Վադուլ լուի Վոդեի դասերը (հայկական իրականություն վերադառնալիս)

Հիմք ընդունելով մեր թիմի ներքին աշխատաբաժանումը ես կձևակերպեմ և համառոտակի կմեկնաբանեմ այն դասերը, որոնք ակնհայտ էին միջազգային պատանեկան խաղաղության ճամբարի գործունեության ողջ ընթացքում: Հուսով եմ, որ իմ շարադրանքը կամ գոնենրա որոշ հատվածներ օգտակար կլինեն այն գործընկերներիս և սովորողներին, որոնք կմասնակցեն այլ միջազգային ճամբարների, իսկ վերջիններիս թիվը կբազմապատկվի: Դրանում ես ավելի քան համոզված եմ: Հարկ եմ համարում ընդգծել, որ դասերի հերթականությունը կարևորության աստիճանակարգում չի ենթադրում:

Դաս առաջին. Կաղապարների կոտրում և կանխակալ կարծիքների վերանայում

Մեր դեպքում խոսքը հիմնականում էթնոսոցիալական կաղապարների, այդ թվում` սեփական անձի էթնիկական ինքնագնահատականի, և այլ էթնոսների ու նրանց ներկայացուցիչների մասին ձևավորված , հաճախ` իրականության հետ քիչ աղերսներ ունեցող, կարծիքների մասին է: Բնական է, որ պատանիներն անհատի բնութագրի (հատկապես` դրական) հարացույցը ենթագիտակցաբար ձգտում են տարածել նրա էթնիկական ամբողջականության` ժողովրդի կամ ազգի վրա:

Մենք Մոլդովայից վերադառնում ենք այլ էթնոսների և ռասաների հետ համագործակցելու լիցքով: Չնայած նոր կաղապարների, թեկուզ` դրական բովանդակությամբ, ձևավորման վտանգ կա, բայց անձնավորված տեղեկույթի բազմաբնությանությունը ճկուն, իրատեսական, իմացական և լավատեսական մտահամակարգի ամրակայման բարձր հավանականության դաշտ է ստեղծում:

Դաս երկրորդ. Նախապատրաստական շրջանը կարևոր է նաև թիմի ձևավորման տեսանկյունից

   Նախապատրաստական շրջանը երկու հիմնական բաղկացուցիչ ունի` բովանդակային և թիմի ձևավորում: Բովանդակային նախապատրաստությունն իր հերթին երկու համաժամանակյա փուլերից է բաղկացած` անհատական և թիմային: Այս շրջանին հակացուցված են և´ ափալ-թափալի մարտավարությունը, և´ մակերեսայնությունը («խնայող» մարտավարություն), և´ գերբեռնվածությունը («համապիտանի» մարտավարություն): Իմ կարծիքով միջազգային ճամբարների նախապատրաստության փուլի արդյունավետ տևողությունը երեքից վեց ամիս է (նշված են ներքին և վերին սահմանագծերը):

Մենք գնացինք Մոլդովա որպես ճամբարական թիմ և վերադառնում ենք որպես ԹԻՄ, որը շատերին դեռ անակնկալներ կմատուցի, իհարկե, չկաղապարվելով իր քանակում և որակում:

Դաս երրորդ. Լեզուների իմացության և իմացության անընդհատ կատարելագործման անհրաժեշտության գիտակցում

   Վադուլ լուի Վոդեի միջազգային ճամբարի աշխատանքային լեզուն անգլերենն էր, բայց միջանձնային և միջխմբային շփումների զգալի մասը ռուսերենով էր: Այսինքն` մեր թիմի յուրաքանչյուր անդամ (բացի` ինձնից) մեկ շաբաթ և յուրաքանչյուր պահի եռալեզու էր և ոչ միայն խոսքով, այլ նաև մտածողությամբ, որովհետև արագորեն համոզվեցինք, որ օտար լեզվով արդյունավետ հաղորդակցվելու կարևորագույն գործոնն այդ լեզվով մտածելն է: Զարմանալի չէ, որ օտար լեզվի իմացության կատարելագործումը դարձավ ներքին հրամայական պահանջ:

Ավելին` նոր լեզուներ սովորելու ձգտումը դարձավ գործնական և փոխօգնության նոր հարթակ:

  Դաս չորրորդ. Ինքնաճանաչողություն էքստրեմալ պայմաններում

  Հայկական իրականություն կրողներս բախվել և ներդաշնակվում էինք չորս այլ իրականություններ կրողների հետ: Այդ բախում – ներդաշնակեցում դիալեկտիկական համադաշտը ծնեց նոր` ճամբարային իրականություն: Բայց վերջին իրականության ներսում չէին անէացել մյուս իրականությունները և շարունակվում էին նրանց զույգային հաղորդակցությունները: Ես այս բազմաշերտ իրականությունը համարում եմ էքստրեմալ, որի ներսում ինքնաճանաչողությունն արագացում է ստանում համաձայն սոցիալ-հոգեբանական որոշ հիմնադրույթների:

Ուրախ եմ արձանագրել, որ մեր թիմի անդամների ինքնաճանաչողության անկյունաքարը զարգացնող իրատեսությունն է:

Դաս հինգերորդ. Սոցիալական ակտիվացում և ձեռք բերվածը զարգացնելու ուղիների որոնում

  Սոցիալական ակտիվությունը ճամբարում, առավել ևս` միջազգային, անխուսափելի և դրվատելի երևույթ է: Անհրաժեշտ է նախապատրաստական փուլում պարզել ապագա ճամբարականների սոցիալական հաղորդակցության առկա մակարդակը և իրական ներուժը, դրական լիդերության կամ ակտիվ համագործակցության հմտությունները, նվազագույնը` ժամանակ ունենալ զարգացնելու համապատասխան կարողությունները: Իսկ ճամբարային գործունեության ավարտից հետո ծագում է սոցիալական ակտիվության մակարդակը գոնե պահպանելու հիմնախնդիրը, որի լուծման ուղիների որոնումը մանկավարժական խնդիր է:

Մեր թիմն այդ հիմնախնդրի լուծման գործնական քայլերին կանդրադառնա մեկ ամիս անց:

Եվ այս խոսքիս ավարտին եկեք վերհիշենք Անանուն Իմաստասերի ասույթներից մեկը` «Կարոտը հոգու և մտքի բուռն կրքի միջնեկ զավակն է»:

 

Վադուլ լուի Վոդե – Քիշնև — Մոսկվա – Երևան    24-25.08.2019

 

Հետգրություն 1. Վերոշարադրյալ տեքստի մեծագույն մասը գրվել է ինքնաթիռներում:

Հետգրություն 2. Ճամբարական կյանքի զգացմունքային բաղկացուցիչն իր արտահայտությունն է գտել նաև իմ նոր բանաստեղծություններում և առակախնդրում:

 

Աշոտ Տիգրանյան

Ո՞վ է ամենադաժանը (առակախնդիր)

Մրջյունները շատ զոհեր տվեցին ջրհորի ճանապարհին և նրանց Գլխավոր Ժողովը որոշեց, որ մարդն ամենադաժան կենդանին է:

Գառների մի մասը չկարողացավ փախչել գայլերից և նրանց Գերագույն Ժողովը որոշեց, որ գայլն ամենադաժան կենդանին է:

X մոլորակի բանական արարածները պատահմամբ ոչնչացրեցին y մոլորակի բանական արարածների մեծագույն մասին և ստորգետնյա անձավում պատսպարվածները որոշեցին, որ այլմոլորակայիններն ամենադաժան արարածներն են:

Հարց. ո՞վ է ամենադաժանը:

 

Վադուլ լուի Վոդե                  ©        Աշոտ Տիգրանյան

21.08.2019

Բանաստեղծություններ

Ինչպես Խուստուփ ելնող այն պատանին,

Որ փնտրում է հետքը Մեծ հանդիպման,

Նորից ես եմ Երկրի հևքոտ ճանապարհին,

Մարդկային հոսքին դեմ հանդիման:

 

Ինչպես թակարդի մեջ դրված ձրի պանիր,

Որ էլ չեն կրծոտում մկներն իմաստնացած,

Չարն իզուր է փորձում վերադառնալ Երկիր`

Մարտադաշտն է արդեն իսպառ ամայացած:

 

Ինչպես ամռան խորքում ծնված ծաղիկ,

Որ գարնան հմայքն է իրական,

Մոլորվել է Աստված արահետում մոտիկ,

Ու ես` այդ պարտության վկան անօգնական:

 

Վադուլ լուի Վոդե     20.08.2019

 

Ծառերից թափված կաղիններ,

Որ տրորվում ենմարդկանց ոտքերի տակ,

Միթե՞ նրանց համար կարևոր է

Բարի՞ են այւդ մարդիկ, թե՞ չար:

 

Դաշտերից պոկված ծաղիկներ,

Որ զարդարում են սիրելիի պսակը,

Միթե՞ նրանց համար կարևոր է

Բարի՞ է այդ սիրելին, թե՞ չար:

 

Օդում թևածող երգեր,

Որ ծնվում են բազում շուրթերից,

Միթե՞ նրանց համար կարևոր է

Բարի՞ է շրթատերը, թե՞ չար:

 

Վադուլ լուի Վոդե     21.08.2019

Աղմուկի մեջ ծնված ճշմարտությունը սրտի արատ ունի,

Կամ մտքի տհասություն,

Լեռների իջած հեղեղը պղտոր էություն ունի,

Կամ խղճի տհասություն,

Արևից խուսափող մարդը թխպացած օրերի կարոտ ունի,

Կամ հոգու տհասություն:

 

Վադուլ լուի Վոդե         21.08.2019

 

Անհատական աշխատանքային պլան (02-06.09.2019)

  1. Երկարաժամկետ նախագծերի աշխատանքային խմբերի համալրում;
  2. Վադուլ լուի Վոդեի (Մոլդովայի Հանրապետություն) միջազգային պատանեկան խաղաղության ճամբարի հաշվետվություն-կլոր սեղան – 03.09;
  3. Ուսումնական ճամփորդություն – 05-07.09:

 

28.08.2019                                   Աշոտ Տիգրանյան

Պատանեկան խորհրդարան (նախագիծ)

Նպատակներ`

  1. Պատանեկության հիմնախնդիրների և դրանց լուծման առաջարկությունների հանրայնացում;
  2. ՀՀ ապագա քաղաքական էլիտայի ժողովրդավարական արժեհամակարգ կրողների ձևավորում:

 

Խնդիրներ`

  1. Պատանիների քաղաքագիտական գիտելիքների և հմտությունների զարգացում;
  2. Պատանեկան ընդհանուր օրակարգի ձևավորում;
  3. Պատանեկան խորհրդարանի ձևավորման սկզբունքների որոշարկում աջակցող հասարակական կառույցների և ՀՀ Աժ մասնակյցությամբ;
  4. Պատանիների խորհրդարանական գործունեության տեղական արգելքների բացառում:

 

Ձևավորման քայլեր`

  1. Պատանիների նախաձեռնող խմբի ինստիտուցիունալիզացում;
  2. Հանրապետության բոլոր մարզերի բնակավայրերում պատանեկան խորհրդարանի գործունեության հիմնական ուղղությունների քննարկումներ և պատգամավորների տեղական ընտրություններ;
  3. Յուրաքանչյուր խոշորացված համայնքից և յուրաքանչյուր քաղաքից (բացի մարզկենտրոնները) մեկական պատգամավորի ընտրություն;
  4. Մարզկենտրոնների և մայրաքաղաքի ներկայացուցիչների ընտրություններ
  5. Պատանեկան խորհրդարանի գործունեության սոցիալ-իրավական կարգավորում:

 

12.03.2019                   ©                  Աշոտ Տիգրանյան

Առարկայական ծրագիր 9-3 դասարանի համար «Անցյալի ու ներկայի դասերը ներկայի և ապագայի համար» (Հայաստանը և աշխարհը 1914-2020 թվականներին)

Իրավիճակի նկարագրություն` 

Հիմք ընդունելով ստորև շարադրված նպատակները և դրանց իրականացման ճանապարհին անհրաժեշտաբար լուծելիք խնդիրները, ինչպես նաև իրատեսորեն գնահատելով կրթական հաստատության և իմ անհատական դերը քաղաքացու ձևավորման գործում, հաշվի առնելով դասարանի սովորողների 2018-2019 ուստարվա ավարտին արձանագրած արդյունքները` կարողությունների և հմտությունների դրսևորման տեսանկյունից, սովորողների երկու` էականորեն տարբերվող խմբերի գոյությունը փաստ է:

Սովորողների առաջին խումբը` Սահակյան Իլոնա, Մալյանց Արմեն, Մկրտչյան Հայկ, Միկաիլ Մարկ, Մկրտչյան Էլեն,Ավագյան Աստղիկ, Վարդումյան Նանե,Խաչատրյան Արշիլ, Գրիգորյան Վահե,Հայրիյան Սերգեյ, ունի կայունացող արժեքային համակարգ և բանավոր ու գրավոր խոսքի առաջին աստիճանի հմտություն (առաջին աստիճանը հանրակրթական մակարդակի հմտություն է), իսկ երկրորդ խմբի սովորողների` Երիմյան Լիլիկ, Հաջյան Արմեն, Ղարիբյան Դավիթ, Նալպանտեան Վիթալի, Նուրջանյան Մանե, Չավիկօգլու Արգիշտի, Բաղդիկյան Անահիտ,Գալստյան Սերգեյ, Գոգինյան Միլենա, արժեքային համակարգը հեղհեղուկ է կամ գտնվում է լատենտային վիճակում, իսկ բանավոր ու գրավոր խոսքի ուսումնական կարողությունը կամ ձևավորված չէ, կամ չի հասել հմտության մակարդակի:

 

Դասավանդման նպատակները`

  1. ՀՀ քաղաքացու ձևավորման առաջին փուլի ավարտ` կայուն արժեքային համակարգով, իրատես, սկզբունքային անհատի կայացում;
  2. Ավարտական քննության հաջող (յուրաքանչյուր սովորողի կարողությունների և հմտությունների համարժեք դրսևորում) հանձնում:

 

Դասավանդման խնդիրները`

 

  1. Սովորողների կամքի և նպատակասլացության ամրակայում;
  2. Մտային առանցքային կարողությունների` սահմանելու, համեմատելու, նկարագրելու, վերլուծելու, հետազոտելու, ապացուցելու, զարգացում (երկրորդ խմբի սովորողների մոտ) և հմտությունների գործնական կիրառում (առաջին խմբի սովորողների մոտ);
  3. Սովորողի բանավոր և գրավոր խոսքի զարգացում;
  4. Արգելված և այլընտրանքային պատմության իմացություն:

 

Մանկավարժական մոտեցումները`

 

  1. Ուսումնական բովանդակության միակողմանիության բացառում;
  2. Սովորողի անհատականությունը կրթական գործընթացի գործոն;
  3. Նախագծային ուսուցում;
  4. Բանավեճի և սադրանքի մեթոդների ամենդասյա կիրառում;
  5. Թվային միջոցները լոկ աշխատանքային գործիք;
  6. Հումորը և ոչ ստանդարտ առաջադրանքները սովորողների կարողությունների զարգացման ու հմտությունների ամրակայման խթան;
  7. Քննության գերարժևորման կամ թերարժևորման բացառում:

Ուսումնական միջավայրը`

  1. Ֆիզիկական միջավայր (դասասենյակ, լաբորատորիա,բակ, զբոսայգի, թանգարան, արխիվ, աշխարհագրական և պատմական օբյեկտներ, կրթական և գիտական հաստատություններ);
  2. Վիրտուալ միջավայր (կայքեր, բլոգեր, սոցցանցեր և էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցներ):

 

Ուսուցման կազմակերպումը`

 

  1. Ուսումնական նյութի մեկնաբանություն;
  2. Բանավոր և գրավոր դասարանական աշխատանք;
  3. Համատեղ դաս իրականության այլ ոլորտի մասնագետի հետ;
  4. Ինտերակտիվ դաս;
  5. Տարատարիք սովորողների համատեղ դաս;
  6. Դասի նախապատրաստություն սովորողի կամ սովորողների խմբի հետ;
  7. Դասի վերլուծություն սովորողի կամ սովորողների խմբի հետ;
  8. Սովորողը`դասավանդող;
  9. Արտակրթահամալիրային մասնագետի դաս:

 

Առարկայի բովանդակությունը`

 

  1. Առաջին աշխարհամարտ. պատճառներ, ընթացք, հայերի մասնակցությունը, հետևանքներ, արդյունքներ, դասեր – 4 ժամ
  2. Ցեղասպանություն և ինքնապաշտպանության. պատճառներ, ընթացք, արդյունքներ, դասեր – 4 ժամ
  3. Հայոց առաջին հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությունը. մեկնաբանությունների բախում, դասեր և պատմական զուգահեռներ – 4 ժամ
  4. Խորհրդային Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացումը. ձեռքբերումներ, հիմնախնդիրներ, դասեր – 4 ժամ
  5. Ամբողջատիրություն. ակունքները, հիմնարար գաղափարները, դրսևորման առանձնահատկությունները, հարատև վտանգը, այդ երևույթի դեմ պայքարի ուղղությունները – 4 ժամ
  6. Հայ ժողովրդի պայքարն ամբողջատիրության դեմ – 4 ժամ
  7. Երկրորդ աշխարհամարտ. պատճառներ, ընթացք, հայերի մասնակցությունը, հետևանքներ, արդյունքներ, դասեր – 4 ժամ
  8. Երրորդ աշխարհամարտ. պատճառներ, ընթացք, հետևանքներ, արդյունքներ, դասեր – 4 ժամ
  9. Ձմեռային ճամբար
  10. Հայ ժողովրդի ազատագրական պայքարի և նոր հանրապետության պատմության հիմնական շրջափուլերը և դրվագները. դասեր և տեսլական – 4 ժամ
  11. Մարդկային արդի քաղաքակրթությունը. ձեռքբերումներ, հիմնախնդիրներ, հեռանկարներ – 4 ժամ
  12. Հայկական հեղափոխության ֆենոմենը – 4 ժամ
  13. Հայկական մշակույթը համաշխարհային մշակույթի համատեքստում – 4 ժամ
  14. Հայկական սփյուռք. ծավալման ընթացքը, հիմնախնդիրները, հեռանկարները և դասերը – 4 ժամ
  15. Նախաքննական կրկնության ամփոփում – 8 ժամ

 

Նախաքննական կրկնությունը կազմակերպվում է նոր թեմաների ուսումնասիրմանը զուգահեռ, սկսած նոյեմբերի առաջին շաբաթից:

 

 Գնահատում`

 

  • Դասարանական առաջադրանքների բանավոր կատարում – 1-4 միավոր
  • Դասարանական առաջադրանքների գրավոր կատարում – 1-2 միավոր
  • Տնային առաջադրանքների բանավոր կատարում – 1-3 միավոր
  • Տնային առաջադրանքների գրավոր կատարում – 1-2 միավոր
  • Թարգմանական աշխատանք – 1-2 միավոր (1 էջը Arial Unicode14 ձևաչափով)
  • Հետազոտական աշխատանք – 4-8 միավոր (կարևորվում են բովանդակությունը, առաջին հերթին` սեփական կարծիքի դրսևորումները, օգտագործված աղբյուրների քանակը և որակը, օգտագործված օտար լեզուների քանակը և կիրառման մակարդակը)
  • Նախագծային աշխատանք – 4-8 միավոր
  • Նախաքննական առաջադրանքների կատարում – 1-5 միավոր
  • Ամսվա վերջում հավաքած միավորների քանակը բաժանվում Է 4-ի վրա և ստացված արդյունքը նշանակվում է որպես տվյալ ամսվա գնահատական:

«Պատմություն» առարկայի ծրագիր (10-րդ դասարան)

Նպատակ`

Սովորողի արժեհամակարգում կայուն բարձր տեղ ապահովել երկու կառույցի` պետություն, ազգ, անհատականության մի տիպի` քաղաքացի, և անցյալի դասերի յուրացման հմտությանը:

Խնդիրներ`

  1. Սովորողների բանավիճային կարողությունների զարգացում;
  2. Հետազոտական հմտությունների ձևավորում սովորողների մտային համակարգում;
  3. Սովորողների կողմից օտար լեզուների հետևողական կիրառման ամրակայում;
  4. Տրամաբանության օրենքների գործնական իմացության դրսևորում սովորողների բանավոր և գրավոր խոսքում;
  5. Նախագծային գործունեության իրականացում տարատարիք խմբերում;
  6. Սովորողների մոտ փոխուսուցման պատրաստակամության և պատրաստականության ամրագրում:

Ժամաքանակ` 68 ժամ

Օգտագործվող հիմնական մեթոդները` նախագծային աշխատանք, բանավեճ, փոխուսուցում, պատմության վերակառուցում:

Գնահատում` 10 բալանոց համակարգով: Նախագծային աշխատանք – 20-30%, մասնակցություն բանավեճերին – 10-20%, փոխուսուցում – 15-20%, պատմական հիմնախնդիրների, նրանց լուծումների, պատմական այլընտրանքի, օրինաչափությունների, հասկացությունների սահմանումների, ժամանակագրությունների բանավոր և գրավոր ներկայացում – 15-30%:

Բովանդակություն`

  1. Պատմության փուլաբաժանման քաղաքակրթական մոտեցումը – 1 ժամ
  2. Նախապատմական քաղաքակրթությունները – 1 ժամ
  3. Հայկական քաղաքակրթության ձևավորման պատմաաշխարհագրական պայմանները – 1 ժամ
  4. Նախնադարյան հասարակությունը Հայկական լեռնաշխարհի տարածքում – 1 ժամ
  5. Հայոց ծագումնաբանությունը – 2 ժամ
  6. Հին Արևելք – 9 ժամ
    • Արատտա, Կուտիական աշխարհակալություն, Հայասա – 2 ժամ
    • Հին Եգիպտոս, Շումեր, Աքքադ – 1 ժամ
    • Արևելյան Միջերկրականի երկրները – 1 ժամ
    • Հին Չինաստան և Հին Հնդկաստան – 1 ժամ
    • Խեթական պետությունը, Բաբելոնիան և Ասորեստանը – 1 ժամ
    • Էլամ և Աքեմենյան Իրան – 1 ժամ
    • Արարատյան թագավորություն – 1 ժամ
    • Երվանդական Հայաստան – 1 ժամ
  7. Հին Արևմուտք – 8 ժամ
    • Հունական քաղաքակրթությունը մինչհելլենիստական շրջանում – 2 ժամ
    • Հին Հռոմ` թագավորությունից հանրապետությունով դեպի պրինցիպատ – 2 ժամ
    • Հռոմեական կայսրություն – 1 ժամ
    • Հելլենիստական աշխարհ – 1 ժամ
    • Արտաշեսյան Հայաստան – 2 ժամ
  8. Չինաստանը և Հնդկաստանը հին աշխարհի ավարտին – 1 ժամ
  9. Հին քաղաքակրթությունների սոցիալական և մշակութային պատմությունը – 2 ժամ
  10. Հայկական մշակույթ. Արարատյան թագավորությունից մինչև հելլենիստական վերելք – 4 ժամ
    • Հայկական մշակույթը Ք.Ա. 9-3-րդ դարեր – 2 ժամ
    • Հայկական մշակույթը հելլենիզմի դարաշրջանում – 1 ժամ
    • Հայոց ազգային արժեհամակարգը և Հին Հայաստանի քաղաքակրթական նվաճումները – 1 ժամ
  11. Ամփոփում – 2 ժամ
  12. Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության մինչքրիստոնեական փուլը – 2 ժամ
  13. Ձմեռային ճամբար
  14. Հայաստանը և քրիստոնեությունը – 1 ժամ
  15. Ավատատիրության հաստատումը Հայաստանում – 1 ժամ
  16. Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության քրիստոնեական փուլը – 2 ժամ
  17. Եվրոպայի անցումը միջնադարյան քաղաքակրթության – 2 ժամ
  18. Հայկական պետականության նախարարական շրջանը – 3 ժամ
    • Վարդանանց և Վահանանց պատերազմները – 1 ժամ
    • Հայաստանը 6-7-րդ դարերում – 1 ժամ
    • Նախարարական համակարգն արաբական գերիշխանության շրջանում – 1 ժամ
  19. Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը – 2 ժամ
  20. Եվրոպան խաչակրաց արշավանքներից մինչև վաղ վերածնունդ – 3 ժամ
  21. Արևելքի և Ամերիկայի հասարակությունները – 6 ժամ
    • Հինդու քաղաքակրթությունը – 1 ժամ
    • Չինական միջնադար – 1 ժամ
    • Ճապոնիան միջանադարում – 1 ժամ
    • Իսլամական քաղաքակրթություն – 1 ժամ
    • Քոչվորական քաղաքակրթություններ – 1 ժամ
    • Մինչկոլումբոսյան Ամերիկայի քաղաքակրթությունները – 1 ժամ
  22. Հայաստանը 11-րդ դարի կեսերից մինչև 14-րդ դար – 2 ժամ
  23. Կիլիկյան Հայաստան – 2 ժամ
  24. Եվրոպական քաղաքակրթությունը նոր ժամանակների շեմին – 2 ժամ
  25. Հայոց քաղաքակրթությունը ուշ միջնադարում – 2 ժամ
  26. Միջնադարի հայկական մշակույթը – 6 ժամ
    • Մաշտոցյան գրեր – 1 ժամ
    • Հայ մշակույթի ոսկեդարը – 1 ժամ
    • Մշակութային ձեռքբերումները 6-8-րդ դարերում – 1 ժամ
    • Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում – 2 ժամ
    • Հայ մշակույթը «կորած» դարերում – 1 ժամ
  27. Ամփոփում – 2 ժամ
  28. Ամառային ճամբար

 

17-րդ դարասկզբից մինչև առաջին աշխարհամարտ. պատմական իրականության օրինաչափությունները և առանձնահատկությունները (առարկայական ծրագիր 8-1 դասարանի համար)

Իրավիճակի նկարագրություն՝

Ավարտված ուսումնական տարվա արդյունքներով առկա է հետևյալ առարկայական իրականությունը՝ դասարանի սովորողները, բացի՝ Տեր-Թորոսյան Գևորգից (ներառական սովորող), բաժանվում են երկու խմբի: Առաջինը՝ Գոմցյան Կարինե, Ջանիկյան Արթենի, Հարությունյան Հարություն, Խադիշյան Կարեն, Մկրտչյան Մառա, Սահակյան Սաթենիկ, Օհանջանյան Մոնիկա, Ազարյան Նարե, Այվազյան Տիգրան, Արզումանյան Ալինա, Բաղդասարյան Նորա, Պամպեքեան Թիլա, Ապիտոնյան Ալիս, Աշեղ Սամուէլ, գտնվում է ուսումնական հմտությունների ձևավորման ճանապարհին, իսկ երկրորդը՝ Ասլանյան Անի, Ավետիսյան Սևակ, Զաքարյան Արտյոմ, Մնացականյան Էրիկ, Մուրադյան Գոռ, Ստեփանյան Գարեգին, Վարդանյան Միքայել, Իսպիյան Դավիթ, Իսպիրյան Շահեն, ուսումնական կարողությունների ամրակայման: Բնականաբար, երկրորդ խմբում սովորողների քանակի կրճատումը նոր ուսումնական տարվա իմ նպատակներից մեկն է:

Դասավանդման նպատակներ՝           

  1. Պատմական երևույթների և իրադարձությունների պատճառահետևանքային կապերի բացահայտում (սովորողների առաջին խմբի համար հասնել հմտության մակարդակի, իսկ ՝երկրորդ խմբի համար՝ կարողության մակարդակի);
  2. Սովորողների բանավոր և գրավոր խոսքի զարգացում (սովորողների առաջին խմբի համար հասնել հմտության մակարդակի, իսկ ՝երկրորդ խմբի համար՝ կարողության մակարդակի);
  3. Հասկացությունների սահմանում (սովորողների առաջին խմբի համար հասնել հմտության մակարդակի, իսկ ՝երկրորդ խմբի համար՝ կարողության մակարդակի);
  4. Պատմական օրինաչափությունների, նրանց դրսևորման առանձնահատկությունների իմացություն:

Դասավանդման խնդիրներ՝

  1. Հարց ձևակերպելու, հարցին կոնկրետ պատասխանելու, տեսակետ հայտնելու և պաշտպանելու, իրականության բաղկացուցիչների փոխազդեցության ընթացքը հետազոտելու կարողությունների զարգացում ու հմտությունների ձևավորում;
  2. Գիտելիքների յուրացման, կարողությունների և հմտությունների ձևավորման ու զարգացման գործընթացի անընդհատության ապահովմանը միտված կամքի կայունացում;
  3. Մտային գործունեության ոլորտում սովորողի համագործակցային կարողությունների և հմտությունների ամրակայում;
  4. Արգելված և այլընտրանքային պատմության իմացություն;
  5. Անցյալի գիտական և գեղարվեստական վերակառուցման իրականացում;
  6. Սովորողի նախաձեռնողականության խթանում;
  7. Սովորողների օժտվածության բացահայտում, զարգացում և հանրայնացում:

 

Մանկավարժական մոտեցումներ`
1. Ուսումնական բովանդակության միակողմանիության բացառում;
2. Սովորողի անհատականությունը կրթական գործընթացի գործոն;
3. Նախագծային ուսուցում;
4. Թվային միջոցներն աշխատանքային գործիք;
5. Հումորը և ոչ ստանդարտ առաջադրանքները սովորողի կարողությունների զարգացման և հմտությունների ձևավորման ամենօրյա խթան;

  1. Սադրանքի մեթոդի ակտիվ կիրառում:

Ուսումնական միջավայր`
1. Ֆիզիկական միջավայր (դասասենյակ, լաբորատորիա,բակ, զբոսայգի, թանգարան, արխիվ, աշխարհագրական և պատմական օբյեկտներ, կրթական և գիտական հաստատություններ);
2. Վիրտուալ միջավայր (կայքեր, բլոգեր, սոցցանցեր և էլեկտրոնային հաղորդակցության այլ տարածքներ):

Ուսուցման կազմակերպումը`

  1. Ուսումնական նյութի մեկնաբանություն;
  2. Բանավոր և գրավոր դասարանական աշխատանք
  3. Դաս-քննարկում;
  4. Համատեղ դաս այլ մասնագետի հետ;
  5. Ինտերակտիվ դաս;
  6. Տարատարիք սովորողների համատեղ դաս;
  7. Սովորողը որպես լիարժեք դասավանդող;
  8. Դասի նախապատրաստություն սովորողի կամ սովորողների խմբի հետ;
  9. Դասի վերլուծություն սովորողի կամ սովորողների խմբի հետ;
  10. Համատեղ դաս այլ կրթական հաստատության սովորողների հետ;
  11. Արտակրթահամալիրային մասնագետի դաս;
  12. Պատմական վերակառուցման դաս;
  13. Դաս-շնորհանդես;
  14. Արշավային դաս:

Կապն այլ դասընթացների հետ
Մշակույթի (լայն իմաստով) պատմությունը դասավանդվելու է մյուս առարկաների ու դասընթացների մասնագետների հետ համատեղ:

Առարկայի բովանդակությունը`

  1. Անցյալի իրականության առանցքային երևույթներից հեղափոխության և ազատագրական պայքարի նախադրյալները և դրանց դրսևորման առանձնահատկությունները – 4 ժամ
  2. Եվրոպական հեղափոխություններ. համեմատական բնութագիր – 4 ժամ
  3. Հայոց ազատագրական պայքարի դրսևորումները XVIII դարում — 4 ժամ
  4. Անհատի դերը պատմության մեջ XVII-XIX դարերի քաղաքական և ազգային գործիչների օրինակով – 4 ժամ
  5. Ավանդական հասարակություն. օրինաչափություններ և առանձնահատկություններ – 4 ժամ
  6. XIX դարի առաջին կես. Հայաստան և աշխարհ – 4 ժամ
  7. XVII դարից մինչև XIX դարի կեսերի մշակութային (նեղ իմաստով) իրականությունը. Հայաստան և աշխարհ – 4 ժամ
  8. Հայերի սոցիալ-տնտեսական վիճակը XIX դարի երկրորդ կեսին – 4 ժամ
  9. Ձմեռային ճամբար
  10. Արդյունաբերական հասարակության երկրորդ շրջափուլի մեկնարկը – 4 ժամ
  11. Հայկական հարցը. անցյալ, ներկա, ապագա – 4 ժամ
  12. Ազգային հիմնախնդրի լուծման համաշխարհային փորձը – 4 ժամ
  13. Հայոց ազատագրական պայքարը XIX դարի կեսին և XX դարի սկզբին. իրականություն և դասեր – 4 ժամ
  14. Գաղափարախոսություններ և կուսակցություններ. աշխարհ և Հայաստան – 4 ժամ
  15. XIX դարի երկրորդ կեսի և XX դարի սկզբի մշակութային (նեղ իմաստով) իրականությունը. Հայաստան և աշխարհ – 4 ժամ
  16. Հայկական գաղթավայրերը նոր շրջանում – 4 ժամ
  17. Տարեվերջյան ամփոփումներ և ամառային նախագծերի ձևակերպումներ – 4 ժամ
  18. Ամառային ճամբար

 ՈՒսումնահետազոտական աշխատանքների թեմաներ՝

  1. Հայոց ազատագրական պայքարը XVII դարի II կեսից մինչև XX դարի սկիզբը (համառոտ ակնարկ);
  2. Հայկական պետության վերականգնումը XVIII դարում;
  3. Հայկական իրականության լուսավորիչներ;
  4. Ֆիդայական պայքար. նպատակներ, արդյունքներ և դասեր;
  5. XIX դարում և XX դարի սկզբին հայերի հարաբերությունները հարևան էթնոսների հետ;
  6. Հեղափոխություն. տեսություն և գործնական իրականացում;
  7. Եվրոպական հեղափոխությունների համեմատական բնութագիրը;
  8. Ասիական հեղափոխությունների համեմատական բնութագիրը;
  9. Կուսակցությունները գաղափարակիցների կազմակերպման բարձրագույն աստիճան. նախադրյալներ, գաղափարախոսություններ, իրականություն;
  10. Հայկական կուսակցություններ. առանձնահատկություններ և գործունեության դասեր;
  11. Դրամատիրական համակարգի ձևավորումը և զարգացումը;
  12. Համաշխարհային մշակույթը նոր ժամանակներում;
  13. Միջպետական հարաբերությունները նոր ժամանակներում;
  14. Անհատի դերը պատմության մեջ;
  15. Դեպի աշխարհամարտ տանող ճանապարհը:

 

Ենթաթեմայի ձևակերպումը և այդ ուղղությամբ հետազոտական աշխատանք իրականացնելը սովորողի իրավունքն է:

 

 

Գնահատում

Գնահատումն իրականացվում է 10 բալանոց համակարգով ամիսը մեկ անգամ, հետևյալ բանաձևով` ԴՄ + Տ + ՀԱ + ՆԳ + Թ = ամսական գնահատական, որտեղ ԴՄ-ն ամսվա դասարանական աշխատանքների (գնահատվում են յուրաքանչյուր շաբաթվա երկրորդ դասի ավարտին 6 բալանոց համակարգով) միջին գնահատականն է; Տ-ն` տնային առաջադրանքների գնահատականը (դրվում է յուրաքանչյուր ամսվա վերջին 5 բալանոց համակարգով); ՀԱ-ն` հետազոտական աշխատանքների գնահատումը (8 բալանոց համակարգով); ՆԳ-ն` նախագծային գործունեության գնահատումը (10 բալանոց համակարգով), Թ-ն` թարգմանությունների գնահատումը (եվրոպական լեզուներից թարգմանության մեկ էջը 1 բալ, այլ լեզուներից թարգմանության մեկ էջը 3 բալ): Եթե ամսվա վերջին սովորողի հավաքած բալերը գերազանցում են 10-ը, ապա նա իրավունք ունի համադասարանցուն փոխանցել 1-2 բալ (նրա հետ անհատական խորհրդատվություն անցկացնելու պայմանով), 1-3 բալ գումարել իր այլ ամիսների բալերի քանակին, 2-4 բալի դիմաց պարգևատրվել անցյալի և ներկայի իրականությունն արտացոլող ամսագրերի նվազագույնը 5 օրինակով, 5-7 բալն օգտագործել իր առաջարկած բովանդակությամբ և երթուղով, գիշերակացով ուսումնական ճամփորդություն կազմակերպելու համար:

 

Ավատատիրություն. աշխարհ և Հայաստան (7-2 դասարանի առարկայական ծրագիր)

Իրավիճակի նկարագրություն՝

Ավարտված ուսումնական տարվա արդյունքների և նոր ուսումնական տարում հաղթահարելի խնդիրների հաշվառմամբ սովորողները  բաժանվում են երկու խմբի:

Առաջին խումբ` Բաբայան Աբել, Բաբաջանյան Ռուզաննա, Կարապետյան Իռեն, Հակոբյան Հրանտ, Հովհաննիսյան Արսեն, Հովհաննիսյան Սեդա, Ղազարյան Հայկ, Մարջանյան Տիգրան, Սահրադյան Եվա, Սարգսյան Էդուարդ, Սիմոնյան Անժելինա, Վարդանյան Հասմիկ, Աղգաշյան Եվա:

Երկրորդ խումբ` Աղազարյան Դավիթ, Բաբաջանյան Արեն, Գրիգորյան Նարեկ, Մադաթյան Կարապետ, Միրզոյան Հակոբ, Սերոբյան Նարե, Սուքոյան Աշոտ, Աղվանյան Հասմիկ:

Ներառական սովորող Հակոբյան Վարսիկի ուսումնական գործընթացը կկազմակերպվի համապատասխան մասնագետի հետ մշակված անհատական պլանով:

 

Նպատակներ`

  1. Անցյալին անդրադառնալը դարձնել ներկան բացատրելու միջոց;
  2. Առաջին խմբի նախագծային կամ հետազոտական գործունեությունը դարձնել ամենօրյա;
  3. Հասնել երկրորդ խմբի սովորողների մի մասի ներառմանն առաջին խմբի գործունեության ոլորտ:

Խնդիրներ`

  1. Առաջին խմբի սովորողների հետազոտական և ստեղծագործական գործունեության դրդապատճառների բազմազանեցում;
  2. Առաջին խմբի սովորողների հետազոտական և ստեղծագործական կարողությունների զարգացում;
  3. Երկրորդ խմբի սովորողների ուսումնական կարողությունների՝ տեքստի վերարտադրություն, նկարագրություն, համեմատություն, սահմանում, թվարկում, փաստարկում, ձևավորում;
  4. Սովորողների բանավոր և գրավոր խոսքի ներդաշնակ զարգացման համար պայմանների ապահովում;
  5. Բովանդակության և մոտեցման այլընտրանքի մշտական ապահովում;
  6. Գնահատման արդարացիություն` «սովորողի առաջընթացի գնահատում» մեթոդի հիման վրա;
  7. Ինքնակրթության կարևորում;
  8. Փոխուսուցման կարողությունների ձևավորում;
  9. Խմբային ստեղծագործական աշխատանք իրականացնելու կարողությունների զարգացում:

 

Առարկայի բովանդակությունը`

  1. Ավատատիրության ձևավորումն ու հաստատումն աշխարհում և Հայաստանում – 4 ժամ
  2. Քրիստոնեական եկեղեցին աշխարհում և Հայաստանում– 4 ժամ
  3. Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության քրիստոնեական շրջանը. պայքար անկախության պահպանման համար – 4 ժամ
  4. Վարդանանց և Վահանանց պատերազմներ. համեմատական բնութագիր և արդյունքներ– 4 ժամ
  5. Եվրոպայի վաղ միջնադարը. Բյուզանդական կայսրությունը և նրա հարևանները – 4 ժամ
  6. Հայաստանը կայսրությունների դեմ պայքարում – 4 ժամ
  7. Հայկական մշակույթի Ոսկեդարը և դրա անմիջական ու հեռահար հետևանքները – 4 ժամ
  8. Բագրատունյաց Հայաստանի գոյամարտը. ավատատիրությունն ընդդեմ պետության – 4 ժամ
  9. Ձմեռային ճամբար
  10. Եվրոպայի զարգացած միջնադարը. քաղաքակրթությունների բախում և քրիստոնեական եկեղեցու պառակտում – 4 ժամ
  11. Քոչվորները և հայկական քաղաքակրթությունը. հազարամյա անկման առաջին փուլը – 4 ժամ
  12. Կիլիկյան Հայաստան. հայկական խաչմերուկի հերթական վերելքն ու անկումը – 4 ժամ
  13. Հայկական մշակույթը X-XIV դարերում. նետահարված թռիչք – 4 ժամ
  14. Եվրոպական միջնադարի մայրամուտը. կայսրությունից դեպի կայսրություն – 4 ժամ
  15. Արևելքի երկրները միջնադարում. ավատատիրական օրինաչափություններ և առանձնահատկություններ – 4 ժամ
  16. Նոր Եվրոպան և հնացող Հայաստանը. եվրոպական դրամատիրության սաղմնավորումը և հայկական քաղաքակրթության շարունակվող անկման երկրորդ փուլը– 4 ժամ
  17. Ամփոփիչ քննարկումներ – 4 ժամ
  18. Ամառային ճամբար

 

Գնահատում`

  1. Պարտադիր դասարանական աշխատանք – գրավոր (1-4 բալ), բանավոր (2-8 բալ)
  2. Կամավոր տնային աշխատանք – գրավոր (1-3 բալ), բանավոր (3-9 բալ)
  3. Նախագծային աշխատանք – 3-7 բալ
  4. Հետազոտական աշխատանք – 4-8 բալ
  5. Պատմության վերակառուցում – 6-8 բալ

Ամսվա վերջում բոլոր բալերի գումարը բաժանվում է 4-ի: Արդյունքը նշանակվում է որպես ամսական գնահատական: Եթե արդյունքը գերազանցում է 10 գնահատանիշը, սովորողն իրավունք ունի հավելյալ բալերն օգտագործել այլ ամսվա գնահատանիշը փոխելու նպատակով կամ առաջարկել ուսումնական ճամփորդության նախագիծ (մեկ ամսվա ընթացքում 13-ից ավելի բալ հավաքելու դեպքում):