Անհատական աշխատանքային պլան (09.07-20.08.2018)

  1. 7-1, 7-2, 8-3, 9-2 դասարանների «Պատմություն» առարկայի դասարանական առարկայական ծրագրի կազմում – 40%
  2. Ուսումնահետազոտական գիտարշավներ Սյունիքի և Շիրակի մարզեր «Բռնադատվածներ» և «Հետազոտական արշավային ճամբար» նախագծերով – 30%
  3. Ինքնակրթություն – 10%
  4. Տնօրենի մասնագիտական հանձնարարությունների կատարում — 20%

 

Ծանոթություն. 1. Տոկոսներով նշված են աշխատանքային 6 շաբաթվա բաղկացուցիչների հարաբերակցությունը; 2. «Դասարանական առարկայական ծրագիր» հասկացության բովանդակությունը նախատեսում է նշված յուրաքանչյուր դասարանի համար առարկայական տարբեր ծրագրեր սովորողների անհատական և դասարանային ներուժի հաշվառմամբ:

Գայլի ծննդյան օրը

Գայլն իր ծննդյան օրվա արարողությանը բնականաբար հրավիրեց իր ոհմակի գայլերին և այլ ոհմակների որոշ ներկայացուցիչների: Հրավիրեց նաև գիշատիչ թևավորների, և նույնիսկ՝ առյուծին: Հրավիրյալների թվում էին նաև, առակում ամեն ինչ պատահում է, ընտրյալ կճղակավորներ: Վերջիններիս համար գայլը հատուկ հյուրասիրություն կազմակերպեց:

Անցան օրեր: Եվ հանկարծ անտառային թերթի համարներում մահախոսականների շքերթ սկսվեց: Տարածվեցին շշուկներ: Սակայն Կճղակավորների Դաշինքի առաջնորդի համապատասխան հայտարարությունից հետո շշուկներն ու «անտառի ներդաշնակության թշնամիները» այլևս չէին խախտում Մեծ Անտառի անդորրը:

Առակ հավի մասին

Մի սովորական օր, մի սովորական հավ հանկարծ երկու ձու ածեց: Եվ սկսվեց: Աքլորը նրան օրինակ էր բերում մյուս հավերին, բնականաբար, ակնարկելով իր սեռական կարողությունները: Ստերջ հավերը փառաբանական ցանց կազմեցին: Հավն արդեն իրեն թռչնանոցից դուրս էր պատկերացնում:

Անցան շաբաթներ: Սովորական: Եվ´ հավերի ձվատվության իմաստով, և´ հավերի մորթի ռիթմի: Հերթը հասավ մեր հիշատակած հավին: Նրա փորոտիքը մաքրելիս երկու ձվասկիզբ հայտնաբերվեց: Ափսոսե՞ց Տերը: Չեմ կարծում:

Իսկ աքլորի և մյուս հավերի հիշողության մասին ընթերցողը գիտելիք ունի:

Արտակարգ պատահար գիշատիչների դպրոցում (առակախնդիր)

«Որսի տեխնոլոգիա» առարկայի քննության ժամանակ գայլաձագը չհոշոտեց հանձնարարված քննական օբյեկտին: Քննական հանձնաժողովը նրան միաձայն անբավարար նշանակեց: Միաձայն, որովհետև ուսուցիչ արջը զրկվել էր ձայնի իրավունքից, քանզի հանձնաժողովի քարտուղար բորենին նրան տեսել էր տանձ ճաշակելիս:

Հարց` ի՞նչ տվեց դպրոցը նրան, ով հետո դարձավ միայնակ գայլ:

Մկների ժողովը (նորագույն տարբերակ)

Հավաքվեցին մկներն առցանց քննարկման: Նպատակն էր կատվին մեկուսացնել սոցցանցերից, որովհետև բացասաբար էր ազդում մկնային սերունդների վրա: «Դրայվոտ» սերնդի ներկայացուցիչների առաջարկությունները հաջորդում էին մեկը մյուսին, բախվում և անձև կույտ դառնում: Ավագ սերունդը հուսահատ անիծում էր տեխնիկական առաջընթացը և կարոտախտով հիշում սովորական զանգը: Ազատական մկները կատվի հետ փոխհամաձայնության հարթակ էին փնտրում և տարբերակների բազմազանությունից կորցնում իրենց ինքնությունը: Իսկ մկնիկներից մեկը բարձր ծվծվաց. «Ախր կատուն հետաքրքիր կենդանի է»:

Իսկ այդ նույն ժամանակ ֆիզիկական իրականությունում կատուն բռնել էր հերթական մկան պոչից:

Համադասարանցիները (առակախնդիր)

Մոծակիկն ու գորտիկը սովորում էին նույն դասարանում: Մոծակիկը շատ հետաքրքրասեր էր: Նա չէր բավարարվում ուսուցիչների բոլոր հանձնարարությունները կատարելով: Մոծակիկը թռչում էր ամենուր և ուսումնասիրում ամեն ինչ: Իսկ գորտիկից ուսուցիչները շատ դժգոհ էին, որովհետև նրան հետաքրքրում էին միայն ճահճի հետ կապված հարցերը:

Ուսումնական տարվա ավարտին գորտիկը մնաց նույն դասարանում: Իսկ մոծակիկը հայտարարվեց լավագույն աշակերտ… հետմահու:

 

Հարց` ո՞ր ժամանակաշրջանում էին դպրոց հաճախում մեր պատմության հերոսն ու հակահերոսը:

                Սիրո և ծննդյան մասին

Սիրեցին իրար ամպերը: Եվ ծնվեց անձրևը:

Սիրեցին իրար ձին ու էշը: Եվ ծնվեց անպտղությունը:

Սիրեցին իրար սերն ու ատելությունը: Եվ ծնվեց մարդկությունը:

Սիրեցին իրար մարդն ու փառքը: Եվ ծնվեց կայսրությունը:

Սիրեցին իրար մարդն ու հուսահատությունը: Եվ ծնվեց մահը:

Սիրեցի ինքս ինձ: Եվ ծնվեցին այս տողերը:

Լռության մասին

Խոտը լռում է, որովհետև մենք չենք ցանկանում լսել նրան:

Ձուկը լռում է, որովհետև չի ցանկանում կիսվել մեզ հետ:

Մարդը լռում է, որովհետև լռությունը խոսքից բազմիմաստ է:

Ես չեմ լռում, որովհետև մուսան մտրակում է հոգիս:

Երբ առաջինն ու երկրորդն են ավելորդ

Տնային Միջատների Հանրապետության խորհրդարանի հերթական նիստի ժամանակ պատգամավոր Խավարասերը բարձրացրեց արտասահմանում ապրող բարեկամների հիմնախնդիրը: Այդ հողի վրա բանավեճ ծագեց նրա և պատգամավոր Սարդի միջև: Խորհրդարանը ձայների մեծամասնությամբ որոշեց, որ արտասահմանում ապրում են ոչ թե միջատներ, այլ` միջատանմաններ: Կարճ ժամանակ անց հանրապետությունն ընկավ և միջատաուռաների տարափի ներքո հաստատվեց ճանճերի ժառանգական միապետությունը: