(մանկավարժական աֆորիզմներ)
- Գիտելիքն իրականության որևէ բաղկացուցչի համարժեք արտացոլումն է անհատի բանականությունում և կարողության ձևավորման համապիտանի միջոցը;
- Կարողությունն անհատի մտային, հոգևոր, բարոյական և ֆիզիկական գործողություն կատարելու պատրաստականությունն է և հմտության ձևավորման համապիտանի միջոցը;
- Հմտությունը կարողության բարձրագույն աստիճանն է, ցանկացած իրավիճակում այն իրացնելու անհատի համապարփակ հնարավորությունը և կրթության նպատակին հասնելու համապիտանի միջոցը;
- Կրթության նպատակն անհատի հնարավորինս բարձր ազգային և սոցիալական արդյունավետությունն է հանուն ապագայամետ պետության;
- Գնահատումն անհատի կենսագործունեությունն ուղղորդելու գործառույթ է իրականացնում և ունի վերաբերմունքային, խոսքային ու թվային դրսևորումներ;
- Սովորողի գնահատումը դեպի կրթության նպատակի իրականացումն ուղղորդող գործողությունների համակարգ է և գիտելիքների ձեռքբերմանն ու կարողությունների ամրակայմանը, այսինքն` հմտությունների ձևավորմանը, նպաստող միջոց;
- Սովորողների ուսումնական հնարավորությունները եռաստիճան են` միջինից ցածր, միջին, միջինից բարձր, հետևաբար իրատեսակն է գիտելիքների և հմտությունների դրսևորման եռաստիճան գնահատում, որի թվային համարժեքներն են` 1. 4-5, 2. 6-7, 3. 8-9;
- Գիտելիքի յուրացման եռաստիճան դրսևորումներն են` վերարտադրություն, նոր գիտելիքի ստեղծում, գիտելիքների համակարգի ստեղծում;
- Հմտության եռաստիճան դրսևորումներն են` հիշելու հմտություն, տարբերակելու հմտություն, հիմնավորելու հմտություն;
- Մայրենիի եռաստիճանը` բառապաշարի հարստացում, շարադրության կամ գրական բնույթի այլ տեքստի հեղինակում, բառաստեղծում;
- Գրականության եռաստիճանը` գրական տեքստի բովանդակության ներկայացում, նաև` անգիր պոեզիա, ուսումնասիրվող ստեղծագործությունը հեղինակի ստեղծագործությունների համատեքստում (վերլուծություն), բացահայտել ուսումնասիրվող հեղինակի տեղը հայ և համաշխարհային գրականության համատեքստում;
- Օտար լեզուների եռաստիճանը` նվազագույն բառապաշարի և քերականական կառուցվածքի իմացություն, տեքստի կազմում, հաղորդակցություն լեզվակրի հետ;
- Մաթեմատիկայի եռաստիճանը` վարժության լուծում, պարզ խնդրի լուծում, բարդ խնդրի լուծում;
- Բնագիտական եռաստիճանը` փորձի վերարտադրություն, տրված նախապայմաններով փորձի իրականացում, տրված արդյունքով փորձի արդյունավետ կատարում;
- Հասարակագիտական եռաստիճանը` առանցքային հասկացությունների, երևույթների, կարևորագույն իրադարձությունների, մեծ անհատների համառոտ կենսագրության իմացություն; իրադարձությունների և պատմական անհատների գործունեւոթյան վերլուծություն; հասկացությունների սահմանումների հեղինակում, երևույթների, իրադարձությունների, սոցիալական խմբերի և անհատների գործունեության մասին սեփական տեսակետների հիմնավորում:
Ծանոթություններ. 1. Եռաստիճան համակարգի առաջին աստիճանը պարտադիր է բոլոր սովորողների համար; 2. «Նոր գիտելիք» կամ «Գիտելիքների համակարգի ստեղծումը» պետք է հասկանալ ոչ թե որպես հայտնագործություն, այլ նորություն կոնկրետ տարիքի սովորողների համար; 3. Բացառիկը հայտնագործության գնահատականն է, օժտված սովորողների համար հնարավոր չորրորդ աստիճանը:
26.04.2021 © Աշոտ Տիգրանյան