Ավատականացող երկրում` ընդդեմ ամբողջատիրության

Նախընտրական իրականությունն էլ ավելի կարևորեց «Ամբողջատիրություն» նախագծի իրականացումը: Գործընկերների հետ կապերն ամրապնդելու և զարգացնելու, ինչպես նաև` մասնագիտական խորհրդատվություն ստանալու նպատակով հանդիպեցի պատմական գիտությունների թեկնածու, Հայաստանում ԽՍՀՄ ամբողջատիրության շրջանի քաղաքական բռնաճնշումների դրսևորումների և դրանց հասարակական ներկա ընկալումների հետևողական հետազոտող Հրանուշ Խառատյանի հետ: Մենք պայմանավորվեցինք, որ տիկին Խառատյանը «Ամբողջատիրություն» երևույթի, նրա խորհրդային տարբերակի ու դրա արդի հետևանքների մասին վարպետության դաս-քննարկում կանցկացնի կրթահամալիրի սովորողների նախագծային խմբի հետ:

Սակայն ավելի կարևոր է իմ և աշակերտներիս մասնակցությունը «Armenia total (itar) is» ծրագրի (իրականացնում են ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը, «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը և «Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցությն ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը) հետազոտական խմբի աշխատանքներին, որի շուրջը ձեռք բերեցինք սկզբունքային համաձայնություն:

Ամբողջատիրության բաղկացուցիչները սփռված են Հայաստանով մեկ: Հրեշի վերադարձի հավանականությունն աճում է: Իսկ մենք…

30.03.2017                      ©                              Աշոտ Տիգրանյան

Խաղարկային դատարանի երրորդ շնչառությունը

Քանի որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Տիգրան Դադունցը սյունեցի է, իսկ ես էլ որոշակի լումա եմ ներդրել Սյունիքում, մեր գործնական հանդիպումը ջերմության երանգներով հարստացավ:

Պայմանավորվեցինք`

  1. Ուսանողները կմասնակցեն կրթահամալիրի կազմակերպած հասարակագիտական ստուգատեսին վարպետության դասերով և երկու մրցութային անվանակարգերում` գիտական կամ գիտահանրամատչելի հոդված և հրապարակախոսական հոդված;
  2. Կրթահամալիրի «Խաղարկային դատարան» կառույցի գործունեությանը իրավագետ ուսանողների մասնագիտական մասնակցությունը փոխադարձաբար օգտակար կլինի;
  3. Իրավական թեմաներ (կհրապարակվեն մոտ օրերս) սովորողների համար կազմակերպել անհատական երկարաժամկետ խորհրդատվություն:

Երևանի պետական համալսարանի արդեն հինգերորդ ֆակուլտետն է, որ համագործակցության մեր առաջարկին պատասխանում է բարյացակամ և գործնական «Այո»-ով:

06.03.2017                                  Աշոտ Տիգրանյան