Բծեր Արևի վրա (ֆանտաստիկ էսսե )

2118 թվական: Մայիս: Արևելյան Հայաստանի Հանրապետություն: Երևան:

Չափահաս երևանցիները (՞), որպեսզի չխախտեն ավանդույթը գանգատվում են շոգից: Երեխաները` homo sapiens+ և ռոբոտոիդիկներ, լրացուցիչ իրականությունում «Քանդել-հավաքել-ավելացածը վաճառել» մոդայիկ խաղն են խաղում: Միայն մի գանգրահեր մանչուկ, որ ընտրել է պատմաբանի դատապարտելի ապագան, զբաղված է էլեկտրոնային օրագիր վերծանելով: Նա որոշել է այս երեկո իր ընկերոջը, որին ոչ ոք չի տեսնում, կարդա այս պատառիկները. «13.05.2019: Արևմտյան դպրոց — — — Ճամփորդությունը պետք չէ առանձնացնել նախագծային ուսուցումից, որովհետև կամ լրիվ նույնական են, կամ նախագծի բաղկացուցիչ — — — ?կ նախ — — — ուսուցումը հանրակրթության բաղկացուցի՞չ է, փոխարինո՞ղ, թե՞ մեթոդ — — — Համաձայնվեցինք — — — մեթոդական համակարգ: Իմացումի հրճվանք — — — դժվարության հաղթահարում — — — հրճվանքո՞վ: Ջերմոցային պայմաններում որոշ ծաղիկներ ծաղկում են, իսկ մյուսները` չորանում:

14.05.2019: — — — դպրոց, գրադարան — — — գիտնական — — — 1949, աքսոր — — — թիրախավորված ազգ — — — հարց ու պատասխան — — — բանավեճ — — — Ուսուցի´չ, սովորեցրու ինձ պաշտպանել արիականությունը: — — — Ուսուցի´չ, սովորեցրու ինձ հասկանալ հարևան ժողովուրդներին:

Նորից գրադարան: «Կրթական ինքնավարություն» նախագծի ներկայացում: Ոգևորված երեխաներ և — — — ձայն բարբառոյ յանապատի, բայց — — — «Իմ 6-րդ դասարանը». ասում է ութերորդցի Նանե աշակերտուհին: Մենք կշարոնակենք անկախ — — —

15.05.2019: Մենք գնացինք — — — ?լսարան: Գիտությամբ պարուրված ժամեր — — — ոգևորված գիտնականներ — — — մենք տեսնում ենք աշնան գիտական գույնը: — — — Հնագիտական հետազոտությունների լաբորատորիան կդառնա մեր կամավորական աշխատանքի ևս մեկ հարթակը: — — —

16.05.2019: Արևելյան դպրոց: Կրկին նախագծային ուսուցման մասին: — — — երկխոսության արդյունք` դրդապատճառը նպատակի էական — — — և նախագիծը պետք է լինի ճկուն, բայց ոչ մածուցիկ: — — — երկխոսության չարդյունք` հինգերորդցին և նախագիծ ձևակերպելու կարողությունը — — — տվեք դասարան 2 ամսով և 25 տոկոսը — — —

17.05.2019: Առավոտը վերադարձ էր 20-րդ դար:  — — — Սեր և պատ — — — իսկ — — — ?տո ամփոփման ներկայացում — — — տոկոս — — — բառեր — — — հյուրեր — — — ծափեր — — — Միջազգային ամառ — — — ապագա տանող — — — հարթակներ: — — -»:

Մանչուկը հուսահատ նայեց հեռացող արեգակին…

2333 թվական: Հինգերորդ ամիս: Հինգերորդ հեղափոխության անվան երկրապետություն: Քաղաք: Արհեստական բանականության գրոսմայստերն ավարտեց սպառված քաղաքակրթության ամենահայտնի պատմաբանի ամենակարդացված (Երկիրը կոչված մոլորակը բնակեցնողների 3%-ը ինչ-որ էջեր կարդացել է) երկը և իր ուղեղի ամենահեռավոր անկյունում գրեց. «Նույնիսկ homo sapiens++-ը չէր ազատվել զգացմունքային ատավիզմից» ու քմծիծաղեց: Չէ որ հաղթել էր Անանուն Իմաստասերին հեռակա բանավեճում:

 

17.05.2019                    ©               Աշոտ Տիգրանյան

 

Ծանոթագրություն. Անանուն Իմաստասերն ասել էր. «Նույնիսկ Արեգակի բծերը չեն արդարացնում մեր հոգու բծերը»:

 

Նախագծային ուսուցման խութերը (մայիսյան հավաքին ընդառաջ)

«Նախագիծ» հասկացությունը տարաբնույթ սահմանումների և տարամակարդակ մեկնաբանությունների «զոհ» է: Այս տեքստում այդ լաբիրինթոսից որպես ելք ներկայացնում ենք երկու նախագիծ` հասուն «Բռնադատվածներ»-ը և մանուկ «Կրթական ինքնավարոթյուն»-ը: Շահագրգիռ ընթերցողն ինքն այդ նախագծերի ձևակերպումներից կարող է ածանցել մեր պատկերացումը նախագծի և նրա իրականացման կենսոլորտի մասին:

Վերադառնանք սույն տեքստի վերնագրին: Նախագծային ուսուցման խութերը երկու մեծ խմբի են բաժանվում` առարկայական և ենթակայակն: Վերջիններիս հաղթահարումն անհամեմատ բարդ է, քանզի արմատներն անհատի (ծնող, սովորող, դասավանդող, բնակիչ) սոցիալ և էթնո հոգեբանական կաղապարների հանգուցակետում են: Ծնողը որպես կանոն իր դպրոցական իրականության պատանդն է, նաև` իր չիրականացրած երազանքները երեխայի վրա պրոյեկտողը: Սովորողը խուսափում է «լրացուցիչ ծանրաբեռնվածությունից» (եթե ավագ դպրոցում է գրանցված) կամ մասնակցում է թվանշանի բարձրացման ակնկալիքով (եթե միջին դպրոցի սովորող է): Դասավանդողը «ճղվում է» հանրակրթական առարկայի նվազագույն անհրաժեշտ բովանդակության և նախագծյին հեղեղի միջև: ՀՀ տարածքում բնակվողը, որը որևէ նախագծի ենթադրյալ շահառու է կամ «լռակյաց մեծամասնության» (Երրորդ ուժի) ներկայացուցիչ է, կամ սոցիալական պայքարի մարտիկ: Ատելության թույնով ինքնասպանվողները հաշիվ չեն:

Մինչև այստեղ դիմացած ընթերցողը կբացականչի. «Դու քեզ իրատես ես համարում, բայց քո վերոշարադրանքը սև ակնոցների արգասիք է»: Եվ նա մասամբ իրավացի կլինի:

Այո´, կան ծնողներ, որոնք հարգում են իրենց երեխաների անհատականությունը և ոչ միայն չեն վախենում նորարարություններից, այլև աջակցում են նրանց կենսագործմանը: Նրանք քիչ չեն, բայց ընդունեք, որ մեծամասնություն չեն, նույնիսկ` մեր կրթահամալիրում: Այո´, կան սովորողներ, որոնք հենց այսօր են ցանկանում (և լինում) օգտակար ազգին, պետությանը և հասարակությանը: Նրանք քիչ չեն, բայց ընդունեք, որ մեծամասնություն չեն, նույնիսկ` մեր կրթահամալիրում: Այո´, կան դասավանդողներ (ավելի ճիշտ` ուսուցիչներ), որոնց գործունեության առանցքը սովորողի (ավելի ճիշտ` աշակերտի) եռամիասնական` մտավոր, հոգևոր և կազմախոսական, զարգացումն է, իսկ մնացածը` հանրակրթական առարկա, նախագիծ, սոցիալական շփում, իրավունքներ, պարտականություններ և այլք, սոսկ արժեհամակարգի ձևավորման և ամրակայման գործիքակազմի բաղկացուցիչներ են: Նրանք քիչ չեն, բայց ընդունեք, որ մեծամասնություն չեն, նույնիսկ` մեր կրթահամալիրում: Այո´, Հայաստանի Հանրապետությունում կան բնակիչներ, որոնք «Քաղաքացի» պատվանունը կրելու բարոյական իրավունք ունեն: Նրանք իրականացրեցին Հայկական Երկրորդ Հեղափոխությունը (որն ի դեպ արդեն վտանգված է): Նրանք քիչ չեն, բայց ընդունեք, որ մեծամասնություն չեն, նույնիսկ` մեր կրթահամալիրում:

Մենք ցույց տվեցինք ենթակայական թիրախները, որոնք պետք է խոցվեն հատ-հատ:

Իսկ առարկայական խութերը` նախարարություն, կազմակերպչական խնդիրներ, ֆինանսական հիմնախնդիր, կդառնան ընդամենը մի ցատկով հաղթահարվող ջրափոս, եթե վերը հիշատակված որակը քանակական առավելության հասնի:

Մինչև այստեղ հասած ընթերցողը կզարմանա. «Հիմա էլ գունավոր ակնոց դրեցիր»: Իմ համբերատար ընթերցողի այս հարցադրմանը կպատասխանեմ Անանուն Իմաստասերի մի ասույթով. «Ձնծաղիը շտապել է, թե ուշացել, որոշում է բնությունը»:

 

08.05.2019                    ©                   Աշոտ Տիգրանյան

Գնահատում հանուն արդարությա՞ն, թե՞ արդար գնահատում

Գնահատումն անհատի, կոլեկտիվի, էթնոսի, հասարակության, պետության, մարդկության, նաև` իր նկատմամբ անհատի, կոլեկտիվի, էթնոսի, հասարակության, պետության առարկայական և/կամ ենթակայական վերաբերմունքն է, որի հիմքում համապատասխան արժեքային համակարգն է: Գնհատումն արտահայտվում է գործնական քաղաքականության (լայն իմաստով), վերբալ, ոչ վերբալ, թվային դրսևորումներով:

Սովորողի գնահատումը հիմնականում ձևավորվում է անհատ – անհատ համակարգում, բնականաբար կրելով էթնիկական և հասարակական կաղապարների, ընտանեկան ավանդույթների կամ դրանց բացակայության, արդիականության հարացույցի ազդեցությունը:

Սովորողի գնահատումը դառնում է հիմնախնդիր, եթե սկզբունքային հակասություն կա դասավանդողի ու սովորողի և/կամ ծնողի կրթական նպատակներում; եթե անհամատեղելի են դասավանդողի և ծնողի թվանշանային գնահատման չափանիշները; եթե ձախողվել են դասավադող – սովորող հարաբերությունները: Եթե երկրորդ դեպքում հնարավոր է փոխզիջում, ապա երրորդ դեպքում դասավանդողը պետք է զրկվի այդ դասարանում դասավանդելու իրավունքից, իսկ առաջին դեպքում` սովորողը տեղափոխվի այլ դասարան կամ կրթական հաստատություն:

Ինչպես եմ ես փորձում խուսափել գնահատման հիմնախնդրայնացումից: Ընդամենը փորձում, որովհետև դպրոցական գնահատումը նվազագույնը եռակողմ է` սովորող – դասավանդող – ծնող: Բնականաբար կարևոր է, որ գնահատման համակարգը լինի առարկայական (չափելի) և ոչ թե ենթակայական (զգացմունքային): Սակայն այդպիսի համակարգն անիմաստ, նույնիսկ` վտանգավոր, կդառնա, եթե կառուցված չլինի, երկու հիմնասյուների` արդարության և սովորողի առաջընթացի հաշվառման, վրա: Արդարությունը բացառում է միջանձնային հարաբերությունների գործոնի ազդեցությունը թվանշանային գնահատման գործընթացում: Սովորողի առաջընթացի հաշվառումը խրախուսող գնահատման առանցքն է, նրա փոքր քայլերը նկատելու, արձանագրելու և կրթական գործունեությունը խթանելու գրավականը:

Անանուն Իմաստասերը բարբառել է. «Երբ դաշտի ծաղիկները միաժամանակ են բուրում, դժվար է գտնել քո´ ծաղիկը»: Ես ամեն օր մի քայլ եմ անում դեպի իմ ձնծաղիկը և այն արդեն երևում է հորիզոնում:

Իսկ չոր իրողությունների լեզվով հետևյալը: Ներկայացնում եմ VI դասարանի համար կազմած երեք այլընտրանքային ծրագրերի գնահատման բաժիննները` 1. «Պատմություն» դասընթացի գնահատում` պարտադիր դասարանական աշխատանք – 2-6 բալ, կամավոր տնային աշխատանք – 1-3 բալ, նախագծային աշխատանք – 1-3 բալ, հետազոտական աշխատանք – 2-4 բալ; 2. «Երեխաների համաշխարհային պատմությունը Հին աշխարհի պատմության համատեքստում» դասընթացի գնահատում` Սովորողների ուսումնական գործունեության բոլոր ձևերը գնահատվում են շաբաթական պարբերականությամբ` յուրաքանչյուրը 10 բալանոց համակարգով: Վերջնական գնահատականում ուսումնական գործունեության ձևերն ունեն հետևյալ չափաբաժինները` նախագծային աշխատանք — 50%, դասարանական քննարկում — 5%, ուսումնական ճամփորդություն — 10%, փոխուսուցում — 20%, ձեռք բերած գիտելիքների բանավոր և գրավոր տարածում — 15%; 3. «Հայկական լեռնաշխարհ և աշխարհ (նախապատմական ժամանակներից մինչև մ. թ. ա. IV դար)» դասընթացն ուսումնասիրողների գնահատումն հասկանալու համար հարկ է ծանոթանալ ծրագրին: Այս ուսումական տարում 6-2 դասարանի սովորողներն ընտրել են այլընտրանքային ծրագրի առաջին տարբերակը:

2018-2019 ուսումնական տարվա նախաշեմին ես որոշեցի այլընտրանքային ծրագրաստեղծման ոլորտում ևս մի նորույթ կիրառել` գրել առարկայական ծրագիր կոնկրետ դասարանի համար, նաև հաշվառելով տվյալ դասարանի սովորողների կոգնիտիվ և կրեատիվ որակները և նախորդ ուսումնական տարում իրականացրած ուսումնական գործունեության արդյունքները: Արդյունքում այդ դասարանների առարկայական ծրագրերի գնահատման բաժիններն ունեցան հետևյալ բովանդակությունները`

7-1 դասարան`

Գնահատում (ամսական, 10 բալանոց համակարգով)

  1. Պարտադիր դասարանական աշխատանք – գրավոր (1-4 բալ), բանավոր (2-8 բալ)
  2. Կամավոր տնային աշխատանք – գրավոր (1-3 բալ), բանավոր (3-9 բալ)
  3. Նախագծային աշխատանք – 3-7 բալ
  4. Հետազոտական աշխատանք – 4-8 բալ
  5. Ստեղծագործական աշխատանք – 4-6 բալ

Եթե սովորողը գերազանցում է 10 բալի սահմանը, ապա նա իրավունք ունի իր դասընկերոջը փոխանցել 1-2 բալ (փոխուսուցման պայմանով), հավելել 1-2 բալ այլ ամսվա գնահատման նիշի վրա, ստանալ գիտահանրամատչելի ամսագիր (1 բալը` 1 համար), առաջարկել ոսւումնական ճամփորդության նախագիծ (1 բալը` 1 օր):

7-2 դասարան`

Գնահատում (10 բալանոց համակարգով)

  1. Պարտադիր դասարանական աշխատանք – գրավոր (1-4 բալ), գրավոր (2-8 բալ)
  2. Կամավոր տնային աշխատանք – գրավոր (1-3 բալ), (3-9 բալ)
  3. Նախագծային աշխատանք – 3-7 բալ
  4. Հետազոտական աշխատանք – 4-8 բալ
  5. Պատմության վերակառուցում – 6-8 բալ

Ամսվա վերջում բոլոր բալերի գումարը բաժանվում է 4-ի վրա: Արդյունքը նշանավում է որպես ամսական գնահատական: Եթե արդյունքը գերազանցում է 10 գնահատանիշը, սովորողն իրավունք ունի հավելյալ բալերն օգտագործել այլ ամսվա գնահատանիշը փոխելու նպատակով կամ առաջարկել ուսումնական ճամփորդության նախագիծ (մեկ ամսվա ընթացքում 13-ից ավել բալ հավաքելու դեպքում):

 

8-3 դասարան`

Գնահատում

Գնահատումն իրականացվում է 10 բալանոց համակարգով ամիսը մեկ անգամ, հետևյալ բանաձևով` ԴՄ+Տ+ՀԱ+Թ=ամսական գնահատական, որտեղ ԴՄ-ն ամսվա դասարանական աշխատանքների (գնահատվում են յուրաքանչյուր շաբաթվա երկրորդ դասի ավարտին 6 բալանոց համակարգով) միջին գնահատականն է; Տ-ն` տնային առաջադրանքների գնահատականը (դրվում է յուրաքանչյուր ամսվա վերջին 3 բալանոց համակարգով);  ՀԱ-ն` հետազոտական աշխատանքների գնահատումը (5 բալանոց համակարգով, մեկ ամսում կատարված աշխատանքի հաշվառմամբ); Թ-ն` թարգմանությունների գնահատումը (եվրոպական լեզուներից թարգմանության մեկ էջը 1 բալ, այլ լեզուներից` 3 բալ): Եթե ամսվա վերջին սովորողի հավաքած բալերը գերազանցում են 10-ը, ապա նա իրավունք ունի համադասարանցուն փոխանցել 1-2 բալ (նրա հետ անհատական խորհրդատվություն անցկացնելու պայմանով), 1-3 բալ գումարել իր այլ ամիսների բալերի քանակին, 2-4 բալի դիմաց պարգևատրվել անցյալի և ներկայի իրականությունն արտացոլող ամսագրերի նվազագույնը 5 օրինակով, 5-7 բալն օգտագործել իր առաջարկած բովանդակությամբ և երթուղով, գիշերակացով ուսումնական ճամփորդություն կազմակերպելու համար:

 

9-2 դասարան

Գնահատում

  1. Դասարանական առաջադրանքների բանավոր կատարում – 1-4 միավոր
  2. Դասարանական առաջադրանքների գրավոր կատարում – 1-2 միավոր
  3. Տնային առաջադրանքների բանավոր կատարում – 1-3 միավոր
  4. Տնային առաջադրանքների գրավոր կատարում – 1-2 միավոր
  5. Թարգմանական աշխատանք – 1-2 միավոր (1 էջը Arial Unicode 14 ձևաչափով)
  6. Հետազոտական աշխատանք – 4-8 միավոր (կարևորվում են բովադակությունը, առաջին հերթին` սեփական կարծիքի դրսևորումները, օգտագործված աղբյուրների քանակը և որակը, օգտագործված լեզուների քանակը և կիրառման մակարդակը)
  7. Նախագծային աշխատանք – 4-8 միավոր
  8. Նախաքննական առաջադրանքների կատարում – 1-5 միավոր

Ամսվա վերջում հավաքված միավորների քանակը բաժանվում է 4-ի վրա և ստացված արդյունքը նշանակվում է որպես տվյալ ամսվա գնահատական:

 

Հարկ եմ համարում ընդգծել, որ վերոշարադրյալ համակարգերը հնարավորություն են տալիս չափելի գնահատում իրականացնել, ինչի մասին են վկայում նաև սովորողների ինքնագնահատականները, սակայն այս ներդաշնակությունը մի ակնթարթում կփլուզվի, եթե արդարության սկզբունքը լքի դասավանդող – սովորող հարաբերությունների դաշտը:

Սև Իմաստասերն ասել է. «Շահն ու արդարությունն անհամատեղելի են»: իսկ Անանուն Իմաստասերը հակադարձել է. «Ձնծաղիկի շահը բոլորին գարուն ավետելն է»:

 

06.12.2018                ©                                Աշոտ Տիգրանյան