Լեռնային գյուղի ավարտված առասպելը

Մի լեռնային գյուղում հիմար մարդ չկար: Եվ նրանք, ինչքան էլ անհավատալի է, ապրում էին ներդաշնակ կյանքով: Մի օր այդ գյուղում հայտնվեց հեռավոր պատերազմում պարտված վտարանդին: Ներդաշնակորեն ներառվեց գյուղում: Նրա նպատակադրմամբ գյուղը դարձավ քաղաք, և մտքերի ու հոգիների խորխորատներից ժայթքեցին նոր առասպելներ: Իսկ հին առասպելի աղավաղված տարբերակը հանգրվանեց պատմության էջերում:

Երբ առաջինն ու երկրորդն են ավելորդ

Տնային Միջատների Հանրապետության խորհրդարանի հերթական նիստի ժամանակ պատգամավոր Խավարասերը բարձրացրեց արտասահմանում ապրող բարեկամների հիմնախնդիրը: Այդ հողի վրա բանավեճ ծագեց նրա և պատգամավոր Սարդի միջև: Խորհրդարանը ձայների մեծամասնությամբ որոշեց, որ արտասահմանում ապրում են ոչ թե միջատներ, այլ` միջատանմաններ: Կարճ ժամանակ անց հանրապետությունն ընկավ և միջատաուռաների տարափի ներքո հաստատվեց ճանճերի ժառանգական միապետությունը:

Մանրապատկեր-խնդիր

Հին Հռոմ: Ես ստրուկ եմ: Մարմինս կտավն է, մտրակը` վրձինը: Նատուրալիստական պատկեր:

Նոր Հայաստան: Հոգիս կտավն է, զգացմունքները` վրձինը: Գերիրապաշտական պատկեր

Հարց` ո՞վ եմ ես Նոր Հայաստանում:

Առակախնդիր

Մի մոլորակում կոճղը, ագռավը, խավարասերը և ութոտնիկը դաշն կնքեցին հանուն բնության: Նրանք հաղթեցին Մեծ պատերազմում: Հաղթանակից հետո օրենքից դուրս հայտարարվեցին ծառերը, կաչաղակները, բուերը և դելֆինները:

Հարց` կա՞ր բանական արարած այդ մոլորակում:

Երբ փողփողում են դրոշները

Հաղթանակի բերկրանքն է թևածում Հայոց Աշխարհի այս անկյունում` Հայաստանի Հանրապետությունում: Էթնոգործիքները` թմբուկ և վուվուզել, ավետում են, որ վիշապի գլուխները պակասել են` ավատատիրա-բուրժուական համակարգը ճեղքեր է տվել: Իսկ «լռակյաց մեծամասնությունը» (ասում են քաղաքագիտական եզրույթ է) ի հեճուկս իշխանության և ժողովուրդ-քաղաքացիների, հավատարիմ իր բնույթին լռում է: Ինչի՞ մասին: «Վերջապես»: «Չեմ հավատում, որ կզիջեն»: «Օտար խաղեր են»: «Հեղափոխությունից օգտվում են …»: «Մեծ պետությունները (անունների թվարկումը թողնում ենք ընթերցողին) չեն թողնի ստեղծել ժողովրդի ուզած Հայաստանը»: Եվ այսպես շարունակ: Միայն այլմոլորակայինները դեռ հայաստանյան իրադարձությունների գործոն չեն դարձել:

Իսկ վաղը (հուլիսին, սեպտեմբերին, երբևիցե) ընտրություններ են: Ասում են արտահերթ: Բայց այդպիսի ընտրությունների սպասում ենք (ոմանք նույնիսկ պայքարել են դրա համար) 27 տարի: Ավելի՞ երկար էր պետք հերթի կանգնել, որ այն հասներ:

Եվ ի՞նչ: Ո՞վ կհամարձակվի (ռոմանտիկները և կիսագրագետները ցուցակից դուրս են) պնդել «լռակյաց մեծամասնության» ձայների կուսակցականաբախշման իր վարկածի հավանականության բարձր տոկոսի վրա:

Սոցիոլոգնե՞րը: Նրանք վարկաբեկված են: Ֆուտուրոլոգնե՞րը: ՀՀ-ում չկան: Քաղաքագետնե՞րը: Այդ կուսակցականացված խոսող գլուխնե՞րը: Քաղտեխնոլոգնե՞րը: Ովքեր լավագույն դեպքում գործընթացի մի ժամանակահատվածի վերլուծաբաններ են: Իսկ գուցե՞ պայծառատեսնե՞րը: Նրանք այլ ոլորտում են փող աշխատում:

Լռակյաց մեծամասնությու´ն, աո~ւ…

03.05.2018                ©                   Աշոտ Տիգրանյան

Ինչի՞ մասին է ճչում սովորողի գնահատականը (մանկավարժական ուրվագիծ)

Գնահատակա´ն: Քննարկման թեմա և «անտեսվող» իրականություն: Մրցակցության խթան և համագործակցության արգելակ: Համեմատության գործիք և անհատականության զսպիչ: Կաղապարված հաշվարկ և ստեղծականության կաղապար: Եվ այսպես շարունակ:

Սակայն սովորողի գնահատականը ճչում է: Այն մեր աշակերտների հայացքում է, բարևաձևում, ընկերների հետ հարաբերություններում, դասավանդողների` մեզ համար ոչ ցանկալի համեմատություններում, չվերլուծվող տեղափոխություններում, շրջանավարտների մասնակի (տեղային բնույթի) ամնեզիայում:

Սակայն սովորողի գնահատականը ճչում է: Այն մեր համագործակցության ճեղքերում է, մեր մանկավարժական էգոյի տարընթերցումներում, ինչքան էլ չցանկանանաք` մեր արժեհամակարգային հակամարտություններում:

Սակայն սովորողի գնահատականը ճչում է և պարտադրում: Ի՞նչ: Արդարությու~ն: Այսինքն` 1. Հստակ և փոխընդունելի չափանիշներ; 2. Փոխադարձ հարգանքի համակարգն ականապատողների կրթահամալիրազրկում; 3. Ուսուցիչ-աշակերտ համագործակցության իրավահամակարգային ամրագրում:

30.04.2018                ©                    Աշոտ Տիգրանյան

 

Կարգի լրացման առաջարկություններ

Լրացումներ ուսումնական ճամփորդությունների կազմակերպման կարգում

  1. Երկարաժամկետ ուսումնահետազոտական նախագծերի ճամփորդությունների փուլերը կարող են իրականացվել փոքրաթիվ կազմով (4-6 մասնակից), եթե ապահովված է սովորող-սովորեցնող մեթոդաբանության կիրառումը արտակրթահամալիրային հարթակներում;
  2. Գիտական բնույթ ունեցող երկարաժամկետ նախագծերի դաշտային փուլերը կարող են իրականացվել փոքրաթիվ կազմով;
  3. Ուսումնական ճամփորդության մասնակից են համարվում նաև երկարաժամկետ նախագծի իրականացման վայրերի կրթական հաստատությունների այն դասավանդողներն ու սովորողները, ովքեր նախագծին մասնակցելու գրավոր ցանկություն են հայտնել:

2017, դեկտեմբեր. հայտնի ճանապարհի անհայտ ոլորաններով

  1. «Բռնադատվածներ» նախագիծ. Կոռնիձորյան փուլի դաշտային աշխատանքների ավարտ տեղի միջնակարգ դպրոցի սովորողների խմբի հետ, Ալթայի երկրամասի գործընկերների հետ հետ կապերի ամրապնդում և նոր կապերի հաստատում, նամակ ՀՀ-ում Ֆրանսիայի հանրապետության դեսպանին` Դիմադրական շարժման մարտիկ Կոլի (Նիկոլայ) Ալեքսանի (Ալեքսանդրի) Բաբայանի վերաբերյալ ֆրանսիական արխիվներում եղած փաստաթղթերի պատճենները տրամադրելու խնդրանքով;
  2. «Այլընտրանքային պատմություն» նախագիծ. աշխատանքների շարունակում ձմեռային և նոր տարվա թեմաների հաշվառմամբ;
  3. «Միասնական Տիեզերք» նախագիծ. աշխատանքների շարունակում ենթաթեմաների հարստացմամբ:

 

23.11.2017                                  Աշոտ Տիգրանյան

Գիտնականներն ընդդեմ ամբողջատիրության

Այսօր Ռուսաստանի Դաշնությունում նշվում է քաղաքական բռնությունների զոհերի հիշատակի Օրը: Այդ նույն Ռուսաստանում, որտեղ վերականգնվում է Ստալինի պաշտամունքը և միաժամանակ, բարձրագույն իշխանության աջակցությամբ, բացվում «Վշտի պատը» (հեղինակ` Գեորգի Ֆրանգուլյան);

Իսկ Երևանում ռուսաստանցի մի խումբ գիտնականներ իրենց գերմանացի, վրացի և հայ գործընկերների հետ միասին հոկտեմբերի 25-26-ին ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի կլոր դահլիճում բազմակողմանիորեն քննարկում էին խորհրդային ամբողջատիրության արյունոտ դրսևորումները և դրանց դեմ պայքարելու փորձերը` տարերային, կազմակերպված կամ սադրված:

Մենք` «Բռնադատվածներ» նախագիծն իրականացնողների աշխատանքային խմբի գիտաժողովային ներկայացուցիչներս, օգտվեցինք մեզ ընձեռնված հնարավորությունից և մասնակցեցինք հայաստանյան իրականության այդ բացառիկ իրադարձությանը, որը մեր հանրապետության տեղեկատվական դաշտում համարժեք արձագանք չգտավ: Խորհրդանշական է:

Գիտաժողովի բոլոր զեկուցումները հրապարակվելու են, ուստի համառոտակի կանդրադառնամ դրանցից մի քանիսում բարձրաձայնված տեսակետներին:

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանն իր ողջյունի խոսքում կարևորեց «Մեծ տեռորի» և նրա հետևանքների ուսումնասիրությունը սոցիալական հոգեբանության տեսանկյունից:

Վրաց հետազոտող Դավիթ Ջիշկարիանին իր` «Թբիլիսիի «Դինամոյի» ֆուտբոլիստները Մեծ տեռորի առանցքում» զեկուցման մեջ ընդգծեց այն միտքը, որ հիշատակված ակումբի ֆուտբոլիստները միաժամանակ ՆԳԺԿ դահիճներ էին և վրացական ազգայնականության խորհրդանիշ:

Նովոսիբիրսկի պետական համալսարանի դասախոս Նատալյա Պոտապովան խոսելով Հարավային Կովկասում ԽՍՀՄ ՆԳԺԿ իրականացրած «ազգային» օպերացիաների (1937թ. սեպտեմբեր – 1938թ. նոյեմբեր) մասին շեշտադրեց այդ 7 գործողությունների դաժանությունը` գնդակահարվել է բռնադատվածների 85 %-ը:

Գիտաժողովի կազմկոմիտեի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Հրանուշ Խառատյանի զեկուցումներից և ելույթներից առանձնացրել եմ երկու ձևակերպում` «Արևմտահայությունը ստալինյան բռնությունների քաղաքականության նպատակային խումբ էր» և «Ինչու՞ ենք խուսափում ընդունել, որ հակախորհրդային դրսևորումներ եղել են»:

Պատմական գիտությունների դոկտոր Մարկ Յունգեն (ԳԴՀ, Բոխում) խոսելով Մեծ տեռորի տարիներին Վրաստանում էթնիկ փոքրամասնությունների դեմ իրականացված բռնաճնշումների մասին հիշատակեց այն պատմական իրողությունը, որ, եթե բռնաճնշումների ենթարկվածների մեջ հայերի տոկոսը մյուս էթնոսների հետ համեմատած միջին դիրքերում է, ապա  մահապատժի ենթարկվածների մեջ` տեսակարար կշռով գերազանցում է մյուսներին:

Աշխարհագրական գիտությունների դոկտոր Պավել Պոլյանի (ԳԴՀ, Ֆրայբուրգ) «Դեպորտացիայի հուշարձանացումը» զեկուցումը նվիրված էր տարբեր էթնոսների պատմական հիշողության հուշարձանային դրսևորումներին: Տպավորված եմ կալմիկների` էթնոսի և պետականության, վշտի և բողոքի կոթողներից, որոնք տեղադրված են աքսորավայրերում:

Իհարկե, ծավալվեցին բանավեճեր: Օրինակ, կարելի՞ է ցեղասպանություն անվանել ստալինյան բռնաճնշումները:

Անդրադարձ եղավ նաև ՀՀ հանրակրթական դպրոցի «Հայոց պատմություն» առարկայի դասագրքերում «Մեծ տեռորի» և 1949 թվականին հայերի զանգվածային աքսորի մասին պատմող փոքրածավալ տեքստերին: Կարճատև քննարկման ժամանակ հիմնավորվեց, որ չի կարելի այս ողբերգություն-հանցագործության պատասխանատվությունը սահմանափակել  «Ստալինի անձի պաշտամունքը» ձևակերպմամբ: Ամենայն հավանականությամբ դասագրքերի համակարգային սխալները և տեղեկատվական վրիպումներն ուղղելու համար հարկ կլինի կազմակերպել եռակողմ գիտաժողով` այդ ժամանակաշրջանն ուսումնասիրող գիտնականներ, դասագրքերի հեղինակներ, դասավանդողներ (գուցե՞ նաև սովորողներ):

Գիտաժողովը մեզ հնարավորությոն տվեց վերահաստատել կապերը անկախ հետազոտող Աշոտ Սիմոնյանի («1930-1931 թթ.: Հակակոլխոզային ընդվզումները. ապստամբությունները Վայոց ձորում») և «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնի հետ, ինչպես նաև համագործակցելու պայմանավորվածություն ձեռք բերել Ալթայի պետական մանկավարժական համալսարանի դասախոս, պատմական գիտությունների դոկտոր Տատյանա Շչեգլովայի հետ: Վերջինս խոստացավ ապահովել մեր խմբի կապը նույն հետաքրքրությունների ոլորտում գործող ալթայական աշակերտական և ուսանողական խմբերի հետ: Նաև առկայության դեպքում տրամադրել Ալթայի երկրամաս աքսորված հայերին վերաբերող փաստաթղթերի պատճենները և նրանց մասին տեղացիների հիշողությունները (որպես առաջինքայլ Կոռնիձորից աքսորված 4 ընտանիքների մասին):

Աբողջատիրությունն իր բոլոր տարատեսակներով, մասնավորապես` կայսերապաշտական, կրոնական, ազատական, ազգայնամոլական, գրոհում է մեր մոլորակի ողջ տարածքում: Եվ նրա միակ հակառակորդն անցյալի Դասերը յուրացրած Քաղաքացին է:

 

30.10.2017                    ©                      Աշոտ Տիգրանյան

 

Հ.Գ. Ի՞նչ տվեցին այդ երկու օրերը գիտաժողովին ներկա սովորողներին: Նրաք զգացին գիտական, հետազոտական մթնոլորտը, լսեցին գիտության լեզուն, հասկացան, թե ինչպես է զարգանում գիտությունը` զգույշ ձևակերպումներով և համարձակ դատողություններով, մեղմ երկխոսությամբ և կրքոտ բանավեճերով, տրամաբանության զորությամբ և անպատասխան հարցերի առկայության խոստովանությամբ:Նաև անկաշկանդ լուսանկարեցին և ձայնագրեցին, ելումուտ արեցին ԳԱԱ նախագահության շենքում: Նաև ռուսերենի իմացության մակարդակը բարձրացրեցին: Եվ վերջապես, բայց ոչ վերջինը կարևորությամբ, իրար ավելի լավ ճանաչեցին: Պարզվում է, որ մարդուն կարելի է ճանաչել ոչ միայն խաղի կամ ճամփորդության ժամանակ, այլ նաև «գիտությամբ զբաղվելիս»:

Մասնախո՞ւմբ, թե՞ խառնաժողով (մենախոսություն բյուրոկրատական փակուղում)

                                    Իրավական

2017-2018 ուսումնական տարում կրթահամալիրի կառավարման, ֆինանսական կազմակերպման, կառուցվածքի և հաստիքային աշխատողների ցուցակի փոփոխությունների ճանապարհային քարտեզի ստեղծման աշխատանքային խումբ-կառույցը հրապարակված ոչ մի իրավական ակտում արձանագրված չէ, հետևաբար նրա առաջարկին անդրադառնալը սոսկ բարի կամքի դրսևորում է և չի կարող իրավական հետևանքներ ունենալ:

 

Գեղարվեստական

Կա մի ծայրամասային այգի, որի ծառերի վրա գրված է թուփ, թփերի վրա` խոտ, իսկ քարերն արագորեն տեղաշարժվում են, որովհետև նախապատրաստվում են հերթական օլիմպիադայի մարաթոնյան վազքին:

 

Լեզվական

Մասնախումբ նշանակում է մասնագետների խումբ: Նախագծերի հիման վրա միավորվելը ես առաջարկել եմ դեռ նախորդ հնգամյակում: Բայց դա էլ հնարավոր չէ, քանի դեռ չկա միասնական կարծիք «Նախագիծ» հասկացության բովանդակության մասին:

 

Վերջաբան

Եկավ իր անցյալից, որը սարսափելի նման է ապագային, Անանուն Իմաստասերն ու ոտքի վրա բարբառեց. «Աշնանը ծաղկած ձնծաղիկները գարուն չտեսան և դու դեռ կաղնին պատվաստում ես վայրի վարդին»:

 

15.09.2017           ©                       Աշոտ Տիգրանյան