Երբ պակասում է հետևողականությունը («Հասարակագիտություն» առարկայի ապագայի շուրջ)

Իրականությունն ուղղակիորեն պարտադրում է, որ հզոր պետություն արարելուն միտված և ունակ անհատներից ու նրանց ձևավորած ինստիտուցիոնալ կառույցներից բաղկացած լինի մեր հանրապետության կյանքն իր բոլոր դրսևորումներում: Նաև` հայոց համամոլորակային ցանցը:

Այս կենսական հիմնախնդրի լուծման գործոններից մեկը կրթությունն է, հատկապես` հասարակագիտական կրթությունը:

Փոփոխությունների անհրաժեշտությունն անժխտելի է և հենց այդ պատճառով «Հասարակագիտություն» առարկայի դասավանդմանը վերաբերող նոր մոտեցումների համակարգում ցանկացած վրիպում ու խոցելի ձևակերպում, առավել ևս` հայտարարված սկզբունքների անհետևողական կիրառում, զենք են մտակաղապարային դրոշների ներքո հավաքված անհատների ու խմբերի համար:

Վրիպման օրինակ է հասկացության բնութագրման պահանջը: Հասկացությունը կարելի է բացատրել, կարելի է սահմանել, բայց ոչ երբեք` բնութագրել: Բնութագրում են անհատին, նրա գործունեությունը, որևէ սոցիալական երևույթ, քաղաքական քայլ, գաղափարախոսություն և այսպես շարունակ, բայց ոչ երբեք` հասկացությունը:

Խոցելի ձևակերպման օրինակ է հետևյալը` «Ձևավորող գնահատման ձևերից հատկապես կարևորվելու է հետադարձ կապը, որը հնարավորություն է տալու նշել աշակերտների ձեռքբերումները և բացթողումները, վերջիններս շտկելու ուղիները»: Խոցելի է, որովհետև անտեսված է տվյալ դեպքում ամենակարևորը` սովորողի կարծիքն իր ուսումնական գործունեության արդյունքների մասին: Ի դեպ գնահատման երրորդ սկզբունքը` «աշակերտների առաջընթացը մյուս աշակերտների համեմատ», ի տարբերություն առաջին երկուսի անընդունելի է: Անընդունելի է ոչ միայն այն պատճառով, որ հաշվի չի առնում երեխաների ժառանգական և սոցիալական անհավասար ստարտային հնարավորությունները, ոչ միայն հոգեբանական ճնշվածություն կառաջացնի սովորողների որոշակի խմբերի մոտ, այլ նաև` տրամաբանական և արժեհամակարգային հակասության մեջ է երկրորդ սկզբունքի` «աշակերտների առաջընթացը նախկին ձեռքբերումների համեմատ», հետ:

Իսկ հիմա անհետևողականության մի քանի օրինակ, չնայած ընդգծվել է` «Կարևորվելու է պարույրի մոտեցումը, որը հնարավորություն է տալու առանցքային գաղափարներին անդրադառնալ շարունակաբար և բարդության տարբեր մակարդակներով»: Միջին դպրոցի վերջնարդյունքներում կարևորվում է հասկացությունները բացատրելու կարողությունը, սակայն ավագ դպրոցի վերջարդյունքներում հասկացությունների հետ տարվող աշխատանքը բացակայում է: Իսկ սովորողը հարկ է, որ հասկացությունը բացատրելուց անցնի այն սահմանելուն, որն ավելր բարձր կարգի մտային աշխատանք է:

7-րդ դասարանի ծրագրի նախագծում անդրադարձ կա մարդու և բնության հարաբերություններին, իսկ հետագա տարիներին չի նախատեսվում անդրադառնալ մարդու, հասարակության և պետության համար կենսական այս հիմնախնդրին:

Այնուհետև: Պարույրի մոտեցումը բացակայում է գիտությունների գիտության` Իմաստասիրության, հանրակրթացման ոլորտում: Այն անսպասելիորեն ընկնում է 12-րդ դասարանցիների գլխին, այն դեպքում, երբ իմաստասիրական գիտելիքների իմացությունը և կարողությունների ձևավորումը կարելի է սկսել շատ ավելի վաղ` 7-րդ դասարանում, որպեսզի սովորողը 12-րդ դասարան գա ունենալով համապատասխան հմտություններ:

Քաղաքագիտական գիտելիքներին և մտածողությանը զգալի տեղ է հատկացված ծրագրի նախագծում, սակայն այստեղ էլ հետևողականության խախտում կա, որի երևի գալիս է մեր քաղաքական իրականությունից (թող թույլ տրվի այդպես անվանել): Սովորողներին հրամցվում են սկզբում կուսակցությունները, հետո գաղափարախոսությունները: Բայց չէ որ կուսակցությունները ստեղծվում են գաղափարախոսությունները հիմնաքար ունենալով:

Անանուն Իմաստասերն ասել է. «Լաբիրինթոսից դուրս եկածի համար այն գոյություն չունի»: Բավարարվենք այսքանով:

 

19. 07. 2020                    ©                          Աշոտ Տիգրանյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s