Վերադարձիր գարուն,
Դու դեռ տալիք ունես.
Ո՞ւր են գույներդ:
Վերադարձիր գարուն,
Դու դեռ վերցնելիք ունես.
Ո՞ւր են նահատակներս:
Վերադարձիր գարուն,
Խառնիր գույներդ կյանքիս.
Ես եմ վերադառնում:
06.06.2021 © Ներքին Բազմաբերդ
Քամի´, տար գերեզմանների դրոշները,
Վերադարձրու կորած բնակավայրերի վրա,
Քամի´, տար գերեզմանների դրոշները,
Ես եմ դառնում դրոշ Հայոց Տան վրա:
06.06.2021 © Թալին
Մի´ նայիր երկնքին,
Դու տեղ չունես,
Այնտեղ հրեշտակներն են:
Մի´ նայիր դժոխքին,
Դու տեղ չունես,
Այնտեղ սատանաներն են:
Քո տեղը երկրի վրա է
Հայ մարդ, ոտքդ հողին դիր,
Հողին քո նախնյաց:
Ու պարտված են հրեշտակ ու սատանա:
06.03.2021 © Աշնակ
Որպես գիր դարձած մի այծ,
Որպես լույս դարձած մի կայծ,
Որպես երգ դարձող ջրվեժ,
Որպես կյանք դարձող վրեժ,
Քո արահետն եմ, Հայաստան:
Որպես ջուր դարձած ամպիկ,
Որպես հույս դարձած ջրիկ,
Որպես կանչ դարձող կայծակ,
Որպես սկիզբ դարձող ապտակ,
Քո բազմակետն եմ, Հայաստան:
07.06.2021 © Աշնակ
Արևածագը արևոտվել է Սուսեր գյուղում,
Մարդկայնությունը մարդոտվել է Սուսեր գյուղում,
Հոգուս կտորը հողոտվել է Սուսեր գյուղում,
Հրաժեշտը արցունքոտվել է Սուսեր գյուղում:
08.06.2021 © Սուսեր
Սուսեր – Երևան. ուղի ապագայից ներկա
Զգալով շունչն անցյալի:
Սուսեր – Երևան. քաղաքականությունը բացակա
Լսելով լռությունը ժողովրդի:
08.06.2021 © Սուսեր – Երևան
Սպանող մաքրության ապրեցնող գենը
Սպանում է կյանքում թպրտացող ես-ը:
Տի´ր, բազկատարած դիմում եմ քեզ,
Արտոնի´ր մաքրության երթը հրկեզ:
08.06.2021 © Սուսեր – Երևան
ԴԱՆԻԵԼԻՆ
Դատավորն Արարչի անարդար արդար է,
Արարիչն է մերժում անչափ չափը նրա:
Նպատակն անսասան ազգաստեղծ արդարն է,
Իսկ թշնամին լոկ` նյութը հոգու վրա:
Ես` քուրմս Վահագնի և աշակերտը կյանքի
Լռությամբ եմ ցնծում երթով Արեգակի:
08.06.2021 © Երևան
Երկու իրականություն
Ոռնացող քարոզչություն ատելությամբ լեցուն,
Եվ մաքրության պատվար Սուսեր գյուղում,
Հայ եսը մտրակող ամբոխների «այո»-ն,
Եվ Սասնո բարձրիկ հոգին Սուսեր գյուղում:
Արդարության խոսքեր նյութապաշտ երախներից,
Եվ Սիրո մոլորակ Սուսեր գյուղում,
Բազմադեմ կուռքեր Չարի պատվանդանից,
Ամենահաղթ Բարին` Սուսեր գյուղում:
09.06.2021 © Երևան
ՎԱՐԴԱՆԻՆ
Վերելքը վայրէջք է առանց ընկերոջ,
Արդարն անպաշտպան է առանց ընկերոջ,
Րոպեն անավարտ է առանց ընկերոջ,
Դարն անիմաստ է առանց ընկերոջ:
Ասում եմ քեզ, ընկեր, գյուտ ես դու ինձ համար,
Ներկան էլ լուսառատ քո ներկայությամբ:
09.06.2021 © Երևան