Ճուտիկը, որ պահում էր երկինքը (նորագույն տարբերակ)

Ճուտիկը, որ պահում էր երկինքը, մեծացավ և դարձավ աքաղաղ: Ու մի օր արևը ծագեց նրա ծուղրուղուից առաջ: Վրդովվեց նա և սկսեց պահել երկիրը: Այդ օրվանից նախկին ճուտիկի ոտքերը թրքոտ են:

Դաժան առակ

Աշուն էր: Եվ տղան ու աղջիկը սիրեցին իրար, որ չտխրեն ծաղիկները:

Ձմեռ էր: Ու տղան և աղջիկը գրկեցին իրար, որ չմրսեն հոգիները:

Գարուն է: Տղան և աղջիկը նոր կյանքով են հմայված:

Ամառը կգա: Տղային կգտնի լեռներում, աղջկան` լողափին:

Իսկ Երևանի ասֆալտն այս տարի չի հալվի:

Արծիվն ու կաղնին (նորագույն տարբերակ)

Եվ կրկին վիճեցին արծիվն ու կաղնին, թե իրենցից ով է ավելի երկար ապրում: Բայց վիճեցին նաև որսորդն ու փայտահայտը, թե ով է ավելի հմուտ իր գործում: Իսկ միայնակ սպիտակ գայլն առանց ոռնալու որսի է դուրս գալիս:

Հեղինակային առակ

Տիեզերքի խաչմերուկներից մեկում հանդիպեցին Անցյալը, Ներկան ու Ապագան: Եվ գանգատվեց Ներկան Ապագային, որ չի կարողանում ազատվել Անցյալի ներկայությունից: Իսկ Ապագան շշնջաց. << Ես Անցյալի բումերանգն եմ>>:

Երբ փողփողում են դրոշները

Հաղթանակի բերկրանքն է թևածում Հայոց Աշխարհի այս անկյունում` Հայաստանի Հանրապետությունում: Էթնոգործիքները` թմբուկ և վուվուզել, ավետում են, որ վիշապի գլուխները պակասել են` ավատատիրա-բուրժուական համակարգը ճեղքեր է տվել: Իսկ «լռակյաց մեծամասնությունը» (ասում են քաղաքագիտական եզրույթ է) ի հեճուկս իշխանության և ժողովուրդ-քաղաքացիների, հավատարիմ իր բնույթին լռում է: Ինչի՞ մասին: «Վերջապես»: «Չեմ հավատում, որ կզիջեն»: «Օտար խաղեր են»: «Հեղափոխությունից օգտվում են …»: «Մեծ պետությունները (անունների թվարկումը թողնում ենք ընթերցողին) չեն թողնի ստեղծել ժողովրդի ուզած Հայաստանը»: Եվ այսպես շարունակ: Միայն այլմոլորակայինները դեռ հայաստանյան իրադարձությունների գործոն չեն դարձել:

Իսկ վաղը (հուլիսին, սեպտեմբերին, երբևիցե) ընտրություններ են: Ասում են արտահերթ: Բայց այդպիսի ընտրությունների սպասում ենք (ոմանք նույնիսկ պայքարել են դրա համար) 27 տարի: Ավելի՞ երկար էր պետք հերթի կանգնել, որ այն հասներ:

Եվ ի՞նչ: Ո՞վ կհամարձակվի (ռոմանտիկները և կիսագրագետները ցուցակից դուրս են) պնդել «լռակյաց մեծամասնության» ձայների կուսակցականաբախշման իր վարկածի հավանականության բարձր տոկոսի վրա:

Սոցիոլոգնե՞րը: Նրանք վարկաբեկված են: Ֆուտուրոլոգնե՞րը: ՀՀ-ում չկան: Քաղաքագետնե՞րը: Այդ կուսակցականացված խոսող գլուխնե՞րը: Քաղտեխնոլոգնե՞րը: Ովքեր լավագույն դեպքում գործընթացի մի ժամանակահատվածի վերլուծաբաններ են: Իսկ գուցե՞ պայծառատեսնե՞րը: Նրանք այլ ոլորտում են փող աշխատում:

Լռակյաց մեծամասնությու´ն, աո~ւ…

03.05.2018                ©                   Աշոտ Տիգրանյան