Ռեպորտաժ ուղղանկյուն տարածքից (հիվանդի մտորումներ)

Չվախենանք ճշմարտությունից` իրականության բառային կաղապարից:

Մաթեմատիկան բոլորի համար մեկն է, իսկ հոգեբանությունն ու սոցիոլոգիան` մանկավարժության ապօրինի ծնողները, տարբեր էթնիկական հանրույթների և հասարակական խմբերի համար տարբեր են: Իսկ առանձնահատկությունները երկու տեսակ են` օրինաչափությունների դրսևորման ձևով և բովանդակությամբ (Ձեր մտքում համեմատեք նիդերլանդական, անգլիական և ֆրանսիական հեղափոխությունների ընթացքը և հետևանքները), և պարզապես առանձնահատկություն (և´ ազատականները, և´ խնջույքային հայրենասերները հայ ժողովրդի բազմաթիվ եղած ու չեղած առանձնահատկություններ կնշեն: Չմրցենք նրանց հետ):

Իսկ այժմ գանք հանրակրթական դպրոց: Այստեղ, եթե Հայաստանում է, չեն կարող գործել ո´չ ֆիննական, ո´չ կորեական, ո´չ էլ մեկ այլ` իրենց համար արդյունավետ, մանկավարժական սկզբունքներ: Հատկապես ուսուցիչ-աշակերտ հարաբերությունների գերզգայուն ոլորտում: Նշված հարաբերությունների կառուցման մեկ սկզբունք պետք է գործի` արդարության սկզբունքը: Առանց քաղցր-մեղցրության և անսիրտ հարգանքաձևերի: Հնարավոր չէ սիրել բոլորին: Հնարավոր չէ բոլորի հետ պահել պաշտոնական` ֆորմալ, հարաբերություններ: Հնարավոր է և պետք է բոլորի նկատմամբ լինել արդար: Անկախ նրանից դիմացինդ մարդկային տեսակի դրական դրսևորում է, թե` բացասական: Ավելին` հակասական է և անկանխատեսելի: Անկախ նրանից Հայրենիքի զինվոր է (հասկացության ամենալայն իմաստով), թե թույնի չափաբաժինն անընդհատ ավելացնող անհատականություն: Հղումներ չեմ անի: Ինքներդ կարող եք գտնել և կարդալ այն բազմաթիվ ուսումնասիրություններից գոնե մեկը, որտեղ գիտականորեն ապացուցվում է, որ երեխան ծնվում է որոշակի հակվածություններով, որոնք էլ իրենց հերթին կարող են ամրակայվել ընտանեկան մթնոլորտում:

Ինչ է նշանակում լինել արդար: Պարզապես մեկի արածը չվերագրել մյուսին: Չանտեսել վատ մարդու (եկեք մատչելի բառեր օգտագործենք) դրական արարքը և լավ մարդու ստորությունը: Գնահատել`  մեզ պահելով մեր զգացմունքները: Ներել առանց մեր սիրո ծավալի հաշվառման: Ատելությունից չեմ խոսում, որովհետև այն պետք է բացառվի, և ոչ միայն դպրոցում: Իսկ արարքն (արարք է նաև գիտելիքների, կարողությունների և հմտությունների դրսևորումը) արդարորեն գնահատելուց հետո, կանչեք նրան ում համար ցավում է Ձեր սիրտը, և օգնեք` ինչքան կարող եք, և ինչով կարող եք` խորհուրդ, դիտողություն, զգացմունքային մենախոսություն, անկեղծ երկխոսություն, բարոյա-հոգեբանական ահաբեկչություն և այսպես շարունակ:

Արդարության սպիտակ արևի քնքուշ ճառագայթները պետք է շոյեն բոլոր նրանց հոգիները, ովքեր մտնում են դպրոց կոչվող տարածք: Որպեսզի այստեղից ծագի Չորրորդ Հանրապետության սոցիալական արդարությունը և ազգային արժանապատվությունը:

Իսկ ինչ անել նրանց հետ, ովքեր անարդար են սկզբունքորեն: Եթե անարդար է երեխան, հարկ է նրան համառորեն, հետևողականորեն, իրեն հարազատ բառապաշարով բացատրել, որ անարդար լինելը ձեռնտու չէ, որ անարդարության բումերանգը ցավոտ է հարվածում: Եթե չկարողանանք համոզել, ուրեմն տանուլ ենք տվել այդ ճակատամարտը: Բայց անարդար երեխայի նկատմամբ անարդար չլինենք: Իսկ, եթե անարդարության ջատագով է (ջատագով, որովհետև վրիպում են բոլորը) չափահասը, ապա սեպը սեպով են հանում` անարդար լինենք նրա նկատմամբ: Չնկատենք դրականը, ընդգծենք բացասականը: Դաժա՞ն է: Այո´: Բայց միշտ էլ դառն է բուժամիջոցը:

Ես համոզված եմ, որ իմ այս մտորումները կզայրացնեն շատերին, տարակուսանքի ճահիճը կնետեն շատ-շատերին: Բայց ես իջեցնում եմ իմ վահանը և կուրծքս բացում Ձեր նետերի առջև (նիզակները ցավոտ են):

Իրավացի էր Սև Իմաստասերը, երբ բարբառեց. «Միամիտ մարդը նման է անզեն գլադիատորի»:

27.10.2016                      ©                        Աշոտ Տիգրանյան

Թողնել մեկնաբանություն