Կրկին մասոնների մասին

Անդրադարձ մասոնականությանը
Ազատ Մասոնությունը (freemasonary) բարոյականության յուրահատուկ մի համակարգ է ` քողարկված այլաբանություններով և ներկայացված խորհրդանշերով: Այն աշխարհաճանաչողության մի համակարգ է , որը ստեղծվել է այնպես,  ինչպես որ ծնվել են աշխարհաճանաչողության գիտական, փիլիսոփայական , կրոնական և այլ համակարգեր:
Ճանաչողության մեթոդների առումով մասոնության հիմքը դրված է անհատի ինքնախթանման (self stimulation) և ինքնամոտիվացիայի վրա: Եթե անդրադառնանք բառի ստուգաբանությանը Մասոն նշանակում է շինարար-քարտաշ, այս անվանումը հնդեվրոպական ծագում ունի, սանսկրիտերենում մա- կտրել, մաս-մաս անել (քարը), հին գերմաներեն է անցել պատրաստել, կառուցել իմաստով, այնուհետև ֆրանսերեն և անգլերեն լեզուներին ՝ քարը տաշել, կառուցել իմաստով . Ի դեպ մաս-մաս անել նույնպես նույն հնդեվրոպական ՛՛մա..՛ արմատի ծագումն ունի ըստ որոշ հայագետների: Հայոց մասոնության մեջ օգտագործվում է ազատ որմնադիր տերմինը:
Մասոնության ծեսի հիմնական առանցքներից մեկն այն է , որ մարդուն հուշում է հասկանալ, որ ծնունդը (որտեղի՞ց ենք գալիս), կյանքը (ովքե՞ր ենք մենք) և մահը (ու՞ր ենք գնում) իրար հետ փոխկապակցված մի ներդաշնակ համակարգ է, յուրաքանչյուրն իր շրջանի յուրահատկություններով, և ի վերջո այս երրորդությունն է , որ առանձին իր տարրերով ու միացյալ իմաստով բնութագրում է անհատի կեցությունը: Այս առումով հետաքրքրական է մասոնական ձեռնադրման արարողության համեմատությունը արևի և լուսնի շարժման հետ աստղային երկնքում և այդ շարժման պարբերականությունները՝ արևածագ, զենիթ, արևամուտ: Մասոնական 3 աստիճանները՝ մարմին, գիտակցություն, հոգի, մասոնական 3 սյուները՝ ուժ, գեղեցկություն, իմաստություն, մասոնական Օթյակի 3 ղեկավար անձինք՝ կրտսեր հսկիչը, ավագ հսկիչը և Օթյակի Վարպետը և այլն:
Մասոնության պրակտիկ մեթոդաբանությունը անհատի` Օթյակից դուրս աշխատանքն է Մասոնության հիմնական արժեքների շուրջ ՝ Սեր, Գթասրտություն և Ճշմարտություն: Սեր հանդեպ դրկիցներին, որոնք ապրում են մասոնի շուրջը, լայն առումով մասոնի վերաբերմունքը հանդեպ իր դրկիցներին ձևավորվում է  որպես վերաբերմունք հանդեպ իր եղբորը, արյունակցին, մարդուն, այդ իսկ պատճառով Մասոնությունը անվանում է այդ զգացմունքը Եղբայրական Սեր,և մասոններն իրար անվանում` եղբայր, քանի որ ստացել են այդ իմացության լույսը: Գթասրտություն կամ Բարեգործություն հանդեպ կարիքավորները, լինի այդ կարիքը նյութական թե հոգևոր; սրա միջոցով է մասոնը իրականացնում իր առաքելությունը աշխարհիկ միջավայրում, այն առաքելությունը որի սերմերը նրա մեջ ներարկվել են Օթյակում: Ճշմարտությունը բարձրագույնն է առաքինություններից, քանի որ անքննելի է , կատարյալ և Բարձրագույն աշխարհներում՝ Աստծո հովանու տակ:
Մենք բոլորս սիրո ծնունդ ենք ՝ ահա, թե որտեղի՞ց ենք գալիս, մենք մեր աշխարհիկ կյանքում մեր կուտակած ունեցածը նյութական կամ մտավոր կարիք ունեցողներին անվարձահատույց տալու առաքելությունը ունենք՝ ահա թե ովքե՞ր ենք մենք, մենք գնում ենք դեպի բարձրագույն հոգևոր աշխարհ դեպի Ճշմարիտ աշխարհը՝ դեպի Բարձրյալը, ահա թե ու՞ր ենք գնում:

Մասոնությունը, որպես համակարգ՝ եռաստիճան է: Առաջին աստիճանում թեկնածուն ձեռնադրվում է որպես մասոն և համարվում Աշակերտ-Որմնադիր: Երկրորդ աստիճանում նա անցնում է Ընկեր-Որմնադրի աստիճանին: Երրորդ աստիճանում նա բարձրանում է Վարպետ Որմնադրի աստիճանին, որը մասոնական հիերարխիայի ամենաբարձր աստիճանն է: Յուրաքանչյուր աստիճան շնորհվում է հաշվի առնելով նախորդ աստիճանում ձեռք բերված գիտելիքն ու աշխարհիկ կյանքում թեկնածուի գործունեությունը:
Մասոնությանը առնչվող այլ ծիսակարգերում, օգտագործվում են այսպես կոչված լրացուցիչ աստիճանները, որոնք այս կամ այն կերպ լրացնում են առաջին 3 աստիճանները և կարելի է ասել, որ մանրամասնում են դրանց ծեսերը: Որքանով որ հասարակության մեջ ընդունված է, սակայն հստակ նշեմ, որ դրանք ավելի բարձր աստիճաններ չեն, օրինակ շոտլանդականում ծիսակարգում մինչև 33 աստիճան, Յորքում չկա աստիճանային համակարգ, բայց թվային արժեքով մինչև 11, Մեմֆիս Միզրաիմ ծիսակարգում մինչև 99 աստիճան և այլն: Սրանք վերընթաց աստիճաններ չեն, այլ հիմնված եռաստիճան համակարգի վրա ՝ լայնընթաց աստիճաններ են: Վերընթաց են միայն առաջին 3-ը:
Ինչ վերաբերում է Օթյակներին: Օթյակը մասոնական գործառնական կառույց է , որը համախմբում է մի խումբ մասոնների, այն ունի անկախ իշխանություն և ավտոնոմ կերպով է կառավարվում: Իրավասությունների առումով Օթյակները մտնում են տվյալ իրավասության Գերագույն Օթյակի կազմի մեջ, որը տվյալ իրավասության տարածքում ղեկավարում է Օթյակներին: Օթյակը համախմբում է մասոններին, իսկ Գերագույն Օթյակը համախմբում է Օթյակները: Օթյակն ունի կանոնադրություն, գերբ, բյուջե, ղեկավար մարմիններ: Գերագույն Օթյակն ունի սահմանադրություն, կանոնագիրք, ղեկավար մարմիններ, գերբ, Գերագույն իշխանական լիազորություններ տվյալ տարածքի մասոնական գործունեության նկատմամբ, միջազգային գործունեության լիազորություններ: Աշխարհում չկա մասոնությունը ղեկավարող համաշխարհային մարմին, յուրաքանչյուր Գերագույն Օթյակը անկախ է բոլորից, կարող է ճանաչել այլ իրավասությունների Գերագույն Օթյակներին, կարող է նաև կասեցնել, ընդհատել այդ ճանաչումը: Հայաստանում այդ իրավասությունը կոչվում է Հայոց Գերագույն Օթյակ:

Մասոն դառնալու պայմաններն են. թեկնածուն պետք է դիմի ազատ կամքով, լինի 21 տարին լրացած անձ և մոնոթեիստ՝ այսինքն ունենա հավատ առ Աստված և ունենա լավ համբավ իր ընտանիքում ու շրջապատում, լինի օրինապաշտ և հայրենասեր: Քրեական հանցագործությունների համար դատապարտված թեկնածուները չեն կարող ընդունվել մասոնության շարքերը:
Նախ հստակեցնենք շատ կարևոր մի պայման: Մասոնական Օթյակները որևէ մեկին չեն հրապուրում, չեն հրավիրում կամ չեն առաջարկում դառնալ որմնադիր: Ավելին` դա արգելված է:
Մասոնական բաց միջոցառումները, այո՛, կարող են լինել հրավերքով, օրինակ` բանկետների, բարեգործական միջոցառումների հրավերք կարող է հասցեագրվել ցանկացած մեկին՝ որևէ մասոնի ցանկությամբ, կամ կողմից:
Առաջինը. եթե որևէ անձ ցանկություն է հայտնում անդամակցել մասոնությանը՝ պետք է դիմի որևէ մասոնի: Այս կետից տարբեր իրավասություններում գործընթացները մի փոքր տարբերվում են: Իրավասությունների մեծ մասում թեկնածուին տրվում է հարցաթերթիկ՝ լրացման համար, ինչպես նաև պահանջվում է երաշխավորագիր առնվազը 2 մասոնից և ձեռնադրման համար հաստատված գումարը: Հարցաթերթիկն ու գումարը ստանալուց հետո, Օթյակի հերթական կանոնավոր ժողովին հարցաթերթիկը կարդացվում է և Օթյակի Պատվելի Վարպետը, այսինքն ղեկավարը առանց անունները Օթյակում նշելու, նշանակում է կոմիտե 3 փորձառու մասոններից բաղկացած՝ թեկնածուին ուսումնասիրելու նպատակով: Ընդ որում միայն Պատվելի Վարպետը գիտի բոլոր 3-ին, իսկ այդ 3 մասոններից ոչ ոք չգիտի թե մյուս 2-ը ովքեր են: Ուսումնասիրման համար տրված ժամանակը սահմանափակված չէ, սակայն պետք է լինի իրատեսական: Ուսումնասիրությունները կարող են ընդգրկել հարցազրույցներ, հանդիպումներ ընտանիքի անդամների հետ, տեղեկատվական զանազան աղբյուրների ուսումնասիրություն և այլն: Եթե թեկնածուն ամուսնացած է , ապա սովորաբար հանդիպում են նաև կնոջ հետ և լսում նրա կարծիքը մասոնության վերաբերյալ, որպեսզի վստահ լինեն, որ տղամարդու՝ մասոնությանը միանալով, ընտանիքում խնդիրներ չեն առաջանա ամուսինների մոտ: Ուսումնասիրության ավարտին Կոմիտեի անդամները ներկայացնում են գրավոր կարծիք թեկնածուի վերաբերյալ: Դրան հաջորդող մյուս կանոնավոր ժողովին այդ կարծիքները Օթյակում կարդացվում են և թեկնածուի թեկնածությունը դրվում է փակ քվեարկության: Սովորաբար Օթյակների մեծ մասը քվեարկում է հատուկ տուփի մեջ լցված սպիտակ գնդիկներով և սև խորանարդներով, համապատասխանաբար կողմ և դեմ: Յուրաքանչյուր մասոն ունի մեկ ձայնի իրավունք, այսինքն կամ 1 սպիտակ գնդիկ, կամ 1 սև խորանարդ:
Քվեարկությունը ավարտելուց հետո հատուկ կարգով տուփը հասցվում է Օթյակի Պատվելի Վարպետին, որը և հայտարարում է արդյունքը՝ թեկնածուն ընտրված է , թե ոչ: Տուփի մեջ առնվազը 1 սև խորանարդը նշանակում է , որ թեկնածուն ընտրված չէ: Ընտրվելու դեպքում թեկնածուի համար նշանակվում է ձեռնադրման, այսինքն աշակերտի աստիճանի տրման օրը, ինչի մասին նրան տեղեկացնում են, իսկ չընտրված թեկնածուին վերադարձվում է վճարված գումարը: Չընտրված թեկնածուն կարող է դիմել իր քվեարկության օրից առնվազը 1 տարի հետո: Ընդ որում նա չի կարող դիմել որևէ՝ այլ Օթյակ այդ իրավասության , կամ ցանկացած ուրիշ կանոնավոր իրավասության այդ 1 տարվա ընթացքում:
Նշված գործընթացը ներկայացվեց այն տեսքով, ինչպես որ հիմնականում գործում է աշխարհի տարբեր երկրներում: Իրավասություններից կախված փոփոխությունները կարող են առնչվել կոմիտեի անդամների քանակի, հարցաթերթիկի տրման և ետ ընդունման ժամկետների, հարցազրույցների վարման ձևի և կարգի հետ: Գումարների չափը կարգավորվում է կոնկրետ Օթյակի կանոնադրությամբ, իսկ ընդհանուր ձևաչափը կարգավորվում է համապատասխան իրավասության, այսինքն Գերագույն Օթյակի Սահմանադրություններով և Կանոնակարգերով:
Փակ աչքերով հարցազրույցի մասին: Հարցազրույցի այդ ձևը ավանդաբար օգտագործվում է շոտլանդական եռաստիճան ծիսակարգ ունեցող Օթյակների կողմից: Թեկնածուն փակած (կապված) աչքերով նստում է սենյակում, և Օթյակի անդամները նրան տալիս են տարբեր հարցեր: Թեկնածուն չի կարող տեսնել Օթյակի անդամներին, նա միայն լսում է նրանց ձայնը:

Սիմվոլիզմը մասոնության մեջ

Անկյունաչափը, որի ճիշտ հայերենը պիտի լինի ուղիղ անկյան անկյունաչափ (անգլերեն՝ square- քառակուսի՝ ուղիղ անկյան իմաստով), բացվածքի մեջ միշտ պետք է լինի 90 աստիճանի անկյամբ: Կարկինի բացվածքը , որը հաճախ ներկայացվում է 45 աստիճան, չի կարող լինել այդպիսին, քանի որ այն ոչ թե ներկայացնում է ուղիղ անկյան կեսը, այլ ներկայացնում է եռամասնության կատարելության խորհրդանիշը: Երկրաչափության մեջ կատարյալ եռանկյունին, որի բոլոր անկյուններն ու կողմերը հավասար են՝ ունի 60 աստիճանը: Այդ իսկ պատճառով կարկինի բացվածքը ունի 60 աստիճանի անկյուն:

G տառը , որ հաճախ կարելի է տեսնել մասոնական կարկինի և անկյունաչափի խորհրդանիշի վրա ներկա մասոնական ընկալումներով նույնականացվում է Աստծո հետ, ինչպես հիմնական եվրոպական ծիսակարգերում , այնպես էլ և գլխավորապես ամերիկյան Գերագույն Օթյակների մասոնական միջավայրում. Ծիսակարգային նկարագրություններում դեռևս 15 դարից մինչև 18-րդ դարի սկիզբը այն մշտապես առնչվել է Geometry- Երկրաչափություն բառի հետ, որի ինքնին մասոնական ավանդույթում նույնականացվում է մասոնության հետ: 18 դարի սկզբին մասոնական ծիսակարգերում տեղի են ունենում զգալի փոփոխություններ, նորամուծություններ , այդ թվում հիմնարար կարգի, մասնավորապես 2 աստիճանային ծիսակարգը փոխարինվում է 3-ով, փոխվում է նաև 2-րդ աստիճանի ծեսը, տարբեր նոր ծիսակարգեր են առաջ գալիս, որոնցից յուրաքանչյուրը յուրովի էր մեկնաբանում այս կամ այն խորհրդանիշը կամ ծիսակարգային այս կամ այն բաղադրիչը և այլն: Եվ ահա , այդ ժամանակ առաջին անգամ ծիսակարգային փոփոխություն է տեղի ունենում ֆրսանսիացիների մոտ, որտեղ G տառն արդեն նկարագրվում է, ոչ միայն որպես Geometry , այլ նաև որպես Աստված, համարյա նույն ժամանակ որոշ անգլերենով գործող օթյակներում այն սկսում է օգտագործվել նույն ձևով, տարածվելով ողջ Եվրոպայում, բացառությամբ հենց Անգլիայի, որտեղ այն մինչև 18 դարի վերջը ընկալվում է , որպես glory, grandeur, geometry: Հետաքրքիրն այն է , որ մինչ մեր օրերը աշխարհում կան ծիսակարգեր, որոնք G տառը բացատրում են նաև այլ կերպ, օրինակ հին մասոնական ավանդույթներ ունեցող Իռլանդիայում այն բացատրվում է , որպես Օթյակի Մեծարգո Վարպետի «գաղտնաբառ»-ի առաջին տառը և այլն:

Մասոնական եռանկյան գագաթները, որոնք կազմում են մասոնական ծեսի տարաբնույթ բաղկացուցիչները.

Կյանք- Մահ- Բարձրագույն Էություն:
3 Գլխավոր լույսերը՝ Սուրբ Գիրքը, Անկյունաքանոնը և Կարկինը
3 երկրորդական լույսերը՝ Արևը, Լուսինը և Օթյակի Վարպետը
3 աշխատանքային գործիքները՝ յուրաքանչյուր աստիճանի համար (որոշ ծիսակարգերում դրանց թիվը տարբերվում է )
3 Գլխավոր պաշտոնյաները Օթյակում՝ Օթյակի Վարպետը, Ավագ և Կրտսեր Հսկիչները
3 Օգնական Պաշտոնյաները Օթյակում՝ Ավագ Սարկավագը, Կրտսեր Սարկավագը և Ներքին Պահապանը (Շոտլանդականում ՝ Փորձագետը, Ծիսակատարության Վարպետը և Պահապանը)
3 հիմնարար սյուները՝ Գեղեցկություն, Ուժ և Իմաստություն
3 հիմնարար առաքինությունները՝ Հույս, Հավատ և Բարեգործություն
3 հիմնարար արժեքները՝ Եղբայրական Սեր, Օգնություն և Ճշմարտություն
3 ծիսական սրահները ՝ տաճարում՝ սյունազարդ, նախասրահ, միջին սենյակ և Սրբության Սրբոց
3 սրբազան բաղադրիչները տաճարի օծման ՝ ցորենը, ձիթապտղի յուղը և գինին
Կարելի է շարունակել, սակայն հիշենք նաև շղարշը…

Այս եռաչափ ընկալման տարածքը բնորոշում է մասոնական զարգացման եռաստիճան համակարգը ՝ աշակերտ, ընկեր որմնադիր և վարպետ որմնադիր հարաճուն զարգացմամբ:
Այժմ դիտարկենք նույն եռաչափ համակարգը ընդհանրական տեսանկյունից:
Ծնունդ, կյանք և մահ
Նյութական-մարմին, գիտակցական- ոգի, հոգևոր-հոգի
Առաջին աստիճան մուտք գործելիս ձեռնադրվողը այլաբանորեն մուտք է գործում մի նոր աշխարհ, մուտքից առաջ թողնելով այն կյանքը, որտեղ փորձել է ընդունված բարոյական համակարգի մեջ լինել օգտակար և լավ անձ այն գիտակցությամբ, որը հատուկ է այդ աշխարհին, և հիմա, պատշաճորեն և ազատորեն պատրաստվել է այս նոր աշխարհի համար: Նրա պատրաստվածության չափանիշները սիմվոլիզմի մեջ բնորոշվում են նրա մետաղներից զուրկ և մերկ լինելը. այսինքն մուտք գործելով Օթյակ նա դատարկում է իր բեռը, խզում նյութականի հետ ամեն մի կապ և մաքրված արտաքին աշխարհից, սակայն հստակ գիտակցությամբ հանձն առնելու պարտավորություններ, որոնք առնչվելու են նրա հոգևոր զարգացմանը՝ որպես մի նորածին, որը ծնվելու է մի նոր աշխարհում՝ մութ վիճակից նոր լույս աշխարհ գալու, որպես մի նոր արև, գիշերային ճանապարհը անցնելով՝ նորովի ծագելու արևելքից, որպես մի նորելուկ աշակերտ, որը հյուսիս արևելքում իր առաջին քայլը պետք է անի իր իսկ տաճարի անկյունաքարը դնելով և սկսելով աշխատանքը քարի հետ: Առաջին աստիճանի ողջ ծեսը ուղղված է սիմվոլիկ ակնարկի՝ ձեռնադրվողը որպես մարմին՝ մարդկային իր թուլություններով հանդերձ հստակ ազդանշան է ստանում՝ ժուժկալություն. Խոսքի և մարմնական զգացողությունների: Առաջին աստիճանը նրան մղում է լռության ինքն իր հետ. ինքնավերլուծման, մարմնային-բնազդական զգայարանների ինքնակառավարման: Նրա թիվը 3-ն է: 3 թիվն արտացոլված է նրա քայլերում, նշաններում, պտույտներում և այլն: Շատ հաճախ որպես մասոնական սիմվոլ են նշում եգիպտական Հորուսի աչքը՝ որպես Ամենատես աչք, որը նաև Շիվայի աչքն է, կամ երրորդ աչքը, սակայն Հորուսի մեկ այլ պատկերն է է, որը ցայտուն բնութագրում է առաջին աստիճանի սիմվոլիզմը՝ մանուկ Հորուսը մատները դրած շուրթերին, կարծես շշնջալով… շ՜՜՜շշշ:
Ծիսական մանրամասները շղարշի ետևում են:

Երկրորդ աստիճանի սիմվոլիզմը բնութագրում է ձեռնադրվողի կյանքն ու փորձառությունը: Սա զուտ ուսուցողական աստիճան է, քանի որ ուղղված է ոգեղենին՝ մտքին ու սրտին, գիտակցությանն ու զգացմունքին (ոչ թե զգայարաններին) Այս աստիճանում ձեռնադրվողն արդեն սովորում է քարերի հետ իր գործիքներով կառուցել հանգույցներ, հարաբերվել իր եղբայրների հետ, կատարել պրակտիկ կրթական աշխատանքներ, գիտակցել ճշմարիտ արվեստների ու գիտության նշանակությունը իմացական մակարդակում, սովորել լինել ուժեղ մտոք, հաստատուն և ազնիվ իր գործողություններում: Նրան տրվում է վերելքի ճանապարհի մի պատկեր, որպես զարգացման ուրույն մոդել, որտեղ սկիզբը ծնունդն է, իսկ ավարտը և՛ կա և՛ չկա, քանզի իմացության ճանապարհը հավերժ է, սակայն նրա ավարտը Բարձրյալի բարեհաճության ընկալումն է: Նրա թիվը 5-ն է: 5 զգայարաններ, ճարտարապետական 5 հիմնարար ոճեր, հինգ ձեռնադրող պաշտոնյաներ, եղբայրության 5 կետերը, որոշ ծիսակարգերում 5 պտույտը և այլն:
Նա անցնում է 3+5+7 համաչափությամբ, ինչը նշանակում է, որ նրա հետ է ողջ Օթյակը, և այս աստիճանում է , որ նա սովորում է դառնալ եղբայրական շղթայի մի մասը, այդ իսկ պատճառով են նրա գործիքները նախատեսված հանգուցելու քարերը: Նրա տառն է ՛՛G’’ –ն, Մեծն Գեան՝ Երկրաչափությունը, որը նաև ճշմարիտ գիտությունների շարքում 5-րդն է: Անցնելով ճանապարհը նա ստանում է իր վաստակը, որին պետք է արժանի լինի: Ճանապարհի ավարտին նա իմացական մակարդակում պետք է պատրաստ լինի կառավարել նաև զգացմունքներն ու միտքը և ի վերջո գիտակցաբար ազատվել նաև այդ կապանքներից:

Երրորդ աստիճանի սիմվոլիզմն արդեն աշխարհիկ կյանքի ավարտն է բնութագրում, տաճարի կառուցման վերջնական փուլը, ուր ձեռնադրվող Վարպետ որմնադրին տրվում են վերջին գործիքներն արդեն տաճարի նախագծման և տաճարը վերջնական տեսքի ձևավորման համար: Այս աստիճանում է, որ առաջին անգամ ձեռնադրվողը հանդիպում է տաճարի ճարտարապետ Հիրամ Աբիֆի կյանքի և նրա մահվան մասոնական լեգենդի վերապատման գործընթացին և անցնում է դրա միջով: 3-րդ աստիճանը համարվում է բարձրագույն և վսեմ աստիճան. ինչու՞ , քանզի այստեղ է , որ նա փնտրում և սպասում է Բարձրյալի սրբազան խոսքին՝ ավարտելու աշխատանքները և անցնելու Երկնային Օթյակ: Այստեղ է, որ նա գնահատում է իր ապրած կյանքն ու ընկալում մահվան անխուսափելիությունն ու նույն այդ մահվան նկատմամբ իր վերաբերմունքը: Մահվան խորհրդանիշները նրան շրջապատում են ամենուրեք՝ հիշեցնելով, որ յուրաքանչյուր վայրկյան նա կարող է լքել այս աշխարհը, և այդ իսկ պատճառով պետք է պատրաստ լինի անցնելու այդ շեմը: Վարպետն է որ տաճարում առավելագույնս մոտենում է Սրբության սրբոցին Այստեղ է , որ նա ըմբռնում է հոգեղեն սկզբի հավերժությունը: Այս աստիճանում է , որ նրան տրվում է մի վերջին պատգամ՝ փնտրելու կորած խոսքը, այն խոսքը, որն իր հետ Երկնային Օթյակ տարավ տաճարի ճարտարապետը, և որի վերականգնումով է միայն, որ տաճարը կարող է լինել կատարյալ: Այս աստիճանում նա խորհրդանշորեն ստանում է իր ազատությունը՝ մերժելով իր աշխարհիկ կյանքի նյութեղենն ու մտավորը՝ ոչնչացնելով ինքն իրեն՝ հանձնվելու բարձրագույն աշխարհին: Նրա թիվն է 7-ը: Կատարյալը, որից հետո անվերջությունն է և նոր սկիզբը:

Մանրամասները շղարշված են:

Փակ դռներ իգական սեռի նկատմամբ

Մասոնական գիտությունը տարբեր կերպ է փորձում բացատրել, թե ինչու՞ կինը չի կարող մասոն լինել: Նախ, բոլոր կանոնավոր մասոնական իրավասությունները հետևում են հնամյա ուղենիշներին, որոնք հիմք են հանդիսանում կանոնավորության համար: Կնոջն արգելված է ընդունել մասոնական Օթյակ:
Այժմ տեսնենք, թե ի՞նչ բացատրություններ կան
Որոշ ուսումնասիրողներ պնդում են, որ կանայք, լինելով շատ ավելի լայնասիրտ և անկեղծ, չեն կարող պահպանել մասոնական գաղտնիքները: Մյուսները պնդում են, որ քանի որ մասոնն ինքնին քարտաշ որմնադիր է, ապա նման աշխատանքը դեռևս հնուց ՝հիմնվելով օպերատիվ որմնադրության սկզբունքների վրա կինը չէր կարող կատարել ֆիզիկապես, հետևաբար, նա չի կարող կատարել նույնը հոգևոր մակարդակում:
Ստորև ես կներկայացնեմ իմ զուտ անձնական կարծիքը՝ որպես ուսումնասիրող մասոն.

Դիտարկենք կյանքի արարման կազմախոսական գործընթացը, մասնավորապես, սպերմատոզոիդների և ձվաբջջի տեսքը և բեղմնավորման գործընթացը: Կանացի ձվաբջիջը իրենից ներկայացնում է արեգակի տեսքով մի գունդ, որն ունի իր ճառագայթները՝ թաղանթը և հմայող ուժը : Սպերմատոզոիդների կառուցվածքը ավելի բարդ է. նրանք բոլորն ունեն փնտրող թելային վերջույթներ(ին), որոնցով և շարժվում ու ձգտում են դեպի ձվաբջիջը: Ձվաբջիջն արարման նպատակով ընտրում է հազարներից միայն մեկին, ընդ որում ընտրում է ինքնուրույն: Եվ միայն ընտրյալն է, որ կարող է սկիզբ դնել արարման:

Մասոնական գործիքներից տրամալարը և հարթաչափը ունեն փոքրիկ ծանրությամբ թելիկային վերջույթներ, որոնց միջոցով քարտաշ որմնադիրը ստուգում է քարի ճիշտ դիրքը համապատասխանաբար ուղղահայաց և հորիզոնական ուղղություններով: Երկու դեպքում էլ վերջույթները փնտրում են և ինքնաբերաբար ուղղվում են դեպի Երկրի գրավիտացիոն միջուկը, այսպիսով ֆիքսելով ճիշտ ուղղությունը: Անկյունաքանոնը փնտրող գործիք չէ , այն արդեն միավորում և ամփոփում է այդ 2 գործիքի աշխատանքը և կատարում վերջնական ֆիքսացիան՝ այսինքն՝ քարը կարելի է տեղադրել. ՝ արարումն ավարտված է : Այս գործիքները փնտրում և գտնում են Գեային՝ Երկրի գրավիտացիոն կենտրոնը:

Դիտարկենք նաև որմնադրական ավանդույթի որոշ տարրեր, որտեղ կինը չլինելով որմնադրական հանրության մեջ, իր անմիջական դերն է խաղում որմնադրի կայացման ողջ ընթացքում:

Որմնադիրները համարվում են այրի կնոջ զավակներ, ինչպես և մեղվաընտանիքի մայր մեղուն: Փեթակն ինչպես գիտեք, նույնպես մասոնական հնագույն խորհրդանիշներից է:
Հիրամ Աբիֆը, որն ըստ մասոնական ավանդույթի Սողոմոնի տաճարի ճարտարապետն էր և բոլոր մասոնների նախատիպը՝ այրի կնոջ զավակ էր:
Հռութը, որպես այրի մի կին, սկիզբը դրեց գերդաստանի, որն աշխարհին նվիրելու էր Սողոմոնին: Բոազն էր, որ նկատեց նրան և վերցրեց կնության: Այն Բոազը, որի անունը հավերժացավ Օթյակի նյութական աշխարհը (մարմնական) խորհրդանշող սյան վրա:
Որմնադրական ծիսակարգի մի ողջ ծաղկաբույլ կրում է ազդեցությունը եգիպտական ծիսակարգերի, որտեղ հիմնական գործող անձը և որոշումներ կայացողը Իսիսն (Իշտարը) էր, բայց որը սակայն իր որոշումները իրականացնում էր միայն տղամարդկանց միջոցով:
Ինձ հատկապես տպավորեց մասոնական արվեստի վարպետներից՝
Որմնադրական առաջին սահմանադրության նկարազարդումներից մեկը, որն ունի հետաքրքիր սիմվոլիզմ: Դրա վրա բոլոր անձինք կանայք են. Ահա այդ նկարի պատկերազարդման նկարագրությունը:
Լույսն Օթյակի վրա է ընկնում կենտրոնում ՝ առաստաղի մոտ օդում՝ ամպերի վրա թևածող բարձրահասակ կնոջ ձեռքում պահված հայելու արտացոլանքից, այսինքն Լույսի և Օթյակի միջև կա արտացոլող հայելի, որն իր ձեռքում պահում է կինը, այդ կինը Ճշմարտությունն է: Նրան շրջապատում են 3 այլ կանայք, որոնցից մեկի ձեռքում Սուրբ Գիրքն է, մյուսում Սուրբ Գավաթը, երկրորդի մի ձեռքում ակացիայի ճյուղն է, մյուսում ճամփորդության ցուպը, իսկ երրորդը շրջապատված է մանուկներով. այդ 3 կանայք մարմնավորում են Հավատը, Հույսը և Սերը , կամ Բարեգործությունը
Նրանց հովանու ներքո մեկ այլ կնոջ հրեշտակային տեսքով պատկերված է մասոնության հովանավորն ու ջահակիրը ում ձեռքին է Գերագույն Վարպետին օծելու պատրաստ տարբերանշանը:
Այսինքն Օթյակի օծման և գործունեության պատասխանատուն այս կանացի առաքինություններն են:
Սա կարելի էր համարել մի ուսումնասիրող նկարչի աշխատանք, եթե նույնատիպ կանայք պատկերված չլինեին մասոնական բազմաթիվ գծատախտակներում: Այստեղ ես կհարգեմ որոշ եղբայրների իրավունքը և չեմ ներկայացնի դրանց նկարագրությունը, սակայն նշեմ, որ բոլոր մասոնական առաքինությունները պատկերային առումով մշտապես և այլուր ներկայացված են կանացի տեսքով:

Մասոնական խորհրդանիշային համակարգի մեջ կարևորագույն տեղ է զբաղեցնում ‘’G’’ տառը, որն ամերիկյան համակարգերում հիմնականում նույնականացվում է Աստծո հետ, այդ առումով հայկական օթյակներում ընդունվել է «է» տառը: Այդ տառը նաև նույնականացված է Geometria- երկրաչափություն բառի հետ: Գեոմետրիա, Գեա-երկիր և մետրիա- չափում: Գեան երկրի ու հողի աստվածուհին էր և ոչ աստվածը, այն շատ և շատ լեզվական համակարգերում զուգորդվում է մայր հասկացության հետ:
Պատերազմի հին աստվածները տղամարդիկ էին, սակայն Հաղթանակի կամ ռազմատենչության աստվածը կին էր:
Արևը, որի շարժումը երկնակամարում կրկնությունն է մասոնի շարժմանը ձեռնադրման արարողության ընթացքում, հայերենում չի իջնում, ինչպես անգլերենում, չի գլորվում դեպի ներքև ինչպես սլավոնական լեզուներում, կամ չի հեռանում, արևը ՝ «մայր» է մտնում, գնում է մոր մոտ…, որպեսզի հետո նորից ծագի, այսինքն ծնվի ՝«արևը մոր ծոցից ելավ»:
G –ն այս առումով չի խորհրդանշում Աստծուն, դա հզոր Gea-ն է, կինը. այն խորհրդանշում է Արարող լինելու մեր ճանապարհը՝ ճանապարհը առ Աստված:

Կարկինի ու անկյունաչափի դիրքն է որ նախանշում է մեր ուղին: G տառը չի գտնվում կարկինի վերևում, որպես Աստծո անուն, կամ խորհրդանիշ. Այն գտնվում է անկյունաչափի, որպես տղամարդ-ընտրյալի և կարկինի, որպես Աստծո գործիքի միջև, որպես մի մեդիում, որպես ուղեցույց և խաչմերուկ:

Այսինքն` կինը մշտապես, ինչպես և հին կրոնափիլիսոփայական պրակտիկաներից շատերում, հանդես է գալիս ոչ թե որպես իրադարձությունների կամ ձգտումների մասնակից, այլ դրանք ուղղորդող, կամ դրանց հմայող մի հզոր միջնորդ ու միջոց:

Նրա առաքելությունն է դա. կանայք միշտ եղել են բարձրագույն նպատակներին հասնելու համար որպես պահապան հրեշտակներ, տրանսֆորմացիայի միջոցներ, նրանց առաքելությունը աստվածային է: Մենք, տղամարդիկ, միշտ ձգտում ենք դեպի բարձունքներ՝ նրանք արդեն իսկ բարձունքում են, հաճախ իրենք էլ չգիտակցելով դա.

Ահա թե ինչու որմնադիրների շարքերում կանայք չկան ու չեն էլ կարող լինել, նրանք աստվածատուր միջոցներ են՝ նպատակին հասնելու համար:

Մասոնների և իլլիումինատների միջև կապը

1776թ. Իլլիումինատների խմբավորման սկիզբը դնելուց ամիսներ անց Ադամ Վեստհաուպտը
ձեռնադրվում է որպես մասոն բավարական օթյակներից մեկում, այնուհետև փորձում է մասոնության մեջ ներմուծել իր ռեֆորմիստական գաղափարախոսությունը, որի էությունը կայանում էր որոշակի մեթոդիկաների միջոցով վերափոխել ողջ մասոնական ծիսական ու գործառնական համակարգը: Չհաջողելով կատարել գլոբալ փոփոխություններ մասոնական օթյակներում, շարունակում է անդամակցությունը՝ նպատակ ունենալով մասոնական շարքերից ներգրավել նորաստեղծ միաբանության մեջ ինտելեկտուալների, և հետևաբար , որոշակի առումով հսկողություն հաստատել մասոնության նկատմամբ: Հատկապես շատ ակտիվորեն աշխատում է Ֆրանսիայի Մեծ Արևելքի անդամների հետ: Որոշ առումով դա նրան հաջողվում է և մի քանի տարվա մեջ միաբանությունը արդեն բազմաթիվ հետևորդներ ուներ: Սկզբնապես Միաբանության ստեղծման նպատակն էր դեիզմի գաղափարների տարածումը: Դեիզմը (լատ.deus-աստված) փիլիսոփայության ուղղություն է , որի հետևորդները ընդունում էին Բարձրյալի գոյությունը, նրա կողմից աշխարհի արարումը, սակայն մերժում էին կրոնական դոգմաները եվ միստիկ երևույթները: Այն որոշ առումով միջնադարյան գնոստիցիզմի ավանդույթներ ուներ և որպես նպատակ հռչակում էր գիտության և Աստծո գոյության գաղափարի դաշնակցությունը, այլ ոչ թե դրանց՝ իրար հակադրումը։
Միաբանության հիմնական և պաշտոնական գաղափարը մարդկության կատարելության ապահովումն էր «նոր Երուսաղեմի տաճար» կառուցելով: 1784թ. կաթոլիկ եկեղեցու պահանջով բավարական իշխանությունները արգելում են միաբանության գործունեությունը ու Վեստհաուպտը ազատվելով համալսարանի գիտական աշխատանքից մեկնում է Գոտա քաղաք, ուր և ապրում ու ստեղծագործում է մինչև կյանքի վերջը:
Վեստհաուպտին չհաջողվեց իրականացնել մասոնությունը վերափոխելու իր ռեֆորմը, քանի որ իլյումիզմի գաղափարները խաթարում էին հիմնական մասոնական արժեքները: Դավադրաբանական տեսության մեջ հայտնի է նրա Նոր աշխարհակարգ գաղափարը՝ առանց կաթոլիկ եկեղեցու, առանց կրոնական դոգմաների ՝ համաշխարհային հեղափոխության միջոցով:

Կապը «Եհովայի վկաների», մորմոնների և մասոնների միջև

Եհովայի Վկաներ կրոնական կազմակերպության հիմնադիր Չարլզ Ռասսելը մասոն երբև չի եղել և ոչ մի կապ չկա այդ կազմակերպության և մասոնության միջև:
Մորմոնական շարժման հիմնադիր Ջոզեֆ Սմիթի ընտանիքում և հայրը և ավագ եղբայրը մասոններ էին: Մասոնական Օթյակ ընդունվեց նաև ինքը Ջոզեֆ Սմիթը, որը նաև հիմնադրեց նոր Օթյակ, ուր անկանոն կերպով սկսեց ընդունել բազմաթիվ իր համակիրներին: Իլյանոիսի Գերագույն Օթյակը կասեցրեց այդ Օթյակի Գործունեությունը, սակայն որոշ ժամանակ հետո այն վերականգնվեց: Կարճ ժամանակամիջոցում մորմոններով համալրված Օթյակների թիվը հասավ 5-ի, իսկ աշխատանքները վերսկսվել էին նույն անկանոնությամբ: Որպես օրինակ նշեմ, որ Աշակերտ Որմնադրից մինչև Վարպետ Որմնադիր բարձրանալը, որը սովորաբար տևում է առնվազը մի քանի ամիս, կամ տարի, այս Օթյակներում տևում էր ընդամենը մի քանի օր: 1844թ. Գերագույն Օթյակը արգելեց այդ Օթյակների գործունեությունը և Սմիթը հեռացվեց մասոնությունից: Սկզբնապես, մորմոնական ծիսակարգը Սմիթի շնորհիվ մասոնական ծիսակարգի բազմաթիվ տարրեր էր օգտագործում, որոնցից որոշները տարիների ընթացքում ձևափոխվեցին:

Օգտ. Աղբյուրներ՝

Հայ մասոնների ֆեյսբուքյան խումբ՝ https://www.facebook.com/groups/1456778717882824

hy.wikipedia.org

Հեղինակ` Ռաֆայել Վարդանյան,

Խորհրդատու ուսուցիչ` Աշոտ Տիգրանյան:

Հիպերբորեա. Այլընտրանքային պատմության էջերից

Հիպերբորեա

(ուսումնական նյութ)

Հիպերբորեան տիպիկ օրինակ է նրա, թե ինչպես էին հին աշխարհում վերաբերվում և պաշտում հեքիաթային (նաև դիցաբանական, առասպելային, վիպական, էպոսային) հյուսիսային ժողովուրդներին, որոնք, այսպես ասած, հաճելի էին աստվածներին: Բայց, ինչպես ասում են, անգամ առաջին հայացքից պարզագույն ցնորք թվացող բաների մեջ կա ճշմարտության մասնիկ:

Հիպերբորեայի մասին առաջին գրավոր տեղեկությունները մեզ հասել են Հոմերոսից (XII-VII դդ. մ.թ.ա.) և Հեսիոդից (VII-VI դդ. մ.թ.ա.): Նրանց տված տեղեկություններից ստացվում է հետևյալը.

  • այնտեղ բոլորը ապրում են երանության մեջ, չեն ճանաչում ծանր աշխատանքը և վիշտը,
  • այնտեղ չկան փոթորիկներ, ջրհեղեղներ, ցուրտ ձմեռներ և այլն,
  • այնտեղ քամին փչում է օվկիանոսից,
  • այնտեղ տանող ճանապարհը գաղտնի է, փակված է մառախուղով, այդ իսկ պատճառով Հիպերբորեան փակ է մարդկանց աչքերի համար,
  • մահանում են շատ մեծ հասակում և տարիքի հետ չեն տկարանում, մահանում են այնպես, ասես ուղղակի քուն են մտնում,
  • առանց մարդու աշխատանքի` այդտեղի հողը մեծաքանակ բերք է տալիս և հավաքում են նրանք այնքան, որքան կամենում են:

Այնուհետև նրանց մասին են գրում շատ այլ պատմիչներ ու փիլիսոփաներ: Մեզ հայտնի է, որ հույները հին աշխարհի ամենազարգացած ժողովուրդներից էին: Նրանցից է ծնվել ժողովրդավարություն և ներկայիս աշխարհի շատ հիմնասյուններ: Բայց ըստ հունական դիցաբանության` Ապոլոնի` ծագումով հիպերբորեացի ծառաներ Աբարիսը և Արիստեյը եկան նրանց մոտ և սովորեցրեցին նրանց ամեն ինչ` գիտություն, արվեստ, պոեզիա և այլն: Այսինքն` հնուց ի վեր հույները կապում էին իրենց առաջընթացը Հիպերբորեացիների հետ:

Տեղակայում

 

Հիպերբորեայի գտնվելու վայրը ստույգ հայտնի չէ: Հույները, ըստ իրենց զարգացվածության և աշխարհը ճանաչելու մակարդակի, այն տեղակայում էին մերթ Ռիպեյան լեռներից այնկողմ (սկյութներից հյուսիս, այսինքն` ներկայիս Ռուսաստանի հյուսիսում), մերթ` կիմերների երկրի դիմացի օվկիանոսում գտնվող կղզու վրա: Ոմանք էլ նրանց տեղակայում են արդեն ջրի տակ անցած հիպոթետիկ կղզու կամ մայրցամաքի վրա, որը գտնվել է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի վրա:

Լիովին տրամաբանական կլինի այն ենթադրությունը, որ հյուսիսում` այդ ցուրտ տարածքում, չէին կարող բնակվել մարդիկ, էլ չասած, որ նրանց քաղաքակրթությունը շումերների և հույների քաղաքակրթությունից ավելի հին լինի, քանի որ հայտնի է, որ մարդկությունը առաջացել է Աֆրիկայի հարավից, այլ ոչ թե Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ափամերձ շրջաններից: Բայց գոյություն ունեն գիտնականներ, որոնք պաշտպանում են այն տեսակետը, որ այն ժամանակշրջանում (100 հազ.-10 հազ. տարի առաջ), երբ ենթադրաբար գոյություն է ունեցել Հիպերբորեան, երկրի վրա կլիման եղել է բոլորովին ուրիշ: Ըստ նրանց` դրա պատճառը եղել է Հյուսիսային բևեռի տեղադրության տարբերությունը ժամանակակցից 15-30 աստիճանով : 15˚ թեքության տարբերության պարագայում այն գտնվել է Հյուսիսային Ասիայից, Չուկոտկայից, Ալյասկայից ավելի հյուսիս: Հյուսիսային բևեռի կենտրոնը պետք է լիներ Գրենլանդիան: Հյուսիսային բևեռի նման դիրքի պարագայում Հյուսիսային Ասիայի, Ալյասկայի, Չուկոտկայի և Սիբիրի հատվածը կլիներ հյուսիսային լայնության 60˚-45˚-ներում, այսինքն` ներկայիս համեմատաբար բարեխառն գոտու տարածքում, փշատերև ու լայնատերև (մշտադալար) անտառներով և տափաստաններով:

30˚-ի տարբերության պարագայում Հյուսիսայի բևեռի մեջ պետք է մտներ Կանադայի մեծ մասը և ԱՄՆ-ի հյուսիս-արևելյան հատվածը: Այստեղից հետևում է, որ ամբողջ Եվրոպան և Ասիան պետք է ընկնեին Հյուսիսային բևեռից շատ ավելի հարավ, իսկ Սիբիրի և Չուկոտկայի տարածքը պետք է ընկներ հյուսիսային լայնության 45˚-35˚-ներում, այսինք` պետք է ունենար ներկայիս Հարավային Եվրոպայի, Թուրքիայի և Հյուսիսային Աֆրիկայի կլիման:

Ոչ վաղ անցյալում (24 հազ. — 12 հազ. տարի առաջ) կլիմատիկ զոնաների նման բաշխման մասին է վկայում Հյուսիսային Ամերիկայում սառցային նստվածքների առկայությունը: Դրանց գոյության պատճառը բացատրվում է միայն այս տեսանկյունից:

Ջրի մակարդակը

 

Հայտնի է, որ 1,6 մլն – 12 հազ. տարի առաջ համաշխարհային օվկիանոսի մակարդակը մեծ տատանումների էր ենթարկվում: Օրինակ` 70-55 հազ. և 24-10 հազ. տարի առաջ համաշխարհային օվկիանոսի մակարդակը եղել է 80-120 մետրով ավելի ցածր, քան հիմա: Իսկ 55-24 հազ. տարի առաջ համաշխարհային օվկիանոսի մակարդակը եղել է 70-100 մետրով ավելի բարձր: Հաշվի առնելով այն, որ Բարենցի, Կարայի, Լապտևների, Չուկոտյան, Արևելա-Սիբիրական ծովերը մեծապես իրենցից ներկայացնում են խութեր` 20-ից 50-100 մ խորությամբ և մինչև 20 մ խորությամբ առանձին ընդարձակ հատվածներով, դժվար չէ կռահել, որ վերոնշված ժամանակահատվածներում, երբ օվկիանոսի մակարդակը եղել է 80-120 մ ավելի ցածր ներկայիս մակարդակից, Արկտիկական խութերի մի ընդարձակ մաս, որոնք հիմա կազմում են նշված ծովերը, եղել է ցամաքի մաս, որը ընկած էր հյուսիսային լայնության 55˚-45˚, այսինքն` բարեխառն գոտու մեջ:

Այդպես, ըստ այս տեսության, Ասիայի հյուսիսում, Սիբիրում, Չուկոտկայում և Ալյասկայում նպաստավոր պայմաններ էին բուսական և կենդանական աշխարհի համար: Այնտեղ ապրում էին մամոնտներ և ռնգեղջյուրներ:

Մի հետաքրքիր մեջբերում Ու. Չաշիխինայի աշխատանքներից (կրճատումներով).

«Բերեզովկայում գտնված մամոնտի մոտ 9 սմ ճարպի շերտի հաստությունը վկայում է սննդի առատության և հայթայթման հեշտության մասին: Ուժեղ ցուրտը պետք է հանգեցներ ճարպի արագ այրման, որպեսզի պահպանվեր մարմնի ջերմաստիճանը: Հենց այդ պատճառով այնպիսի հյուսիսային կենդանիներ, ինչպիսիք եղջերուներն են, ունեն ճարպի փոքր շերտ: Ուրեմն, մամոնտները ակնհայտորեն չեն ապրել ցուրտ պայմաններում: Ինչպես և մամոնտները, արևադարձային գոտում ապրող ռնգեղջյուրներն էլ ունեն ճարպի նմանատիպ շերտ` հենց ցրտի բացակայության և սննդի առատության հետևանքով: Այն, որ մամոնտի մարմնի վրա եղել է առատ մազածածկույթ, չի հերքում այն, որ Սիբիրում եղել է տաք կլիմա, ինչպես մալազիական փղի մոտ առատ մազածածկույթը չի բացառում այն, որ նա բնակվում է Մալազիայում (Մալազիան գտնվում է հասարակածի վրա)»:

Աստվածաշնչյան Մեծ ջրհեղեղ

 

Ալյասկայում, Շոտլանդիայում, Ռուսաստանի Դաշնությունում և այլուր գտնվել են զանգվածային «թաղումներ»: Դրանք իրենցից ներկայացնում են տարբեր կենդանիների ոսկրային մնացորդներ, բույսերի շատ տեսակների, ծառերի, հողի և ցեխի կիսաքայքայված զանգված, խառնված ջրի հետ և սառցակալած, որից անտանելի գարշահոտ է գալիս: Որոշ նման հսկայական զանգվածներ եղել են թաղված սառույցի հաստ շերտի տակ` հավասարաչափ տարածված հսկայական մակերեսների վրա, 1300 մետր խորությամբ և ավելի: Այսինքն` եղել է մի ավերիչ ուժ, որը շատ արագ խառնել է այդ ամբողջը և նույնքան արագ թաղել է դա նման հսկայական խորությունների տակ, որից հետո այդ ամբողջը արագ պատվել է սառույցի շերտով: Նման օրգանական մատերիայի ուսումնասիրությունը բերեց նրան, որ նման բան կարող էր անել միմիայն Մեծ ջրհեղեղը, որը ամայացրել է ամեն ինչ` իր ճանապարհին արմատախիլ անելով բոլոր անտառները և բոլոր տեսակի ծառերը, պոկելով նրանց ճյուղերը և թողնելով միայն միջուկը, խառնելով այդ ամբողջը տարբեր տեղերից քշված-բերված այդտեղ հանդիպող բոլոր տեսակների կենդանիների հետ` մի մեծ ցեխակույտի մեջ, որոնց խորությունը, ինչպես ասացի, հսկայական մակերեսով տարածքների վրա անցնում է 1300 մետրից:

Ինչպես ասվեց, կա ենթադրություն, որ այդ ժամանակ երկրի բևեռը եղել է թեքված 15-30 աստիճանով: Հնարավոր է` նման մեծ ջրհեղեղի պատճառ կարող էր դառնալ երկրագնդի առանցքի, հետևապես և` բևեռների, տեղաշարժը: Ըստ հայտնի լեհ աստղագետ Լյուդվիգ Սեիդլերի (1966 թ.) հաշվարկների, բևեռների նման տեղաշարժի արդյունքում կարող էին առաջանալ ալիքներ, որոնց բարձրությունը կհասներ մինչև 5 կիլոմետրի: Նման պայմաններում ողջ մնալն ուղղակի անհնար էր: Դրանով է բացատրվում հսկայական տարածքների վրա մամոնտների, ռնգեղջյուրների և թրատամ վագրերի զանգվածային մահերը, իսկ երկրագնդի մյուս կողմում` Պատագոնիայում (Հարավային Ամերիկա), այն պատճառ է դառնում հսկայական զրահակիրների և ուրիշ կենդանիների մահվան:

Ամեն ինչ եղավ այսպես` երկրագնդի առանցքի տեղաշարժ, Մեծ ջրհեղեղ և ապա սառցակալում:

 

Միգրացիա

 

Եթե այդտեղ մարդիկ էին ապրում, ի՞նչ կարող էին անել: Բոլոր ողջ մնացածները պետք է փախչեին: Հավանաբար հենց այդ ժամանակ սկսվեց հիպերբորեացիների միգրացիան դեպի Հունաստան, Չինաստան, Հնդկաստան և այլուր:

Չդիմանալով ծանր պայմաններին և հետզհետե ահագնացող ցրտին` կենդանիները սկսեցին գնալ դեպի հարավ, իսկ մարդիկ էլ` նրանց ետևից: Տեղաշարժը տեղի էր ունենում շատ դանդաղ: Տեղափոխվելով նոր վայր` այդտեղ էին իրենց կյանքն անցկացնում մեկ-երկու սերունդ, որից հետո հեռացող կենդանիների հետևից տեղափոխվում էին նոր վայր:

Միգրացիայի հենց սկզբում հեռացող մարդիկ բաժանվեցին երկու խմբի: Հնարավոր է` դրա պատճառը Մեծ ջրհեղեղից առաջ ուղղակի լիճ կամ ջրամբար հանդիսացող  Նովոզեմելսկի անդունդի վերափոխումն էր ծովային ծոցի: Ովքեր բնակվում էին այդտեղից արևելք` գնացին դեպի հարավ, ովքեր բնակվում էին այդտեղից դեպի արևմուտք` գնացին հարավ-արևմուտք` Գոլֆսթրիմին  ընդառաջ: Նրանք բաժանվեցին երկու խմբի` ատլանտների (ասերի) և վաների: Ատլանտները գնում էին վաներից ավելի արագ և հասնում են բարեբեր հողով մի հարթավայրի, որ այսօր Հյուսիսային ծովի (Մեծ Բրիտանիայից արևելք) հատակն է: Այստեղ ատլանտները դառնում են հնդեվրոպացիների նախնիները: Վաները իրեն հերթին հասնում են Կենտրոնական Ասիայի հյուսիսային հատվածները, որոնք, հավանաբար, աշխարհի ամենաբարեբեր հող ունեցող տարածքներն էին: Ճանապարին վաները հանդիպում են բազմաթիվ հզոր ցեղերի ու ժողովուրդների և արագ սովորում պատերազմել: Նրանք զբաղեցնում են Հյուսիային Կովկասը, Իրանական բարձրավանդակը և Փոքր Ասիան` հիմնելով Էլամը և Խեթական տերությունը: Այդտեղից նրանք մտնում են Եվրոպա: Այդտեղ իրար հանդիպեցին ասերը և վաները: Ինչպես ավարտվեց պատերազմը պարզ է դառնում նրանից, որ ասերի ժառանգները` գերմանացիները, կարողացան լքել Հյուսիսային Գերմանիան վաների առաջին արշավանքից երկու հազար տարի հետո:

Այն ժամանակ, երբ վաները հարմարվում էին իրենց գրաված տարածքների վրա, Մեծ Տափաստանում ձևավորվում են արիացիները (Արիացիների և նրանց ձևավորման այլ տեսակետների մասին կշարադրենք ավելի ուշ. – Հ.Ղ.):

Արիացիների երկրորդ արշավանքը, որ տեղի ունեցավ II հազարամյակի կեսերին, էլ ավելի ահարկու էր: Նրանք մտան Յանցզի դաշտը, մտան Հնդկաստան, գրավեցին Բաբելոնը, Հիքսոսների անվան տակ գրավեցին Եգիպտոսը, ստեղծեցին Միտանիի թագավորությունը և օգնեցին թուլացող Խեթական տերությանը: Հենց այդ ժամանակաշրջանում է տեղի ունենում արիացիների երկրորդ արշավանքը դեպի Եվրոպա: Ասերը` նախագերմանացիները, պարտություն են կրում արիացիներից` նախակելտերից:

Այստեղ ավարտվում է այս տեսությունը նախապատմության մասին, և սկսվում է բուն պատմությունը:

Աղբյուրներ`

https://ru.wikipedia.org/wiki/Гиперборея

http://sokrovennik.ru/sledy-giperborei-ili-otkuda-nachalos-chelovechestvo

http://www.yperboreia.org/

http://www.dopotopa.com/

Հեղինակ` Հարություն Ղազարյան

Խորհրդատու ուսուցիչ` Աշոտ Տիգրանյան: