աշխարհամարտն ավարտվեց 1918-ի նոյեմբերին, բայց Զանգեզուրի գավառի համար դա նոր արհավիրքի սկիզբն էր: Զանգեզուրը, պատմական Սյունիքի այդ փոքր միջնաբերդը, դեռ պետք է տեսներ իր գոյամարտը և աշխարհամարտը Զանգեզուրի համար պետք է ավարտվեր 1921թ  հուլիսին, որից հետո գավառը 70 տարի զգաց բոլշևիկ համայնավարների տիրապետությունը:

Հեղինակ` Դավիթ Հակոբյան (Կապանի երկրագիտական թանգարանի աշխատակից)