Ինքնակրթություն (անժամկետ նախագիծ)

Նպատակներ`

  1. «Սովորել» հմտական համակարգի անընդհատ կատարելագործում;
  2. Իրականության բոլոր ոլորտների գիտելիքների ամենօրյա յուրացում;
  3. Մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացում;
  4. Անձնական օրինակի օգտագործում որպես սովորողի կրթական գործունեության գործոն:

 

Խնդիրներ`

  1. Ինքնակրթության աղբյուրների, այդ թվում` գիտական և գեղարվեստական գրականության ու տարբեր ոլորտների մասնագետների հետ շփումների, շարունակական բազմակողմանիացում;
  2. Օտար լեզուների ինքնուսուցում և ամենօրյա կիրառում;
  3. Ինքնակրթության հստակ պլանավորում;
  4. Ընտրված նյութերի պահպանում էլեկտրոնային ամենամսյա օրագրերում:

 

Բովանդակություն`

  1. Տպագիր և համացանցային տեքստերի ընթերցում;
  2. Ռադիո — հեռուստատեսային ընտրված հաղորդումների ու ֆիլմերի ունկնդրում և անկնդրում;
  3. Համացանցային ձայնա- և տեսանյութերի դիտում;
  4. Անձնական շփման որակական ընդլայնում:

 

Շահառուներ` ինքնակրթվողը և նրա կենսագործունեության ոլորտում գտնվողները:

 

Ակնկալվող էական արդյունքը` շահառուների համագործակցության մակարդակի ու արդյունավետության բարձրացումը:

 

24.01,2019                 ©                         Աշոտ Տիգրանյան

 

Կրթական ինքնավարություն

Նպատակը`Նոր սոցիալական կարգավիճակին համապատասխան կրթական հմտությունների ձևավորում և մարդկային որակների ամրակայում:

Խնդիրները` 1. Տարատարիք սովորողների համագործակցության նոր ուղղությունների ստեղծում;

  1. Հռետորական արվեստի տարրերի ուսուցում;
  2. Սովորողների մասնագիտական կողմնորոշման ոլորտների բացահայտում:

Բովանդակությունը` 1. Սովորողների կողմից դասավանդողի պարտականությունների մի մասի (ուսումնական փաթեթի` այդ թվում` առաջադրանքների, ստեղծում, թեմայի բացատրություն, դասավանդվող սովորողների հարցերի պատասխանում, գնահատման գործընթացի կազմակերպում) կատարում;

  1. Դասավանդող և դասավանդվող սովորողների ինքնագնահատում;
  2. Աշխատանքային գործընթացի և նրա արդյունքների եռակողմ վերլուծություն:

Սպասվող արդյունքները` Նախագծում ընդգրկված սովորողների բանավոր և գրավոր խոսքի զարգացում (դրսևորումները` տարբեր ձևաչափերի հանդիպումներում և բազմոլորտ հրապարակումներում):

 

19.12.2018                  ©                    Աշոտ Տիգրանյան

Հայկական Հեղափոխություն (Երկարաժամկետ նախագիծ)

Իրավիճակի նկարագրություն

Մեր Հեղափոխությունը շարունակվում է և բազում են մարտահրավերները, ուստի դեռահասներն ու պատանիները պետք է կարողանան սթափ վերլուծել իրավիճակը, ինչպես նաև իրատեսորեն հաշվարկեն իրենց այն քայլերը, որոնք կոչված են նպաստելու Հեղափոխության հաղթական շարունակությանը:

 

Նպատակը

Սկսել պատանի քաղաքագետների ցանցի ստեղծումը:

 

Խնդիրներ

  1. Կապերի հաստատում Հեղափոխության պատանի և երիտասարդ մասնակիցների ու կողմնակիցների միջև;
  2. Սովորողների վերլուծական կարողությունների զարգացում;
  3. Սովորողների քաղաքացիական դիրքորոշման բովանդակության հարստացում:

 

Քայլերի հերթականությունը

  1. Համապատասխան գրականության (Նիկոլ Փաշինյան. «Չար տնակի հեքիաթը», Թավշյա հաղթանակ. Ինձ բացակա չդնեք (ժողովածու), Ստեփան Գրիգորյան. «Հայկական թավշյա հեղափոխություն», Նիկոլ Փաշինյան. «Երկրի հակառակ կողմը») ուսումնասիրում:
  2. Քննարկում նշված գրականության հեղինակների հետ:
  3. Պատանի քաղաքագետների ցանցի ստեղծման առաջին քայլը:

 

Նախաձեռնողներ

Կրթահամալիրի 6-9 դասարանների մի խումբ սովորողներ

Շահառուներ

Քաղաքացիական դիրքորոշում ունեցող դեռահասներ, պատանիներ և երիտասարդներ:

 

 

 

Հետազոտական արշավային ճամբար

Նկարագրություն`

1170 թվականին թուրք-սելջուկները գրավել են Բաղաբերդ ամրոցը (վկայում է պատմիչ Ստեփանոս Օրբելյանը) և թալանել են Տաթևի վանքից այնտեղ տեղափոխված հարստությունները, այդ թվում` մոտ 10.000 ձեռագրեր: Չնայած մասնագետների կարծիքները այդ ձեռագրերի նշանակության, կարևորության և հետագա ճակատագրի մասին նշանակալիորեն տարբերվում են, սակայն որոշ փաստեր վկայում են, որ այդ ձեռագրերի գոնե մի մասը մնացել է Բաղաբերդին մերձակա տարածքում:

Նպատակը` գտնել ձեռագրեր կամ նրանց հետքերը:

Խնդիրներ`

  1. Ուսումնասիրել սկզբնաղբյուրը և համապատասխան գրականությունը
  2. Տեղորոշել Բաղաբերդ ամրոցը
  3. Կազմել երթուղու քարտեզը (Կապանի երկրագիտական թանգարանի, այսուհետ` ԿԵԹ, տնօրենի և աշխատակազմի աջակցությամբ)
  4. Իրականացնել դաշտային աշխատանք

Աշխատանքի ընթացքը՝

  1. Արշավախմբով տեղակայվել նախապես որոշված վայրում
  2. Անցնել որոշված երթուղիով, մանրակրկիտ ուսումնասիրել տեղանքը և կազմել համապատասխան հաշվետվություն
  3. Գտածոներ հայտնաբերվելու պարագայում ԿԵԹ-ի աշխատակիցների հետ կատարել գտածոյի նախնական ուսումնասիրություն:
  4. Գտածոների բացակայության պարագայում հեղինակել հոդված կամ հոդվածաշար երթուղու տարածքին և ձեռագրերին առնչվող  ավանդությունների մասին, հետագա խմբերի և հետազոտողների ուսումնասիրությունները հեշտացնելու նպատակով:

Դաշտային աշխատանքների մասնակիցներ (ճամբարականներ)` նախագծին մասնակցած սովորողներ, ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողներ և ԿԵԹ աշխատակիցներ, թվով` 8-10 մարդ:

Ճամբարի դաշտային փուլի մեկ հերթափոխի տևողությունը` մեկ շաբաթ:

Նախահաշիվ` 1 հոգու սնունդը 7000 դրամ, տրանսպորտային ծախսերը` 10.000 դրամ:

   Օրվա ռեժիմ՝

  1. Վերկաց — 7:00
  2. Անձնական հիգիենա — 7:00-7:20
  3. Մարմնամարզություն — 7:20-7:50
  4. Նախաճաշ — 8:00-8:15
  5. Դաշտային աշխատանք — 8:30-14:30
  6. Ճաշ — 15:00-15:30
  7. Հանգիստ — 15:30-16:30
  8. Դաշտային աշխատանք — 16:30-19:00
  9. Հանգիստ — 19:00-20:00
  10. Ընթրիք — 20:00-20:15
  11. Օրվա ամփոփում — 20:20-….
  12. Քուն — 23:00-ից

 

27.06.2017 լրամշակում       ©       Աշոտ Տիգրանյան

«Միասնական Տիեզերք» նախագիծ

Նպատակը` ըստ սովորողների նախընտրության խորասուզվել աստղերի, մոլորակների և այլ երկնային մարմինների ու նրանց համակարգերի աշխարհները, միկրոտիեզերքի` մարդու, կյանքի բոլոր կողմերը բոլոր ժամանակներում, բառերի տիեզերքի` գրքերի, աշխարհը և երեք Տիեզերքների փոխազդեցության ոլորտները:

Խնդիրներ` 1. Սովորողների հետաքրքրությունների զարգացում; 2. Սովորողների հետազոտական ունակությունների սաղմնավորում; 3. Հեռավար համագործակցության ունակությունների ձևավորում:

Նախագծային թեմաներ` 1. Գիտությանը հայտնի ողջ Տիեզերքը; 2. Ծիր Կաթինի համաստեղությունը; 3. Արևի համակարգը; 4. Երկիր մոլորակը և երկրանման տիեզերական մարմինները; 5. Երկիրն աշխարհագրության և երկրաբանության տեսանկյունից; 6. Երկիրը ֆիզիկայի տեսանկյունից; 7. Երկրի բուսական և կենդանական աշխարհը; 8. Երկիրը և մարդը; 9. Մարդը որպես կենսաբանական էակ; 10. Մարդն անցյալի տարբեր ժամանակաշրջաններում; 11. Ժամանակակից մարդը; 12. Ապագայի մարդը; 13. Գրի և գրքի պատմությունից; 14. Գրքի ստեղծման տեխնոլոգիան; 15. Իմ սիրած գիրքը/գրքերը:

Ակնկալվող արդյունքներ` Սովորողների առցանց գործունեության տեքստային հետևանքներ` նկարագրական և վերլուծական հոդվածներ, հետազոտական փոքրածավալ տեքստեր, տեսանյութեր:

 

28.05.2016                      ©                     Աշոտ Տիգրանյան

«Այլընտրանքային պատմություն» նախագիծ

Նպատակ՝
1. Պատմության այլընտրանքային էլեկտրոնային ուսումնական ձեռնարկի ստեղծում։
Խնդիրներ՝
1. Սովորողների տեխնոլոգիական, հետազոտական, ճարտասանական և համագործակցային հմտությունների զարգացում;
2. Օտար լեզուների գործնական կիրառում։

Մանկավարժական մոտեցումներ`
1. Գիտականություն;
2. Ամենօրյա հետազոտական աշխատանք;
3. Օտար լեզուն` աշխատանքային գործիք;
4. Սովորողի սոցիալականացում;
5. Ինտերակտիվությունը որպես մեթոդաբանություն և կրթական իրականության մթնոլորտ:

Միջավայր`
1. Ֆիզիկական միջավայր /դասասենյակ, լաբորատորիա,բակ, զբոսայգի, թանգարան, արխիվ, աշխարհագրական և պատմական օբյեկտներ, կրթական և գիտական հաստատություններ; նեթբուք, նոթբուք, պլանշետ և այլ գաջետներ/
2. Վիրտուալ միջավայր /կայքեր, բլոգեր, սոցցանցեր և էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցներ/:

Նախագծային գործունեության կազմակերպումը`
1. Քննարկում;
2. Դասախոսություն;
3. Ք ննարկում այլ մասնագետի մասնակցությամբ;
4. Ինտերակտիվ դաս;
5. Քննարկման նախապատրաստություն սովորողի կամ սովորողների խմբի հետ;
6. Համատեղ դաս-քննարկում այլ կրթական հաստատության սովորողների հետ;
7. Արտակրթահամալիրային մասնագետի դաս;

8.Գիտահանրամատչելի ֆիլմերի թարգմանություն;
9. Պատմական վերակառուցման գործունեություն;
10. Դաս-շնորհանդես;
11. Արշավային դաս;

12.Գիտահանրամատչելի հեղինակային և թարգմանական հոդվածների հրապարակում:

Բովանդակություն

Անցյալը 21-րդ դարի պատուհանից

  1. Հնագույն քաղաքակրթություններ
    1. Լեմուրիա
    1.2. Հիպերբորեա
    1.3. Ատլանտիդա
    1.4. Այլ քաղաքակրթություններ
  2. Մարդու առաջացումը
    1. Առասպելներ մարդու առաջացման մասին
    2.2. Կրոնները մարդու առաջացման մասին
    2.3. Գիտությունը մարդու առաջացման մասին
  3. Պատմությունը և անհատը

3.1. Պատմության մեջ անհատի դերի մասին պատկերացումները տարբեր դարաշրջաններում;

3.2. Պատմության մեջ անհատի դերի մասին պատկերացումները տարբեր էթնոսների մոտ;

3.3. Համաշխարհային մասշտաբի անհատականություններ;

3.4. Էթնիկական մասշտաբի անհատականություններ;

3.5. Հանճարեղության առեղծվածները;

3.6. Ինդիգո երեխաներ:

  1. Մարդկանց ընդհանրություն
    1. Մարդկանց առաջին բնակավայրերը
    4.2. Տոհմը եւ ցեղը որպես մարդկային կայուն խմբեր
    4.3. Մոռացված գիտելիքներ
  2. Հայերի ծագումնաբանությունը
    1. Մարդու առաջին քայլերը հայկական լեռնաշխարհում
    5.2. Հայկական քաղաքակրթության առաջացումը
  3. Կրոններ
    1. Կրոնի առաջացումը եւ առաջին ձևերը
    6.2. Ազգային կրոններ
    6.3. Համաշխարհային կրոններ
  4. Պետություն

7.1. Պետության առաջացում
7.2. Պետության փոփոխությունը պատմության ընթացքում
7.3. Պետությունների հարաբերությունները
7.4. Մեր հասակակիցը տարբեր պետություններում

  1. Հայտնագործություններ
    1. Գիտություն
    8.2. Տեխնոլոգիաներ
    8.3. Կենցաղ
  2. Հայերը եւ աշխարհը
    1.Հայերի ներդրումը համաշխարհային տնտեսության մեջ
    9.2. Հայերի ներդրումը համաշխարհային քաղաքականության մեջ
    9.3. Հայերի ներդրումը համաշխարհային ռազմական գործի մեջ
    9.4. Հայեր ներդրումը համաշխարհային մշակույթի մեջ
    9.5. Այլ էթնոսների հետ հայերի հարաբերության սկզբունքները
    9.6. Հայերի թշնամիներն ու դաշնակիցները. պատճառներ եւ հետեւանքներ
    9.7. Հայերը եւ համաշխարհային քաղաքակրթությունը 21-րդ դարում

 

 

 

 

«Բռնադատվածներ» նախագիծ.

Հիմնավորում

Հայոց պատմության 20-րդ դարի երկու մեծագույն ողբերգություններից մեկը` խորհրդային բռնատիրության պետական ահաբեկչությունը, որը 20 – 40 — ական թվականներին ուներ ցեղասպանական դրսևորումներ, կրթական (նաև` ընդհանրապես քաղաքացիական) ոլորտում մնացել է ստվերում: Այնինչ նրա սոցիալական, հոգեբանական, բարոյական հետևանքներն այսօր էլ իրենց զգացնել են տալիս: Բացի դրանից ամբողջատիրության էության և մեխանիզմների իմացությունը, հակաամբողջատիրական մտածողությունն ու ամբողջատիրական նույնիսկ փոքր դրսևորումների դեմ պայքարելու պատրաստակամությունը, նրա վերադարձի կանխման գրավականներից  են Այս նախագծի առաջին քայլերը, որոնք իրականացվել են ամբողջատիրությունն ուսումնասիրող գիտնականների հետ համագործակցելով, վկայում են, որ այդ ուսումնասիրությունները բացահայտում են մեր ոչ հեռավոր անցյալի` իմացության արժանի հերոսական դրվագներ: Արխիվային փաստաթղթերի ուսումնասիրությունը, բռնադատվածների ժառանգների և ականատեսների հետ հարցազրույցները, հակախորհրդային պայքարի վայրերով անցկացվող գիտարշավները կամրապնդեն սովորողների քաղաքացիական դիրքորոշումը հանուն ժողովրդավար և  իրավական պետության:

 

Մասնակիցներ

Կրթահամալիրի և համագործակցող կրթական հաստատությունների դասավանդողներ և 6-11 դասարանների սովորողներ, ինչպես նաև այդ հիմնախնդրի ուսումնասիրությամբ զբաղվող գիտնականներ և հասարակական կազմակերպություններ:

Աշխատանքի ձևերը

  1. Արխիվային փաստաթղթերի ուսումնասիրություն և տեղեկատվական ու վերլուծական հոդվածների հրապարակում
  2. Գիտարշավներ
  3. Հարցազրույցների անցկացում և դրանց ձայնագրությունների հրապարակում
  4. Առցանց հետազոտական համագործակցություն մարզերում ձևավորվելիք խմբերի և ռուսաստանյան գիտնականների հետ

Ակնկալվող արդյունքը

  1. Հակաամբողջատիրական գործուն կայքի ստեղծում
  2. Ուսումնական ֆիլմաշարի նկարահանում
  3. Չարդարացված, բայց իրավական արդարացման արժանի, մարդկանց արդարացնող փաստաթղթերի կազմում և ներկայացում համապատասխան կառույցներին: