Մոտ 29 տարի 3 ամիս առաջ դեպի կրթահալիրի սլացող դպրոցում փողփողում էր արևակիր դրոշը Ձնծաղիկների Հանրապետության, որի ռազմական կառավարությունը պատերազմ էր հայտարարել տնօրեն Աշոտ Բլեյանին և մարտավարական խորամանկությամբ մոլորեցրել փոխտնօրեն Աշոտ Մանուչարյանին: Հանրապետություն, որի քաղաքացիները Հայոց Երկրորդ Հանրապետությունում առաջինը դեն էին նետել կարմիր վզկապները և փոխարինել դրանք իրենզ երազանքի ու իրականության խորհրդանիշ բաց կապույտով: Հանրապետություն, որի քաղաքացիները գործնական նախաձեռնողականությամբ նետվում էին օգնելու (և՜ ֆիզիկապես, օրինակ` տեղափոխելով շինանյութը, շինարարներին կանխելով` նախապես կատարելով նրանց գործի այդ մասը, և՜ մտավոր-բարոյական գործունեությամբ, օրինակ` նշելով միջնադարյան մոռացված գործչի ծննդյան օրը հենց Մատենադարանում, արտասանելով հատվածներ նրա ստեղծագործություններից) և իրեն գործունեության բոլոր վայրերում թողնելով Իրենց Հանրապետության խորհրդանիշներից մեկը` ձնծաղիկով հղի Արևի պատկերը:
Մինչև այս տողն հասած ընթերցողը կմտածի, թե հեղինակը կարոտախտի բազմաթիվ զոհերից մեկն է և երանությամբ մրմնջում է. «Ի˜ նչ ժամանակներ էին: Հիմա՜ ուրիշ է (ենթադրվում է` նկարագրվածից վատ)»: Այո՜, այժմ այլ սոցիալական և տեխնիկական իրականություն է, ավելին` այլ քաղաքակրթական իրականություն: Բայց Ձնծաղիկը հզոր ծաղիկ էր և ՜ Հայոց Հեղափոխության արշալույսին, և՜ հզոր է ավատատիրության հարձակման այս ժամանակներում, երբ որդերը կրծում են Հայոց Տոհմածառի արմատները: Հզոր է, որովհետև հավատարիմ է արդարության, ստեղծարարության, համագործակցության, նախաձեռնողականության, հետևողականության, պարտությունից սովորելու, հաղթանակից գլխապտույտ չունենալու արժեքներին: Հզոր է, որովհետև առկա է մեր սովորողների պայծառ ժպիտներում, նրանց կրակոտ պարերում, տնօրեն-դասավանդող-սովորող հորիզոնական կապերում, դասի ֆիզիկական և վիրտուալ տարածքների անսահմանության ձգտող ընդարձակումներում, նախագծային գործունեության արդյունքների ոգևորող հանրայնացումներում, հետազոտական աշխատանքների գիտականամերձ մտորումներում:
Եվ այդ հզոր ծաղիկը մեզ հուշում է`
- Բոլոր ժամանակներում էլ ուսուցիչ-աշակերտ համակարգը սերունդների բնական հերթագայության խորհրդանիշն է;
- Բոլոր ժամանակներում էլ ուսուցչի նվիրվածությունն իր գործին և աշակերտի երախտագիտությունը հաջողված համագործակցության գրավականն է;
- Բոլոր ժամանակներում էլ ուսուցիչն էթնոսի ապագայի ճարտարապետն է, իսկ աշակերտը` այդ ապագայի շինարարը:
Եվ ականջներումս հնչում են Ձնծաղիկների Հանրապետության օրհներգի հետևյալ տողերը. «Ձնծաղիկ, հաղթանակող ծաղիկ, մենք քո զինվորներն ենք»:
23.12.2016 © Աշոտ Տիգրանյան