«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործող հասարակագիտական, քաղաքացիական նախաձեռնությունների լաբորատորիան, ուսումնասիրելով վերջերս Հայաստանում իրականացված ուսուցչի կամավոր ատեստավորման կարգը, պատմության ուսուցչի զուտ գիտելիքը ստուգող, շտեմարանների հիման վրա կազմված թեստերը, ատեստավորման գործընթացը, սկզբունքորեն հայտնում է իր անհամաձայնությունը և գտնում, որ դրանք չեն համապատասխանում հեղինակային կրթական ծրագրի պահանջներին և հեղինակային մանկավարժություն իրականացնող ուսուցչի գործունեությանը:
Ուստի լաբորատորիան հանդես է գալիս իր մշակած առաջարկով, ըստ որի հեղինակային կրթական ծրագրով աշխատող, «Պատմություն» և «Հասարակագիտություն» առարկաները դասավանդողի ատեստավորումը պետք է կազմակերպվի և իրականացվի հեղինակային կրթական ծրագրի պահանջներին համապատասխան։
Կրթահամալիրի Միջին և Ավագ դպրոցներում, ինչպես նաև Քոլեջում «Պատմություն» և «Հասարակագիտություն» առարկաները դասավանդողին ներկայացվող հեղինակային կրթական ծրագրի պահանջներն են՝
- պատմության և հասարակագիտության դասավանդումը իրականացվում է ՏՀՏ միջոցների օգտագործմամբ
- Դասավանդողը պետք է կարողանա իրականացնել բլոգային և նախագծային ուսուցում
- Դասավանդողը պետք է կարողանա կազմել և իրականացնել տարբեր տեսակի ուսումնական նախագծեր՝
Նախագծեր ըստ ժամկետների՝
-կարճաժամկետ նախագիծ
-միջնաժամկետ նախագիծ
-երկարաժամկետ նախագիծ
Նախագծեր ըստ կազմակերպման ձևի`
-անհատական
-հասակակիցների խմբով
-տարատարիք
-համագործակցային՝ այլ կրթական հաստատությունների հետ
-սովորող-սովորեցնող նախագիծ
-ընտանեկան նախագիծ
Նախագծեր ըստ բովանդակության`
-պատմական իրականության հետազոտում
-պատմության վերակառուցում
-արդի հիմնախնդիրների ուսումնասիրում
-քաղաքացիական նախաձեռնությունների իրականացում - Դասավանդողը պետք է կարողանա ստեղծել ուսումնական նյութեր ուսումնասիրվող թեմայի վերաբերյալ և հրապարակել դրանք բլոգում
- դասավանդողը պետք է կարողանա կազմակերպել և իրականացնել ուսումնահայրենագիտական, կրթական փոխանակումներով ճամփորդություններ
- դասավանդողը պետք է կարողանա կազմակերպել, իրականացնել և համակարգել հրավիրյալ մասնագետների հետ հանդիպում-քննարկումներ, պատմական-հասարակագիտական թեմաներով կլոր սեղաններ
Հեղինակային կրթական ծրագրով աշխատող, «Պատմություն» և «Հասարակագիտություն» առարկաները դասավանդողի ատեստավորման բովանդակությունը /առարկայական հմտությունների ստուգման փուլ/.
1. Հասկացությունների սահմանում
2. Մարդկության պատմության օրինաչափությունների ձևակերպում
3. Հայոց պատմության օրինաչափությունների և առանձնահատկությունների շարադրում ու զուգահեռում մարդկության պատմության օրինաչափությունների և այլ ժողովուրդների, հատկապես` հարևան, առանձնահատկությունների հետ
4. Պատմական և հասարակական երևույթների էության սահմանում ու բաղկացուցիչների նկարագրում, նաև` էության և բաղկացուցիչների փոխազդեցության բացահայտում
5. Պատմական և հասարակական իրադարձությունների պատճառահետևանքային ընթացքի վերհանում
6. Անցյալի դասերի իմացություն և կարևորում դասավանդման գործընթացում
7. Պատմության մեջ «խորասուզման» մեթոդաբանության գործնական կիրառում
8. Առարկայական ծրագրերի հեղինակում
9. Քաղաքական և սոցիալական տեխնոլոգիաների իմացություն ու ներառում անցյալ-ներկա-ապագա շղթայի ընթացքի տարբերակները քննարկելիս
10. Ժամանակագրության գերկարևորման կամ երրորդացման մանկավարժական վտանգների հստակ պատկերացում և դրանցից խուսափելու ուղիների նկարագրություն
11. Սահմանային և բնական գիտությունների կիրառելի տեղեկույթի իմացություն ու մեթոդաբանության տեղայնացում:
Մշակումը՝ Վարդան Կարապետյանի, Աշոտ Տիգրանյանի