Նոյեմբերյան հոդված

Ինչի՞ մասին է լռում սովորողի գնահատականը

Գնահատակա´ն: Սևեռուն գաղափար և թերագնահատված գործիք: Բազմաթիվ գործոնների բազմակողմանի հաշվառում և թվային առանցքի պարզունակ շեշտադրում: Սառը հաշվարկ և զգացմունքների բևեռացում: Համագործակցության խթան և հակամարտության զսպանակ: Եվ այսպես շարունակ: Գնահատման դիալեկտիկա:

Բազմաձև գնահատման տեսակներից են թվայինը` 1-10, երբեմն` ավելին; խոսքայինը, օրինակ` «Ես հիասթափված եմ» կամ «Քո այսօրվա աշխատանքն ապացուցեց, որ վերլուծելու կարողությունդ հմտություն դառնալու ճանապարհին է»; հայացքայինը, օրինակ` սուր, կենտրոնացած հայացք կամ ջերմ հայացք; վերաբերմունքայինը, օրինակ` ձեռքով բարևելը կամ ոչ առարկայական հաննարարություն չտալը:

Բանաձևային գնահատման, օրինակ` դասարանական առաջադրանքներ +/- տնային առաջադրանքներ +/- նախագծային գործունեություն +/- հետազոտական աշխատանք, կողմնակիցներին հաճախ թվում է, թե իրենք ընդգրկում են բոլոր անհրաժեշտ բաղկացուցիչները, բայց հենց հաճախ էլ բացակայում է առանցքային X-ը (X = արժեքային համակարգ կամ վերջինիս էութենական տարր, օրինակ` արդարություն, կամ իրականության ընկալման տիրույթ):

Գնահատականն աղմկում է գնահատողի, երբեմն էլ` գնահատվողի, ինքնագնահատականի մասին: Իսկ ինչի՞ մասին է լռում սովորողի գնահատականը: Սովորողի գնահատականը լռում է իր մասին: Լուռ, բայց գործունյա է սովորողի գնահատականը տրված դասավանդողին:

12.11.2016                ©                      Աշոտ Տիգրանյան

Թողնել մեկնաբանություն