Նախագծային ուսուցման խութերը (մայիսյան հավաքին ընդառաջ)

«Նախագիծ» հասկացությունը տարաբնույթ սահմանումների և տարամակարդակ մեկնաբանությունների «զոհ» է: Այս տեքստում այդ լաբիրինթոսից որպես ելք ներկայացնում ենք երկու նախագիծ` հասուն «Բռնադատվածներ»-ը և մանուկ «Կրթական ինքնավարոթյուն»-ը: Շահագրգիռ ընթերցողն ինքն այդ նախագծերի ձևակերպումներից կարող է ածանցել մեր պատկերացումը նախագծի և նրա իրականացման կենսոլորտի մասին:

Վերադառնանք սույն տեքստի վերնագրին: Նախագծային ուսուցման խութերը երկու մեծ խմբի են բաժանվում` առարկայական և ենթակայակն: Վերջիններիս հաղթահարումն անհամեմատ բարդ է, քանզի արմատներն անհատի (ծնող, սովորող, դասավանդող, բնակիչ) սոցիալ և էթնո հոգեբանական կաղապարների հանգուցակետում են: Ծնողը որպես կանոն իր դպրոցական իրականության պատանդն է, նաև` իր չիրականացրած երազանքները երեխայի վրա պրոյեկտողը: Սովորողը խուսափում է «լրացուցիչ ծանրաբեռնվածությունից» (եթե ավագ դպրոցում է գրանցված) կամ մասնակցում է թվանշանի բարձրացման ակնկալիքով (եթե միջին դպրոցի սովորող է): Դասավանդողը «ճղվում է» հանրակրթական առարկայի նվազագույն անհրաժեշտ բովանդակության և նախագծյին հեղեղի միջև: ՀՀ տարածքում բնակվողը, որը որևէ նախագծի ենթադրյալ շահառու է կամ «լռակյաց մեծամասնության» (Երրորդ ուժի) ներկայացուցիչ է, կամ սոցիալական պայքարի մարտիկ: Ատելության թույնով ինքնասպանվողները հաշիվ չեն:

Մինչև այստեղ դիմացած ընթերցողը կբացականչի. «Դու քեզ իրատես ես համարում, բայց քո վերոշարադրանքը սև ակնոցների արգասիք է»: Եվ նա մասամբ իրավացի կլինի:

Այո´, կան ծնողներ, որոնք հարգում են իրենց երեխաների անհատականությունը և ոչ միայն չեն վախենում նորարարություններից, այլև աջակցում են նրանց կենսագործմանը: Նրանք քիչ չեն, բայց ընդունեք, որ մեծամասնություն չեն, նույնիսկ` մեր կրթահամալիրում: Այո´, կան սովորողներ, որոնք հենց այսօր են ցանկանում (և լինում) օգտակար ազգին, պետությանը և հասարակությանը: Նրանք քիչ չեն, բայց ընդունեք, որ մեծամասնություն չեն, նույնիսկ` մեր կրթահամալիրում: Այո´, կան դասավանդողներ (ավելի ճիշտ` ուսուցիչներ), որոնց գործունեության առանցքը սովորողի (ավելի ճիշտ` աշակերտի) եռամիասնական` մտավոր, հոգևոր և կազմախոսական, զարգացումն է, իսկ մնացածը` հանրակրթական առարկա, նախագիծ, սոցիալական շփում, իրավունքներ, պարտականություններ և այլք, սոսկ արժեհամակարգի ձևավորման և ամրակայման գործիքակազմի բաղկացուցիչներ են: Նրանք քիչ չեն, բայց ընդունեք, որ մեծամասնություն չեն, նույնիսկ` մեր կրթահամալիրում: Այո´, Հայաստանի Հանրապետությունում կան բնակիչներ, որոնք «Քաղաքացի» պատվանունը կրելու բարոյական իրավունք ունեն: Նրանք իրականացրեցին Հայկական Երկրորդ Հեղափոխությունը (որն ի դեպ արդեն վտանգված է): Նրանք քիչ չեն, բայց ընդունեք, որ մեծամասնություն չեն, նույնիսկ` մեր կրթահամալիրում:

Մենք ցույց տվեցինք ենթակայական թիրախները, որոնք պետք է խոցվեն հատ-հատ:

Իսկ առարկայական խութերը` նախարարություն, կազմակերպչական խնդիրներ, ֆինանսական հիմնախնդիր, կդառնան ընդամենը մի ցատկով հաղթահարվող ջրափոս, եթե վերը հիշատակված որակը քանակական առավելության հասնի:

Մինչև այստեղ հասած ընթերցողը կզարմանա. «Հիմա էլ գունավոր ակնոց դրեցիր»: Իմ համբերատար ընթերցողի այս հարցադրմանը կպատասխանեմ Անանուն Իմաստասերի մի ասույթով. «Ձնծաղիը շտապել է, թե ուշացել, որոշում է բնությունը»:

 

08.05.2019                    ©                   Աշոտ Տիգրանյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s