— Ինչո՞ւ են հիվանդանում ծառերը,
— Օտարի շնչից:
— Ինչո՞ւ են լռում երգերը,
— Խեղդող մտքից:
— Ինչո՞ւ են մեռնում հոգիները,
— Կանաչ թույնից:
— Ինչո՞ւ են մարում ժպիտները,
— Սիրո պակասից:
27.05.2022 Սարավան
Ես Հայաստանն եմ, ու վերջ,
Եթե կարող եք սպանեք:
Ջրի կաթիլի մեջ եմ,
Կանաչ անդունդի խորքում,
Բողոքող ամբոխի ճիչն եմ
Ու պոետի հոգին միայնության գրկում:
Ես Հայաստանն եմ, ու վերջ,
Եթե կարող եք սպանեք:
Սեպագիր պատգամի գաղտնագրված տողն եմ,
Ու խաչքարե հույսի մի ճառագայթը,
Սպիտակ արծվի ողջյունն եմ արևին,
Սպիտակ գայլի հևքը լեռան կատարին:
Ես Հայաստանն եմ, ու վերջ,
Եթե կարող եք սպանեք:
Քարե հեղեղ ծնող փոքրիկ քարի ուժն եմ,
Կիկլոպյան ամրոցի շաղախը մարդուն անտես,
Դարեր լռած երգի չմարող հնչյունն եմ,
Վահագնի վերադարձի մունետիկն եմ ես:
27.05 Սիսիան
Անհիշատակ աշուղն ասած.
«Խոտի խոտի սերմերը ցանեք տապանիս շուրջ,
Որ անցյալն ու ապագան խառնած
Ձուլվեմ բնության այս մունջ»:
Գրերն այս մոգացած հոգիս կարդաց
Ու մասնիկն այս ձորերում թողած գնաց:
27.05 Հին Խոտ
Ակրոստիքոս
Միայնակ քո հոգին գտավ հանգրվան,
Եթե խաբկանք չէ կատարվածը,
Րոպեն կարող է թվալ դար,
Իսկ լուծված սիրո առեղծվածը:
27.05 Գորիս
Վարդանին
Ես քո հոգու խազերը վերծանեցի
Կոմիտասի հանգույն հոգեփրկիչ պոռթկմամբ,
Նոր ապագայիդ տեսիլքը երկնեցի
Արևածագի երկվորյակ ջերմությամբ:
28.05 Կոռնիձոր
Վարդանի հորը` Բահադուրին
Քո օջախի հուրը
Ջերմացնում է հոգիս,
Իսկ սրտածին խոսքը`
Սնունդ տվող մտքիս:
Հեռու վանիր ձմեռը,
Նա չի կարող վաղ գալ,
Մերն է ճոխ աշունը.
Այս թթենին վկա:
29.05 Կոռնիձոր
Գերված լեռներից ծագող
Թրքոտ արևածագ,
Դու` ջերմություն բերող,
Բայց սևակնած ավարտ…
Դեռ կծնվի վերադարձնող
Քո դեմքը իրական:
29.05 Կոռնիձոր
Ակրոստիքոս
Հիշիր այն վերելքը, որ միաիսն անցանք.
Առանց վայրէջքների վերելքներ չեն ծնվում:
Րաբունին ասած. «Միտքը ձի է անսանձ
Ու կարող է մոլորվել կյանքի խաչմերուկում»:
Թվում է արահետը ճիշտ է ընտրված,
Յուրային է թվում օտարը թաղված ժպիտում
Ու… Մսրա թակարդն է Դավթի փակուղում:
Նետվի´ր միայն լույսին ընդառաջ:
29.05 Կոռնիձոր – Խնձորեսկ
Ակրոստիքոս
Արվեստը կյանք է, բայց կյանքը միշտ չէ որ արվեստ է,
Լսիր սրտիդ ձայնը, բայց միտն էլ մարդու հատկանիշ է:
Լուսինը մեռած Արև է, մարդը` չկայացած Աստված,
Ավարտվում է մարդը երկունքը մերժած:
29.05 Խնձորեսկ – Շաքի
Բացի´ր աչքերդ,
Երկինքը փակվում է,
Մի´ փակիր սիրտդ,
Հույսը մարում է:
Ամպը բռունցք է,
Լեռները` վահան,
Մարդը երկունք է,
Միտքը` դավաճան:
29.05 Շաքի
Ամպե աչքերով նայում ես, Արարի´չ,
Ես գիտեմ, որ Դու փնտրում ես ինձ,
Ահա´, կանգնած եմ առջևդ
Մերկ սրտով ու մտքով,
Մերժում եմ նվեր երկինքդ
Ողջ հոգով ու հողով:
29.05 Վայք
Արևելքից վերադառնում եմ
արևմտած հոգով,
Հայոց արևն է բարձրանում
հարավի լեռներից,
Ազատության հողմն է կուտակվում
Սյունյաց կիրճերի երկայնքով,
Զինվոր է դառնում ամեն ժայռ
ու սպաներ Վահագնի օծած քրմերից:
29.05 Երասխ