Գոռոզամիտ մայրին (նորագույն տարբերակ)

Լեոնարդո դա Վինչիի մայրու սերունդները դասեր քաղեցին իրենց նախնու տապալումից: Անցան դարեր: XXI դարում այդ ժառանգներից մի մայրի շարունակում էր հանդուրժել պտղատու ծառերին: Բայց շատ էր սիրում մագլցող բույսերին, հատկապես` նրանց սիրառատ և հոգեպարար գգվանքները: Եվ տապալվեց ներքին փոթորկից:

 

Մանրապատկեր-խնդիր

Հին Հռոմ: Ես ստրուկ եմ: Մարմինս կտավն է, մտրակը` վրձինը: Նատուրալիստական պատկեր:

Նոր Հայաստան: Հոգիս կտավն է, զգացմունքները` վրձինը: Գերիրապաշտական պատկեր

Հարց` ո՞վ եմ ես Նոր Հայաստանում:

Առակախնդիր – 2

 Արթանացավ հրաբուխը միլիոնամյա քնից և զարմացավ, որ ցերեկ չէ: Նայեց Արեգակը Երկրին և զարմացավ, որ համատարած ամպամածություն է: Անձրևորդն անսպասելի արգելքի հանդիպեց և զարմացավ, որ իր փափկեցրած հողն այսքան շուտ պնդացել է:

Հարց` ա՞յդ օրն սկսվեց դինոզավրերի հեռացումը կենսահամակարգից:

Առակախնդիր

Մի մոլորակում կոճղը, ագռավը, խավարասերը և ութոտնիկը դաշն կնքեցին հանուն բնության: Նրանք հաղթեցին Մեծ պատերազմում: Հաղթանակից հետո օրենքից դուրս հայտարարվեցին ծառերը, կաչաղակները, բուերը և դելֆինները:

Հարց` կա՞ր բանական արարած այդ մոլորակում:

     Արծիվն ու կաղնին          (նորագույն տարբերակ — 2)  

           

Ու կրկին վիճեցին արծիվն ու կաղնին, թե իրենցից ով է երկար ապրում: Նույնիսկ պայմանավորվեցին հանդիպել դարեր հետո: Բայց այդ հանդիպումը չկայացավ, որովհետև արթնացավ հրաբուխը, որին հայերը սխալմամբ անվանել են Արագած:

Մայրուղու արահետային կարոտախտը

Արահետը տխուր էր: Թփակալում էր: Սակայն այնտեղով Մարդ անցավ: Հետո` Ժողովուրդ: Վերջում` Ամբոխ: Արդյունքում` Մայրուղի:

Բայց Մայրուղու եզրին չտորված տարածք կա` մի ոտնատեղ լայնությամբ:

 

 

 

 

 

 

Դաժան առակ

Աշուն էր: Եվ տղան ու աղջիկը սիրեցին իրար, որ չտխրեն ծաղիկները:

Ձմեռ էր: Ու տղան և աղջիկը գրկեցին իրար, որ չմրսեն հոգիները:

Գարուն է: Տղան և աղջիկը նոր կյանքով են հմայված:

Ամառը կգա: Տղային կգտնի լեռներում, աղջկան` լողափին:

Իսկ Երևանի ասֆալտն այս տարի չի հալվի:

Արծիվն ու կաղնին (նորագույն տարբերակ)

Եվ կրկին վիճեցին արծիվն ու կաղնին, թե իրենցից ով է ավելի երկար ապրում: Բայց վիճեցին նաև որսորդն ու փայտահայտը, թե ով է ավելի հմուտ իր գործում: Իսկ միայնակ սպիտակ գայլն առանց ոռնալու որսի է դուրս գալիս:

Հեղինակային առակ

Տիեզերքի խաչմերուկներից մեկում հանդիպեցին Անցյալը, Ներկան ու Ապագան: Եվ գանգատվեց Ներկան Ապագային, որ չի կարողանում ազատվել Անցյալի ներկայությունից: Իսկ Ապագան շշնջաց. << Ես Անցյալի բումերանգն եմ>>:

Հավաքից Հավաք (հղումային հաշվետվություն)

 

  1. Օրագրեր` մայիս (2017 թվական), հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար (2018 թվական), փետրվար, մարտ, ապրիլ;
  2. Իրականացվող նախագծեր` «Բռնադատվածներ», «Այլընտրանքային պատմություն», «Միասնական Տիեզերք», «Սառնաղբյուրի ճակատամարտ»;
  3. Հեղինակային ծրագրեր` յոթերորդ դասարան, ութերորդ դասարան, վեցերորդ դասարան («Պատմություն», «Երեխաների համաշխարհային պատմությունը Հին աշխարհի պատմության համատեքստում», «Հայկական լեռնաշխարհ և աշխարհ»);
  4. Դասարանական և տնային առաջադրանքների փաթեթ` վեցերորդ դասարան (դասարանական, տնային), յոթերորդ դասարան (դասարանական, տնային), ութերորդ դասարան (դասարանական, տնային):

 

30.04.2018               ©                 Աշոտ Տիգրանյան