Իրավիճակի նկարագրություն՝
Ավարտված ուսումնական տարվա արդյունքներով առկա է հետևյալ առարկայական իրականությունը՝ դասարանի սովորողները, բացի՝ Աբրոյան Էրիկից (ներառական սովորող), բաժանվում են երկու խմբի: Առաջինը՝ Գրիգորյան Վահե, Խաչատրյան Արշիլ, Հարությունյան Դավիթ, Միկաիլ Մարկ, Մկրտչյան Հայկ, Վարդումյան Նանե, Ղարիբյան Դավիթ, Մկրտչյան Էլեն, Նուրջանյան Մանե, Շահնազարյան Դավիթ, Մալյանց Արմեն, գտնվում է հմտությունների ձևավորման ճանապարհին, իսկ երկրորդը՝ Ավագյան Աստղիկ, Երիմյան Լիլիկ, Թադևոսյան Ռուբեն, Հովհաննիսյան Վահե, Մանուկյան Ռոբերտ, Նալպանտեան Վիթալի, Սահակյան Լևոն, Պողոսյան Դավիթ, Հաջյան Արմեն, կարողությունների ամրակայման: Բնականաբար, երկրորդ խմբում սովորողների քանակի կրճատումը նոր ուսումնական տարվա իմ նպատակներից մեկն է: Էրիկի ծնողի հետ համագործակցության մակարդակի շնորհիվ սովորողը կաշխատի իր անհատական առաջադրանքային փաթեթով:
Դասավանդման նպատակներ՝
- Պատմական երևույթների և իրադարձությունների պատճառահետևանքային կապերի բացահայտում (սովորողների առաջին խմբի համար հասնել հմտության մակարդակի, իսկ ՝երկրորդ խմբի համար՝ կարողության մակարդակի);
- Սովորողների բանավոր և գրավոր խոսքի զարգացում (սովորողների առաջին խմբի համար հասնել հմտության մակարդակի, իսկ ՝երկրորդ խմբի համար՝ կարողության մակարդակի);
- Հասկացությունների սահմանում (սովորողների առաջին խմբի համար հասնել հմտության մակարդակի, իսկ ՝երկրորդ խմբի համար՝ կարողության մակարդակի);
- Պատմական օրինաչափությունների, նրանց դրսևորման առանձնահատկությունների իմացություն:
Դասավանդման խնդիրներ՝
- Հարց ձևակերպելու, հարցին կոնկրետ պատասխանելու, տեսակետ հայտնելու և պաշտպանելու, իրականության բաղկացուցիչների փոխազդեցության ընթացքը հետազոտելու կարողությունների զարգացում ու հմտությունների ձևավորում;
- Գիտելիքների յուրացման, կարողությունների և հմտությունների ձևավորման ու զարգացման գործընթացի անընդհատության ապահովմանը միտված կամքի կայունացում;
- Մտային գործունեության ոլորտում սովորողի համագործակցային կարողությունների և հմտությունների ամրակայում;
- Արգելված և այլընտրանքային պատմության իմացություն;
- Անցյալի գիտական և գեղարվեստական վերակառուցման իրականացում;
- Սովորողի նախաձեռնողականության խթանում;
- Սովորողների օժտվածության բացահայտում, զարգացում և հանրայնացում:
Մանկավարժական մոտեցումներ`
1. Ուսումնական բովանդակության միակողմանիության բացառում;
2. Սովորողի անհատականությունը կրթական գործընթացի գործոն;
3. Նախագծային ուսուցում;
4. Թվային միջոցներն աշխատանքային գործիք;
5. Հումորը և ոչ ստանդարտ առաջադրանքները սովորողի կարողությունների զարգացման և հմտությունների ձևավորման ամենօրյա խթան;
- Սադրանքի մեթոդի ակտիվ կիրառում:
Ուսումնական միջավայր`
1. Ֆիզիկական միջավայր (դասասենյակ, լաբորատորիա,բակ, զբոսայգի, թանգարան, արխիվ, աշխարհագրական և պատմական օբյեկտներ, կրթական և գիտական հաստատություններ);
2. Վիրտուալ միջավայր (կայքեր, բլոգեր, սոցցանցեր և էլեկտրոնային հաղորդակցության այլ տարածքներ):
Ուսուցման կազմակերպումը`
- Ուսումնական նյութի մեկնաբանություն;
- Բանավոր և գրավոր դասարանական աշխատանք
- Դաս-քննարկում;
- Համատեղ դաս այլ մասնագետի հետ;
- Ինտերակտիվ դաս;
- Տարատարիք սովորողների համատեղ դաս;
- Սովորողը որպես լիարժեք դասավանդող;
- Դասի նախապատրաստություն սովորողի կամ սովորողների խմբի հետ;
- Դասի վերլուծություն սովորողի կամ սովորողների խմբի հետ;
- Համատեղ դաս այլ կրթական հաստատության սովորողների հետ;
- Արտակրթահամալիրային մասնագետի դաս;
- Պատմական վերակառուցման դաս;
- Դաս-շնորհանդես;
- Արշավային դաս:
Կապն այլ դասընթացների հետ
Մշակույթի (լայն իմաստով) պատմությունը դասավանդվելու է մյուս առարկաների ու դասընթացների մասնագետների հետ համատեղ:
Առարկայի բովանդակությունը`
- Անցյալի իրականության առանցքային երևույթներից հեղափոխության և ազատագրական պայքարի նախադրյալները և դրանց դրսևորման առանձնահատկությունները – 4 ժամ
- Եվրոպական հեղափոխություններ. համեմատական բնութագիր – 4 ժամ
- Հայոց ազատագրական պայքարի դրսևորումները XVIII դարում — 4 ժամ
- Անհատի դերը պատմության մեջ XVII-XIX դարերի քաղաքական և ազգային գործիչների օրինակով – 4 ժամ
- Ավանդական հասարակություն. օրինաչափություններ և առանձնահատկություններ – 4 ժամ
- XIX դարի առաջին կես. Հայաստան և աշխարհ – 4 ժամ
- XVII դարից մինչև XIX դարի կեսերի մշակութային (նեղ իմաստով) իրականությունը. Հայաստան և աշխարհ – 4 ժամ
- Հայերի սոցիալ-տնտեսական վիճակը XIX դարի երկրորդ կեսին – 4 ժամ
- Ձմեռային ճամբար
- Արդյունաբերական հասարակության երկրորդ շրջափուլի մեկնարկը – 4 ժամ
- Հայկական հարցը. անցյալ, ներկա, ապագա – 4 ժամ
- Ազգային հիմնախնդրի լուծման համաշխարհային փորձը – 4 ժամ
- Հայոց ազատագրական պայքարը XIX դարի կեսին և XX դարի սկզբին. իրականություն և դասեր – 4 ժամ
- Գաղափարախոսություններ և կուսակցություններ. աշխարհ և Հայաստան – 4 ժամ
- XIX դարի երկրորդ կեսի և XX դարի սկզբի մշակութային (նեղ իմաստով) իրականությունը. Հայաստան և աշխարհ – 4 ժամ
- Հայկական գաղթավայրերը նոր շրջանում – 4 ժամ
- Տարեվերջյան ամփոփումներ և ամառային նախագծերի ձևակերպումներ – 4 ժամ
- Ամառային ճամբար
ՈՒսումնահետազոտական աշխատանքների թեմաներ՝
- Հայոց ազատագրական պայքարը XVII դարի II կեսից մինչև XX դարի սկիզբը (համառոտ ակնարկ);
- Հայկական պետության վերականգնումը XVIII դարում;
- Հայկական իրականության լուսավորիչներ;
- Ֆիդայական պայքար. նպատակներ, արդյունքներ և դասեր;
- XIX դարում և XX դարի սկզբին հայերի հարաբերությունները հարևան էթնոսների հետ;
- Հեղափոխություն. տեսություն և գործնական իրականացում;
- Եվրոպական հեղափոխությունների համեմատական բնութագիրը;
- Ասիական հեղափոխությունների համեմատական բնութագիրը;
- Կուսակցությունները գաղափարակիցների կազմակերպման բարձրագույն աստիճան. նախադրյալներ, գաղափարախոսություններ, իրականություն;
- Հայկական կուսակցություններ. առանձնահատկություններ և գործունեության դասեր;
- Դրամատիրական համակարգի ձևավորումը և զարգացումը;
- Համաշխարհային մշակույթը նոր ժամանակներում;
- Միջպետական հարաբերությունները նոր ժամանակներում;
- Անհատի դերը պատմության մեջ;
- Դեպի աշխարհամարտ տանող ճանապարհը:
Ենթաթեմայի ձևակերպումը և այդ ուղղությամբ հետազոտական աշխատանք իրականացնելը սովորողի իրավունքն է:
Գնահատում
Գնահատումն իրականացվում է 10 բալանոց համակարգով ամիսը մեկ անգամ, հետևյալ բանաձևով` ԴՄ + Տ + ՀԱ + Թ = ամսական գնահատական, որտեղ ԴՄ-ն ամսվա դասարանական աշխատանքների (գնահատվում են յուրաքանչյուր շաբաթվա երկրորդ դասի ավարտին 6 բալանոց համակարգով) միջին գնահատականն է; Տ-ն` տնային առաջադրանքների գնահատականը (դրվում է յուրաքանչյուր ամսվա վերջին 3 բալանոց համակարգով); ՀԱ-ն` հետազոտական աշխատանքների գնահատումը (5 բալանոց համակարգով); Թ-ն` թարգմանությունների գնահատումը (եվրոպական լեզուներից թարգմանության մեկ էջը 1 բալ, այլ լեզուներից թարգմանության մեկ էջը 3 բալ): Եթե ամսվա վերջին սովորողի հավաքած բալերը գերազանցում են 10-ը, ապա նա իրավունք ունի համադասարանցուն փոխանցել 1-2 բալ (նրա հետ անհատական խորհրդատվություն անցկացնելու պայմանով), 1-3 բալ գումարել իր այլ ամիսների բալերի քանակին, 2-4 բալի դիմաց պարգևատրվել անցյալի և ներկայի իրականությունն արտացոլող ամսագրերի նվազագույնը 5 օրինակով, 5-7 բալն օգտագործել իր առաջարկած բովանդակությամբ և երթուղով, գիշերակացով ուսումնական ճամփորդություն կազմակերպելու համար: