Հավելումներ հանուն կատարելագործման

Հանրակրթական «Ես և իմ հայրենիքը» և «Ես, իմ հայրենիքն ու աշխարհը» դասընթացների ուսումնառության հայեցակարգ, առարկայական ծրագրեր

  1. Հավելել դասընթացների խնդիրները (օր.` համոզվի, որ պատմական իրականության ճանաչումը գործնական կարևորություն ունի յուրաքանչյուր անհատի համար), քանզի առանց նպատակին տանող քայլերի որոշակիացման հնարավոր չէ հասնել վերջնարդյունքներին, որոնք ըստ էության ենթանպատակներ են;
  2. «Դասընթացի արդիականությունը» ենթաբաժինը շարադրել հետևյալ կերպ` «Ես և իմ հայրենիքը» և «Ես, իմ հայրենիքն ու աշխարհը» դասընթացները նպաստում են իր ինքնությունը և քաղաքակրթությունների արժեհամակարգերը ճանաչող անհատի ձևավորմանը, որն էլ միտված կլինի հետևողականորեն պատրաստ լինելու իր գործունեությամբ նպաստելու է հայ և համաշխարհային հասարակության զարգացմանն ու վերափոխմանը, սկսելով այն իրենից և իր սոցիալական ու բնական միջավայրերից»;
  3. «Ծրագրի առանձնահատկությունները» ենթաբաժնի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ կերպ` ««Ես և իմ հայրենիքը» և «Ես, իմ հայրենիքն ու աշխարհը» դասընթացների առանձնահատկությունը նրանում է, որ արժեքային, կարողունակ և գիտելիքային հիմք է ստեղծում սովորողին մղելով ակտիվ հասարակական գործունեության, որի ընթացքում՝ ձևավորվում է պատասխանատու և ակտիվ անհատ:»;
  4. Առաջարկում եմ «Անհատ» հասկացությունը ներառել հիմնական հասկացությունների ցանկում, քանզի հայեցակարգի էական առանձնահատկություններից մեկն անհատի կարևորումն է;
  5. «Դասավանդման մոտեցումներ» ենթաբաժնում «Հասկացություն» հասկացության սահմանումը ոչ միայն հակասում է գիտության մեջ ընդունված սահմանումներին, այլ նաև ընտրված հասկացությունների և ենթահասկացությունների ծավալներին: Նշված ենթաբաժնի վերջին հատվածը շարադրել հետևյալ կերպ` «Ստուգումն ու գնահատումը նախատեսվում է իրականացնել տարբեր բնույթի և տիպի առաջադրանքներով, հատկապես կարևորելով պատմության վերակառուցման մեթոդաբանությամբ ստեղծվածները: Առարկայի ուսումնառության համար կարևորում ենք` 1. Գիտելիքի; 2. Հետազոտական մոտեցումների; 3. Հաղորդակցական հմտությունների; 4. Մտածողության ձևերի գնահատումը: Կրթական հաստատությունը կարող է կիրառել գնահատման ցանկացած համակարգ, որը չի հակասում սովորողի առաջընթացի գնահատման սկզբունքին և ուսումնական տարվա ավարտին բերվում է գնահատման թվանշանային 10 բալանոց համակարգի»;
  6. «Ես և իմ հայրենիքը» դասընթացի առաջին թեմայում համապատասխանեցնել նպատակը, վերջնարդյունքները, թեմայի բովանդակությունը և առաջարկվող գործունեության ձևերը, նպատակում ընդգծելով ինքնության ճանաչման տոհմածառային փուլը; թեմայի բովանդակությունում ավելացնելով «Իմ գերդաստանի պատմություն» հատվածը, իսկ առաջարկվող գործունեության ձևերում նախատեսելով տոհմածառի կազմումը մեկնաբանություններով;
  7. «Ես և իմ հայրենիքը» դասընթացի երկրորդ թեմայում կամ վերնագրի հանել «Հայերի ծագումնաբանություն» հասկացությունը, կամ նպատակում ավելացնել «Սովորողը ծանոթանում է հայ ժողովրդի առաջացման վարկածների հետ» ձևակերպումը, դրանից բխող փոփոխություններով հետազոտության հարցերում, վերջնարդյունքներում և թեմայի բովանդակությունում;
  8. «Սասնա ծռեր» էպոսի ուսումնասիրման ժամանակ դիտարկել այն նաև որպես հայկական պետության կառուցման և հզորության ապահովման ուղեցույց;
  9. «Ես և իմ հայրենիքը» դասընթացի չորրորդ թեմայի հետազոտության հարցերում ավելացնել տարբեր էթնոսների էպիկական պատումների համեմատությունը, իսկ թեմայի բովանդակությունում` Արևելքի էպիկական պատումները (և ընդհանրապես խուսափել եվրոպակենտրոնությունից);
  10. «Ես և իմ հայրենիքը» դասընթացի հինգերորդ թեմայի ուսումնասիրման ժամանակ կարևորել քրիստոնեական արժեհամակարգի դրսևորումները տարբեր հարանվանություններում և պատմական ժամանակաշրջաններում, ինչպես նաև հայոց մեջ նախաքրիստոնեական և քրիստոնեական արժեհամակարգերի հարաբերակցության հիմնախնդիրը;
  11. «Ես, իմ հայրենիքն ու աշխարհը» դասընթացի առաջին թեմայի նպատակի ձևակերպումը փոխել և շարադրել հետևյալ կերպ` «Սովորողը պատկերացում կազմի բանական մարդու առաջացման վարկածների և հաղթարշավի, մարդկության պատմության առաջին` նեոլիթյան, հեղափոխության մասին»: Թեմայի բովանդակությունից հանել և երկրորդ թեմա տեղափոխել հետևյալ երկու կետերը` Հնագույն հնդկական և իրանա-հայկական դիցաբանությունների և կրոնափիլիսոփայական համակարգերի համեմատություն և Իրան-Թուրան՝ մշակույթ և բնություն (“Կուլտուրա և Նատուրա”);
  12. «Ես, իմ հայրենիքն ու աշխարհը» դասընթացի երկրորդ թեմայի բովանդակությունում ավելացնել նաև արիական և սեմական քաղաքակրթությունների առանձնահատկությունների ու փոխհարաբերությունների ուսումնասիրումը;
  13. Ծրագրում «Ուրարտացիներ» հասկացության օգտագործումը հակասության մեջ է մտնում «Հայկական լեռնաշխարհի վաղ պետական կազմավորումներ» հասկացության հետ, կամ այն տեսակետն է հրամցնում, որ այդ կազմավորումները հայկական չէին: Առաջարկում եմ հետազոտության հարցերից հանել «Արդյոք ուրարտացիները հայերի նախնիներն են» հարցադրումը, որովհետև եթե նույնիսկ եղել է ուրարտացիներ էթնոս, ապա այն հայերին նախինի չէր կարող լինել, որովհետև հայ ժողովրդի ձևավորումն սկսվել է Վանի թագավորության ստեղծումից դարեր առաջ;
  14. «Ես, իմ հայրենիքն ու աշխարհը» դասընթացի չորրորդ թեմայի նպատակը ձևակերպել այսպես` «Սովորողն ըմբռնի կրոնի առաջացման անխուսափելիությունը և նրա դերն ու դրսևորման ձևերը մարդկության պատմության տարբեր շրջափուլերում»: Հանել «Կրոնական հավատալիք» հասկացության «Խոշոր» ածականը, քանի որ այն փաստորեն տեսակավորում է տարբեր կրոնների ներկայացուցիչներին և չի նպաստում այլոց մշակույթի նկատմամբ հարգանքի ձևավորմանը;
  15. «Ես, իմ հայրենիքն ու աշխարհը» դասընթացի հինգերորդ թեմայի բովանդակությունում միախառնվել են նորամուծությունները և քաղաքակրթական բախումները: Գաղափարների և նրանց դրսևորում նորամուծությունների ուսումնասիրումը իսկապես կարևոր է, սակայն այս թեմայում հույն – պարսկական հակամարտության ներառումը նպատակահարմար չէ նաև այն պատճառով, որ պետական համակարգերի այս բախումը կապ չունի նորամուծությունների հետ:

 

18.07.2020               ©                          Աշոտ Տիգրանյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s