Փորձաքննություն. Մայրենի լեզու և գրականություն

Երբ լռությունը ոսկի չէ

Մայրենի լեզվի փորձաքննված ծրագիրը պարունակում է շատ դրույթներ, որոնք հիմնարար նշանակություն ունեն, օր.` «Լեզուն ժողովրդի ֆիզիկական, հոգևոր, մտավոր կյանքի արտացոլումն Է» կամ «… լեզուն կենդանի, զարգացող համակարգ է և անընդհատ փնտրում է մտքի, զգացմունքի, ապրումի արտահայտության համարժեք ձևեր»:       Ձևակերպված են մանկավարժական դժվար առարկելի մոտեցումներ, օր.` « Ուսուցումը մշտապես հենվում է լեզվի իրական գործառության վրա՝ կարևորելով, որ սովորողը կարողանա միտքը ձևակերպել, անկաշկանդ հաղորդել. հասկանալ և հասկանալի լինել, խոսքը դարձնել հրապարակելի» կամ « Խոսքի ուսուցումը-յուրացումը անընդհատ աշխատանք է, չի սահմանափակվում մայրենի լեզվի ուսումնական պարապմունքով և դրա լրացում տնային աշխատանքով»:

Ուսուցման կազմակերպումը  մանրակրկիտ շարադրված է: Գնահատման համակարգը բավականին ճկուն է:

Կարծում ենք, որ ծրագիրը զգալիորեն կշահեր, եթե հեղինակները`

  1. Մշտապես ճշգրիտ լինեին հասկացությունների օգտագործման ժամանակ, օր.` «ժողովրդի ազգային մշակույթ» (ժողովուրդը և ազգը էթնոսի հասունության տարբեր աստիճաններ են);
  2. Ուսուցման նպատակները և խնդիրներն ավելի հստակ տարանջատեին, օր.` « կրթական ընդհանուր կարողությունների և հմտությունների զարգացում»- ը կամ «սովորողների րնդհանուր կրթական հայացքների շրջանակի ընդարձակում» -ը ավելի շուտ նպատակ են, քան` խնդիր;
  3. Իրատես լինեին նպատակները հրապարակելիս, օր.` « սովորողի կողմից մայրենի լեզվով` բանավոր և գրավոր խոսքի միջոցով, սեփական մտքերը, հույզերն արտահայտելու, մարդկանց հետ հաղորդակցվելու, շրջապատող աշխարհը և մարդկանց հասկանալուն, բնության, հասարակության և մարդու մասին գիտելիքներ ստանալուն» (առարկայի, թեկուզ` կարևորագույն, սեփականաշորհված է կրթական ողջ համակարգի անկյունաքարերից մեկը);
  4. Սովորողին առաջարկվող աշխատանքի պայմաններում չանտեսեին դժվարություններ հաղթահարելու դաստիարակող անհրաժեշտությունը;
  5. Քանի որ « Հանրակրթական որևէ դասընթացի ծրագիրը, ուսումնական տվյալ բնագավառի հանրակրթական նպատակներից բխող խնդիրներից բացի, ներառում է նաև լեզվական խնդիրներ

— կարդալու (ըմբռնելու, փոխադրելու) կարողության ձևավորում և զարգացում.

— լսելու (ըմբռնելու, փոխադրելու) կարողության ձևավորում և զարգացում.

— որոշակի թեմայով խոսքի ձևակերպման կարողության ձևավորում և զարգացում.

— մայրենի լեզվի անաղարտության և զարգացման համար

պատասխանատվության զգացման զարգացում (ընդգծենք, որ թվարկվածները, օր.` լսել, ըմբռնել, համապիտանի կարողություններ են.- Ա.Տ.)», «Գնահատում» բաժնում կարևորեին մյուս առարկաների դասավանդողների կարծիքը;

  1. 7-9-րդ դասարաններում հավելեին «Ընթերցանություն» առաջադրանքը;
  2. Կոնկրետացնեին «Գրականություն» բաժնի բովանդակությունը:

Այսքանով կարճում եմ խոսքս, որովհետև նպատակս քննարկում սադրելն է:

12.04.2015                      ©                           Աշոտ Տիգրանյան

Փորձաքննություն. Աշխարհագրություն (7-9-րդ դասարաններ)

Ծրագիրը պետական և հեղինակային ծրագրերի մեխանիկական համադրման փորձ է, որն էլ նրա խոցելի կողմերի անկյունաքարն է:

Աշխարհագրության ուսուցման նպատակը և խնդիրները հստակ տարբերակված չեն, օրինակ՝ նպատակներից մեկը «Սովորողի մեջ աշխարհագրական և քարտեզագրական նվազագույն գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձևավորում»-ն է, իսկ խնդիրներիցէ «Զարգացնել տրամաբանելու, համեմատելու, հետազոտելու կարողություններ»: Բացի դրանից առանձնացված չեն համապիտանի և առարկայական (հանրակրթական իմաստով) կարողություններն ու հմտությունները: Խնդիրների շարքում գործնական դրույթների, օր․՝ «Կարողանա ստեղծել մեդիաքարտեզներ, տեղայնացնի դրանք,կազմի սխեմաներ ու դիագրամներ», կողքին տեղ են գտել հռչակագրային բնույթի ձևակերպումներ, օր․՝ «Միջին դպրոցը ավարտողը պետք է ճանաչի բնությունը, սիրի այն, գնահատի նրա գեղեցկությունը,նա կպահպանի այն և հոգատարությամբ կվերաբերվի բնությանն ու կենդանական աշխարհին»: Օգտագործվել են վիճելի հասկացություններ, օր․՝ «Աշխարհագրական աշխարհայացք»: Հանդիպում են հասկացությունների ոչ ճիշտ օգտագործման դեպքեր, օր․՝ «Կարողանա ճանաչել իր երկիրը, գնահատի նրա տեղն ու դերը արդի հասարակարգում» (այս դեպքում՝ «Հասարակարգ» հասկացությունը):

«Ուսումնական միջավայր, նյութեր, համացանցի կիրառում» բաժնում կարելի է ավելացնել համապատասխան թանգարանները, նախապես ընտրված ուսումնական կայքերի հղումները և ֆիլմաշարերը, օր․՝ «Հայաստանի ճամփեքով»:

«Ուսումնական գործունեության տեսակներ» և «Սովորողի տնային և լրացուցիչ աշխատանքի կազմակերպում» բաժինները մասամբ կրկնում են միմյանց: Երկրորդն, ըստ էության, առաջինի բաղկացուցիչ մասերից է: Այս բաժինները բավականին ծավալուն են և ենթադրում են սովորողի ամենօրյա քրտնաջան աշխատանք, որի կատարումը կնպաստի նրա կարողությունների զարգացմանը և հմտությունների ձևավորմանը, ինչպես նաև բազմաբնույթ գիտելիքների հարստացմանը: Բայց զարմանալի է, որ մի կարևոր գործնատեսակ՝ քննարկումը, սահմնափակվում է միայն ֆիլմերով, և բացակայում է նախագծերի, դրանց իրականացման ընթացքի ու արդյունքների քննարկումը:

Այժմ դիտարկենք առարկայական կարճաժամկետ նախագծերից մեկը՝ «Աշխարհի բնակչությունը և Հայաստանը»: Նախագծի նպատակը հստակ սահմանված չէ, այդ իսկ պատճառով «Նպատակ» բաժնում միախառնված են նպատակներն ու խնդիրները: «Ընթացք» բաժնում շարադրված գործնական խնդիրների, օր․՝ կազմել մեդիագրամներ, աղյուսակներ, կողքին տեղ են գտել գիտականորեն խոցելի, օր․՝ վերլուծել ռասայի և ազգի տարբերությունները, կամ գործնականում անիրագործելի, օր․՝ սոցիոլոգիական հարցումներ, խնդիրներ: Նախագծի արդյունքն ավելի շոշափելի կլիներ, եթե ընդգծվեր սովորողի հետազոտական գործնեության հարացույցը: Նախագծի գնահատումն իրավացիորեն կարևորում է մեդիահմտությունները, սակայն անտեսում է ուսումնասիրման ընթացքում դրսևորած կարողությունները, օր․՝ առանձնահատկությունները ձևակերպելու կարողությունը:

Գնահատման սանդղակում խախտված է սովորողի բանավոր և գրավոր խոսքի ներդաշնակ զարգացման մանկավարժական սկզբունքը՝ բանավոր խոսքի մասին խոսք չկա: Եվ դա այն դեպքում, երբ նախագծի գնահատման ժամանակ կարևորվում է բանավոր խոսքի հստակությունը:

Միջին դպրոցում շեշտադրվում է սովորողների կարողությունների զարգացումը և հմտությունների ձևավորումը: Իսկ «Աշխարհագրություն» առարկայի պետական ծրագրերում նրանք կամ անտեսված են (Ա մակարդակում), կամ երկրորդացված (Գ մակարդակում): Հետևաբար, հեղինակային ծրագրում վերոհիշյալի ներառումը որպես առանցքային բաղկացուցիչ, շեղում է ուսումնական գործընթացն իր ռազմավարական նպատակակետից:

25.03.2015                  ©                         Աշոտ Տիգրանյան

Փորձաքննություն. Մաթեմատիկա

(1-3-րդ դասարաններ)

Եթե իրականություն դառնային ծրագրում նշված նպատակների գոնե ¼-ը, ես ստիպված չէի լինի կես տարի անընդհատ համեմատելու վարժություններ հանձնարարել, ստիպված չէի լինի երկու դասը մեկ հիշեցնել, թե ինչ է նշանակում թվարկել, ստիպվսծ չէի լինի…………….

Բայց անդրադառնանք ծրագրին: Առաջադրված կենսական նպատակները և «Կրթական ընդհանուր խնդիրները» (մեջբերում ծրագրից) անհամարժեք են: Օր.` սովորողի կռահելու կարողության ձևավորման և զարգացման նպատակին համարժեք խնդիրներ չեն ձևակերպված: Նպատակների թվարկման մեջ օգտագործված են իրականազուրկ հասկացություններ, օր.` «Լեզվական մտածողություն»: Առկա են երկարաբանություններ, օր.` «սովորեցնել ձեռք բերած գիտելիքները և կարողությունները կիրառել տարբեր գործնական խնդիրներ լուծելիս» գործնական խնդիրներ լուծելու կարողության փոխարեն:

Ծրագրից բացակայում է թվերի պատմությունը:

Երկրորդ դասարանի բաժնում շարադրված չեն կրթական խնդիրները:

Ծրագրի բովանդակային մասի ձևակերպումներում ակնհայտ չէ ուսումնական գործունեության վեկտորը կամ նպատակամիտվածությունը:

Երրորդ դասարանի բաժնում առկա որոշ հասկացություններ` դատողություն, ապրանքի արժեք, թվագրություն, եթե պարզունակացվելու են, ապա գերադասելի է, որ չօգտագործվեն, քանզի հետագայում չափազանց դժվար կլինի սովորողների համար հասկանալ դրանց էությունը:

Կարծում ենք, որ «Թվագրության հին հայկական և

հռոմեական համակարգեր» ձևակերպումը թյուրիմացաբար է հայտնվել ծրագրում: Հավանաբար, խոսքը հռոմեական թվանշանների և հայերեն տառերի թվային համարժեքների մասին է:

Խոսքս սեղմագրեմ հետևյալ առաջարկությամբ` մեծությունների չափման միավորների ուսումնասիրությունը համապատասխանեցնել սովորողների թվային իմացության հետ:

(4-5-րդ դասարաններ)

Դրական կողմեր`

  1. Պահպանված են ծրագրի կառուցվածքին ներկայացվող պահանջները;
  2. Ծրագրային խնդիրները և բովանդակությունը զարգանում են «Պարզից — բարդ» համակարգում;
  3. Գնահատման համակարգը միտված է ճկունության;
  4. Կարևորված է կիրառական խնդիրներ լուծելու կարողությունը:

Բացթողումներ`

  1. Ոչ մի կարողություն չի նախատեսվում հասցնել հմտության մակարդակի;
  2. Խնդիրները բացառապես առարկայական են;
  3. Ուսումնական նյութերում բացակայում է հեղինակային բաղկացուցիչը;
  4. Երբեմն օգտագործված են խոցելի հասկացություններ, օր.` կարողությունների յուրացում;
  5. Թվարկված չեն ուսումնական նախագծերը;
  6. Գնահատման համակարգում բացարձականացված է նախագծային աշխատանքի դերը (մեջբերում ծրագրից` « Սովորողը անբավարար գնահատական է ստանում, եթե չի կատարում նախագծային աշխատանքները…………»):

Ընտրությամբ գործունեություն

(4-5-րդ դասարաններ)

«Մաթեմատիկոսի գործունեություն»ծրագրի թեմաները և օգտագործվող էլեկտրոնային ռեսուրսներն անվիճելիորեն հետաքրքիր են ու զարգացնող:  Սակայն մեծ է ճեղքվածքը սովորողների լեզվական գիտելիքների և օտարալեզու ռեսուրսների բառապաշարների, ինչպես նաև «Մաթեմատիկա» առարկայի և ընտրությամբ գործունեության ծրագրերի բովանդակության միջև: Այս իրողությունում անհասկանալի է (մեղմ ասած) մաթեմատիկական երկու ծրագրերի նպատակների նույնականությունը:

30.03.2015                                             Աշոտ Տիգրանյան

Հ.Գ. Իմ կարծիքով, առաջացել է վերոհիշյալ ծրագրերով անցկացվող դասերին ներկա գտնվելու անհրաժեշտություն, որպեսզի հերքեմ, հաստատեմ կամ ճշգրտեմ իմ խիստ մոտեցումները:

Փորձաքննություն. Աշխարհագրություն (10-12-րդ դասարաններ)

Էմանուել Ագջոյանի կազմած ծրագիրը բավակակնին մանրակրկիտ է և ունի բազմաթիվ ուսանելի կողմեր, օր.` «Սովորողների ուսումնական գործունեություն» կամ «Հետազոտական աշխատանքին ներկայացվող պահանջներ» բաժինները, անհրաժեշտ գրականության և համացանցային ռեսուրսների ցանկերը: Սակայն առկա են մի քանի բացթողումներ, որոնք նվազեցնում եմ ծրագրի արդյունավետությունը:

  1. «Նպատակներ» բաժնում շարադրվածի մեծ մասը վերաբերվում է «Հայեցակարգ» բաժնին;
  2. «Նպատակներ» և «Խնդիրներ» բաժիններում անտեսված են միջին դպրոցում «Աշխարհագրություն» առարկայի դասավանդման առանձնահատկությունները;
  3. Ծրագրի բովանդակությունում բացակայում է աշխարհագրության պատմությունը;
  4. Ծրագրում չի ընդգրկված ՀՀ-ի համար կարևրություն ներկայացնող Մերձավոր Արևելք տարածաշրջանը:

Փորձաքննության ամփոփում

Առաջարկություններ տաք հետքերով

Ես հնարավորություն ունեցա ներկա գտնվել 2-5-րդ դասարանցիների մաթեմատիկայի դասերին դպրոց – պարտեզում, նոր դպրոցում և գեղարվեստի դպրոցում: Հասկանալի է, որ ընդամենը 6 դասաժամը շատ քիչ է անհատականացված եզրակացությունների, սակայն բավարար է ընդհանուր միտումները նկատելու համար: Տեղեկացնեմ նաև, որ ետդասյա քննարկումներ եմ ունեցել դպրոցների ղեկավարներ Տաթև Բլեյանի և Կարինե Պետրոսյանի հետ: Որոշ մեթոդական խորհուրդներ եմ տվել դասավանդողներին:

Քանի որ վրիպումներն ուսումնական գործընթացում իմ կարծիքով կրում են համակարգային բնույթ, ներկայացնում եմ հետևյալ առաջարկությունները`

  1. Առարկայական ծրագրերը դարձնել իրատեսական;
  2. Դասագործընթացում անհրաժեշտ ժամանակ հատկացնել սովորողների գիտելիքների ամրապնդման և կարողությունների ձևավորման համար;
  3. Կարևորել սովորողների լսելու և դասավանդողների համբերելու կարողությունները;
  4. Խուսափել որևէ մեթոդի բացարձականացումից;
  5. Խրախուսել սովորողների հարցասիրությունը;
  6. Դասի զգալի մասը հատկացնել ոչ ստանդարտ (սովորողների համար անակնկալ պարունակող) խնդիրների, այդ թվում` սովորողների ձևակերպած, լուծմանը:

17.04.2015                 ©                 Աշոտ Տիգրանյան

Նախագծային ուսուցում (տեսություն և փորձ)

                                             Ասա ինձ և ես կմոռանամ, ցույց տուր ինձ և

                                            ես կհիշեմ, ներգրավիր ինձ և ես կսովորեմ:

                                                                             Չինական առած

Նախագծային ուսուցման մեթոդը կիրառվում է ՌԴ-ում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, ֆինլանդիայում, Իսրայելում, Բրազիլիայում, ԳԴՀ-ում և մի շարք այլ երկրներում, ինչպես նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Նախագծային ուսուցումը դասավանդողի/դասավանդողների և սովորողի/սովորողների համատեղ կրթական գործունեությունն է, որը նպատակաուղղված է որևէ հիմնախնդրի/հիմնախնդիրների տեսական և/կամ գործնական լուծմանը:

Նախագծային ուսուցման հիմնական նպատակներն են`

  1. Նպաստել յուրաքանչյուր մասնակցի ինքնագնահատականի բարձրացմանը`
    • Հնարավորություն ստեղծել, որ յուրաքանչյուրն իրեն տեսնի որպես ընդունակ և իրազեկ անհատականություն;
    • Մասնակցի մոտ զարգացնել իր և մյուսների դրական կերպարը;
    • Սովորողի մոտ ձևավորել իրեն և մյուսներին ստույգորեն գնահատելու հմտություն:
  2. Ոգեշնչել սովորողներին զարգացնելու կարողությունների «Համագործակցություն» համակարգը;
  3. Ապահովել սովորողի քննադատական մտածողության զարգացման մեխանիզմը, դրված խնդիրը լուծելու ուղիների որոնման հմտության ձևավորումը;
  4. Զարգացնել սովորողների հետազոտական կարողությունները (բացահայտել հիմնախնդիրը, հավաքել անհրաժեշտ տեղեկություններ, դիտարկել գործընթացները, ձևակերպել վարկածներ, ընդհանրացնել և այլն) և վերլուծական մտածողությունը:

Իրականացվող նախագծերն ունեն հետևյալ  տիպաբանական հատկանիշները` ըստ սովորողների գերակշռող գործունեության (առարկայորեն կողմնորոշված, հետազոտական, ստեղծագործական, տեղեկատվական, դերային), ըստ բովանդակության (միջառարկայական և մոնոնախագծեր), ըստ հարաբերությունների բնույթի (ներդասարանային, միջդասարանային, տարածաշրջանային, համապետական, միջազգային), ըստ տևողության (մինինախագծեր` մինչև մեկ շաբաթ, կարճաժամկետ` մինչև մեկ ամիս, միջնաժամկետ` մինչև վեց ամիս, երկարաժամկետ` կես տարուց ավելի), ըստ մասնակիցների թվի (անհատական, խմբային, միջխմբային):

Նախագծային ուսուցում կազմակերպելիս հարկ է ապահովել նախագծի իրականացման փուլերի ճիշտ հերթագայությունը և նրանց հատկացվելիք ժամանակի իրատեսական համամասնությունը:   Նախագծային աշխատանքի փուլերն են`

  1. Նպատակադրում;
  2. Գործունեության տարբերակների քննարկում, միջոցների և եղանակների ընտրություն;
  3. Պարտականությունների բաշխում;
  4. Ինքնակրթություն և գիտելիքների արդիականացում;
  5. Հետազոտական գործունեություն;
  6. Արդյունքների ընդհանրացում և եզրակացություններ;
  7. Արդյունքների հանրայնացում;
  8. Հաջողությունների և սխալների վերլուծություն;
  9. Շտկողական գործունեություն;
  10. Նախագծի հրապարակային պաշտպանություն:

Նախագծային ուսուցման իմ փորձի (վերջին տարվա նախագծերի ընթացիկ արդյունքներին կարող եք ծանոթանալ իմ բլոգում`) վերլուծության արդյունքում արձանագրում եմ, որ`

  1. Նախագծային ուսուցումն ավելի արդյունավետ է «Սովորողի կարողությունների զարգացում և հմտությունների ձևավորում» հիմնախնդրի լուծման գերակայության դեպքում;
  2. Սովորողների մեծ մասը հակված է իրականացնել միջնաժամկետ նախագծեր;
  3. Նախագծային ուսուցումն արագացնում է օտար լեզուների յուրացումը;
  4. Նախագծային ուսուցումը ներդաշնակեցնում է անհատի զարգացման մրցակցային և համագործակցային հարացույցները;
  5. Երկարաժամկետ նախագծի իրականացումը գիտական մտածողության ձևավորման անկյունաքարն է;
  6. Նախագծային գործունեության ընթացքում սովորողի գնահատումը գերադասելի է երկբալանոց` կարող է շարունակել մասնակցությունը նախագծին կամ չի կարող, իսկ նախագծի ամփոփման ժամանակ սովորողի ձեռք բերած արդյունքների գնահատումը հարկ է, որ հենվի ինքնագնահատականի և խմբի մյուս անդամների գնահատականի, ինչպես նաև հրապարակային պաշտպանության արձագանքների վրա;
  7. Նախագծային ուսուցման մեթոդի բացարձականացումը վտանգում է սովորողի անհատականության զարգացման համակողմանիությունը և աղքատացնում է մանկավարժական գործիքների արհեստանոցը;
  8. Անհրաժեշտ է միշտ ուշադրության կենտրոնում պահել նախագծային ուսուցման միջառարկայական բնույթը;
  9. Իրականացված նախագծի արդյունքների հրապարակային պաշտպանությունը բարձրացնում է սովորողի ինքնագնահատականը և նպաստում նրա սոցիալականացմանը:

Ինչպես ասել է Անանուն Իմաստունը. «Ապագադ լոկ մտապատրանք է, եթե արահետտ վարձակալել ես»:

Օգտագործված ռեսուրսներ

http://for-teacher.ru/technique/188-tehnologiya-proektnogo-obucheniya.html

https://sites.google.com/site/projektitegevus/proektnoe-obucenie

http://ladlav.narod.ru/teh_proekt.htm

http://nsportal.ru/nachalnaya-shkola/obshchepedagogicheskie-tekhnologii/2012/02/24/sovremennye-obrazovatelnye-0

http://www.pedlib.ru/Books/1/0444/1_0444-132.shtml

http://scheglenko.school04.smoladmin.ru/index.php/dlya-druzej-kolleg/10-proektnye-metody-obucheniya

https://docs.google.com/document/d/1wLniQ4V7XLjMmZ9CWV5wIcrZWL14cExPWbFv-P3YHiU/edit

Գործընկերներիս և իմ իրականացրած ու իրականացվող նախագծերը

22-25.04.2015                   ©                         Աշոտ Տիգրանյան

«Խաղարկային դատարան» նախագիծ

Հաստատված է կրթահամալիրի 27.02.2012թ. մասնաժողովում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի խաղարկային դատարանը (այսուհետ` դատարան) կրթահամալիրի տնօրենի խորհրդակցական մարմին է, կրթահամալիրի իրավական կրթության ուսումնական-արտադրական լաբորատորիա:

Դատարանի նախագահը կրթահամալիրի տնօրենն է: Դատավորին նշանակում է դատարանի նախագահը` կրթահամալիրի աշխատողներից: Դատավորը կրթահամալիրի սովորողներից ընտրում է օգնական և քարտուղար: Դատավորի` տվյալ գործի դատաքննության համար ծախսած ժամանակը ընդգրկվում է նրա աշխատաժամանակում կամ կրթահամալիրում սահմանված կարգով համարվում է լրացուցիչ աշխատանք:
Դատավարությունն իրականացվում է գործի քննության ժամանակ գործող օրենքներով:
Շահագրգիռ անձն իրավունք ունի սույն աշխատակարգով սահմանված կարգով դիմել դատարան` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով, կրթահամալիրի կանոնադրությամբ սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար:
Սույն աշխատակարգով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում այլ անձանց իրավունքների, ազատությունների ու օրինական շահերի պաշտպանության համար իրավունք ունեն դատարան դիմելու այդպիսի պաշտպանությամբ հանդես գալու իրավասություն ունեցող անձինք:

Դատարանը  գործը հարուցում է միայն հայցի կամ դիմումի հիման վրա:
Արդարադատություն իրականացնելիս դատավորներն անկախ են և ենթարկվում են միայն օրենքին:
Դատարանում դատը վարվում է հայերեն:
Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն դատարանում հանդես գալու իրենց նախընտրած լեզվով, եթե ապահովում են հայերեն թարգմանությունը:
Դատարանում  գործերի քննությունը դռնբաց է:
Գործի քննությունը կատարվում է բանավոր:
Գործի քննությունն իրականացվում է դատարանի անփոփոխ կազմով: Գործի քննության ընթացքում դատավորի փոխարինման դեպքում գործի քննությունն սկսվում է սկզբից:
Դատարանը վեճերը և այլ գործերը լուծում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների և դրանց համապատասխան ընդունված այլ իրավական ակտերի, կրթահամալիրի կանոնադրության հիման վրա:
Վիճելի հարաբերությունը կարգավորող օրենքի կամ այլ իրավական ակտի բացակայության դեպքում դատարանը կիրառում է նույնանման հարաբերություններ կարգավորող օրենքի նորմերը (օրենքի անալոգիա): Նման նորմերի բացակայության դեպքում դատարանը վեճը լուծում է` ելնելով իրավունքի սկզբունքներից (իրավունքի անալոգիա):
Դատարանը գործերով կայացնում է վճիռներ, որոշումներ (այսուհետ` դատական ակտեր): Դատական ակտը օրինական ուժ է ստանում կրթահմալիրի տնօրենի համապատասխան հրամանով, որը սահմանված կարգով հրապարակվում է:
Օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է կրթահամալիրի բոլոր աշխատողների, սովորողների, նրանց ծնողների (օրինական ներկայացուցիչների) համար:
Դատարանում գործերը քննվում են դատավորի կողմից՝ միանձնյա: Գործերը միանձնյա քննելիս դատավորը հանդես է գալիս որպես դատարան:
Դատավորն ինքնաբացարկ է հայտնում իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ: Գործին մասնակցող անձը նման միջնորդություն կարող է ներկայացնել, իսկ դատավորը ինքնաբացարկ կարող է հայտնել միայն մինչև դատաքննությունն սկսվելը, բացառությամբ այն դեպքերի, երբ անձը կապացուցի, իսկ դատավորը կհիմնավորի, որ ինքնաբացարկի հիմքն իրեն հայտնի է դարձել դատաքննությունն սկսվելուց հետո և մինչ այդ չէր կարող հայտնի լինել: Ամեն դեպքում միջնորդությունը կարող է ներկայացվել, կամ ինքնաբացարկը կարող է հայտնվել միայն մինչև դատաքննության ավարտը:
Դատավորի ինքնաբացարկի դեպքում դատական նիստը հայտարարվում է փակված։ Դատավորի ինքնաբացարկի դեպքում դատավորը փոխարինվում է մեկ այլ դատավորով:
Ինքնաբացարկի արդյունքում փոխարինած դատավորը գործի քննությունն իրականացնում է սկզբից:

Հայցը կարող է հարուցվել մի քանի հայցվորի (համահայցվորներ) կողմից համատեղ կամ ընդդեմ մի քանի պատասխանողի (համապատասխանողներ):
Հայցվորներից և պատասխանողներից յուրաքանչյուրը դատավարությունում հանդես է գալիս ինքնուրույն:
Կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ:
Կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր:
Դատարանը չի հաստատում հաշտության համաձայնությունը, եթե այն հակասում է օրենքին, կրթահամալիրի կանոնադրությանը և այլ իրավական ակտերին կամ խախտում է այլ անձանց իրավունքները և օրինական շահերը: Այդ դեպքերում դատարանը վեճը քննում է ըստ էության:
Գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել:
Փորձաքննություն նշանակելու մասին դատարանը կայացնում է որոշում, որում սահմանվում են հարցերի ցանկը և բովանդակությունը:
Փորձագետի` տվյալ գործի դատաքննության համար ծախսած ժամաքանակը ընդգրկվում է նրա աշխատաժամանակում, կամ կրթահամալիրում սահմանված կարգով համարվում է լրացուցիչ աշխատանք:
Յուրաքանչյուր վկա հարցաքննվում է առանձին: Վկաները, որոնց ցուցմունքները հակասում են միմյանց, կարող են առերես հարցաքննվել: Վկան դատարանին ցուցմունքներ է տալիս բանավոր: Վկան դատարանի առաջարկությամբ կարող է իր ցուցմունքները շարադրել գրավոր (էլեկտրոնային):

Հայցադիմումը ներկայացվում է գրավոր (էլեկտրոնային):
Հայցադիմումում պետք է նշվեն`

1) դատարանի անվանումը` ««Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի խաղարկային դատարան»,
2) գործին մասնակցող անձանց անունը, ազգանունը, հայրանունը (այսուհետ` անուն), իրավաբանական անձի անվանումը,
3) հանգամանքները, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները.
4) հայցապահանջները հաստատող ապացույցները.
5) հայցվորի պահանջները, իսկ մի քանի պատասխանողների դեմ հայց հարուցելիս, հայցվորի` նրանցից յուրաքանչյուրին ուղղված պահանջները.
6) հայցադիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

Հայցադիմումում կարող են նշվել նաև այլ տեղեկություններ, եթե դրանք անհրաժեշտ են վեճի ճիշտ լուծման համար, ինչպես նաև հայցվորի միջնորդությունները:
Հայցադիմումն ստորագրում է հայցվորը:
Հայցադիմումն ընդունելու հարցը դատավորը լուծում է միանձնյա:
Եթե հայցվորը դժվարանում է հայցը ձևակերպել ներկայացվող պահանջներին համապատասխան,  դատավորը կարող է նշանակել խորհրդատու:

Դատավորը պարտավոր է վարույթ ընդունել սույն աշխատակարգով նախատեսված պահանջների պահպանմամբ ներկայացված հայցադիմումը:
Դատավորը հայցադիմումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում հայցադիմումի ընդունումը չմերժելու կամ դիմումը չվերադարձնելու դեպքում կայացնում է դա ընդունելու մասին որոշում, որում նշվում են նաև գործի քննության ժամանակը և վայրը: Ընդունված հայցադիմումը և ներկայացված փաստաթղթերը տեղադրվում են mskh.am կայքի «Խաղարկային դատարան» էջում:
Դատավորը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե`

1) վեճը ենթակա չէ դատարանում քննության.
2) նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ:

Դատարանը մերժելու մասին կայացնում է որոշում` հայցադիմումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում` որոշումը, հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը պատշաճ ձևով վերադարձնելով հայցվորին:
Դատարանը պատասխանողին պատշաճ ձևով (էլեկտրոնային նամակով) տեղեկացնում է է հայցադիմումի մասին, ինչպես նաև նախազգուշացնում հայցադիմումին պատասխան ներկայացնելու անհրաժեշտության մասին:

Պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան: Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է սահմանել պատասխան ուղարկելու ավելի երկար ժամկետ կամ պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխանը ներկայացնելու ժամկետը: Հայցադիմումի պատասխանը տեղադրվում է mskh.am կայքի «Խաղարկային դատարան» էջում:
Հայցադիմումի պատասխանը պետք է պարունակի`

1) դատարանի անվանումը` ««Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի խաղարկային դատարան»,
2) հայցվորի անունը, ազգանունը (անվանումը).
3) հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին պատասխանողի դիրքորոշումը: Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անդրադարձ կատարվի հետևյալ հարցերին.

ա) հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք նա չի ընդունում,
բ) արդյոք հայցվորի ներկայացրած փաստերն էական նշանակություն ունեն գործի լուծման համար,
գ) այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում, և այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված.

4) պատասխանին կցվող փաստաթղթերի և ներկայացվող ապացույցների ցանկը:
Պատասխանի հետ պատասխանողը ներկայացնում է նաև իր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր գրավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են իր պնդած փաստերը, եթե նա կրում է դրանց ապացուցման պարտականությունը, և եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին:

Պատասխանը ստորագրում է պատասխանողը:
Պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Պատասխանողն իրավունք ունի մինչև գործով վճիռ կայացնելը հակընդդեմ հայց հարուցելու ընդդեմ հայցվորի` սկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար: Հակընդդեմ հայցը հարուցվում է հայց հարուցելու ընդհանուր կանոններով:
Հակընդդեմ հայցն ընդունվում է, եթե

1) հակընդդեմ հայցի բավարարումը լրիվ կամ մասամբ բացառում է սկզբնական հայցի բավարարումը.
2) հակընդդեմ և սկզբնական հայցերի միջև առկա է փոխադարձ կապ, ու դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել վեճի առավել արագ և ճիշտ լուծումը:

Դատարանը կարճում է գործի վարույթը, եթե`

1) վեճը ենթակա չէ դատարանում քննության.
2) գործին մասնակցող իրավաբանական անձը լուծարվել է.
3) հայցվորը հրաժարվել է հայցից.
4) դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը:

Գործի քննությունը տեղի է ունենում դատական նիստում, որի մասին պարտադիր կարգով էլեկտրոնային նամակով տեղեկացվում են գործին մասնակցող անձինք և դատավարության այլ մասնակիցները, հայտարարություն է տեղադրվում mskh.am կայքում:
Գործը միանձնյա քննող դատավորը կատարում է նախագահողի պարտականություններ:
Նախագահողը ղեկավարում է դատական նիստը` մերժելով այն ամենը, ինչն առնչություն չունի քննվող գործի հետ:
Նախագահողի գործողությունների դեմ գործին մասնակցող անձանց առարկությունները մտցվում են դատական նիստի արձանագրության մեջ:

Գործին մասնակցող անձինք և դռնբաց դատական նիստին ներկա գտնվողներն իրավունք ունեն կատարելու գրառումներ, սղագրություն, ձայնագրություն: Դատական նիստը տեսագրվում է:

Հայցվորը կամ պատասխանողն իրավունք ունեն դատարանին խնդրելու վեճը լուծելու իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:

Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Դատարանն իրավունք ունի հետաձգելու գործի քննությունը: Դատաքննությանը հատկացվող առավելագույն ժամկետը 4 ամիս է:
Գործը հետաձգելուց հետո դրա նոր քննությունը վերսկսվում է ընդհատման պահից:
Վեճն ըստ էության լուծելու դեպքում դատարանը կայացնում է վճիռ:

Դատարանի վճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված: Դատարանը վճիռը հիմնավորում է միայն դատական նիստում հետազոտված ապացույցներով:

Նարեկ Սահակյանն ընդդեմ կրթահամալիրի սննդի կազմակերպման պատասխանատուների

Հարություն Ղազարյանը և Միքայել Կամենդատյանն ընդդեմ Լուսինե Մամիկոնյանի

Տիգրան Աբրահամյանն ընդդեմ ծրագրերի ղեկավարների

Խաղարկային դատարան

«3-րդ մաս» նախագիծ

«3-րդ մաս» նախագիծ. Սուրեն Սպանդարյան

«3-րդ մաս» նախագիծ. կինոթատրոն «Հայրենիք»

<<3-րդ մաս>> նախագիծ. Սուրեն Սպանդարյանը Նժդեհի հրապարակում

«3-րդ մաս» նախագիծ. Պիոներ Պալատ (Հայորդյաց տուն)

«3-մաս» նախագիծ. Կիրովի անվան մշակույթի պալատ

«3-րդ մաս» նախագիծ. Երևանյան լիճ

«3-րդ մաս»նախագիծ. «Ալաշկերտ» մարզադաշտ (նախկին՝ «Նաիրի»մարզադաշտ)

<<3-րդ մաս>> նախագիծ. Երևանի բժշկական կենտրոն (նախկին 6-րդ հիվանդանոց)

«3-րդ մաս» նախագիծ. կինոթատրոն «Սևան»

«3-րդ մաս» Նախագիծ. Միկա մարզադաշտ

«3-մաս» նախագիծ. Դ. Դեմիրճյանի անվան Հ. 27-րդ հիմնական դպրոց