Ընտանեկան դպրոցների ուղերձը յուրաքանչյուրին և բոլորին

Մեր իրականության պարադոքսներից մեկը. «Ընտանեկան դպրոցի տատմերը թագավարակն է»: Այդ կենսուրախ արարածի, որ բազմորյակ քույրեր ու եղբայրներ ունի: Սեբաստացիական հեռավար ուսուցման «Անվանումը շատ ճիշտ է ընտրված «Ընտանեկան դպրոց»: Ընտանեկան դպրոցին մասնակցում են մեր ընտանիքի բոլոր անդամները. մայրիկն ու տատիկը պատասխանատու են լեզուների համար, մաթեմատիկան բաժին է ընկնում հայրիկին ու եղբորը, որոնք նաև տեխնիկական անձնակազմ են. գնալով ավելի են հմտանում օպերատորական աշխատանքի մեջ:» («Սեբաստացիները սեր են», հեղինակ` Անահիտ Վաթյան, Լևոն և Մարիա Վաթյանների ընտանեկան դպրոց):

Զարգացնելով վերոմեջբերյալը` «Մեր ընտանեկան դպրոցում բոլորս սովորող ու սովորեցնող ենք։ Սովորում ենք ամեն տեղ և ամենակարևորը՝ միասին։» («Ուսումնական կարանտին կամ թագավարակի հակառակ կողմը», հեղինակ` Անի Մեջլումյան, 4-րդ դասարանցի Արման Աբրահամյանի և այս օրերին հոգով սեբաստացի Իրինա Աբրահամյանի ընտանեկան դպրոց):

  Իսկ կրթահամալի՞րը: «Հեռավար ուսուցումը քաոս կդարձներ մեր կյանքը, եթե մեր սիրելի դպրոցը նրա հետ 3 գործիք չուղարկեր մեր տուն՝ տեսադասեր, ամենօրյա առարկայական առաջադրանքներ և ընտանեկան նախագծեր։» («Մեր տանը հյուր կա` արդեն երկու ամիս», հեղինակ` Նուշիկ Սմբատյան, Նռանե, Տարոն և Արեն Անտոնյանների ընտանեկան դպրոց):

  Ընդ որում տեսադասեր անցկացնում են ոչ միայն դասավանդողները: «Ինձ համար մեծագույն հրճվանք էր, երբ դասավանդողից ստացա առաջարկ Գագիկի դասարանի հետ անցկացնելու տեսադաս: Անմիջապես մտածեցի, թե ինչ եմ անելու: Ու ստեղծվեց «Գուշակենք միասին» նախագիծը:» («Գուցե բոլորիս էլ այս մեկուսացումն անհրաժեշտ էր», հեղինակ` Մարիամ Բալյան): «Ուսումնական պարապմունքներում ծնողներին ներգրվելու գաղափարը շատ կարևորում եմ, հատկապես այն ձևաչափով, երբ ուսուցիչը հնարավորություն է տալիս ծնողին վարելու քննարկում, ներկայացնելու իր մասնագիտության առանձնահատկությունները և անմիջական շփվելու սովորողների հետ։
Մայրենի լեզվի ուսուցչի առաջարկը ծնվեց մեր ընտանեկան նախագծից, երբ ես, մանկավարժ քույրս և աղջիկս ընթերցեցինք մեր ընտրած ստեղծագործությունները։ Մարիետ Սիմոնյանն ինձ առաջարկեց իմ ընտրած ստեղծագործությունը քննարկել Հայկի համադասարանցիների հետ՝ մայրենիի առցանց ուսումնական պարապմունքի ժամանակ։» («Տեսա, թե ինչպես է ձևավորվում տղայիս մտածողությունը», հեղինակ` Հասմիկ Գևորգյան, Հայկ, Քնարիկ Պետրոսյանների ընտանեկան դպրոց): Տիկին Գևորգյանը զարգացնում է իր միտքը և հանգում գործնական եզրակացություն. «Ծնողների ներառման այսպիսի նախագիծը ծնողին տալիս է հնարավորություն երեխայի հետ հավասար քայլելու և հասկանալու, ինչքանով է երեխան ինքնուրույն, պատրաստ տարբեր միջավայրերում իրեն դրսևորելու։ Երեխային հնարավորություն է տալիս ծնողի հետ շփվել որպես մասնագետի, ում հետ կարող է քննարկել տարբեր մտքեր և մասնագիտական մոտեցումներ։ Եվ ի վերջո, դասընթացին ծնողի մասնակցությունը ստեղծում է համագործակցության հարթակ ուսուցչի և ծնողի միջև՝ ծնողին անմիջական մասնակից դարձնելով երեխայի ուսումնառության գործընթացին։» Եվս մի ծնողական դիտարկում` «Ամենօրյա ուղիղ միացումների շնորհիվ երեխաները ամբողջությամբ չեն կորցնում դպրոցի համն ու հոտը, միասին դասից առաջ իրար տեսնելու և բարևելու անհագ ցանկությունը հերիք է դա նկատելու համար։» («Երբ կարող ես ավելի լավ ճանաչել երեխայիդ», հեղինակ` Նարինե Լևոնյան, Շուշան Հակոբյանի ընտանեկան դպրոց)խ

  Առարկայական առաջադրանքների կանդրադառնանք մեկ այլ առիթով: Այժմ ընտանեկան նախագծերի մասին: Ինչպես դիպուկորեն նշում է Նուշիկ Սմբատյանը. «Դե, իսկ ծանր հրետանին ընտանեկան նախագծերն էին» («Մեր տանը հյուր կա` արդեն երկու ամիս»): «Ուսումնական պրոցեսում առանձին հետաքրքրություն էին ներկայացնում ուսուցիչների առաջարկած տարբեր ու բազմաբովանդակ նախագծերը։ Երեխաներն ավելի ոգևորությամբ էին մասնակցում այն նախագծերին, որոնք ընտանեկան էին՝ միտված ավելի սերտացնելու ընտանիք-երեխա-դպրոց կապը։»(«Չէ´, ճիշտ չէ, երեխաներին գարունից ու դպրոցից զրկելը, ճիշտ չէ…», հեղինակ` Հասմիկ Շահվերդյան, Էմիլի և Էլանա Շահվերդյանների ընտանեկան դպրոց): «Ընտանեկան նախագծերի մասին կարելի է անվերջ պատմել, քանի որ ամբողջ ընտանիքով ընկղմվել ենք պրոցեսի մեջ։ 6 տարեկան աշակերտը ամենայն պատասխանատվությամբ ներկայացնում է թեմաներ, որոնց մասին կցանկանա պատմել իր հեղինակային հաղորդման ընթացքում։ Եվ աննկարագրելի են երեխայի էմոցիաները, երբ ցույց ենք տալիս վերջնական տեսանյութը, ոգևորությունը էլ ավելի է խորանում, երբ արժանանում է գովեստի խոսքերի ուսուցիչների և այլ հանդիսատեսի կողմից։ Այդ տեսանյութերը յուրովի լուծեցին նաև ինքնամեկուսացման պայմաններում տատիկների, պապիկների և մեր մտերիմների կարոտի խնդիրը։ Մի քանի նախագծերում արդեն սովորական դարձած մեր գործառույթներին ավելացավ նաև մեր՝ անմիջական տեսանյութում ընդգրկվելը։» («Խատուտիկ» բլոգը դարձավ ամենադիտվող կայքը», հեղինակ` Արման և Մանե, Ալավերդյան Միայի ընտանեկան դպրոց):

  Ընտանեկան դպրոցների ուսուցիչ դարձած` տարբեր մասնագիտությունների տեր ծնողները գովասանքի հեղեղ են հասցեագրել կրթահամալիրի և նրա մանկավարժական հավաքանու առանձին ներկայացուցիչների հասցեին: Երախտագիտությունը մարդկային գովելի հատկանիշ է բայց պակաս գովելի չէ համեստությունը: Իսկ գովասանքների հատորների հարմար վերնագիր է հետևյալ ձևակերպումը` «Հայկիս դպրոցը միջավայր է, որ միշտ քեզ հետ է։» («Ու ես էլ դարձա սեբաստացի», հեղինակ`Լուսինե Խուրշուդյան, 5- րդ դասարանցի Հայկ Վաղոյանի ընտանեկան դպրոց):

  Ընտանեկան դպրոցների բացահայտումների մասին` «…այս ընթացքը օգնեց, որ՝

  • բացահայտեմ իմ երեխայի թաքնված ընդունակությունները, նախասիրությունները,
  • գնահատեմ բնավորության լավ ու վատ գծերը,
  • բացի ծնող լինելուց՝ նաև դարձա նրա ընկերուհին՝ վստահություն ներշնչելով և մոտիվացնելով նրան՝ իր նախագծերում, առաջադրանքներում իմ ներկայությամբ։» («Մտահոգությունս անտեղի էր…», հեղինակ` Բելա Տատենցյան, 5-րդ դասարանցի Մարի Սարգսյանի ընտանեկան դպրոց): «Այս օրերին շատերս բացահայտեցինք ոչ միայն մեր երեխաներին, այլև մեր ուսուցիչներին, և ինչու ոչ, նաև ինքներս մեզ։ Բացահայտումների հետաքրքիր ժամանակաշրջան էր։» («Ինքնամեկուսացում սեբաստացիական ձևով կամ մեկ դպրոց, մեկ ընտանիք», հեղինակ` Արմինե Սարգսյան, 4-րդ դասարանցի Դավիթ Մուրադյանի ընտանեկան դպրոց):

 

  Բնական է, որ ընտանեկան դպրոցների ուսուցիչները լիարժեք գիտակցեցին իրենց դերն ու նշանակությունը ստեղծված կրթական իրականությունում: «Հեղինակային մանկավարժությունը ընտանեկան դպրոցում մեզ՝ ծնողներիս շատ բան սովորեցրեց։ Ստանձնելով ընտանեկան ուսուցչի պաշտոնը՝ մենք դարձանք առավել պատասխանատու երեխայի կրթման և հոգևոր դաստիարակման հարցում: Ավելի հստակ գիտակցեցինք, որ ուսուցչի դերը և աշխատանքը առավել ամբողջական է դառնում, երբ նրան աջակից է ծնողը: Այսինքն՝ մենք ամբողջական մեծ թիմ ենք, որ միասին կարող ենք հաղթահարել խոչնդոտները և շարժվել առաջ:» («Մենք ամբողջական մեծ թիմ ենք», Դանիել Մարկոսյանի, Զարուհի Պետրոսյանի, Սերգեյ Մարկոսյանի ընտանեկան դպրոց):

 

   Բնականաբար, խոսք կա նաև դժվարությունների մասին: «Իհարկե, կան և որոշակի անհարմարություններ ու դժվարություններ, որոնք բխում են տնային պայմաններում դպրոցական կրթությունը կազմակերպելու, տեսանյութեր պատրաստելու անկարելիության, մեկից շատ երեխաներ ունենալու, տվյալ պահին երկրում տիրող անորոշ, առողջական և տնտեսական լարված իրավիճակում ծնողների մտավոր ծանրաբեռնվածության և այլ անհատական-ընտանեկան խնդիրներից։» («Կրթահամալիրը տեղափոխվել է մեր տուն», հեղինակ` Նաիրի ՄելքոմՄելքոմյան, 2-րդ դասարանցի Աստղիկ և 6 տարեկան Գալե Մեղրունիների ընտանեկան դպրոց։ Խորհրդատու՝ Մարիամ Խաչատրյան):   «Կարծես թե կարծիք ստեղծվեց, որ շատ լավ էր՝ անցանք առցանց ուսուցման, բայց դա ունի իր բացասական կողմերը։ Եթե առաջ հստակ կային արթնանալու ժամեր, և օրը հագեցած էր արտադասային լրացուցիչ խմբակներով, ապա այժմ միայն առցանց պարապմունքներն են, և օրը չունի իր նախկին հագեցվածությունը, որը ազդել է նաև քնի վրա։ Իսկ մենք գիտակցում ենք, որ կամաց-կամաց մեր աշխատանքին հատկացված ժամանակը քչանում է և այն ամբողջությամբ հատկացվում է երեխային։» («Խատուտիկ» բլոգը դարձավ ամենադիտվող կայքը»): Բայց կա վստահություն, որ «…ուսուցիչ-ծնող-աշակերտ ամուր կապի արդյունքում այս ուղղությամբ էլ աշխատանքներ կտարվեն, հարթելու հնարավոր բոլոր խոչընդոտները և առցանց կրթությունն առավել բարելավելու, զարգացնելու և մատչելի դարձնելու համար։» («Կրթահամալիրը տեղափոխվել է մեր տուն»): Նաև էականի կարևորում` «Կան դժվարություններ, բայց կարևորը երեխայի հետ շփման շրջանակներն ընդլայնելն է։» («Երբ կարող ես ավելի լավ ճանաչել երեխայիդ»):  

 

  Եվ չնայած` «…նրա [իմա` հեռավար ուսուցման- ծ.հ.] շնորհիվ  շատ բացահայտումներ կատարվեցին ու տեղաշարժեր եղան մեր ներսում։» («Մեր տանը հյուր կա` արդեն երկու ամիս»); «Կորոնավիրուսյան հարկադիր արձակուրդը մեզ շատ բան սովորեցրեց: Մենք սկսեցինք գնահատել մեր ունեցածը: Երկու ամիս տանը փակված, բնությունից կտրված լինելով՝ սկսեցինք ավելի շատ սիրել բնությունը:… Այս ընթացքում, սովորելուց բացի, մեր մեջ նաև նոր տաղանդներ բացահայտեցինք:» («Ուսումնական կարանտին կամ թագավարակի հակառակ կողմը»), վերադարձը առկա ուսուցման և ֆիզիկական շփման դաշտ միանշանակ խիստ ցանկալի է ու արտահայտված ընտանեկան դպրոցների բոլոր ուսուցիչների հրապարակումներում` «Մեր հյուրն [իմա` հեռավար ուսուցումը- ծ.հ.] իրեն, վստահաբար, լավ է զգում մեր տանը, մենք էլ նրա ներկայությանը շատ ենք սովորել, շփվում ենք ընտանիքի անդամի պես։ Սակայն անկեղծ ասած՝ եթե ցանկանա կամ որոշի գնալ, հաճույքով կճանապարհենք՝ իհարկե պատվով, ինչպես հարկն է…» («Մեր տանը հյուր կա` արդեն երկու ամիս»); «Եվ չնայած նրան, որ մեր ուսումնական կարանտինը շա՜տ հետաքրքիր է անցնում, միևնույնն է արդեն ուզում ենք վերադառնալ հին կյանքին՝ բայց արդեն շատ հարցերի ուրիշ կերպ նայելով:» («Ուսումնական կարանտին կամ թագավարակի հակառակ կողմը»); «Դժվարություններ, անխոս, շատ ունեցանք այս ընթացքում, բայց փորձեցինք դուրս գալ հաղթանակած ու հույսով, որ հեռավար ուսուցման այս աշխատակարգը կգործի, բայց ոչ նման արտակարգ իրավիճակով պայմանավորված։ Որպես ծնող՝ ինձ համար կարևոր է, որ իմ երեխաները մեծանան ոչ միայն ընտանեկան դաստիարակությամբ, այլև զգան դպրոց-ուսուցիչ-դասընկեր սոցիալական օղակի միջավայրը։ Երեխան պետք է ձևավորի իր անհատականությունը, իր եսը՝ լինելով հասարակության մի մասնիկ, նորը կերտող ամուր հիմնասյուն․․․․․» («Չէ´, ճիշտ չէ, երեխաներին գարունից ու դպրոցից զրկելը, ճիշտ չէ…»); «Մյուս կողմից՝ պետք է ասեմ, որ երեխայի համար շատ կարևոր է շփումը ուսուցիչների և համադասարանցիների հետ իրականության մեջ, և ինչքան էլ հեռավար ուսուցումը լինի արդյունավետ, միևնույնն է՝ անհամեմատելի է առկա ուսուցման հետ:» («Մտահոգությունս անտեղի էր…»); «Ստեղծված իրավիճակում հեռավարը նաև հնարավորություն է կապը ամուր պահելու համադասարանցիների և ուսուցիչների հետ, առավել ևս, որ կրթահամալիրում այդ կապն իրոք ուժեղ է: Ձգում են իրար մի այլ ուժով. երեխաները կարոտում են միմյանց, ուսուցիչներին, դպրոցին, երանությամբ հիշում են անգամ դպրոցի համեղ սնունդը: Երջանկություն է «Դպրոցին կարոտե՞լ ես» հարցիդ լսել՝ «Հա՜, շա՜տ…» բղավոցով պատասխանը: Համաձայնեք, մեր օրերում հազվադեպ հանդիպող երևույթ է:

Իսկ հիմա բացասականը. ոչ մի առցանց ու հեռավար, այլ աշխարհի ամենալավ դասն էլ չի կարող փոխարինել հասարակ մարդկային շփմանը, իրար աչքերի մեջ նայելուն, ջերմ գրկախառնությանը: Առցանցը՝ առցանց, բայց սպասում ենք այն օրվան, երբ կրթահամալիրը նորից կլցվի երեխաներով:» («Սեբաստացիները սեր են»):

  Անանուն Իմաստասերն ասել է. «Ամեն երկար բանաստեղծություն պոեմ չէ»: Ուստի կարճեմ խոսքս երեք ամփոփող մեջբերմամբ և մեկ, մինուճար առարկությամբ:

  «Հեռավար ուսուցումն եկավ անակնկալ, գարնան հորդ անձրևի պես թափվեց մեր գլխին, հիմնովին փոխեց մեր առօրյան, ստիպեց վերագնահատել ընտանիքի, դպրոցի, ուսուցիչների դերը մեր երեխաների ու մեր կյանքում, հիշեցրեց հարազատների, ընկերների, բնության հետ կենդանի, բնական շփման կենսական նշանակության մասին, կոտրեց ազատության, սահմանափակումների, պատասխանատվության մասին մեր ունենցած պատկերացումները ու օգնեց վերգտնել յուրաքանչյուր իրավիճակում ուրախության, հաճույքի և վայելքի աղբյուր գտնելու ունակությունը։» («Մեր տանը հյուր կա` արդեն երկու ամիս»):  «Արտակարգ իրավիճակի ավարտից և բնականոն ընթացքի անցնելուց հետո, ես հավատում եմ, յուրաքանչյուր ծնող և երեխա ավելի կարժևորի, կգնահատի դպրոցի և ուսուցչի դերը: Կհասկանա, որ կան մնայուն արժեքներ, որոնք թեև ֆիզիկապես անցողիկ են, բայց մտավոր և հոգեպես մեծ ու կարևոր հետք են թողնում մեր հետագա կյանքի և ապրելակերպի վրա: » («Մենք ամբողջական մեծ թիմ ենք»): «Սոկրատեսն ասում է, որ դասավանդման արվեստն աստվածային է։ Հեռավար ուսուցման պարագայում էլ պարզ դարձավ, որ արևի տակ ուսուցչի մասնագիտությունից բարձր մասնագիտություն չկա։» («Ինքնամեկուսացում սեբաստացիական ձևով կամ մեկ դպրոց, մեկ ընտանիք»):

   

   Այնուամենայնիվ, ես համառորեն պնդում եմ, որ «Ուսուցիչ» հասկացության էությունը «Ծնող» հասկացության բաղկացուցիչ է»:

 

31.05 – 01.06, 2020            ©                  Աշոտ Տիգրանյան

 

   Հ.Գ. Ներողություն եմ խնդրում ընտանեկան դպրոցների այն ուսուցիչներից, որոնց աշխատանքներից մեջբերում չարեցի: Իմ խոնարհումը Ձեզ հարգելի և հուսամ` մշտակա գործընկերներ:

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s