Վադուլ լուի Վոդեի դասերը (հայկական իրականություն վերադառնալիս)

Հիմք ընդունելով մեր թիմի ներքին աշխատաբաժանումը ես կձևակերպեմ և համառոտակի կմեկնաբանեմ այն դասերը, որոնք ակնհայտ էին միջազգային պատանեկան խաղաղության ճամբարի գործունեության ողջ ընթացքում: Հուսով եմ, որ իմ շարադրանքը կամ գոնենրա որոշ հատվածներ օգտակար կլինեն այն գործընկերներիս և սովորողներին, որոնք կմասնակցեն այլ միջազգային ճամբարների, իսկ վերջիններիս թիվը կբազմապատկվի: Դրանում ես ավելի քան համոզված եմ: Հարկ եմ համարում ընդգծել, որ դասերի հերթականությունը կարևորության աստիճանակարգում չի ենթադրում:

Դաս առաջին. Կաղապարների կոտրում և կանխակալ կարծիքների վերանայում

Մեր դեպքում խոսքը հիմնականում էթնոսոցիալական կաղապարների, այդ թվում` սեփական անձի էթնիկական ինքնագնահատականի, և այլ էթնոսների ու նրանց ներկայացուցիչների մասին ձևավորված , հաճախ` իրականության հետ քիչ աղերսներ ունեցող, կարծիքների մասին է: Բնական է, որ պատանիներն անհատի բնութագրի (հատկապես` դրական) հարացույցը ենթագիտակցաբար ձգտում են տարածել նրա էթնիկական ամբողջականության` ժողովրդի կամ ազգի վրա:

Մենք Մոլդովայից վերադառնում ենք այլ էթնոսների և ռասաների հետ համագործակցելու լիցքով: Չնայած նոր կաղապարների, թեկուզ` դրական բովանդակությամբ, ձևավորման վտանգ կա, բայց անձնավորված տեղեկույթի բազմաբնությանությունը ճկուն, իրատեսական, իմացական և լավատեսական մտահամակարգի ամրակայման բարձր հավանականության դաշտ է ստեղծում:

Դաս երկրորդ. Նախապատրաստական շրջանը կարևոր է նաև թիմի ձևավորման տեսանկյունից

   Նախապատրաստական շրջանը երկու հիմնական բաղկացուցիչ ունի` բովանդակային և թիմի ձևավորում: Բովանդակային նախապատրաստությունն իր հերթին երկու համաժամանակյա փուլերից է բաղկացած` անհատական և թիմային: Այս շրջանին հակացուցված են և´ ափալ-թափալի մարտավարությունը, և´ մակերեսայնությունը («խնայող» մարտավարություն), և´ գերբեռնվածությունը («համապիտանի» մարտավարություն): Իմ կարծիքով միջազգային ճամբարների նախապատրաստության փուլի արդյունավետ տևողությունը երեքից վեց ամիս է (նշված են ներքին և վերին սահմանագծերը):

Մենք գնացինք Մոլդովա որպես ճամբարական թիմ և վերադառնում ենք որպես ԹԻՄ, որը շատերին դեռ անակնկալներ կմատուցի, իհարկե, չկաղապարվելով իր քանակում և որակում:

Դաս երրորդ. Լեզուների իմացության և իմացության անընդհատ կատարելագործման անհրաժեշտության գիտակցում

   Վադուլ լուի Վոդեի միջազգային ճամբարի աշխատանքային լեզուն անգլերենն էր, բայց միջանձնային և միջխմբային շփումների զգալի մասը ռուսերենով էր: Այսինքն` մեր թիմի յուրաքանչյուր անդամ (բացի` ինձնից) մեկ շաբաթ և յուրաքանչյուր պահի եռալեզու էր և ոչ միայն խոսքով, այլ նաև մտածողությամբ, որովհետև արագորեն համոզվեցինք, որ օտար լեզվով արդյունավետ հաղորդակցվելու կարևորագույն գործոնն այդ լեզվով մտածելն է: Զարմանալի չէ, որ օտար լեզվի իմացության կատարելագործումը դարձավ ներքին հրամայական պահանջ:

Ավելին` նոր լեզուներ սովորելու ձգտումը դարձավ գործնական և փոխօգնության նոր հարթակ:

  Դաս չորրորդ. Ինքնաճանաչողություն էքստրեմալ պայմաններում

  Հայկական իրականություն կրողներս բախվել և ներդաշնակվում էինք չորս այլ իրականություններ կրողների հետ: Այդ բախում – ներդաշնակեցում դիալեկտիկական համադաշտը ծնեց նոր` ճամբարային իրականություն: Բայց վերջին իրականության ներսում չէին անէացել մյուս իրականությունները և շարունակվում էին նրանց զույգային հաղորդակցությունները: Ես այս բազմաշերտ իրականությունը համարում եմ էքստրեմալ, որի ներսում ինքնաճանաչողությունն արագացում է ստանում համաձայն սոցիալ-հոգեբանական որոշ հիմնադրույթների:

Ուրախ եմ արձանագրել, որ մեր թիմի անդամների ինքնաճանաչողության անկյունաքարը զարգացնող իրատեսությունն է:

Դաս հինգերորդ. Սոցիալական ակտիվացում և ձեռք բերվածը զարգացնելու ուղիների որոնում

  Սոցիալական ակտիվությունը ճամբարում, առավել ևս` միջազգային, անխուսափելի և դրվատելի երևույթ է: Անհրաժեշտ է նախապատրաստական փուլում պարզել ապագա ճամբարականների սոցիալական հաղորդակցության առկա մակարդակը և իրական ներուժը, դրական լիդերության կամ ակտիվ համագործակցության հմտությունները, նվազագույնը` ժամանակ ունենալ զարգացնելու համապատասխան կարողությունները: Իսկ ճամբարային գործունեության ավարտից հետո ծագում է սոցիալական ակտիվության մակարդակը գոնե պահպանելու հիմնախնդիրը, որի լուծման ուղիների որոնումը մանկավարժական խնդիր է:

Մեր թիմն այդ հիմնախնդրի լուծման գործնական քայլերին կանդրադառնա մեկ ամիս անց:

Եվ այս խոսքիս ավարտին եկեք վերհիշենք Անանուն Իմաստասերի ասույթներից մեկը` «Կարոտը հոգու և մտքի բուռն կրքի միջնեկ զավակն է»:

 

Վադուլ լուի Վոդե – Քիշնև — Մոսկվա – Երևան    24-25.08.2019

 

Հետգրություն 1. Վերոշարադրյալ տեքստի մեծագույն մասը գրվել է ինքնաթիռներում:

Հետգրություն 2. Ճամբարական կյանքի զգացմունքային բաղկացուցիչն իր արտահայտությունն է գտել նաև իմ նոր բանաստեղծություններում և առակախնդրում:

 

Աշոտ Տիգրանյան