Պատմություն (առարկայական ծրագրի նախագիծ 10-րդ դասարանի համար)

  1. Իրավիճակի նկարագրություն

Արժևորելով պետությունը որպես ազգի ինքնակազմակերպման բարձրագույն ձև և նրա հարատև առաջընթացի անփոխարինելի գործիք, կարևորելով պատանիների արժեհամակարգի վերնամասում «Պետություն» արժեքի ամրակայումը, հաշվի առնելով հանրակրթական առարկաների ծրագրերում կատարվող փոփոխությունների հարացույցը, հարկ եմ համարում ներկայացնել սույն այլընտրանքային, փորձարարական ծրագիրը, որի իրականացմանը ներառվելու են նաև այլ մասնագետներ, իսկ ուսումնական ձեռնարկը գրվելու է բոլոր շահառուների, առաջին հերթին` սովորողների, մասնակցությամբ:

  1. Նպատակներ

Ա. Սովորողների աշխարհայացքում առանցքային դարձնել հայոց պետության հարատևությանը զինվորագրվելու պատրաստակամությունը և պատրաստականությունը;

Բ. Անցյալից ներկայով ապագա տանող պատմական շղթայի դասերի յուրացում:

  1. Խնդիրներ

Ա. Սովորողների բանավոր և գրավոր խոսքի զարգացում;

Բ. Սովորողների համագործակցային հմտությունների ձևավորում;

Գ. Ուսումնական գործընթացում օտար լեզուների պարբերական օգտագործում;

Դ. Բոլոր սովորողների ներառում հետազոտական և նախագծային աշխատանքներում;

Ե. Կրթական ինքնավարության սկզբունքների և մեթոդների համընդհանուր կիրառում ներդասարանային ու արտադասարանային հարաբերություններում:

  1. Դասավանդման հիմնական մեթոդները

Ա. Դասախոսություն, այդ թվում` արտակրթահամալիրային մասնագետի;

Բ. Բանավեճ, այդ թվում` արտակրթահամալիրային հարթակներում;

Գ. Անցյալի իրականության վերակառուցում;

Դ. Փոխուսուցում;

Ե. Հետազոտական և նախագծային աշխատանքների հրապարակային պաշտպանություն;

Զ. Սոցիալական տեխնոլոգիաների կիրառում:

  1. Ուսումնական գործի կազմակերպման ձևերը

Ա. Ֆիզիկական միջավայրում

Ա 1. Կրթահամալիրի տարածքում բացօթյա (սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին);

Ա 2. Արտակրթահամալիրային տարածքում բացօթյա;

Ա 3. Կրթահամալիրի շենքային տարածքում` դասասենյակ, գրադարան, դահլիճ, վերնատուն;

Ա 4. Արտակրթահամալիրային շենքային տարածքում` այլ կրթական հաստատություն, գիտահետազոտական ինստիտուտ, թանգարան, պատկերասրահ, թատրոն, կինոթատրոն:

Բ. Վիրտուալ միջավայրում

Բ 1. Անհատական և խմբային հեռավար ուսուցում;

Բ 2. Առցանց դասախոսություն;

Բ 3. Առցանց քննարկում;

Բ 4. Հետազոտական և նախագծային աշխատանքների առցանց պաշտպանություն:

  1. Գնահատում

Ա. Հարցադրումներ իր ուսուցչին – 5-10 միավոր;

Բ. Հարցադրումներ կրթահամալիրային այլ մասնագետի – 10-15 միավոր;

Գ. Հարցադրումներ արտակրթահամալիրային մասնագետի – 15-20 միավոր;

Դ. Մասնակցություն բանավեճերին – 20-30 միավոր;

Ե. Մասնակցություն անցյալի իրականության վերակառուցմանը – 40-60 միավոր;

Զ. Մասնակցություն փոխուսուցմանը – 50-60 միավոր;

Է. Հետազոտական և նախագծային աշխատանքների հրապարակային պաշտպանություն – 10-100 միավոր:

Պարզաբանումներ. 1. Սովորողին միավորներ տալիս են ինքը, դասավանդողը, դասընկերները, դասագործընթացին մասնակցող այլ անձինք; 2. Միավորների գումարային թիվը բաժանվում է գնահատողների թվի վրա; 3. Կետ 2-ում նշված գործողությունը կատարելուց հետո մնացած միավորները բերվում են տաս բալանոց համակարգի յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո մեկ շաբաթվա ընթացքում, հավաքած միավորները մեկ կարգ պակասեցնելով; 4. Սովորողներն իրավունք ունեն փոխել իրենց գնահատանիշը ուսումնական տարվա ցանկացած շրջանում:

  1. Բովանդակություն

Ա. Պետություն. գաղափարներ և ուսմունքներ (6 ժամ);

Բ. «Սասնա ծռեր» էպոսը հայկական պետության էության, կառուցման սկզբունքների և կառավարման համակարգի մասին (7 ժամ);

Գ. Պետության սաղմերը նախնադարում (2 ժամ);

Դ. Հայկական առաջին պետությունները հին քաղաքակրթությունների համատեքստում (7 ժամ);

Ե. Արարատյան թագավորությունն աշխարհակալության ճանապարհին (4 ժամ);

Զ. Երվանդական Հայաստանը և Իրանական քաղաքակրթությունը (3 ժամ);

Է. Արտաշեսյան Հայաստանն արևմտյան և արևելյան քաղաքակրթությունների խաչմերուկում (6 ժամ);

Ը. Հայկական ավատատիրական պետությունները միջնադարյան քաղաքակրթությունների համատեքստում (10 ժամ);

Թ. Հայոց պատմության միջպետական փուլերի ընդհանրությունները և առանձնահատկությունները պետության վերաստեղծման գործընթացի եռակի`արագացնող, կասեցնող, ետընթաց պարտադրող, գործոն (6 ժամ);

Ժ. Հայոց Հանրապետությունների պատմա-համեմատական բնութագիրը պավլիկյաններից մինչև 21-րդ դար (12 ժամ);

ԺԱ. Հայոց պետության ապագան. մարտահրավերներ և հնարավորություններ (5 ժամ):

Պարզաբանում. Փակագծերի ներսում նշված է թեմաների ուսումնասիրության սոսկ դասացուցակային ժամաքանակը:

 

11.08.2020                ©                          Աշոտ Տիգրանյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s