Մանկավարժական ճամբար

Հետազոտական աշխատանքին ներկայացվող պահանջներ

        Հետազոտական աշխատանքը գիտական որևէ թեմայի կամ քաղաքական, տնտեսական, սոցիալական կամ մշակութային հիմնախնդրի հետազոտումն է տեսական և/կամ գործնական լուծման ակնկալիքով:

  1.  Պարտադիր քանակն ուսումնական տարվա ընթացքում. մեկ աշխատանք սովորողի ընտրած բնագավառից;
  2.  Աշխատանքի ծավալը չի սահմանափակվում;
  3. Տառատեսակ. Arial Unicode 14;
  4.  Մասնագիտական օժանդակություն. խորհրդատու ուսուցիչ կամ գիտական ղեկավար (արտակրթահամալիրային), կամ երկուսը միասին սովորողի ընտրությամբ;
  5. Օգտագործված աղբյուրներ. քանակը` նվազագույնը 9-ը, որից նվազագույնը 3-ը օտարալեզու: Եթե հայալեզու աղբյուրներ չկան` նվազագույնը 2 օտար լեզվով աղբյուրների օգտագործում:

  Աղբյուրների տեսակները` էլեկտրոնային և տպագիր աղբյուրներ, որոնցից ոչ մեկը չի կարող գերազանցել օգտագործված աղբյուրների քանակի 2/3-ը: Հանրագիտարանային աղբյուրները վերը նշված քանակի մեջ չեն հաշվառվում: Խրախուսվում է բանավոր աղբյուրների օգտագործումը, եթե ընտրված թեման կամ հիմնախնդիրը տալիս են այդ հնարավորությունը: Բանավոր աղբյուրների քանակը չի սահմանվում և դրանց օգտագործման դեպքում այլ աղբյուրների նվազագույն քանակը չի փոփոխվում;

  • Աշխատանքի կառուցվածքը.

Ներածություն. աշխատանքի ծավալի 10-15%-ը;

Հիմնական մաս. աշխատանքի ծավալի 70-80%-ը, կարող է բաժանվել ցանկացած քանակությամբ հատվածների;

 Ամփոփում. աշխատանքի ծավալի 10-15%-ը:

Ներածությունում հիմնավորվում է ընտրված թեմայի կամ հիմնախնդրի կարևորությունը մարդկության կամ որևէ տարածաշրջանի, կամ որևէ էթնոսի, կամ հասարակության որևէ շերտի, կամ կոնկրետ բնակավայրի համար:

  Հիմնական մասում տրվում է ընտրված թեմային վերաբերող վարկածների կամ ընտրված հիմնախնդրի լուծման տարբերակների հեղինակային շարադրանքը:

 Ամփոփման մեջ հիմնավորվում է այն վարկածը, որին հակված է հետազոտական աշխատանքի հեղինակը կամ հեղինակի ձևակերպած վարկածը: Հիմնախնդրի հետազոտման դեպքումհիմնավորվում է հետազոտական աշխատանքի հեղինակի կողմից իրատեսական և արդյունավետ համարվող լուծման տարբերակը կամ հեղինակի կողմից սահմանված տեսանելի ժամանակահատվածումհիմնախնդրի լուծման անհնարինությունը;

7. Ամփոփման ձևաչափ. մասնագիտական գրախոսություն (արտակրթահամալիրային մասնագետի) կամ հրապարակային պաշտպանություն, կամ երկուսն էլ (սովորողի ընտրությամբ) ուսումնական տարվա ընթացքում;

 8. Գնահատում

1. Հետազոտվող թեման կամ հիմնախնդիրը ներառող հանրակրթական առարկայի ծրագրով նախատեսված առավելագույն կրեդիտները տրվում են 1-2 ոչ էական թերություններ արձանագրած գրախոսության կամ համապատասխան մասնախմբի կողմից բացառիկ գնահատված պաշտպանության դեպքում;

2. Հետազոտվող թեման կամ հիմնախնդիրը ներառող հանրակրթական առարկայի ծրագրով նախատեսված կրեդիտների 85-90%-ը տրվում է 3-4 ոչ էական թերություններ արձանագրած գրախոսության կամ համապատասխան մասնախմբի կողմից գերազանց գնահատված պաշտպանության դեպքում: Այդպիսի հետազոտական աշխատանքներն ուսումնական տարվա ընթացքում երկու անգամ հրապարակվող էլեկտրոնային ժողովածուի մաս են կազմում: Այս երկու դեպքերում խորհրդատու ուսուցիչը ստանում է լրավճար:

3. Հետազոտվող թեման կամ հիմնախնդիրը ներառող հանրակրթական առարկայի ծրագրով նախատեսված կրեդիտների 70-80-%-ը տրվում է 1 էական թերություն արձանագրած գրախոսության կամ համապատասխան մասնախմբի կողմից լավ գնահատված պաշտպանության դեպքում;

4. Հետազոտվող թեման կամ հիմնախնդիրը ներառող հանրակրթական առարկայի ծրագրով նախատեսված կրեդիտների 50-60-%-ը տրվում է 2 էական թերություն արձանագրած գրախոսության կամ համապատասխան մասնախմբի կողմից միջին գնահատված պաշտպանության դեպքում:

Երկուսից ավելի էական թերություն արձանագրած գրախոսության կամ համապատասխան մասնախմբի կողմից միջինի ցածր գնահատված պաշտպանության դեպքում սովորողը կրեդիտ չի ստանում: Եթե ձախողումը տեղի է ունեցել դեկտեմբերին սովորողն իրավունք ունի վերցնել նոր թեմա կամ հիմնախնդիր:

Պարզաբանումներ

 1. Դասավանդողն իրավունք ունի հրաժարվել` ղեկավարել սովորողի հետազոտական աշխատանքը;

2. Սովորողն իրավունք  ունի առաջարկել հետազոտական աշխատանքի թեմա, որն ընդգրկված չէ դասավանդողների ներկայացրած ցուցակներում:

10-13.07.2022                   ©            Աշոտ Տիգրանյան

Լրամշակված է 08.09.2022             ©              Աշոտ Տիգրանյան

    Նախագծային աշխատանքին ներկայացվող պահանջներ

Նախագծային աշխատանքը սովորողների և դասավանդողների համագործակցային գործունեությունն է իրականության որևէ հիմնախնդրի հրապարակայնացման, քննարկման և լուծման ուղղություններով:

  1. Պարտադիր քանակն ուսումնական տարվա ընթացքում. Մեկական կարճաժամկետ կամ միջնաժամկետ և երկարաժամկետ նախագիծ սովորողի ընտրությամբ` դասավանդողների ներկայացրած ցուցակից կամ սովորողի ձևակերպած ու մասնաժողովում հաստատված նախագիծը;
  2. Նախագծերի ժամկետները. Կարճաժամկետ` մեկ կիսամյակ, միջնաժամկետ` մեկ ուսումնական տարի, երկարաժամկետ` երեք տարուց ոչ պակաս;
  3. Նախագծի կառուցվածքը`

Ա. Իրավիճակի նկարագրություն (ընտրված հիմնախնդրի համառոտ պատմությունը և նրա լուծման արդի խոչընդոտները);

Բ. Նախագծի շահառուները (թվարկվում են հասարակության այն շերտերը, որոնք կօգտվեն հիմնախնդրի լուծմանն ուղղված քայլերից)

Գ. Նպատակ (հիմնախնդրի լուծում կամ լուծման տարբերակների ցուցանում)

Դ. Խնդիրներ (դեպի նպատակ տանող քայլերի հերթագայություն);

Ե. Նախագծային նպատակին հասնելու ենթադրվող ժամկետը;

Զ. Նախագծային խմբի մեկնարկային մասնակիցները;

Է. Նախագծային խմբի հնարավոր մասնակիցները;

Ը. Ակնկալվող արդյունքը (նպատակի իրականացում կամ ընտրված հիմնախնդիրը տեսանելի ապագայում լուծելու անհնարինության հիմնավորում);

4. Ընթացիկ գործունեության տեսակներ`

 ա) նախագծային խմբի պարբերական հանդիպումներ;

 բ) հանդիպումներ մասնագետների հետ;

 գ) ուսումնական ճամփորդություններ;

 դ) տեղեկատվական հրապարակումներ նախագծային գործունեության ընթացքի մասին;

5. Ամփոփման ձևաչափ. նախագծի կամ նրա փուլերի արդյունքների հրապարակային ներկայացում ուսումնական տարվա ընթացքում երկու անգամ;

6. Գնահատում. ուսումնասիրվող հիմնախնդրին առնչվող մասնագետներից և հասարակության ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը գնահատում է կրեդիտային համակարգով 1-10 միջակայքում:

Բ. ենթակետի պարզաբանում. 1. Օգտվելը պետք է հասկանալ բառի ամենալայն իմաստով, այսինքն` նաև մտավոր և հոգևոր; 2. Ենթադրվում է շահառուների մասնակցությունը հիմնախնդրի լուծմանը:

13.07.2022            ©                      Աշոտ Տիգրանյան

Թողնել մեկնաբանություն