Մարդ+Եղածը+Շարունակվողը+Տիեզերական հաստատուն = Պատմություն
(Անհայտ մաթեմատիկոս)
Ինքնամեջբերում. «Այլընտրանքային պատմությունն անցյալի իրականության վարկածային պատկերն է, որը ձևավորվում է «Բոլոր փաստերը պետք է ուսումնասիրվեն, բոլոր տեսակետները պետք է քննարկվեն» սկզբունքի համաձայն, և ունի սահմանային գիտության կարգավիճակ:
Այլընտրանքային պատմությունն ունի երկու մակարդակ՝
Ա մակարդակ` դասագրքերում ներկայացվող պատմական իրականության մեկնաբանման այլ տեսանկյուն, նաև՝ կանխամտածված կերպով չներկայացվող փաստերի հավելումով,
Բ մակարդակ` անցյալի իրականության այն էջերի ներկայացում և վերլուծություն, որոնք մերժվում կամ անտեսվում են ակադեմիական գիտության ներկայացուցիչների կողմից:» («Դպիր» էլեկտրոնային ամսագիր, համար 5, 2017 թվական)
«Այլընտրանքային պատմություն» նախագիծը ձևակերպվել և հրապարակվել է 2016 թվականի օգոստոսի 23-ին, սակայն այդ ուղղվածության առաջին տեքստը` «Հիպերբորեա. այլընտրանքային պատմության էջերից», կրթահամալիի կայքում հրապարակվել է 2015 թվականի հունիսի 20-ին: Իսկ մինչև նախագծի հրապարակումն այլընտրանքային պատմության տարբեր մակարդակներին և ոլորտներին վերաբերող ավելի քան 90 թարգմանություններ ու հեղինակային նյութեր են մատուցվել հանրությանը:
«Այլընտրանքային պատմություն» նախագծի իրականացման ընթացքում կրթահամալիրի կայքում, միջին դպրոցի ենթակայքում և սովորողների բլոգներում հրապարկվել է VI-XI դասարանցի187 հեղինակի 256 աշխատանք (չհաշված այն աշխատանքները, որոնք անվերադարձ կորել են): Բոլոր աշխատանքներն այժմ հավաքված են «Տիգրան Հայրապետյան» գրադարանի համապատասխան բաժնում: Կարևորում եմ, որ հրապարակված տեքստերի մոտ 2/3-ը հեղինակային նյութեր են: Պակաս կարևոր չէ նաև այն իրողությունը, որ նախագծային նյութերի հետ ծանոթացողների միջին թիվն այս պահին գերազանցում է 800-ը:
Հարկ եմ համարում ընգծել, որ «Այլընտրանքային պատմություն»-ն ըստ էության մեգանախագիծ է, քանի որ նրա արգանդից են ծնվել «Բռնադատվածներ», «Հետազոտական արշավային ճամբար» և «Քաղաքագիտական ակումբ» նախագծերը: Վերջինս «ապերախտ զավակի» նման ստվերել է իր ծնողին:
Համոզված եմ, որ երեք հնարավոր քայլեր կբազմապատկեն «Այլընտրանքային պատմություն»նախագծի մասնակիցների թիվը:
Քայլ առաջին` գնահատման իմ առաջարկած տարբերակը շահառուների քննարկմամբ կատարելագործել և տեղափոխել պիլոտային փորձարկման փուլ:
Քայլ երկրորդ` օգոստոսի 23-ը կրթահամալիրում հայտարարել Այլընտրանքային Պատմության Օր:
Քայլ երրորդ` «Այլընտրանքային պատմություն»նախագծի մասնակիցներին տալ ակումբային կարգավիճակ և հայտարարել ակումբի ղեկավարի մրցույթ, որին տողերիս հեղինակը չի մասնակցի, քանզի բավ են իրեն բռնադատվածները և քաղաքագետները:
Այս դեպքում «Քայլ» հասկացության շուրջը բորբոքվող կրքերն ինձ չեն հուզում:
23.05.2020 © Աշոտ Տիգրանյան