- Իրավիճակի նկարագրություն
Ակնհայտ է, որ 2020-2021 ուսումնական տարում կրթական գործընթացի կազմակերպումն իրականացվելու է ֆիզիկական (գերադասելի է բացօթյա) և վիրտուալ իրականություններում: Դժվար է կանխատեսել, թե ես ու սովորողները ժամանակային ինչ համամասնությամբ կգտնվենք վերոհիշյալ իրականություններում: Ելնելով այդ իրողությունից առաջնային պլան է գալիս անհատականացված ուսուցումը և խմբային առաջադրանքները կորցնում են արդիականությունը (իհարկե խոսքը չի վերաբերում նախագծային գործունեությանը և հետազոտական աշխատանքներին):
- Նպատակներ
Ա. Սովորողների պետականամետ աշխարհայացքի ու արժեհամակարգի ձևավորման առաջին փուլի ավարտ;
Բ. Անցյալից ներկայով ապագա տանող պատմական շղթայի դասերի յուրացում:
- Խնդիրներ
Ա. Մտային առանցքային կարողությունների` սահմանելու, համեմատելու, նկարագրելու, վերլուծելու, հետազոտելու, ապացուցելու, զարգացում գործնական կիրառման մեթոդաբանությամբ;
Բ. Սովորողների համագործակցային հմտությունների ձևավորում;
Գ. Ուսումնական գործընթացում օտար լեզուների պարբերական օգտագործում;
Դ. Արգելված և այլընտրանքային պատմության իմացություն;
Ե. Կրթական ինքնավարության սկզբունքների և մեթոդների համընդհանուր կիրառում ներդասարանային ու արտադասարանային հարաբերություններում:
- Դասավանդման հիմնական մեթոդները
Ա. Դասախոսություն, այդ թվում` արտակրթահամալիրային մասնագետի;
Բ. Բանավեճ, այդ թվում` արտակրթահամալիրային հարթակներում;
Գ. Սադրանքի մեթոդ;
Դ. Ինտերակտիվ դաս;
Ե. Դասի նախապատրաստություն սովորողի կամ սովորողների խմբի հետ;
Զ. Դասի վերլուծություն սովորողի կամ սովորողների խմբի հետ:
- Ուսումնական գործի կազմակերպման ձևերը
Ա. Ֆիզիկական միջավայրում
Ա 1. Կրթահամալիրի տարածքում բացօթյա (սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին);
Ա 2. Արտակրթահամալիրային տարածքում բացօթյա;
Ա 3. Կրթահամալիրի շենքային տարածքում` դասասենյակ, գրադարան, դահլիճ, վերնատուն;
Ա 4. Արտակրթահամալիրային շենքային տարածքում` այլ կրթական հաստատություն, գիտահետազոտական ինստիտուտ, թանգարան, պատկերասրահ, թատրոն, կինոթատրոն:
Բ. Վիրտուալ միջավայրում
Բ 1. Անհատական և խմբային հեռավար ուսուցում;
Բ 2. Առցանց դասախոսություն;
Բ 3. Առցանց քննարկում:
- Գնահատում
Ամսական թվանշանային գնահատումը չորս բաղկացուցիչների` դասավանդողի գնահատում, ինքնագնահատում, դասընկերների գնահատում, ծնողների գնահատում, փաստարկված գնահատման միջինն է: Սովորողն իրավունք ունի փոխել ամսական թվանշանը մինչև ուսումնական տարվա ավարտը:
- Բովանդակություն
Ա. Հայաստանը և աշխարհը 1901-1914 թվականներին (4 ժամ);
Բ. Առաջին աշխարհամարտ. երևույթներ, իրադարձություններ, փաստեր, անհատներ (4 ժամ);
Գ. Առաջին աշխարհամարտը և հայերը. Ցեղասպանություն և ինքնապաշտպանություն (4 ժամ);
Դ. Հայոց առաջին հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությունը. մեկնաբանություններ, պատմական զուգահեռներ, դասեր (6 ժամ);
Ե. Խորհրդային Հայաստանի սոցիալ-տնտեսական իրականությունը (4 ժամ);
Զ. Ամբողջատիրություն. գաղափարախոսությունները, դրսևորման առանձնահատկությունները, հարատև վտանգը, այդ երևույթի դեմ պայքարի ռազմավարությունը և մարտավարությունը (4 ժամ);
Է. Հայ ժողովրդի պայքարն ամբողջատիրության դեմ (2 ժամ);
Ը. Երկրորդ աշխարհամարտը և հայերը. պատմա-համեմատական վերլուծություն (4 ժամ);
Թ. «Սառը պատերազմ»-ն աշխարհամարտի նոր տարբերակ (4 ժամ);
Ժ. 20-րդ դարի ավարտի հայոց ազգային-ազատագրական պայքարի առանձնահատկությունները և նախնական արդյունքները (4 ժամ);
ԺԱ. Նոր հանրապետության պատմության հիմնական շրջափուլերը և դրվագները (4 ժամ);
ԺԲ. Հայկական հեղափոխության ֆենոմենը (2 ժամ);
ԺԳ. Մարդկային արդի քաղաքակրթությունը. ձեռքբերումներ, հիմնախնդիրներ, հեռանկարներ (4 ժամ);
ԺԴ. Հայկական մշակույթը համաշխարհային մշակույթի համատեքստում (6 ժամ);
ԺԵ. Հայկական Սփյուռք. ծավալման ընթացքը, բովանդակային փոփոխությունները, հիմնախնդիրները, ապագան (4 ժամ);
ԺԶ. Հայոց պետության ապագան. մարտահրավերներ և հնարավորություններ (2 ժամ);
ԺԷ. Նախաքննական կրկնության ամփոփում (6 ժամ)
Պարզաբանում. Նախաքննական կրկնությունը կազմակերպվում է նոր թեմաների ուսումնասիրմանը զուգահեռ, սկսած նոյեմբերի առաջին շաբաթից:
14.08.2020 © Աշոտ Տիգրանյան