Նոր տարվա սնահավատություններից

Ինչպես դիմավորես Նոր տարին, այնպես էլ այն կանցկացնես: Միթե՞:

Բրիստոլի համալսարանի (Մեծ Բրիտանիա) մասնագետների անցկացրած վերջին հարցման համաձայն մեր ժամանակակիցների 64%-ը սնահավատ է, իսկ Նոր տարվա հետ այս կամ այն կերպ կապված սնահավատություններին  գերի է 73%-ը: Ավելին: Գիտության տարբեր ոլորտներում աշխատող մարդկանց 80%-ը կարծում է, որ Նոր տարվան վերաբերող ժողովրդական նախանշաններում ռացիոնալ իմաստ կա, իսկ 88%-ն ամեն տարի դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը մտքում ցանկություն է պահում: Ընդ որում, նրանց ավելի քան 50%-ը հայտարարում է, որ այդ ցանկություններն իրականացել են:Untitled

 

Այժմ գիտնականներին հանգիստ թողնենք և գնանք հին Եգիպտոս (տրանսպորտային միջոցի ընտրությունն անհատականացված է): Մուտ աստվածուհու տաճարի քարասալիկների սրբազան գրերով վկայված է, որ պատերազմի և կիզիչ արևի աստվածուհի Սեհմետը մի օր որոշեց կործանել մարդկությունը, օգտագործելով հիվանդություններ տարածելու իր մոգական շնորհը: Բայց արևի աստված Ռան հարբեցրեց նրան այն աստիճան, որ Սեհմետը նույնիսկ ուշքի գալուց հետո էլ չհիշեց իր չարագուշակ պլանների մասին: Արդյունքում հին եգիպտացիները նոր տարվա առաջին օրը նշում էին որպես մարդկության փրկության օր և ի պատիվ Ռա աստծու ու նրա խորամանկության հարբում էին գիտակցությունը կորցնելու աստիճան:Եվ գերերջանիկ էր համարվում նա, ով հեռացող տարվա վերջին գիշերը հաջողեցնում էր հարբել այն աստիճան, որ հետո երազում տեսնի Ռայի և Սեհմետի խնջույքը: Հատշեպսուտ փարավոնուհու կառավարման տարիներին (մ.թ.ա. 15-րդ դարի սկիզբ) Նոր տարվա առաջին օրվա հարբած նշումը սահուն կերպով վերածվում էր տարվա առաջին ամիսն ընդգրկող խրախճատոնի: Հասկանալի է, որ արևի աստծու երկրպագուները հայկական կոնյակով կամ ուկրաինական օղիով չէին տոնում մարդկության փրկությունը: Չեխերից և գերմանացիներից (բայց ոչ հայերից) հազարամյակները առաջ եգիպտացիները պատրաստում էին թունդ գարեջուր և նրանով էլ շնորհակալություն հայտնում Ռային: Բայց դա դեռ բոլորը չէր: Հատշեպսուտի ժամանակաշրջանի եգիպտացիների սեղանի պարտադիր սննդատեսակներից էր օլիվյե աղցանի նախնաան տարբերակը: Մանր կտրտած մի քանի տեսակի միսը խորհրդանշում էր մարդկանց և կենդանական աշխարհի ներկայացուցիչների ճակատագիրը, եթե իրականություն դառնային Սեհմետ աստվածուհու աշխարհակործան ծրագրերը: Իսկ աղցանի կանաչեղենը Ռա աստծո հաղթանակի խորհրդանիշն է: Աստված, առանց որի չեն կարող ապրել բույսերը:

Իսկ հիմա թոթափենք մեր վրայից անցյալի ոգելից փոշին և վերադառնանք մեր օրերը: Այժմ էլ Սիբիրի, Տուվայի, Բուրյաթիայի շատ գյուղերում կա այսպիսի հավատալիք-սնահավատություն` ողջ տարին կախված  նրանից, թե ով հունվարի մեկին առաջինը կմտնի ձեր խրճիթ: Եթե առաջին այցելուն հարոստ և բարի մարդ է, այդպիսին էլ կլինի տարին, իսկ եթե տան շեմին առաջինը հայտնվի տեղական հարբեցողը, ապա ապագա 365 օրերից ոչ մեկում երջանկություն չի սպասվում:

Հետաքրքիր է, որ նոր տարվա առաջին հյուրի հետ կապված նմանատիպ սնահավատություն տարածված է տարբեր երկրների շատ ժոովուրդների մոտ: Օրինակ, ԱՄՆ — ի հարավային նահանգներում հավատում են, որ եթե ամուսնական զույգի հունվարի մեկի առաջին հյուրը տղամարդ լինի, ապա ողջ տարին ընտանիքը պետք է ղեկավարի տղամարդը, իսկ եթե կին` հակառակը:

Վերադառնանք անցյալ: 8-րդ դարի շոտլանդական տարեգրություններում հիշատակված է հետևյալ սնահավատությունը` նոր տարի հաջող կլինի, եթե անցնող տարվա վերջին գիշերվա առաջին հյուրը լինի «մուգ գույնի դեմքով տղամարդ, ով նվեր է բերում դրամներ, ածուխ օջախի համար կամ հասարակ կարկանդակներ»: Այս սնահավատությունը ռեալ պատմական հիմք ունի և ավելի շուտ կարելի է անվանել չիրականացած երազանք:  Այն ծնվել է վիկինգների արշավանքների ժամանակ: Նոր տարվա նախօրյակին Օդինի ճերմակադեմ որդիներն ավերում էին շոտլանդական բնակավայրերը վերցնելով և´ դրամ, և´ ածուխ, և´ տոնական կարկանդակներ:  Ճիշտ է,  վիկինգները Նոր տարվա թալանի «հարգելի պատճառներ» ունեին: Իրենք Յոլ տոնը նշում էին դեկտեմբերի 21-ից մինչև դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը և այդ մարաթոնի արդյունքում նրանց պաշարները նվազում էին ու մեղք չէր համարվում այն լրացնել պաշարապահ շոտլանդացիների հաշվին:

Չգիտեմ, զարմանալի է, թե ոչ, բայց 4-6-րդ դարերի եվրոպացի ավազակները սնահավատությամբ զիջում էին ժամանակակից գիտնականներին: Բանը նրանում է, որ Եվրոպայի այն տարիների բնակիչները լրջորեն հավատում էին` Նոր տարվա գիշերն անպայման պետք է բաց թողնեն իրենց կացարանների դռները, որպեսզի հին տարի իր հոգսերի հետ միասին արագորեն հեռանա: Հին տարի, իհարկե, հեռանում էր, իսկ նրան փոխարինում էին ավազակները…(այստեղ լռում ենք, որովհետև չենք ցանկանում մռայլ երանգներ հաղոդել տարվա առաջին օրվան, կամ, գուցե, սնահավատ ենք): Այս նողկալի «ավանդույթը» համաճարակի բնույթ ստացավ, որովհետև  Նոր տարվա նախօրյակին «տարերային, ժամանակավոր հանցագործներ» էին դառնում նար նրանք, ովքեր տարվա մյուս օրերին աստվածավախ էին: Այս իրողությունն այնքան զայրացրեց եվրոպական հոգևորականությանը, որ 567 թվականին հրավիրեցին եկեղեցական ժողով և Նոր տարվա նշումը հայտարարեցին աստվածանարգ արարողություն: Նրանք իրենց հոտին հրահանգեցին հունվարի 1-ը նշել որպես «Տիրոջ Թլպատման տոն»: Այս տոնը Եվրոպայում չարմատակալեց: Եթե անեղծ քրիստոնյաները հոգևոր առաջնորդողների կարգադրագրերի համաձայն սկսեցին Նոր տարվա առաջին օրը ձոնել անցյալ սխալների մասին մտորումներին, ապա ասպետների մեծամասնությունը թաղվեցին մեղսավոր ավազակային «ավանդույթներում»: Ի դեպ, Նոր տարվա նախօրյակի նրանց գործունեությունից է ծագել Հին Աշխարհի ապշեցուցիչ, զուգորդություններ առաջացնող առածը. «Չսպասված հյուրը տաճարականից վատ է»:

Բնականաբար, անհնար է գրել բոլոր սնահավատությունների, նրանց ակունքների, արդյունքների, ինչպես նաև ժամանակային և տարածական փոփոխությունների մասին:

Եթե այս տեքստի ընթերցողների թիվը գերազանցի օգտագործված բառերի թվին, ապա ստիպված կլինենք շարունակել թեման:

Իսկ առայժմ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ:

 

«Тайны xx века» և «Загадки истории» պարբերականների 2015 թվականի վերջին համարների նյութերի օգտագործմամբ շարադրեց Աշոտ Տիգրանյանը

Թողնել մեկնաբանություն