Անգեղակոթ – Մինսկ երթուղով

Պատմությունը դաժան, բայց համբերատար ուսուցիչ է: Նա պատժում է և հետո հանձնարարում կրկնել ու յուրացնել դասը:
Հայ էթնոսը Քրիստոսի ծննդից հետո վերածվել է բազմատարեցի աշակերտի՝ մազոխիստական հակումներով:
Մեր խոսքը չծանրաբեռնելու համար անցկացնենք լոկ մի զուգահեռ:
1699 թվականի ապրիլի 9-ին Սյունիքի Անգեղակոթ գյուղում Իսրայել Օրու նախաձեռնությամբ սկսվեց հայոց ազատագրությանը միտված հերթական գաղտնի խորհրդակցությունը, որի մասնակիցները խնդրագրեր ուղարկեցին Եվրոպա և Ռուսաստան: Արդյունքը՝ զրոյական /լավատեսական մոտեցման դեպքում/: Գաղտնի ժողովի գնահատականները տատանվում են մեծ միջակայքում: Լեո. «Խոջայականկապիտալ».«Միամիտ, կարելի է ասել՝ նախնադարյան գյուղապետերի մի հավաքույթ էր Անգեղակոթի գերագույն խորհրդակցական ժողովը: Իսրայել Օրու համար նշամակություն չուներ, որ այդ ժողովը տեղի էր ունենում Ղարաբաղի Լեռնաստանի մի կորած անկյունում: Նշանակություն ունեցողը նրա համար այն էր, որ կարող է ներկայացնել այդ մարդկանց Եվրոպային իբրև մի կազմակերպություն, որը բարբառում է այս լեզվով. «Մենք, Մեծ Հայաստանի գլխավորներս և ատենակալներս»: Ահա, սնապարծության և մեծամտության ի´նչ խոյանքներ կարող էր տալ մի խեղճ ու աղքատ լեռնային գյուղ մի ռոմանտիկ քաղաքագետի, որի երազն էր մի թագավորական թագ, այն էլ իր ցնորապաշտ գլխին »: ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի կայք, հեղինակ Պ. Հովհաննիսյան. «Դարձյալ տիրապետող էր այն միտումը, թե հայերը միայն սեփական ուժերով անկարող են իրականացնել պատմական այդ գերխնդիրր, ուստի պետք է ապավինեն Հռոմի պապի միջամտությանն ու Արևմուտքի որևէ հզոր թագավորի օգնությանը:…………. Կուրֆյուրստին հղված դիմումնագրում հայոց մելիքները հստակորեն մատնանշում էին հակապարսկական ապագա ռազմական գործողություններում իրենց անելիքներն ու դերը: Նրանք հավաստում էին, որ մինչև եվրոպական զորքերի ժամանումը Հայաստան հայերը ստեղծելու են ռազմական ջոկատներ և նախապատրաստվելու են զինված ապստամբության: Սա չափազանց կարևոր հանգամանք էր: Առաջին անգամ փորձ է արվում հաղթահարելու սեփական ուժերի նկատմամբ ավանդական անվստահության բարդույթը և կրավորական ու անզոր կեցվածքից անցնելու առավել գործուն դիրքորոշման: Սույն հանգամանքը որակապես փոխելու էր հայ ազատագրական շարժման հետագա ընթացքը:»
Ձեզ մոտ վերոշարադրյալը որոշակի ասոցիացիաներ չի՞ առաջացնում:
Արդեն 21-րդ դարում Հայոց երրորդ հանրապետության գործող նախագահը 2013 թվականի սեպտեմբերի 3-ին հայտարարում է. «Մենք հանգամանալի քննարկում անցկացրեցինք նաև եվրասիական ինտեգրացիայի հարցերի վերաբերյալ, և ես հաստատեցի Հայաստանի ցանկությունը` միանալու Մաքսային միությանը և ներգրավվելու եվրասիական տնտեսական միությանձևավորման գործընթացում: 20 տարի առաջ Հայաստանը Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրների հետ գորընկերությամբ ձևավորեց իր ռազմական անվտանգության համակարգը Հավաքական անվտանգության պայմանագրի ձևաչափում: …..Այժմ ՀԱՊԿ մեր գործընկերները ձևավորում են տնտեսական փոխգործակցության նոր հարթակ: Ես քանիցս ասել եմ, որ գտնվելով ռազմական անվտանգության մի համակարգում (որն իր սնանկությունը ցույց տվեց անցած ամառ – Ա.Տ.), անհնար է և անարդյունավետ մեկուսանալ համապատասխան աշխարհատնտեսական տարածքից…………Այս որոշումը եվրոպական կառույցների հետ մեր երկխոսությունից հրաժարում չէ»:
Ընդամենը Պֆալցի կուրֆյուստին փոխարինել է Եվրոմիությունը, իսկ Պյոտրյան Ռուսաստանին` Պուտինյան Ռուսաստանը:
Նոր Լեոի գնահատականն ավելի սպանիչ է լինելու, քանզի մեզ ավելի դաժան է պատժելու պատմությունն իր դասերից բացակայողներին: