Գնահատման տարբերակ

Մանկավարժական աքսիոմ. Գնահատումը կրթական համակարգի անփոխարինելի բաղկացուցիչն է: Ժամանակի ընթացքում փոխվում են նրա դրսևորման ձևերը, բայց ոչ էությունը:

Կրթահամալիրում ուսումնական գործունեությունը ծավալվում է երկու ուղղություններով` հանրակրթական առարկաների յուրացում և նախագծային գործունեություն:

Առաջարկում եմ գնահատման չորս մակարդակ, որը կարող է կիրառվել երկու ուղղություններում էլ:

Առաջին մակարդակ` գիտելիքի յուրացում և/կամ կարողության ձեռքբերում: Երկրորդ մակարդակ, որը միաժամանակ ինքնակրթության առաջին մակարդակն է, գիտելիքի հավելում և/կամ հմտության ձևավորում: Երրորդ մակարդակ (ինքնակրթության երկրորդ մակարդակ)` գիտելիքի ստեղծում և/կամ նոր կարողության կայացում: Չորրորդ մակարդակ` գիտելիքի հանրայնացում և/կամ կարողության փոխանցում («Կրթական ինքնավարություն» նախագիծ):

Վերոնշյալ մակարդակները կարելի է թվայնացնել, քանի դեռ լիարժեք չենք հրաժարվել սովորողի գործունեության թվային գնահատումից:

Առաջին մակարդակ (մեկ ուղղության և մեկ բաղկացուցչի` գիտելիք կամ կարողություն, դեպքում) – 4

Առաջին մակարդակ (մեկ ուղղության և երկու բաղկացուցչի դեպքում) – 5

Առաջին մակարդակ (երկու ուղղություն և մեկական բաղկացուցիչ) – 6

Առաջին մակարդակ (երկու ուղղություն և երկու բաղկացուցիչ)- 7

Երկրորդ մակարդակ (մեկ ուղղություն և մեկ բաղկացուցիչ) – 5

Երկրորդ մակարդակ (մեկ ուղղություն և երկու բաղկացուցիչ) – 6

Երկրորդ մակարդակ (երկու ուղղություն և մեկական բաղկացուցիչ) – 7

Երկրորդ մակարդակ (երկու ուղղություն և երկու բաղկացուցիչ) – 8

Երրորդ մակարդակ (մեկ ուղղություն և մեկ բաղկացուցիչ) – 6

Երրորդ մակարդակ (մեկ ուղղություն և երկու բաղկացուցիչ) – 7

Երրորդ մակարդակ (երկու ուղղություն և մեկական բաղկացուցիչ) – 8

Երրորդ մակարդակ (երկու ուղղություն և երկու բաղկացուցիչ) – 9

Չորրորդ մակարդակ (մեկ ուղղություն և մեկ բաղկացուցիչ) – 7

Չորրորդ մակարդակ (մեկ ուղղություն և երկու բաղկացուցիչ) – 8

Չորրորդ մակարդակ (երկու ուղղություն և մեկական բաղկացուցիչ) – 9

Չորրորդ մակարդակ (երկու ուղղություն և երկու բաղկացուցիչ) – 10

Ծանոթություն. Եթե սովորողի թվանշանը երկրորդ մակարդակում 5 է, իսկ առաջին մակարդակում` 7, ամփոփիչ թվանշանը դրվում է 7: Նշվածը հուշում է մյուս բոլոր նմանաբնույթ իրողությունների դեպքում դասավանդողի անելիքը:

 

10.05.2020                     ©                          Աշոտ Տիգրանյան

Հազարամյակի հանդիպում (հաշվետվության փոխարեն)

Արևածագը հիասքանչ է, նույնիսկ` չնաշխարհիկ, նույնիսկ` մայրամուտը, բայց անտանելի գիտնականներն ասում են, որ արևի վրա բծեր կան: Ո՞վ է ճիշտ: Իհարկե` ՏԵՍԱՆԿՅՈԻՆԸ:

Իրավացիորեն նոմինալիզմով1 է ներծծված հեղինակային մանկավարժության հեղինակների ստեղծագործական առցանց հավաքի բովանդակությունը:

Պայծառ երեխաներ: Ուսուցիչ ծնողներ: Սովորող տատիկներ: Սա իրականություն է` կրթահամալիրի բազմատոնը:

Սակայն նաև…

Եթե գյուղական կյանքը նախագիծ չէ, այսինքն` նախագիծն առօրյայից դուրս է, իսկ Օրացույցը մեր առօրյան է, ուրեմն`այնտեղ նախագծեր չկան: Նախագծային գործունեությունը օրացույցից դուրս է:

Եթե որևէ հեղինակ իր նյութի մեկնաբանությւնները չի կարդում, ուրեմն` կարևորություն չի տալիս կամ իր նյութին, կամ այլոց կարծիքին, իսկ եթե կարդում է, բայց չի արձագանքում, ուրեմն`… (կարդա ընդգծվածը)

Եթե մարդուն պարտադրում են կարծիք հայտնել որևէ բանի մասին, ուրեմն` կարևորում են կամ նրա կարծիքը, կամ իրենց իշխանությունը, կամ էլ երկուսը միասին:

Երբ վարպետության դաս վարողը լավ չի նախապատրաստվում հաճախակի դիմում է մասնակիցներին, թե ինչ հարցեր ունեն: Այսինքն` հարցասիրությունն անպատասխանատվության փրկիչն է, քննարկվող հիմնախնդրին մակերեսային, ոչ համակարգային մոտեցման խթանը:

Երևույթների և իրադարձությունների էության ու բազմաշերտության ընկալումն ու տարիքը ուղիղ համեմատական չեն: «Ձեր տարիքի համար չէ», այսինքն` հասկացողը աննորմալ է (նորմայից դուրս է), արդյունքում` ինքնասիրահարված «պինգվին», կամ բարդութավորված «կարիճ»:

Եթե 31 մարդ հավանում է երաժշտությունը, բայց այն մինչև ավարտ լսում 16-ը, ուրեմն` կամ թվային տեխնոլոգիաներն են խելագարվել, կամ նվաստս այլ իրականությունում է:

Սակայն նաև…

Ստեղծագործող երեխաներ: Համագործակցող ծնողներ: Դարափոխ տատիկներ: Սա իրականություն է` կրթահամալրի ներկա ապագան:

 

Աղբյուրներ`

Մայիսյան հավաքի կլոր սեղաններ

Հասարակագիտական- էկոլոգիական նախագծեր

Մեդիագրագիտություն և քննադատական մտածողություն (վարպետության դասը վարում է ծնող Սառա Խոջոյան)

Ինչպես ստեղծագործել (վարպետության դասը վարում է ծնող Ջեննի Բալյանը)

Խոսքի վարպետության դաս (վարում է ծնող Մերի Մակարյանը)

Էլեկտրոնային կենդանի իմպրովիզ

 

08-09.05.2020                      ©               Աշոտ Տիգրանյան

 

  1. Նոմինալիզմ – միջնադարյան փիլիսոփայական ուղղություն, ըստ որի` ընդհանուր հասկացությունները առանձնակի առարկաներից դուրս գոյություն չունեն և միայն վերջիններիս անվանումներն են: Բնութագրական մեջբերում. «… Գաղափարը առարկայի նշանն է. իսկ պատկերը` գաղափարի նշանը, ասել է թե` նշանի նշանը: Բայց ըստ պատկերի` ես կարող եմ վերականգնել եթե ոչ մարմինը, ապա այն գաղափարը, որ մյուսներն ունեն դրա մասին: … իսկական իմացությունը չպետք է բավարարվի գաղափարներով,  որոնք նշաններ են ուղղակի, այլ պետք է բացահայտի առարկաները` իրենց եզակի իսկությամբ: …» (Ումբերտո Էկո. «Վարդի անունը», էջ 456)

 

Հետգրություններ

  1. Ընտանեկան դպրոցների հոդվածագրոհին մուսաս, գուցե՞ դեռ կանդրադառնա:
  2. Վերոշարադրյալ տեքստի լեզվական և տրամաբանական սխալները միտումնավոր են:

 

Կրթական մտորումներ կորոնավիրուսային աշխարհի լուսանցքում(առանց հասկացություններ սահմանելու)

Կորոնավիրուսը փոխում է աշխարհը, թե՞ Տեսանողների դիտանկյունը: Այս քաղաքակրթական, աշխարհաքաղաքական և անհատական խմորից թխվածը հաստատ վարակված է, բայց ինչո՞վ…

Ես` XXI դարի Դիոգենեսս, որ կարասը փոխարինել է քարե հարմարավետ լուսանցքով, դեռ չեմ հասունացել Իրականությունը վերլուծելու աստիճան, բայց համարձակվում եմ հայացք նետել կրթական համայնապատկերի վրա և փորձել հասկանալ, թե ինչը ինչով ենք փոխարինել ստիպողաբար:

Լքել ենք այն մթնոլորտը, հրաժարվել ենք այն էներգետիկայից, որը միավորում է կամ պառակտում, գեներացնում (թող ներեն չինովնիկները) սեր կամ այլ զգացմունքներ, բայց ապրում է միայն ֆիզիկական իրականության դաշտում: Առանց այդ էներգետիկայի Մենք-ի և Ես-ի ինքնաճանաչման գործիքակազմից (թող կրկին ներեն չինովնիկները) մի կարևոր, հորատող գործիք է պակասում:

Փոխվել են դասագործընթացի համատեքստն ու խորապատկերը: Ընդ որում և´ անշունչ, և´ շնչավոր տարրերը: Շենքը դեռ դպրոց չէ, բայց դպրոցը նաև շենք է: Դասարանական հավաքանին, որ հորիզոնական և ուղղահայաց կապերի, քարկապերի և  կտրվածքների բարդագույն կառույց է, իր գործոնի ազդեցությունն էականորեն թուլացնում է ֆիզիկական իրականությունից դուրս: Իսկ խորապատկերը, որի առաջնաբեմում կրթությունն է, կարող է նաև զգայարանների ընկալման տիրույթում չլինել: Բայց անկախ այդ իրողությունից տարբեր է այն դպրոցում և տանը, ֆիզիկական իրականությունում և էլեկտրոնային իրականությունում:

Լռությունը ճչում է ականջիս տակ. «Մի´ մոռացիր իմ մասին»: Ո´չ, ով լսել է դասարանի լռությունը, որտեղ ծնվում և հասունանում են մտքերն ու զգացմունքները, մոտ կամ հեռու տարածքներ, ժամանակի երեք չափումների միջով ճամփորդության է մեկնում երևակայությունը, չի կարող այն մոռանալ:

Բայց բավ է կորուստների մասին (նրանք թվարկվածներով չեն ավարտվում):

Մեր օրերում (թե՞ կորոնավիրուսի օրերում) ավելի է կարևորվում մի արժեք, որ անվանվում է ինքնակրթություն:

Ինքնակրթություն, այսինքն` սովորել, սովորել, սովորել, այսինքն` ցանկություն, հմտություն, պատասխանատվություն:

Անտրամաբանական եզրափակումից առաջ մի գործնական առաջարկություն` 2020-2021 ուստարվա առարկայական ծրագրերում առանցքային դարձնել 3 բան`

  1. Հասկացությունների, օրենքների և օրինաչափությունների յուրացում;
  2. Ինքնակրթական հմտությունների ձևավորում;
  3. Արտաառարկայական մոտեցում, այսինքն` այլ առարկաների տեղեկույթի և մեթոդների ներառում:

Կորոնավիրուսը և կրթությունը երկու նմանություն ունեն: Երկուսն էլ սկսվում են «Կ» տառով և երկուսն էլ վարակիչ են: Միայն թե վիրուսն անցնում է մարդուց մարդուն, իսկ կրթության տարածման ուղիները բազմազան են…

 

21.04.2020                          ©                      Աշոտ Տիգրանյան

 

Հ.Գ. Սույն տեքստը հաղթահարած ընթերցողին խնդրում եմ հիշել, որ լուսացքում Իրականության ըմբռնման այլ կանոններ են պատեպատ խփվում:

Կիսամյակային հաշվետվություն. 2019

Երբ պոեզիայի Մուսան միջամտում է հաշվետվություն գրելիս

                                        Կյանքը ճանապարհ է, որ կարող է

անցնել կամ մեր միջով, կամ մեր կողքով:

Անհայտ հեղինակ

 

Կյանքի հարատև ընթացքում, Ժամանակի տարբերակներից մեկում հանդիպում են Սկիզբն ու Ավարտը և ծնվում է նրանց օրինական զավակը` Ճանապարհը: Կանչում է նա Տիեզերքի բնակիչներին, կարոտում է նրանց քայլերին:

Ամռանը շարունակված մեր ճանապարհը նրա ժառանգներից է` իմ ու աշակերտներիս մտահետքերի և ոտնահետքերի խոնարհ կրողը:

Հավերժության ծնունդ ճանապարհի հերթական բարձունքը նվաճվեց կարճատև հրետանային նախապատրաստությունից հետո:

Առտնին հոգսերը (7-2, 8-1, 9-3, 10-րդ դասարանների «Պատմություն» առարկայի հեղինակային ծրագրերի կատարում ուսուցչական մեկնաբանությունների, անհատական քննարկումների, նշված դասարանների դասարանական և տնային առաջադրանքների փաթեթների և այլ մանկավարժական գործիքների կիրառմամբ) ոչ միայն չեն դանդաղեցրել մեր քայլքը (Այց Մեծամորի Սաշա Գալստյանի անվան թիվ 2 ավագ դպրոց, Անակնկալ այցելություն, Հանդիպում Հրանուշ Խառատյանի հետ, Մեծամորցիների այցը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Կլոր սեղանի նախապատրաստություն, Մեր միջազգային գործընկերոջ մասին, Հանդիպում Գարբա Դիալոյի և քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ, Ժողովրդավարություն, Հանդիպում Գոհար Ռշտունու հետ, Մահաթմա Գանդի, Հայկական հեղափոխությունը միջազգային լրատվամիջոցներում, Մահաթմա Գանդի, Օվերտոնի պատուհանի կիրառումը Հայաստանում, Օվերտոնի պատուհան, Օվերտոնի պատուհանի կիրառումը Հայստանում, Զրույց – քննարկում իրանագետ Գառնիկ Գևորգյանի հետ, Օվերտոնի պատուհան: Կանանց իրավունքներ, Օվերտոնի պատուհան, Հանդիպումներ, Ֆաշիզմն ու դրա առանձնահատկությունները, Քննարկում Իրանի իսլամական հեղափոխության մասին, Սովորողները` «Իրանի վերջին շահը և իսլամական հեղափոխությունը. զուգահեռներ» թեմայով քննարկման մասին, Հանդիպում ԱԺ պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի և քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ, նաև` լուսանկարներ, Հանդիպում Վիկտոր Ենգիբարյանի հետ, Չափազանց հետաքրքիր քննարկում Վիկտոր Ենգիբարյանի հետ, Կարմրաթուխը, Հանդիպում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի հետ, Օվերտոնի պատուհան, Հանդիպում Տաթևիկ Հայրապետյանի հետ), այլև համալրել են մեր թիմը 7-11-րդ դասարաններից ընտրված սովորողներով և թափուր չեն թողել վաղ բացված արահետները (Գոհար Ռշտունի. «Ընդհանուր գենը հայկական է, կամ առաքյալներն ու Հուդան». վերլուծություն, Ֆիլիպինների նշանավոր մարդիկ, Իվան (Հովհաննես) Լազարև, 1937 թվականը Հայաստանում, Փաստեր Հունաստանի մասին, Արքա Դավիթ, Ինչո՞ւ են միջնադարում վառել կախարդներին, Սեբաստացիները միջազգային ճամբարների մասնակից, Կրթական փոխանակումներ, Մարդու ծագումը, Ջուզեպպե Գարիբալդի, Գնացքներ, Առաջին աշխարհամարտ, Կոմիտաս, Իտալական ֆաշիզմ, 20-րդ դարի աշխարհամարտերը, Հետաքրքիր փաստեր նացիզմի մասին, Օգտակար նյութեր, Հայ ֆիդայիներ, «Որոգայթ փառաց»-ի թողած հետքը մեր պատմության մեջ)

Մեր գործընկերների` ԱԺ պատգամավորներ, լրագրողներ, քաղաքագետներ և այլ ոլորտների գիտնականներ, թիվն աճում է ամեն ամիս:

Իսկ աշակերտներիս նախաձեռնողականությունը երբեմն պարզապես պոռթկում է. 10-րդ դասարանցիներ Նարեկ Խաչատրյանի և Սամվել Հովհաննիսյանի ծրագիրը ճանաչվել է «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի հայտարարած «Ազգային արժեքների պահպանման և տարածման» դրամաշնորհի հաղթող:

Նույն սովորողների` Համադպրոցական գիտության փառատոնի կազմակերպիչներին ուղարկված հայտն ընդունվել է: Հետազոտական աշխատանքի թեման Հայկական հեղափոխությունն է:

Ինչպես Սևանա լճի ջրի մաքրությունը, ինքնակրթությունն էլ անհրաժեշտ է տարվա բոլոր ամիսներին:

Կյանքի դիսկրետ ընթացքում, Ժամանակի գլխավոր տարբերակում իրար հրաժեշտ են տալիս Սկիզբն ու Ավարտը և փնտրում է նրանց վշտահար զավակը` Ճանապարհը: Կանչում է նա Տիեզերքի արարածներին, կարոտում է նրանց ընթացքին:

Ձմռանը շարունակվող մեր ճանապարհը նրա ժառանգներից է` իմ ու աշակերտներիս նպատակահետքերի ու ոտնահետքերի հուսավառ կրողը: Իսկ կարևոր հանգրվաններից մեկը` միջազգային ճամբարը` «Պատանիներն հանուն համագործակցության» կարգախոսով:

Անանուն Իմաստասերը մայրամուտից առաջ ասել է. «Գիշերը ջնջվող կետադրական նշան է»:

24-25.12.2019                  ©                       Աշոտ Տիգրանյան

Ինչի՞ մասին է ճչում սովորողի գնահատականը (մանկավարժական ուրվագիծ)

Գնահատակա´ն: Քննարկման թեմա և «անտեսվող» իրականություն: Մրցակցության խթան և համագործակցության արգելակ: Համեմատության գործիք և անհատականության զսպիչ: Կաղապարված հաշվարկ և ստեղծականության կաղապար: Եվ այսպես շարունակ:

Սակայն սովորողի գնահատականը ճչում է: Այն մեր աշակերտների հայացքում է, բարևաձևում, ընկերների հետ հարաբերություններում, դասավանդողների` մեզ համար ոչ ցանկալի համեմատություններում, չվերլուծվող տեղափոխություններում, շրջանավարտների մասնակի (տեղային բնույթի) ամնեզիայում:

Սակայն սովորողի գնահատականը ճչում է: Այն մեր համագործակցության ճեղքերում է, մեր մանկավարժական էգոյի տարընթերցումներում, ինչքան էլ չցանկանանաք` մեր արժեհամակարգային հակամարտություններում:

Սակայն սովորողի գնահատականը ճչում է և պարտադրում: Ի՞նչ: Արդարությու~ն: Այսինքն` 1. Հստակ և փոխընդունելի չափանիշներ; 2. Փոխադարձ հարգանքի համակարգն ականապատողների կրթահամալիրազրկում; 3. Ուսուցիչ-աշակերտ համագործակցության իրավահամակարգային ամրագրում:

30.04.2018                ©                    Աշոտ Տիգրանյան

 

Ասույթներ

 

  1. Անցյալն աղավաղողների ապագան իրական անցյալի ավերակներն են;
  2. Միայնակ գայլը վերադառնում է ավարտելու «Ոհմակի գործը»;
  3. Երբ ձմեռը ներկայանում է որպես գարուն, մի´ պատռեք նրա դիմակը: Մի´ վերադարձրեք նրան իր էությունը;
  4. Պանիրը սև էր, որովհետև ագռավը սպիտակ էր;
  5. Եթե բացակայությունդ չեն զգում, ուրեմն ներկայությունդ ավելորդ է;
  6. Հիմարների երկրի տարածքն ընդարձակվում է թվաբանական պրոգրեսիայով, իսկ Բուրատինոների քանակն աճում է երկրաչափական պրոգրեսիայով;
  7. Պարտությունը հաղթանակի ներածությունն է, եթե կյանքի վերջաբանը չէ;
  8. Հոգին տենչում էր բարձունքը լեռան, իսկ ստամոքսահյութը փորձում էր հաղթել հավի ոսկորին;
  9. Իզուր է ապրած կյանքը, եթե չես տեսնելու մայրամուտի կանաչ ճառագայթը:

Մասնախո՞ւմբ, թե՞ խառնաժողով (մենախոսություն բյուրոկրատական փակուղում)

                                    Իրավական

2017-2018 ուսումնական տարում կրթահամալիրի կառավարման, ֆինանսական կազմակերպման, կառուցվածքի և հաստիքային աշխատողների ցուցակի փոփոխությունների ճանապարհային քարտեզի ստեղծման աշխատանքային խումբ-կառույցը հրապարակված ոչ մի իրավական ակտում արձանագրված չէ, հետևաբար նրա առաջարկին անդրադառնալը սոսկ բարի կամքի դրսևորում է և չի կարող իրավական հետևանքներ ունենալ:

 

Գեղարվեստական

Կա մի ծայրամասային այգի, որի ծառերի վրա գրված է թուփ, թփերի վրա` խոտ, իսկ քարերն արագորեն տեղաշարժվում են, որովհետև նախապատրաստվում են հերթական օլիմպիադայի մարաթոնյան վազքին:

 

Լեզվական

Մասնախումբ նշանակում է մասնագետների խումբ: Նախագծերի հիման վրա միավորվելը ես առաջարկել եմ դեռ նախորդ հնգամյակում: Բայց դա էլ հնարավոր չէ, քանի դեռ չկա միասնական կարծիք «Նախագիծ» հասկացության բովանդակության մասին:

 

Վերջաբան

Եկավ իր անցյալից, որը սարսափելի նման է ապագային, Անանուն Իմաստասերն ու ոտքի վրա բարբառեց. «Աշնանը ծաղկած ձնծաղիկները գարուն չտեսան և դու դեռ կաղնին պատվաստում ես վայրի վարդին»:

 

15.09.2017           ©                       Աշոտ Տիգրանյան

Նախագծային ուսուցում (տեսություն և փորձ)

                                             Ասա ինձ և ես կմոռանամ, ցույց տուր ինձ և

                                            ես կհիշեմ, ներգրավիր ինձ և ես կսովորեմ:

                                                                             Չինական առած

Նախագծային ուսուցման մեթոդը կիրառվում է ՌԴ-ում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, ֆինլանդիայում, Իսրայելում, Բրազիլիայում, ԳԴՀ-ում և մի շարք այլ երկրներում, ինչպես նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Նախագծային ուսուցումը դասավանդողի/դասավանդողների և սովորողի/սովորողների համատեղ կրթական գործունեությունն է, որը նպատակաուղղված է որևէ հիմնախնդրի/հիմնախնդիրների տեսական և/կամ գործնական լուծմանը:

Նախագծային ուսուցման հիմնական նպատակներն են`

  1. Նպաստել յուրաքանչյուր մասնակցի ինքնագնահատականի բարձրացմանը`
    • Հնարավորություն ստեղծել, որ յուրաքանչյուրն իրեն տեսնի որպես ընդունակ և իրազեկ անհատականություն;
    • Մասնակցի մոտ զարգացնել իր և մյուսների դրական կերպարը;
    • Սովորողի մոտ ձևավորել իրեն և մյուսներին ստույգորեն գնահատելու հմտություն:
  2. Ոգեշնչել սովորողներին զարգացնելու կարողությունների «Համագործակցություն» համակարգը;
  3. Ապահովել սովորողի քննադատական մտածողության զարգացման մեխանիզմը, դրված խնդիրը լուծելու ուղիների որոնման հմտության ձևավորումը;
  4. Զարգացնել սովորողների հետազոտական կարողությունները (բացահայտել հիմնախնդիրը, հավաքել անհրաժեշտ տեղեկություններ, դիտարկել գործընթացները, ձևակերպել վարկածներ, ընդհանրացնել և այլն) և վերլուծական մտածողությունը:

Իրականացվող նախագծերն ունեն հետևյալ  տիպաբանական հատկանիշները` ըստ սովորողների գերակշռող գործունեության (առարկայորեն կողմնորոշված, հետազոտական, ստեղծագործական, տեղեկատվական, դերային), ըստ բովանդակության (միջառարկայական և մոնոնախագծեր), ըստ հարաբերությունների բնույթի (ներդասարանային, միջդասարանային, տարածաշրջանային, համապետական, միջազգային), ըստ տևողության (մինինախագծեր` մինչև մեկ շաբաթ, կարճաժամկետ` մինչև մեկ ամիս, միջնաժամկետ` մինչև վեց ամիս, երկարաժամկետ` կես տարուց ավելի), ըստ մասնակիցների թվի (անհատական, խմբային, միջխմբային):

Նախագծային ուսուցում կազմակերպելիս հարկ է ապահովել նախագծի իրականացման փուլերի ճիշտ հերթագայությունը և նրանց հատկացվելիք ժամանակի իրատեսական համամասնությունը:   Նախագծային աշխատանքի փուլերն են`

  1. Նպատակադրում;
  2. Գործունեության տարբերակների քննարկում, միջոցների և եղանակների ընտրություն;
  3. Պարտականությունների բաշխում;
  4. Ինքնակրթություն և գիտելիքների արդիականացում;
  5. Հետազոտական գործունեություն;
  6. Արդյունքների ընդհանրացում և եզրակացություններ;
  7. Արդյունքների հանրայնացում;
  8. Հաջողությունների և սխալների վերլուծություն;
  9. Շտկողական գործունեություն;
  10. Նախագծի հրապարակային պաշտպանություն:

Նախագծային ուսուցման իմ փորձի (վերջին տարվա նախագծերի ընթացիկ արդյունքներին կարող եք ծանոթանալ իմ բլոգում`) վերլուծության արդյունքում արձանագրում եմ, որ`

  1. Նախագծային ուսուցումն ավելի արդյունավետ է «Սովորողի կարողությունների զարգացում և հմտությունների ձևավորում» հիմնախնդրի լուծման գերակայության դեպքում;
  2. Սովորողների մեծ մասը հակված է իրականացնել միջնաժամկետ նախագծեր;
  3. Նախագծային ուսուցումն արագացնում է օտար լեզուների յուրացումը;
  4. Նախագծային ուսուցումը ներդաշնակեցնում է անհատի զարգացման մրցակցային և համագործակցային հարացույցները;
  5. Երկարաժամկետ նախագծի իրականացումը գիտական մտածողության ձևավորման անկյունաքարն է;
  6. Նախագծային գործունեության ընթացքում սովորողի գնահատումը գերադասելի է երկբալանոց` կարող է շարունակել մասնակցությունը նախագծին կամ չի կարող, իսկ նախագծի ամփոփման ժամանակ սովորողի ձեռք բերած արդյունքների գնահատումը հարկ է, որ հենվի ինքնագնահատականի և խմբի մյուս անդամների գնահատականի, ինչպես նաև հրապարակային պաշտպանության արձագանքների վրա;
  7. Նախագծային ուսուցման մեթոդի բացարձականացումը վտանգում է սովորողի անհատականության զարգացման համակողմանիությունը և աղքատացնում է մանկավարժական գործիքների արհեստանոցը;
  8. Անհրաժեշտ է միշտ ուշադրության կենտրոնում պահել նախագծային ուսուցման միջառարկայական բնույթը;
  9. Իրականացված նախագծի արդյունքների հրապարակային պաշտպանությունը բարձրացնում է սովորողի ինքնագնահատականը և նպաստում նրա սոցիալականացմանը:

Ինչպես ասել է Անանուն Իմաստունը. «Ապագադ լոկ մտապատրանք է, եթե արահետտ վարձակալել ես»:

Օգտագործված ռեսուրսներ

http://for-teacher.ru/technique/188-tehnologiya-proektnogo-obucheniya.html

https://sites.google.com/site/projektitegevus/proektnoe-obucenie

http://ladlav.narod.ru/teh_proekt.htm

http://nsportal.ru/nachalnaya-shkola/obshchepedagogicheskie-tekhnologii/2012/02/24/sovremennye-obrazovatelnye-0

http://www.pedlib.ru/Books/1/0444/1_0444-132.shtml

http://scheglenko.school04.smoladmin.ru/index.php/dlya-druzej-kolleg/10-proektnye-metody-obucheniya

https://docs.google.com/document/d/1wLniQ4V7XLjMmZ9CWV5wIcrZWL14cExPWbFv-P3YHiU/edit

Գործընկերներիս և իմ իրականացրած ու իրականացվող նախագծերը

22-25.04.2015                   ©                         Աշոտ Տիգրանյան

Երբ գալիս է…հունվարը

Երբ գալիս է…հունվարը
Ե՞րբ են ամփոփվում արդյունքները: Շատերը միամտաբար կարծում են, թե՝ տարեվերջին: Սիրելինե΄րս, արդյունքներն ամփոփվում են, երբ ցանկանում են երկրորդ եսդ, այն գերանդիավորը և վերջապես՝ ղեկավարությունը:
Ահա եկավ «Ես կարողանում եմ» ստուգատեսը:Որպես սկիզբ սահմանում եմ «Կարողություն» և «Հմտություն» հասկացությունները: Մասնակի համընկնումն այլ ձևակերպումների հետ էութենական պատահականության արդյունք է:
Ֆիզիկական, մտավոր կամ հոգևոր գործողություն կատարելու մարդու իմացաբանական-կամային քայլը կոչվում է կարողություն: Ցանկացած ոլորտում և իրավիճակում կարողության մշտական ու արդյունավետ կիրառումը կոչվում է հմտություն:
Իսկ ի՞նչ պետք է կարողանան և ինչու՞մ հմտանան 6-9-րդ դասարանցիները «Պատմություն» առարկայի դասերի արդյունքում:
Միանգամից ընդգծեմ, որ գիտելիքը լոկ միջոց է հմտության ձևավորման մացառոտ (այդ մացառներն հաճախ մեր կենսոլորտի հարազատ անկյունում են ծլում ծաղկում զորանում ) կածանում:
Հիմնարար կարողությունների, օրինակ` լսելու (ավելի ճիշտ` սոցիալական լսողության), առկայության կամ բացակայության բացահայտումը մանուկ ստուգատեսի ատամների համար կարծր է: Իսկ միջնորդավորված, անուղղակի դրսևորումներն առկա են հաջորդ աստիճանի կարողություններում, առավել ևս` հմտություններում:
Խոսենք ավելի պարզ: Համեմատելուկարողություն: Յուրաքանչյուր անհատ ծննդյան օրվանից մինչև մահվան մահիճ, կամա, թե ակամա, այս դաշտում է: Կենցաղային մակարդակում կարծես թե բոլորն ունեն այս կարողությունը: Իսկ այ հանրակրթական մակարդակում…..համեմատել իրադարձությունները և պատմական անհատներին չորսամսյա վարժանքներից հետո կարողանում են ոչ բոլորը: Էլ չեմ խոսում երևույթների համեմատության մասին: Ինչու՞: Երջանիկ կլինեի, եթե միայն ես մեղավոր լինեի իմ «բարդ խոսքով» (չակերտների արանքում բազմիցս լսվածի, ավելի հաճախ` ոչ երեխաների շրթերից, մեջբերումն է):
Միայն պատմությանն առնչվող միակ կարողությունը, որի ներարկմանը ես համառորեն հետամուտ էի` ժամանակագրության կազմումն էր, ավելի ճիշտ` տեքստերից իրադարձությունների կամ կենսագրականների տարեթվերի կանոնակարգված դուրսգրումը: Սրան էլ անդրադարձել էի լոկ Պատմահոր հորդորով` չկա ստույգ պատմություն առանց ժամանակագրության, չնայած նրա մեկ չարչրկված ասույթ «փոքր ածու»-ի մասին, մեր այսօրվա իրականության էթնոհոգեբանական գլխավոր պատճառներից է:
Միջանկյալ մի միտք հայտնեմ. «Հանրակրթական առարկաների դասավանդումը որպես համապատասխան գիտությունների պատմություն արդյունավետ կլինի»:
Հաջորդ կարողությունը, որի արմատավորումն իմ սևեռուն գաղափարն է, հասկացությունների սահմանումն է: Կարող եմ որպես իմ մոտեցման հիմնավորում դիմել Եռամեծարի հեղինակությանը, բայց կբավարարվեմ նրանով, որ մարտահրավեր կնետեմ. «Թող ինձ քարկոծի նա, ով իր կյանքում չի տուժել հասկացության թյուրըմբռնումից, կամ էլ օր է անցկացրել առանց որևէ մեկին, կամ հենց ինքն իրեն որևէ բան հասկացնելու փորձի (օրինակ` ով է ընկերը, ինչ բան է սերը կամ ինչ է նշանակում խաշ ուտել)»:
Ի տարբերություն նախորդի, քչերը չեն համաձայնվի ապացուցելու կարողության անհրաժեշտության հետ: Այստեղ լոկ ընդգծեմ, որ սովորողին որևէ բան ապացուցելու դրդելու արդյունավետ մեթոդ է սադրանքը: Ձևակերպել վիճելի (մեղմ ասած) միտք և տալ հակառակն ապացուցելու իրավունք:
Նկարագրելու կարողությունն առաջին հերթին բառապաշարային հիմնախնդիր է: Սակայն պակաս կարևոր չէ այդ ճանապարհով վերաբերմունքի բացահայտումը: Եթե որևէ մեկը կարծում է, թե քաղաք կամ ճակատամարտ նկարագրելը միայն պատմության խնդիր է, թող իր կյանքից հեռացնի ամենաքիչը` խորապատկերներն ու նրբերանգները:
Ես համոզված եմ. «Եթե բնութագրելու կարողությունը չի վերածվել հմտության, անհատի օրակարգից անբաժան կլինեն հիասթափություններն ու կոնֆլիկտները, հեռանկարում` սոցիալական մենությունը (չեմ կարծում, թե շատերն իրենց հանճար համարեն)»:
Բնությունը (կամ Արարիչը, կամ ծնողական գեները) այնքան շռայլ չէ, որ հետազոտական աշխատանք կատարելը շարքային կարողություն լինի, սակայն հանրակրթության հիմնախնդիրներից մեկը հենց սովորողների այդ շերտի բացահայտումն ու օժտվածության այդ բաղկացուցչի զարգացումն է:
Ստուգատեսի ժամանակ սովորողների ցուցադրելիք կարողությունների թվարկում ավարտեմ թվարկելու կարողության հիշատակմամբ: Սկզբում ինձ թվում էր, թե այդօրինակ առաջադրանքներով, օրինակ` թվարկել նախնադարյան մարդկանց զբաղմունքները և գործիքները, ես կվիրավորեմ երեխաներին: Սակայն պարզվեց…որ ամեն ինչ այնքան էլ պարզ չէ:
Ստուգատեսներն անցողիկ են, կարողությունները` ապագայամետ, հմտությունները` ցմահ (եթե վերջինս կա):

10.01.2015 © Աշոտ Տիգրանյան