Ես և իմ Հայրենիքը (դասընթացի ծրագիր Արևմտյան դպրոց-պարտեզի 5-1 դասարանի սովորողների համար)

ՆԱԽԱԳԻԾ

 

                   Իրավիճակի նկարագրություն

Վերոհիշյալ դասարանի սովորողների իմացաբանական ներուժը, կամային որակները, հետաքրքրությունների բազմաբովանդակությունը, ինքնաճանաչման կենսականությունը, ինչպես նաև ՀՀ կրթական համակարգում կատարվող փոփոխությունները պարտադրում են ԵՍ-ի բոլոր շերտերի բացահայտմանը և հայրենաճանաչությանը նպաստող նոր դասընթացի ներառում արևմտյան դպրոց-պարտեզի ուսումնական պլանում: Ենթադրվող դասընթացի բովանդակային նյութերը ստեղծվում են դասավանդողի և ընտանեկան դպրոցների համագործակցությամբ, իսկ մեթոդաբանական սկզբունքները և հնարքները փորձարկվում են հիմքում ունենալով երեխայակենտրոնությունը և անհատական ու խմբային առաջընթացի պարբերական արձանագրումը:

Նպատակներ

  1. Յուրաքանչյուր սովորողի ԵՍ-ի ինքնաբացահայտում, անհատի որակական զարգացում և հասարակայնորեն օգտակար լինելու նպատակադրության ձևավորում;
  2. Հայրենաճանաչություն բոլոր զգայարանների միջոցով, հոգի, սիրտ, միտք եռամիասնության մշտական կիրառմամբ:

Խնդիրներ

  1. Սերտ համագործակցության ապահովում դասավանդող – սովորող – ծնող համակարգում;
  2. Սովորողների արշավային կարողությունների զարգացում;
  3. Դաշտային աշխատանքի` ազգագրական, բանահավաքչային նյութի ձեռքբերման, ունակությունների սաղմնավորում;
  4. «Պատմության վերակառուցում» մեթոդաբանության յուրացում սովորողների և ծնողների կողմից:

Դասավանդման հիմնական մեթոդները

  1. Անցյալի իրականության վերակառուցում;
  2. Քննարկում-բանավեճ;
  3. Նախագծային աշխատանք;
  4. Անհատական և խմբային հետազոտական աշխատանք;
  5. Ուսումնական ճամփորդություն;
  6. Շնորհանդեսային հրապարակումներ;
  7. Դաս-դասախոսություն

 

Գնահատում

Իրականացվում է սովորողի առաջընթացի և/կամ դրան խանգարող գործոնների գրավոր վերլուծականի միջոցով:

Բովանդակություն և կարողություն

                                   Թեմա 1

                              Ես և իմ գերդաստանը

  1. Յուրաքանչյուր սովորող բնութագրում է իրեն երեք տարբերակներից որևէ մեկով` բանավոր ֆիզիկական միջավայրում, գրավոր հղված իր ընտրած հասցեատերերին, գրավոր միայն իր համար;
  2. Բանավոր կամ գրավոր պատում իր ընտանիքի և նրա անդամների մասին, ծնողների կյանքի հիմնական փուլերի իմացություն, եղբայրների և քույրերի էական հատկանիշների իմացություն (կազմակերպման ձևը` բանավոր ֆիզիկական միջավայրում, գրավոր էլեկտրոնային միջավայրում);
  3. Գերդաստանի պատմության ուսումնասիրում (ծնողների հետ ֆիզիկական միջավայրում) և հրապարակում, տոհմածառի կազմում (սովորողի բլոգում):

Թեմա 2

                     Ես և իմ հայրենիքը

  1. Կազմի իր և ծնողների ծննդավայրերի հատակագիծը, հնարավորության դեպքում այցելելով այնտեղ (նախագծային ճամփորդությունների իրականացում);
  2. Կազմի իր մարզի քարտեզը և մեկնաբանի այն (առցանց տարբերակ);
  3. Կարողանա տալ Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական նկարագրությունը (քննարկում ուսումնական ճամփորդության ընթացքում կամ առցանց):

Թեմա 3

                    Ես  և իմ հայոց լեզուն

  1. Պատկերացում կազմի հայերենի ծագման և պատմական փոփոխությունների փուլերի մասին (գործընկեր մասնագետի դաս ֆիզիկական միջավայրում);
  2. Ճարտասանական հնարքների ուսուցում (ֆիզիկական միջավայր և երկխոսություններ);
  3. «Ես և մայրենին» էսսեների հեղինակում (էլեկտրոնային հրապարակումներ և առցանց քննարկումներ):

 Թեմա 4

                       Ես և իմ պետությունը

  1. Իմանա հայկական պետությունների պատմական հերթափոխության մասին (դաս-դասախոսություն);
  2. Կարևորի պետությունը որպես ազգի ինքնակազմակերպման բարձրագույն ձև և իր ԵՍ-ի լիարժեք դրսևորման գործոն (բացօթյա կամ առցանց քննարկում);
  3. Պատկերացում ունենա այլ, առաջին հերթին` հարևան, պետությունների հետ ՀՀ հարաբերությունների մասին (առցանց քննարկում և հետազոտական աշխատանքի թեմա):

Թեմա 5

                        Ես և իմ ազգը

  1. Հայոց ծագումնաբանության վարկածների խաղարկում պատմության վերակառուցման մեթոդաբանությամբ ուսումնական ճամփորդության ժամանակ կամ ընտանեկան դպրոցում, համապատասխան տեղեկույթի փոխանցումից հետո;
  2. Հայոց մշակույթի գագաթների փաստարկված իմացություն (քննարկում ֆիզիկական կամ առցանց միջավայրում, հետազոտական աշխատանք);
  3. Իմանա ավանդապատումներ, նաև` իր գրառած, տոները կատարի իր ծիսական հանդերձանքով ըստ ազգային, եկեղեցական, ազգագրական շրջանների օրացույցի (ընտանեկան դպրոցներում դասավանդողի խոհրդատվական աջակցությամբ):

 Թեմա 6

       Ես և իմ հայրենիքի էթնիկական գույները

  1. Մեր հանրապետությունում ապրող ազգային փոքրամասնությունների, նրանց բնակության վայրերի և առանձնահատկությունների իմացություն (դաս-դասախոսություն և ուսումնական ճամփորդություն);
  2. Մեկ օր ազգային փոքրամասնության ներկայացուցչի ընտանիքում (ծնողի և սովորողի ընտրությամբ);
  3. Մշակույթների փոխհարստացում (հետազոտական աշխատանք):

Թեմա 7

               Ես և իմ ազգի էպոսը

  1. «Սասնա ծռեր»-ի համահավաք տեքստի յուրացում (առցանց քննարկումների շարք և էսսեների հրապարակում);
  2. Սովորողի ընտրած հատվածների պատմական վերակառուցում բնության գրկում և/կամ ընտանեկան դպրոցում;
  3. Էպոսը որպես յուրաքանչյուրի ԵՍ-ի էթնիկական բաղկացուցչի գաղտնարանի բանալի և հզոր պետության կառուցման ուղեցույց (առցանց քննարկում):

Թեմա 8

      Ես, իմ էպոսը և այլոց էպիկական պատումները

  1. Մյուս ժողովուրդների էպոսների բովանդակության իմացություն և համեմատական վերլուծություն (աշխատանք ընտանեկան դպրոցում);
  2. Էպիկական պատումների այլ տեսակների ուսումնասիրություն (հետազոտական աշխատանք դասավանդողի խորհրդատվությամբ);
  3. Սովորողի ընտրած էպիկական պատումի որևէ հատվածի վերակառուցում բնության գրկում և/կամ ընտանեկան դպրոցում:

Թեմա 9

Ես և իմ ազգային խաղերը

  1. Հայոց ազգային խաղերի ուսուցում (գործնական պարապմունք);
  2. Հայոց ազգային խաղերի փոփոխությունների հետազոտում (էլեկտրոնային հրապարակումներ և առցանց քննարկումներ);
  3. Ազգային խաղերի ուսուցում «Կրթական ինքնավարություն» նախագծով:

Թեմա 10

                 Ես և իմ ազգի արժեհամակարգը

  1. Արժեհամակարգը որպես ԵՍ-ի դրսևորման հիմնաքար (քննարկում ֆիզիկական և առցանց միջավայրերում);
  2. Հայոց արժեհամակարգի պատմական փուլերի իմացություն (դաս-դասախոսություն և քննարկում առցանց տարբերակով);
  3. Արժեհամակարգին սպառնացող վտանգների դեմ պայքարի միջոցների յուրացում յուրաքանչյուր սովորողի կողմից (դասընթացի ուսումնասիրման ողջ ընթացքում դասավանդողի և ծնողների գլխավոր հիմնախնդիրը):

30.07 – 07.08.2020             ©      Աշոտ Տիգրանյան

Ծնողներ`

Աշխեն Քեշիշյան

Լուսինե Միրզոյան

Մարիա Նիկողոսյան

Արմինե Սարգսյան

Սովորողներ (V դասարան)`

Արեգ Հարությունյան

Դավիթ Մուրադյան

Սամվել Մխիթարյան

Արեգ Քեշիշյան

Թողնել մեկնաբանություն