Երբ փողփողում են դրոշները

Հաղթանակի բերկրանքն է թևածում Հայոց Աշխարհի այս անկյունում` Հայաստանի Հանրապետությունում: Էթնոգործիքները` թմբուկ և վուվուզել, ավետում են, որ վիշապի գլուխները պակասել են` ավատատիրա-բուրժուական համակարգը ճեղքեր է տվել: Իսկ «լռակյաց մեծամասնությունը» (ասում են քաղաքագիտական եզրույթ է) ի հեճուկս իշխանության և ժողովուրդ-քաղաքացիների, հավատարիմ իր բնույթին լռում է: Ինչի՞ մասին: «Վերջապես»: «Չեմ հավատում, որ կզիջեն»: «Օտար խաղեր են»: «Հեղափոխությունից օգտվում են …»: «Մեծ պետությունները (անունների թվարկումը թողնում ենք ընթերցողին) չեն թողնի ստեղծել ժողովրդի ուզած Հայաստանը»: Եվ այսպես շարունակ: Միայն այլմոլորակայինները դեռ հայաստանյան իրադարձությունների գործոն չեն դարձել:

Իսկ վաղը (հուլիսին, սեպտեմբերին, երբևիցե) ընտրություններ են: Ասում են արտահերթ: Բայց այդպիսի ընտրությունների սպասում ենք (ոմանք նույնիսկ պայքարել են դրա համար) 27 տարի: Ավելի՞ երկար էր պետք հերթի կանգնել, որ այն հասներ:

Եվ ի՞նչ: Ո՞վ կհամարձակվի (ռոմանտիկները և կիսագրագետները ցուցակից դուրս են) պնդել «լռակյաց մեծամասնության» ձայների կուսակցականաբախշման իր վարկածի հավանականության բարձր տոկոսի վրա:

Սոցիոլոգնե՞րը: Նրանք վարկաբեկված են: Ֆուտուրոլոգնե՞րը: ՀՀ-ում չկան: Քաղաքագետնե՞րը: Այդ կուսակցականացված խոսող գլուխնե՞րը: Քաղտեխնոլոգնե՞րը: Ովքեր լավագույն դեպքում գործընթացի մի ժամանակահատվածի վերլուծաբաններ են: Իսկ գուցե՞ պայծառատեսնե՞րը: Նրանք այլ ոլորտում են փող աշխատում:

Լռակյաց մեծամասնությու´ն, աո~ւ…

03.05.2018                ©                   Աշոտ Տիգրանյան

Մասնախո՞ւմբ, թե՞ խառնաժողով (մենախոսություն բյուրոկրատական փակուղում)

                                    Իրավական

2017-2018 ուսումնական տարում կրթահամալիրի կառավարման, ֆինանսական կազմակերպման, կառուցվածքի և հաստիքային աշխատողների ցուցակի փոփոխությունների ճանապարհային քարտեզի ստեղծման աշխատանքային խումբ-կառույցը հրապարակված ոչ մի իրավական ակտում արձանագրված չէ, հետևաբար նրա առաջարկին անդրադառնալը սոսկ բարի կամքի դրսևորում է և չի կարող իրավական հետևանքներ ունենալ:

 

Գեղարվեստական

Կա մի ծայրամասային այգի, որի ծառերի վրա գրված է թուփ, թփերի վրա` խոտ, իսկ քարերն արագորեն տեղաշարժվում են, որովհետև նախապատրաստվում են հերթական օլիմպիադայի մարաթոնյան վազքին:

 

Լեզվական

Մասնախումբ նշանակում է մասնագետների խումբ: Նախագծերի հիման վրա միավորվելը ես առաջարկել եմ դեռ նախորդ հնգամյակում: Բայց դա էլ հնարավոր չէ, քանի դեռ չկա միասնական կարծիք «Նախագիծ» հասկացության բովանդակության մասին:

 

Վերջաբան

Եկավ իր անցյալից, որը սարսափելի նման է ապագային, Անանուն Իմաստասերն ու ոտքի վրա բարբառեց. «Աշնանը ծաղկած ձնծաղիկները գարուն չտեսան և դու դեռ կաղնին պատվաստում ես վայրի վարդին»:

 

15.09.2017           ©                       Աշոտ Տիգրանյան

Պարտադիր հանրակրթություն. երկու տեսանկյուն

 

Դասարանային դասի երկդասյա կառուցվածքը (առաջին դասին թեմայի բացատրություն,սովորողների առաջադրած հարցերի պարզաբանում և դասարանական առաջադրանքների կատարման մեկնարկ, երկրորդ դասին` դասարանական առաջադրանքների կատարման ավարտ և թվանշանային գնահատում 6 բալանոց համակարգով), տնային առաջադրանքների կատարման մեկամսյա ժամկետը, նախագծային և հետազոտական գործունեության կարևորումը գնահատման համակարգում այսօր սովորողների համար դարձել են սովորական և շատերին թվում է, թե միշտ այդպես է եղել:

Այս նախաբանն ընթերցողը կենթադրի, թե շարունակությունը պարտադիր հանրակրթությանը նոր մոտեցման ներդրման ոդիսականի նկարագրությունը կլինի: Սակայն ինչպես ասել է Անանուն Իմաստասերը. «Երբ հաղթահարում ես ապառաժները, կարևորը ոչ թե նրանց, այլ կամքիդ ու ոտքերիդ ամրությունն է»: Այսօր մենք կարևորում ենք կիրառվող համակարգի դրական և բացասական կողմերի վերհանումն ուսումնական գործընթացի երկու կողմերի` ուսուցչի և աշակերտի, տեսանկյունից:

 

Ուսուցչի տեսանկյուն

                             Դրական կողմեր

  1. Սովորողի մոտ ուսումնական պայմանական ռեֆլեքսի ձևավորումը շաբաթվա նույն օրը, նույն ժամին նոր թեմայի հաղորդման և առաջադրանքների կատարման ճանապարհով;
  2. Դասարանական և տնային առաջադրանքների հստակ մակարդակային տարաբաժանումը;
  3. Դասարանական առաջադրանքների կատարման գործընթացում դասարանի ողջ համակազմի մասնակցությունը;
  4. Գնահատման համակարգի պարզությունը, «բավարար»-ի ցածր, հեշտ հաղթահարելի և «գերազանց»-ի բարձր, դժվար հաղթահարելի շեմերը;
  5. Սովորողի` նյութի ծավալի և մակարդակի ընտրության իրավունքի գործնական կիրառման հնարավորությունը;
  6. Ստեղծական-հետազոտական ներուժի բացահայտման հնարավորությունը:

 

Բացասական կողմեր

  1. Բանավոր և գրավոր խոսքի օգտագործման համամասնության խախտում;
  2. Խմբային աշխատանքի ժամանակ կեղծիքի հնարավորություն;
  3. Բացակա և ներկա սովորողների հնարավորությունների տարբերություն;
  4. Նոր թեմայի բացատրության մակարդակի խոցելիություն սովորողների մտային կարողությունների տարբեր մակարդակների պատճառով:

Աշակերտի տեսանկյուն (Արեգ Գալոյան – 9-րդ դասարան)

                          Դրական կողմեր

  1. Սովորողները, որոնք չեն կարողանում կամ չեն ցանկանում շատ խորացված սովորել տվյալ առարկան, ստանում են գիտելիքի գոնե մինիմալը;
  2. Սովորողները սովորում են կատարել ճիշտ խմբային և անհատական աշխատանք;
  3. Սովորողները սկսում են ճիշտ կիրառել համացանցը;
  4. Սովորողները սովորում են արագ գտնել պետքական ինֆորմացիան:

 

Բացասական կողմ

  1. Ենթագիտակցորեն սովորողի մոտ դասարանական աշխատանքը տպավորվում է որպես ավելի հեշտ տարբերակ, ինչը կարող է հանգեցնել տնային աշխատանքները կատարելուն:

 

Աշակերտի տեսանկյուն (Հուրի Իսկանյան – 9-րդ դասարան)

 

                      Դրական կողմեր

  1. Բացատրությանն անմիջապես հաջորդող դասարանական աշխատանքը;
  2. Տնային աշխատանքների կատարման ժամետը;
  3. Տնային աշխատանքների տարբերակների ընտրության հնարավորությունը:

 

Բացասական կողմ

  1. Բարդ թեմաների բացատրության մեկ դասաժամ տևողությունը, որը զգալիորեն նվազենում է դասարանական առաջադրանքներին լիարժեք պատախանելու հնարավորությունը:

 

Աշակերտի տեսանկյուն (Ալբերտ Ղազարյան – 8-րդ դասարան)

 

Դրական կողմեր  

  1. Ամսվա վերջում տնային առաջադրանքների գնահատումը, որը հնարավորություն է տալիս ամսվա ընթացքում ուղղել թույլ տրված սխալները;
  2. Դասի բացատրությանը զգալի ժամանակ դրամադրելը:

 

Բացասական կողմեր

  1. Դասարանակն առաջադրանքների կատարման համար երբեմն չի հերիքում ժամանակը;
  2. Դասի ընթացքում պատմական ֆիլմեր կամ այլ ուսումնական նյութեր չեն ցուցադրվում:

Աշակերտի տեսանկյուն (Հարություն Ղազարյան – 8-րդ դասարան)

                       Դրական կողմեր

  1. Թույլ սովորող աշակերտները մի քանի անգամ ավելի լավ են հասկանում շարադրվող նյութը, քանի որ 45 րոպեն բավարարում է դասին մոտենալ ըստ խորացվածության և բարդության տարբեր մակարդակների;
  2. Հանարավորչություն կա առանձին-առանձին` անհատապես, պատասխանելու աշակերտների բոլոր հարցերին;
  3. Աշակերտներին հնարավորություն է ընձեռվում տանը մշակելու, համառոտագրելու և սովորելու այն դասը, որը նրանք պետք է պատմեն հաջորդ դասին:

 

Բացասական կողմ

  1. Եթե աշակերտը բացակայում է առաջին դասին, ապա նա բաց է թողնում թեմայի բացատրությունը` ուսուցչի կողմից (նույն թերությունը կար նաև դասավանդման նախորդ տարբերակում):

Աշակերտի տեսանկյուն (Սամվել Բալախչյան – 7-րդ դասարան)

                         Դրական կողմեր

  1. Սովորում ենք ինքներս գտնել տեղեկություն;
  2. Առաջին դասի ընթացքում թույլտվություն ունենք գրելու դասարանական աշխատանքը;
  3. Կարող ենք բոլոր հարցերին պատասխանել բանավոր;
  4. Ուսուցչի բացատրությունները հետաքրքիր են;
  5. Իրավունք ունենք երաժշտություն լսել:

Բացասական կողմեր

  1. Իրավունք չունենք աշխատել զույգերով;
  2. Տեղեկության համար պետք է համացանց:

 

Եզրակացություն

Դասի կազմակերպման քննարկված տարբերակը, բացասական կողմերի վերացմանը միտված քայլերի դեպքում, հնարավոր է կիրառել հասարակագիտալկան առարկաների դասավանդման ժամանակ բոլոր, հատկապես` 7-8-րդ, 10-11-րդ դասարաններում:

 

18-22.04.2016       ©                Աշոտ Տիգրանյան և ընկերներ

Երբ իմացությունն ու կարողությունը համագործակցում են

 

«Այլընտրանքային պատմություն» նախագիծը ծավալվում է, ինչպես իրադարձություններն աշխարհացունց հրաբուխներից հետո: Իսկ

Ի՞նչ է այլընտրանքը

Իրականության (իր անցյալ-ներկա-ապագա եռամիասնական համակարգում) բացահայտման ձգտողների տեսանկյունից այլընտրանքն այն փաստերը, տեսակետներն ու տեսություններն են, որոնք գաղափարական, հոգեբանական, ինչու ոչ, նաև` հայտնի ուժերի աշխարհակալական նկրտումների պատճառներով, անտեսվում, աղավաղվում կամ վարկաբեկվում են ակադեմիական հորջորջվող գիտության և նրանց ֆինանսական ու քաղաքական հովանավորների կողմից: Առանց այլընտրանք իրականության մասին պատկերացումները կեղծիքի տիրույթում են, քանզի ամենամեծ սուտը ճշմարտության (տվյալ դեպքում` իրականության հոմանիշն է) միայն մի մասի բարձրաձայնումն է: Իսկ

Ինչու՞ են սովորողները մասնակցում նախագծին

Նրանց մասնակցության դրդապատճառները բազմաթիվ են, և դրանցից յուրաքանչյուրի պարզաբանումը մի առանձին մեթոդական հոդվածի նյութ է: Ուստի ես լոկ կթվարկեմ դրանք, առանց այդ ցուցակի ավարտունության հավակնության: Ընդգծեմ, որ թվարկումը վարկանիշային չէ, քանզի չի անցկացվել համապատասխան ընկերաբանական ուսումնասիրություն, որովհետև աշխատանքային խմբի համալրումը շարունակվում է: Այսպիսով, սովորողները մասնակցում են նախագծին, որովհետև`

  1. Առկա է ինքնակրթության ներքին պահանջ;
  2. Ձգտւմ է օգտագործել օտար լեզվի գործնական իմացությունը կատարելագործելու ևս մի հնարավորություն;
  3. Ցանկանում է ընկերոջ հետ համագործակցել նոր ոլորտում;
  4. Իրեն զգացնել է տալիս մրցակցության ոգին;
  5. Հավակնում է ավելի բարձր գնահատանիշի;
  6. Դրսևորում է ևս մի ասպարեզում ինքնահաստատվելու ձգտում (երբ սովորողն է նախագծին մասնակցելու հայտ ներկայացնում);
  7. Հարգում է ուսուցչի խոսքը (երբ սովորողը չի մերժում նախագծին մասնակցելու իմ առաջարկը, ի դեպ եղել են նաև հարգալից և հիմնավոր բացատրությամբ, օր.` բազմակողմանի զբաղվածությունը, մերժման դեպքեր);
  8. Սովորողը հետաքրքրված է անցյալի իրականության բացահայտմամբ;
  9. Ինձ հետ հաղորդակցվելը և համատեղ աշխատանքը սովորողի կարծիքով իր համար օգտակար է…

Այս տողին հասած համբերատար ընթերցողն իրավունք ունի հարցնելու. «Իսկ

 

Ովքե՞ր են նախագծի շահառուները

Բնականաբար, առաջին հերթին, իրենք` նախագծի մասնակիցները, հատկապես նրանք, ովքեր կհամահեղինակեն էլեկտրոնային ուսումնական ձեռնարկի բովանդակության շարադրանքը, որը կսկսվի գարնանային ուսումնական ճամբարի ժամանակ: Հասկանալի է, որ նյութերի կուտակման, կամ այլ ձևակերպմամբ` թարգմանական փուլը, զուգահեռաբար կշարունակվի:

Շահառուների հաջորդ խումբը կազմում են նրանք, ում ստեղծագործական, կամ գոնե` քննադատական, միտքը պատմական կաղապարներին այլընտրանք է փնտրում:

Ինչքան էլ առաջին հայացքից զարմանալի թվա, շահառուների երրորդ խումբը կազմում են նրանք, ովքեր պետք է ինքնահաստատվեն, իրենց հակոտնյա մտածողությունը և նրա արդյունքները թիրախ դարձնելով:

Այսինքն` նախագծի իրականացումն ունի ինքնահատուկ բարդություն, այն անցնում է պայքարի բովով: Վերջին իրողությունն անտարակույս օգտակար գործոն է աշխատանքային խմբի անդամների կամքի ձևավորման և/կամ ամրակայման գործընթացում:

Հաջորդ, անխուսափելիորեն ծագող հարցը հետևյալն է. «Իսկ

Ի՞նչ ընթացք ունի նախագիծը

«Այլընտրանքային պատմություն» նախագիծն ունի նախապատմություն: 2014 թվականին մի խումբ սովորողների համահեղինակությամբ շարադրեցինք և օգոստոսի 14-ին հրապարակեցինք առարկայական ծրագիր ավագ դպրոցի այն սովորողների համար, ովքեր հետաքրքրվում են պատմությամբ: Առարկայական և ենթակայական պատճառներով, որոնց ներկայացումն ու պարզաբանում-քննարկումն այսօր ժամանակավրեպ են, ծրագիրը չգործադրվեց: Բայց գաղափարը մնաց, իսկ ես դասեր քաղեցի այդ ձախողումից: Այժմ նախագծի իրականացման քայլերը (արդեն կատարված, կատարվող և կատարվելիք) որոշակի են և իրատեսական`

  1. Առաջին քայլ` համոզվել, որ նախագծի իրականացման ճանապարհին մենակ չեմ մնալու (կատարված է);
  2. Երկրորդ քայլ` սկսել թարգմանություն+աշխատանքային ձևավորում փուլը (կատարվում է գերազանցելով նախնական հաշվարկները)
  3. Երրորդ քայլ` էլեկտրոնային ուսումնական ձեռնարկի շարադրում, զուգահեռ շարունակելով թարգմանական գործունեությունը (որն ապագայում կարող է ծնել մի նոր նախագիծ) և ապահովելով համահեղինակների ընդգրկման շարունակականությունը;
  4. Չորրորդ քայլ`ձեռնարկի առաջին պրակի հրապարակման սկիզբ (2016 թվականի օգոստոսի 14):

Ընթերցելիս համբերատար, բայց արագ արդյունք ակնկալող, նախորդ տողից վրդովված գործընկերս իրավացիորեն կհարցնի. «Իսկ

Ի՞նչ արդյունքներ կան այսօր

«Այլընտրանքային պատմություն» նախագծի կենսագործման արդյունքները բաժանվում են երկու խմբի` սպասելի (հաշվարկված) և անսպասելի (ոգևորող անակնկալի տեսքով): Հաշվարկված արդյունքը նախագծի իրականացման անկանգ ընթացքն է և ներառվող սովորողների քանակական աճը: Ոգևորող են հետևյալ իրողությունները`

  1. Մասնակիցների քանակն աճում է չնախատեսված տեմպերով;
  2. Օգտագործվող օտար լեզուների քանակը սպասվածից ավելին է (չէին նախատեսվում թարգմանություններ իսպաներենից, ճապոներենից և բուլղարերենից);
  3. Ծնվում են նոր նախաձեռնություններ (առաջին ծիծեռնակը ճապոներենի ուսուցումն է սովորողներին լեղուն տիրապետող սովորողի նախաձեռնությամբ):

 

Իսկ Անանուն Իմաստասերն ասել է.«Կասեցրու քայլքդ հորիզոնից այն կողմ նայելուց առաջ»:

05.12. 2015                       ©                  Աշոտ Տիգրանյան

 

 

 

 

Հայկական ֆենոմեն. Ազգայնականը կիսում է ազատականի մտորումները

Հոդվածները կարող եք կարդալ այս հղումներով. «Զգույշ, երազախաբ չլինեք», «Ձյաձ Գալուստ, 100 դրամ կտա՞ս տուն գնամ կամ Գալուստի խոստովանությունը», «Քուչի եղոն ու ծյապիկ գիտաշխատողը»:

Ապագային միտված համաձայնություն (Նոյեմբերի 9-ի քննարկման տեսական արդյունքները)

Կրթությունը բազմամակարդակ համագործակցություն է: Բազմամակարդակ ասելով նկատի ունենք և´ հորիզոնական կապերը (սովորող-սովորող, դասավանդող-սովորող, դասավանդող-դասավանդող, դասավանդող-սովորողների խումբ, նաև տարատարիք, և այսպես շարունակ), և´ բովանդակային մոտեցումները (ակադեմիական, այլընտրանքային, ինտեգրված և այլն):

Վերոշարադրյալից բխում է կրթական տեխնոլոգիաների բազմազանեցման գործընթացի շարունակականության ապահովումը հաշվի առնելով համագործակցող սուբյեկտների ներուժը, հետաքրքրությունների ոլորտի խորացման և ընդարձակման հրամայականը, ինչպես նաև անհատի սոցիալականացման հասարակական կարևորությունը:

Հերթական առաջարկությունը, որն առարկության չի հանդիպել, դասարանային դասի արդեն փորձարկված երկդասյա կառուցվածքը (առաջին դասին թեմայի բացատրություն,սովորողների առաջադրած հարցերի պարզաբանում և դասարանական առաջադրանքների կատարման մեկնարկ, երկրորդ դասին` դասարանական առաջադրանքների կատարման ավարտ և թվանշանային գնահատում 6 բալանոց համակարգով), տնային առաջադրանքների կատարման մեկամսյա ժամկետը, նախագծային գործունեության խրախուսվող և ծավալվող իրողությունը, կրթահամալիրի տնօրենի կողմից ուսուցչի օգնականի գաղափարի վերակենդանացումը, միանշանակ կերպով հանգեցնում է դասի կազմակերպման նոր մեխանիզմի: Առաջարկում եմ դասարանային դասի երկդասյա կառուցվածքի առաջին դասն անցկացնել բոլոր զուգահեռ դասարաններում միաժամանակ, իսկ երկրորդ դասն իրականացնել առարկայական խորհրդատվության տեսքով, պարտադիր համարելով դասարանական առաջադրանքի կատարումը սովորողի շաբաթական ծանրաբեռնվածության շրջանակներում:

Նախագծային գործունեությունը կրթական գործունեության բարձրագույն աստիճանը չէ և կարող է զարգանալ երեք ուղղություններով միաժամանակ: Առաջին` ստուգատեսային ուսուցման, մասնավորապես նրա կարևոր բաղկացուցչի` վարպետության դասերի, հիման վրա նոր հարթակի` աշակերտական գիտական ընկերության, ձևավորում: Վերջինս օժտված սովորողների և գիտության տարբեր ոլորտներում գործող մասնագետների հանդիպումները կվերածի համագործակցության, որի օգտակարությունը սովորողների համար անժխտելի է: Երկրորդ` ինտեգրված դասընթացների, օր. գիտությունների պատմություն, կայուն ներառում հանրակրթության միջին և ավագ աստիճաններում: Երրորդ` հարևան պետությունների և էթնոսների տեսական ու գործնական ուսումնասիրություն, որն արդեն կարող է անցնել համակարգված փուլ:

Հարկ է ընդգծել, որ կրթահամալիրում անցկացվող բազմաբնույթ ստուգատեսները ներկա փուլում կարևորվում են որպես մանկավարժական մեթոդների հարթակ:

Օտար լեզվի գործնական կիրառումը կրթական հիմնախնդիր է: Վերջինիս լուծման ուղիներից մեկն այլ առարկաների առաջադրանքներում, ուսումնահետազոտական աշխատանքներում և նախագծային գործունեության ընթացքում օտար լեզուներով աղբյուրների (գրավոր և բանավոր խոսքի) պարտադիր օգտագործումն է: Առաջարկում եմ խրախուսել, նաև` ֆինանսապես, այն դասավանդողներին և սովորողներին, ովքեր պարբերաբար օգտագործում են օտար լեզուն/լեզուներն իրենց կրթական գործունեության ընթացքում: Պարբերաբար նշանակում է`

1.Ամենօրյա ինքնակրթություն նաև օտար լեզվով;

  1. Պարտադիր կատարման առաջադրանքների նաև օտարալեզու աղբյուրների հանձնարարում և դրանց օգտագործում;
  2. Ուսումնահետազոտական աշխատանքներում և նախագծերում նվազագույնը մեկ օտար լեզվով աղբյուրի օգտագործում համապատասխան մեջբերումներով ու հղումներով;
  3. Շնորհանդեսների և նախագծերի հրապարակային պաշտպանության ժամանակ օտար լեզվի օգտագործում ըստ անհրաժեշտության;

Իսկ ավարտին ամենակարևորի մասին: Եթե բոլոր դասավանդողներն իրենց չհամարեն նաև մայրենիի ուսուցիչներ, հայերենի սեփականումը սովորողների կողմից թերի կլինի: Հետևողականությունը հայերենի իմացության հարցում պետք է ընկալվի որպես հարգանք ազգի էության կարևորագույն դրսևորման նկատմամբ:

Անանուն Իմաստասերն ասել է.«Մայրամուտից առաջ արևի պայծառացումը նոր արևածագի երաշխիք է»:

15.11.2015  0:43                 ©       Աշոտ Տիգրանյան

Հերթական առաջարկություն

ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ

2016 թվականի հունվարից սահմանել մանկավարժական աշխատողի 33 ժամյա աշխատանքի պարտադիր բաղկացուցիչների հետևյալ համամասնությունները`

  1. Պարտադիր հանրակրթություն — 50%
  2. Նախագծային գործունեություն — 20% (աշխատանքային պայմանագի հավելվածում արձանագրվում է արդյունքների հրապարակման ժամանակացույցը և ամսական ֆինանսավորման չափը)
  3. Հետազոտական աշխատանք — 15% (գերադասելի է աշակերտների հետ միասին, աշխատանքային պայմանագի հավելվածում արձանագրվում է արդյունքների հրապարակման ժամանակացույցը և լրավճարի չափը)
  4. Ինքնակրթություն — 10% (յուրաքանչյուր ամսվա վերջին օրը ներկայացվում է տեղեկատվական տեղեկանք)
  5. Շրջակա միջավայրի խնամք և բարելավում — 5%

Ծանոթություն. մասնագիտական սեմինարը և մեդիա…..ն

ներառվում են ինքնակրթության մեջ:

Կրկին նախագծային գործունեության մասին կամ երկու փոփոխություն և մեկ հավելում

Ես վերընթեցեցի իմ հեղինակած մոտեցումը` http://dpir.mskh.am/hy/node/1015  և արձանագրեցի, որ կարելի է կատարել երկու փոփոխություն`

  1. Նախագծային գործունեությունն ազգի, պետության, հասարակության կամ սոցիալական որևէ խմբի համար կենսական, կամ գիտության համար կարևոր հիմնախնդրի/հիմնախնդիրների վարկածային քննումը և/կամ լուծումների առաջարկումն է, ինչպես նաև անցյալի ու ներկայի դասերի յուրացումը, որը նպաստում է սովորողի/սովորողների հետազոտական, ստեղծական և սոցիալական կարողությունների զարգացմանն ու համապատասխան հմտությունների ձևավորմանը:
  2. Նախագծային գործունեության ընթացքում սովորողի գնահատումը գերադասելի է եռբալանոց` չի կարողանում կամ ցանկանում շարունակել նախագծային գործունեությունը և կոնկրետ արդյունքները բացակայում են (թվանշանային գնահատմամբ մինչև 6, միայն դասարանական աշխատանքների կատարման դեպքում, մինչև 8, նաև տնային այլ աշխատանքների կատարման դեպքում); շարունակում է նախագծային գործունեությունը (թվանշանային գնահատմամբ մինչև 9, դասարանական աշխատանքների լիարժեք կատարման դեպքում); սովորողի նախագծային գործունեությունն արժանանում է արտակրթահամալիրային մասնագետների հրապարակային խրախուսանքին (թվանշանային գնահատմամբ 10):

և մեկ հավելում`

Նախագծային գործունեությունը հաջողությամբ իրականացնող սովորողները կարող են չկատարել համապատասխան առարկայի/առարկաների մյուս տնային առաջադրանքները (այդ իրողությունը չի ազդում սովորողի թվանշանային գնահատման վրա):

Միթե՞ նախագծային գործունեությունը ֆորմալ կրթության գործիք է (բանավեճի սադրանք)

Ես այսօր մի կողմ եմ դնում Համեստություն,  Զսպվածություն, Սուբօրդինացիա սկզբունքները և որպես «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի համահիմնադիր արձանագրում եմ. «Այն, ինչ մեր կրթօջախում շատերն անվանում են նախագիծ, պարզագույն շեղում է ստեղծական աշխատանքից, իսկ իրական նախագծային գործունեությունը չի կարող լինել ֆորմալ կրթության գործիք»:

Քանի որ բարոյական և մանկավարժական պատասխանատվություն եմ կրում վերոբերյալ հայտարարության համար, ներքոշարադրյալ հարցերին պատասխանելով կհիմնավորեմ իմ միանշանակ մոտեցումը:

  1. Ի՞նչ է ֆորմալ կրթությունը իրավական և գիտական տեսակետներից;
  2. Ի՞նչ սահմանումներ ունի նախագծային գործունեությունը;
  3. Ինչպիսի՞ն է կրթահամալիրային իրականությունը նախագծային գործունեության ոլորտում;
  4. Ինչու՞ է իմ եզրակացությունը միանշանակ:

Այժմ պատասխանները

Պատասխան 1

                    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 21.06.2014 

Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ  1.1-1.8-րդ կետերով.

1.3) ֆորմալ կրթություն՝ հանրակրթական եւ մասնագիտական կրթական հիմնական ծրագրերի որոշակի մակարդակ կամ ամբողջություն, որն իրականացվում է համապատասխան ուսումնական հաստատության (հաստատությունների)  կողմից եւ հանգեցնում տվյալ մակարդակի որակավորման աստիճանի շնորհման եւ դիպլոմավորման.

Օրենքում ձևակերպվածին  հավելող, նաև հակասող գիտական սահմանումներից`

  1. Տվյալ հասարակությունում ընդունված` քաղաքացու նորմատիվ կանոնին, հասարակությունում տարածված սոցիալական դերերի կատարման ուղղված նորմատիվ պահանջներին համապատասխանող գիտելիքների ծավալ, որոշակի հմտություններ և գործողություններ ուսուցանելը պարտադրող պետական համակարգ;
  2. Ուսուցման կազմակերպում, որն ապահովում է հինգ հիմնական պահանջների կատարումը` 2.1. ուսուցման համար նախատեսված հաստատություններ; 2.2. հատուկ պատրաստված անձնակազմ; 2.3. արդյունքում պետականորեն ճանաչված փաստաթղթի ստացում; 2.4. համակարգվածություն; 2.5. սովորողների նպատակասլաց գործունեություն;
  3. Սովորողի ընդունակությունների զարգացման ուղղված ինստիտուցիոնալ կրթություն……………

Առայժմ բավարարվենք այսքանով:

Պատասխան 2

Սույն գրվածքն ընթերցողի ժամանակը և ուղեղի ծալքերը խնայելու նպատակով բերեմ լոկ երկու սահմանում`

  1. Նախագծային գործունեությունը երկարաժամկետ, դասավանդվող տարբեր առարկաները ամբողջացնող, աշակերտակենտրոն, կենսական հիմնախնդիրների հետ կապված ուսուցում է;
  2. Նախագծային ուսուցումը դասավանդողի/դասավանդողների և սովորողի/սովորողների համատեղ կրթական գործունեությունն է, որը նպատակաուղղված է որևէ հիմնախնդրի/հիմնախնդիրների տեսական և/կամ գործնական լուծմանը:

Պատասխան 3

Եկեք թերթենք կրթահամալիրի օրացույցի էջերը: Միանագամից շրջանցենք այն տողերը, որտեղ բացակայում է կրթական երկխոսության ամենակարևոր կողմը` սովորողը: Հոգու և մտքի տուրք մատուցելով հայոց մեծերին` Կոմիտաս, Հովհաննես Թումանյան և այլք, իրականացնում ենք անհրաժեշտ դաստիարակչական աշխատանք: Սակայն նրանց նվիրված օրերի նախապատրաստությունն ու անցկացումն այնքան կապ ունեն նախագծային գործունեության հետ, ինչքան տողերիս հեղինակը` Տիգրան Մեծի անտիոքյան դրամին պատկերված գիսաստղի հետ: Ստուգատեսների մի մասն էլ, օր.` «Ես կարողանում եմ», սոսկ ստուգման, համաձայն եմ, որ ավելի արդյունավետ, ձևեր են: Այն ստուգատեսներն էլ, օր. Էկոլոգիական, որոնք ամփոփում են որոշակի նախագծերի արդյունքներ, ընդգրկում են սովորողների ոչ մեծ խմբերի և ոչ ֆորմալ, տեղ-տեղ ինֆորմալ, կրթության արգասիք են:

Պատասխան 4

Եթե նույնիսկ անտեսենք հանրապետության կրթական օրենքների և ենթաօրենսդրական ակտերի հռչակագրած նպատակների ու կրթական արդի գործընթացի անհամատեղելիությունը (իսկ մենք այդ իրականությունից չենք կարող փախչել, կարող ենք լոկ հակադրվել, այն էլ երկու հինգերորդ շարասյան գոյության պայմաններում), եթե նույնիսկ վարդագույն ակնոցով նայենք մեր կրթահամալիրի առօրյային, ստիպված ենք ընդունել, որ նախագծային գործունեությունն այն ծանրաձողն է, որին նույնիսկ չի մոտենում սովորողների մեծ մասը: Հետևաբար, ոչ գիտական ֆանտաստիկայի ոլորտից է «Նախագծային գործունեությունը ֆորմալ կրթության գործիք է» դատողությունը:

Ինչպես ասել է Սև Իմաստասերը. «Երբ հեծյալն իջնում է նժույգից, փոխվում է ոչ միայն նրա տեսանկյունը»: Իսկ Անանուն Իմաստասերը հավելել է. «Աստծու և ձիու տեսանկյունների գումարը, եթե նույնիսկ ձին տեսանկյուն չի ունենում, միշտ էլ մեծ է 360 աստիճանից»:

13-14.09.2015                         ©                        Աշոտ Տիգրանյան

Հ.Գ. Տեքստում առկա տրամաբանական անհարթությունները հեղինակի դիտավորության արդյունք են: Ինչուի պատասխանը երկրորդ տողի փակագծերի ներսում է:

Օգտագործված ռեսուրսներ

http://dpir.mskh.am/hy/node/1015

http://nuru.ru/socio/065.htm

http://voluntary.ru/dictionary/695/word/formalnoe-obrazovanie

http://murzim.ru/nauka/pedagogika/26456-formalnoe-neformalnoe-i-drugie-formy-nepreryvnogo-obrazovaniya.html

http://glossary.uis.unesco.org/glossary/en/term/2026/ru

http://hrm.ru/db/hrm/Informal_learning/glossary.html

https://sites.google.com/site/projektitegevus/proektnoe-obucenie

http://justvlasenko.ru/proektnoe-obuchenie

http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=5007

http://www.mkuzak.am/?page_id=62

http://e-koncept.ru/teleconf/64336.html

Ժիրայր Ավետիսյան, Սիմոն որդի Սիմոնի, հեքիաթ-վեպ, գիրք 1-4

Սահմանադրական փոփոխությունների վերլուծության ևս մի տեսանկյուն

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի և սահմանադրական փոփոխությունների նախագծի մի քանի հակասությունների մասին

(լեզվական տեսանկյուն)

Սահմանադրական փոփոխությունների նախագիծը բառաշատ է և լեզվական տեսակետից էլ բազմաթիվ հակասություններ ունի «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթների հետ: Բերենք մի քանի օրինակներ: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի հոդված 42-ի (Իրավաբանական հասկացությունների կամ տերմինների կիրառումը) կետ 1-ը սահմանում է.  «Իրավական ակտում պետք է կիրառվեն նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ: Եթե նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, ապա այդ իրավական ակտով պետք է տրվեն դրանց սահմանումները:»; իսկ նախագծում Հոդված 24-ի կետ 2-ում գրված է.« Բժշկության և կենսաբանության ոլորտներում, մասնավորապես, արգելվում են՝

1) եվգենիկական փորձերը.

2) մարդու մարմինը կամ նրամասերը՝որպես այդպիսին, շահույթի աղբյուր դարձնելը.

3) մարդու վերարտադրողական կլոնավորումը»: «Եվգենիկական փորձեր» և «Վերարտադրողական կլոնավորում» հասկացությունները սահմանված չեն:

Օրենքի այս պահանջն անտեսված է նաև նախագծի հոդված 71-ում` Մեղքի սկզբունքը: Համաչափության սկզբունքը պատիժների սահմանման ժամանակ

  1. Հանցանք կատարած անձի պատժի հիմքը նրա մեղքն է:

Ընդ որում «Մեղք» հասկացությունը սահմանված չէ նաև Քրեական օրենսգրքում:

Կամ նախագծում ձևակերպված է. « Հոդված 29. Խտրականության արգելքը

Խտրականությունը՝կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:» առանց սահմանելու «Գենետիկական հատկանիշ» հասկացությունը: Նախագծի հոդված 29-ում չի կատարված նաև «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի հոդված 36-ի կետ 4-ի պահանջը. « Նորմատիվ իրավական ակտում միեւնույն հասկացությունը սահմանելիս կամ միեւնույն միտքն արտահայտելիս պետք է կիրառվեն միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ: Իրավական ակտում տարբեր հասկացությունները չեն կարող օգտագործվել միեւնույն տերմինով:»Վերջինս խախտվել է նաև նախագծի հետևյալ հոդվածներում`

Հոդված 103 կետ 2. Ազգային ժողովի կանոնակարգը, Ընտրական և Դատական օրենսգրքերը, Սահմանադրական դատարանի, Հանրաքվեի, Կուսակցությունների և Մարդու իրավունքների պաշտպանի մասին սահմանադրական օրենքներն Ազգային ժողովն ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդի ձայների մեծամասնությամբ:

Հոդված 165. Սահմանադրական դատարանը

  1. Սահմանադրական արդարադատու­թյունն իրականացնում է Սահմանադրական դատարանը` ապահովելովՍահմա­նադրության գերակայությունը:
  2. Արդարադատություն իրականացնելիս Սահմանադրական դատարանն ան­կախ է և ենթարկվում է միայն Սահմանադրությանը:
  3. Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ կազմավորման և գործունեության կարգը` Սահմանադրությամբ և Սահմանադրական դատարանի մասին օրենքով:» Եթե Սահմանադրական դատարանի մասին օրենքը սահմանադրական օրենք է, ապա ինչու՞ այդ կարևոր հանգամանքը չի ընդգծվում համապատասխան հոդվածում:

Նախագծից ներքոշարադրյալ մեջբերումում` « Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:

Հոդված 8. Գաղափարախոսական բազմակարծությունը և բազմակուսակցությունը

  1. Հայաստանի Հանրապետությունումճանաչվումէգաղափարախոսական բազմակարծությունը և բազմակուսակցությունը: » խախտվելեն «Իրավականակտերիմասին» ՀՀօրենքիհոդված 36-իկետ 3-ի (Իրավական ակտի դրույթները պետք է ընկալվեն միանշանակ, ապահովեն հուզական չեզոքություն:) ևհոդված 45-իկետ 2-ի (Իրավական ակտերում պետք է բացառվեն իրավական նորմերի անհիմն կրկնությունները, ներքին հակասությունները:) պահանջները: Նախագծիներածականնակնհայտորենհուզականտարրերէպարունակումևառկաէհակասությունգաղափարախոսականբազմակարծությանուհամազգայիննպատակներիմիջև:

Օրենքի հոդված 36-ի կետ 2-ում սահմանված է. « Իրավական ակտերի լեզուն պետք է լինի պարզ, հստակ եւ մատչելի: Իրավական ակտերում չի թույլատրվում հնացած եւ բազմիմաստ բառերի ու արտահայտությունների, պատկերավոր համեմատությունների, այլաբանությունների, չափազանցությունների, փոխաբերական իմաստով բառերի կամ արտահայտությունների, թաքնված ենթատեքստերի, ինչպես նաեւ օտարալեզու տերմինների անհարկի օգտագործումը: Իրավական ակտում բազմիմաստ բառ օգտագործվելու դեպքում պետք է սահմանվի, թե բառը որ իմաստով է օգտագործվում:»

Իսկ օրինակ նախագծի հոդված 33-ի կետ 2-ում գրված է.« Նման տվյալների մշակումը պետք է կատարվի բարեխղճորեն, օրենքով հստակ սահմանված նպատակով, շահագրգիռ անձի համաձայնությամբ կամ առանց այդ համաձայնության` օրենքով նախատեսված այլ իրավաչափ հիմքի առկայությամբ:» Ընգծել ենք բարեխղճորեն բազմիմաստ բառը: Բարեխիղճ բառի իմաստներն են` 1.Իր պարտականությունները ազնվորեն կատարող, պարտաճանաչ:
2. Ջանասեր, ուշիմ:
3. Արդարամիտ, ազնիվ, արդարադատ:
4. Խղճով՝ պատվով՝ ուշադրությամբ կատարված, մաքուր:

Նախագիծը չի պարզաբանում, թե որ իմաստը նկատի ունի:

Նախագծում գրված է. « Հոդված 25. Խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժիարգելքը

Հոդված 65. Ապացույցների անթույլատրելիությունը

Հիմնական իրավունքների խախտմամբ ձեռքբերված կամ արդար դատաքննության իրավունքը խաթարող ապացույցի օգտագործումն արգելվում է»:

Իսկ օրենքը պահանջում է. « Այն պայմանների թվարկման ժամանակ, երբ բոլոր թվարկված պայմանների առկայությունը պարտադիր է, չի կարող կիրառվել «կամ» շաղկապը: Այս դեպքում պետք է կիրառվեն «եւ» կամ «ու» շաղկապները:»(հոդված 45, կետ 10):

Օրենքի վերոհիշյալ հոդվածում նաև սահմանված է. « Եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է «ինչպես նաեւ» բառերով բաժանված պայմաններով, ապա «ինչպես նաեւ» բառերից հետո շարադրված պայմանները համարվում են նախկին պայմանների հետ չկապված պայմաններ:», իսկ, ահա, նախագծի հոդված 2-ում գրված է. « Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեuված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:» Այսինքն ստացվում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք նախկին պայմանի` ժողովրդի իշխանության իրականացման հետ, կապ չունեն:

Օրենքը պահանջում է. « Հոդված 45 կետ 3. Նորմատիվ իրավական ակտերում չպետք է կիրառվեն նորմեր, որոնց կատարումն անհնար է կամ անընդունելի, կամ որոնց չկատարման համար իրավական հետեւանքներ նախատեսված չեն:

Հոդված 36. Իրավական ակտերի լեզուն

  1. Իրավական ակտերի լեզուն պետք է լինի պարզ, հստակ եւ մատչելի: Իրավական ակտերում չի թույլատրվում հնացած եւ բազմիմաստ բառերի ու արտահայտությունների, պատկերավոր համեմատությունների, այլաբանությունների, չափազանցությունների, փոխաբերական իմաստով բառերի կամ արտահայտությունների, թաքնված ենթատեքստերի, ինչպես նաեւ օտարալեզու տերմինների անհարկի օգտագործումը: Իրավական ակտում բազմիմաստ բառ օգտագործվելու դեպքում պետք է սահմանվի, թե բառը որ իմաստով է օգտագործվում:»

Իսկ նախագծում գրված է. « Հոդված 36. Երեխայի իրավունքները

  1. Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան` հաշվի է առնվում նրան վերաբերող հարցերում:» Նախագծի այս կետը հստակ չէ և ձևակերպված չէ կիրառման երաշխիքը:

Հերթական անգամ համոզվում ենք, որ բառերի քանակի ավելացումը չի երաշխավորում տեքստի որակի բարելավումը:

Հ.Գ. Կցվում է սահմանադրական երեք տեքստերի բառաքանակն ըստ գլուխների:

1995 թվականի սահմանադրություն

Գլուխ 1—478

2—1553

3—923

4—1196

5—320

6—772

7—190

8—149

9 — 405

2005 թվականի սահմանադրություն

Գլուխ 1—625

2—2371

3—1462

4—2002

5—498

6—1026

7—444

8—207

9—526

 

2015 թվականի սահմանադրություն

Գլուխ 1—792

2—3547

3—281

4—2165

5—1171

6—924

7—1191

8—174

9—526

10—297

11—240

12—326

13—268

14—240

15—268